Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Նիցշե Ֆրիդրիխ
1844 թ., ավան Ռյոկեն, Գերմանիա
1900 թ., ք. Վայմար, 
Գերմանիա
Ֆրիդրիխ Նիցշեն  նոր ժամանակների ամենաազդեցիկ փիլիսոփաներից է, «կյանքի փիլիսոփայության» հիմնադիրը:

Ֆրիդրիխ Նիցշեն ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում: Սովորել է Նաումբուրգի գիմնազիայում, որտեղից, բացառիկ ունակությունների համար, տեղափոխվել է Պֆորտի դպրոց: 1862 թ-ին ընդունվել է Բոննի համալսարան, ուսումնասիրել աստվածաբանություն և բանասիրություն: Համալսարանը չավարտած՝ 24 տարեկանում, իր գիտական ղեկավար Ռիչլի երաշխավորությամբ, նշանակվել է Բազելի համալսարանի պրոֆեսոր. դասավանդել է դասական բանասիրություն:
1878 թ-ին հոգեկան խնդիրների պատճառով հրաժարվել է համալսարանական աշխատանքից և շուրջ 10 տարի Եվրոպայի տարբեր առողջարաններում ապարդյուն փորձել է վերականգնել առողջությունը: 1889 թ-ից վերջնականապես ընդհատվել է նրա գիտական գործունեությունը, սակայն մտավոր պայծառացման պահերին շարունակել է աշխատել:
Նիցշեի փիլիսոփայական հայացքները զարգացել են ռոմանտիզմից դեպի «բոլոր արժեքների վերաարժևորում» և «գերմարդու տեսություն»: Նիցշեի աշխատությունները, ըստ նրա հայացքների, բաժանվում են զարգացման 3 շրջանի: 
Առաջին շրջանի` «Ողբերգության ծագումը երաժշտության ոգուց» (1872 թ.), «Փիլիսոփայությունը Հունաստանի ողբերգական դարաշրջանում» (1873 թ.), «Անժամանակ խորհրդածություններ» (1873–76 թթ.) և այլ գործերում Նիցշեն փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի և կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ազդեցությամբ քննարկել է հիմնականում մշակութաբանական հարցեր: Շոպենհաուերի «հանուն կյանքի» թեզը փոխարինել է «հանուն իշխանության» թեզով: «Ողբերգության ծագումը երաժշտության ոգուց» աշխատության մեջ, անդրադառնալով հին հունական մշակույթի ծագմանը, Նիցշեն մշակույթը համարել է 2 սկզբի ներդաշնակ միասնության արգասիք: Դիոնիսոսյան սկիզբը մարմնավորում է կամքն ու կենսասիրությունը և խորհրդանշում կյանքի ընթացքը, բնազդների պոռթկումը, կրքերի ազատ դրսևորումը, իսկ «ապոլլոնյան» սկիզբը մարմնավորում է բանականությունն ու կարգավորվածությունը և խորհրդանշում զգացմունքները զսպելու, հավասարակշռված, բանականությանը ենթարկված կյանքը:
Ըստ Նիցշեի՝ գիտությունը, փիլիսոփայությունը և կրոնը, մոռանալով «կյանքը», ստեղծեցին իդեալական, կարգավորված բացարձակ «գոյի» մասին մեռյալ տեսություններ: Եվրոպական մշակույթի ճգնաժամի պատճառը, նրա կարծիքով, «ապոլլոնյան» սկզբի բացարձականացումն է:
Երկրորդ շրջանի՝ «Մարդկայինը, չափազանց մարդկայինը» (1878–80 թթ.), «Արշալույսներ» (1881 թ.), «Զվարճալի գիտություն» (1882 թ.) և այլ երկերում, Նիցշեն շարադրել է «բոլոր արժեքների վերաարժևորման տեսությունը»: Դիոնիսոսի հետ է կապել իշխողների, Ապոլլոնի հետ՝ ճնշվածների բարոյականությունը, իսկ իդեալականը համարել է այդ բևեռային սկզբունքների հավասարակշռությունը, որն ամենևին էլ քրիստոնեությունը չէ: Նա «խաչակրաց արշավանք» է սկսել քրիստոնեական բարոյականության դեմ՝ այն համարելով մարդուն թուլացնող, ստրկացնող կրոն: Նիցշեն անընդունելի է համարել թույլի հանդեպ քրիստոնեական գթասրտությունը, մարդու հեզությունն ու խոնարհությունը, նա կողմ է հոգու ազատությանը և իշխանության ձգտմանը, որոնք բնորոշ են յուրաքանչյուր բանական էակի: 
Երրորդ շրջանի՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» (1886 թ.), «Բարուց ու չարից անդին» (1886 թ.), «Բարոյականության տոհմագրությունը» (1887 թ.), «Հակաքրիստոս» (1892 թ.) և այլ գործերում Նիցշեն քննարկել է մարդու բարոյական արժեհամակարգի, իշխանության ձգտման հիմնախնդիրները, «գերմարդու» տեսությունը: Նիցշեի կարծիքով՝ առողջ է այն բարոյականությունը, որ ծառայում է կյանքի հաստատմանը: Որևէ այլ բարոյականություն, մանավանդ երբ այն պարտադրվում է կրոնի կամ այլ միջոցներով, վնասակար է: Նա մերժել է Աստծուն, փոխարենն առաջ է քաշել «հավերժական վերադարձի» և «գերմարդու» տեսությունները: «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատության մեջ ազդարարել է գերմարդու հայտնությունը, որը ներկայանում է որպես կյանքի իմաստ և բարձրագույն արժեքներ կրող, ինքն իրեն հաղթահարող և բարձրացող մարդու կերպար:
Գերմարդու ծնունդը նա տեսնում է Դարվինի տեսության՝ բնական ընտրության ճանապարհով, երբ թույլերն ու հիվանդները ոչնչանում են, ուժեղները՝ հաղթում: Նիցշեի «ընկնողին հրի՜ր» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք: Գերմարդու հայտնության հետ Նիցշեն կապել է «հավերժական վերադարձի» գաղափարը՝ որպես կյանքի կենսահաստատման արտահայտություն:
 Նիցշեի փիլիսոփայությունը համակարգված չէ. դատողությունները միանշանակ ու վերջնական չեն, այլ դիտվել են որպես մշակույթի անարխիստական քննադատություն և գեղագիտական անբարոյականության քարոզ: Այդուհանդերձ, Նիցշեի փիլիսոփայության (նիցշեականություն) հիմքում ընկած արժեքների ու մոտիվների խորքային վերլուծությունը մեծ ազդեցություն է թողել բազմաթիվ աստվածաբանների, փիլիսոփաների, հոգեբանների, գրողների (Թոմաս Ման, Հայնրիխ Ման, Հերման Հեսսե, Կնուտ Համսուն, Անդրե Ժիդ, Ջեկ Լոնդոն, Վալերի Բրյուսով և ուրիշներ) վրա: Իսկ Ադոլֆ Հիտլերը բարձր է գնահատել Նիցշեի «գերմարդու» գաղափարը և այն օգտագործել ֆաշիզմի գաղափարախոսության մեջ:
Հայ փիլիսոփաներից Նիցշեի հայացքներին անդրադարձել է Երվանդ Ֆրանգյանը իր «Ֆրիդրիխ Նիցշեն և նրա փիլիսոփայությունը» (1910 թ.) գրքում: Նիցշեի փիլիսոփայության ազդեցությունը կրել են Ավետիք Իսահակյանը («Աբու Լալա-Մահարի» պոեմը) և Լևոն Շանթը («Հին աստվածներ» դրաման):

   «Ապրելու իրավունք ունի այն ժողովուրդը, որն 
ունի հիշողություն: Իսկ հիշողություն ունենալու համար անհրաժեշտ է պատմություն ունենալ»:
   «Մեղմ ու բարի լինելով՝ դու ասում ես՝ մեղավոր չեն նրանք իրենց չնչին գոյության համար: Իսկ նրանց նեղ հոգին մտածում է՝ մեղք է ծանրացած ամեն մի մեծ գոյության վրա»:
Ֆրիդրիխ Նիցշե