Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Չապլին Չառլզ
1889 թ., Լոնդոն
1977 թ., ք. Վևե, 
Շվեյցարիա
Չ. Չապլինի հուշարձանը Շվեյցարիայի Վևե քաղաքի` նրա անվան հրապարակում 
(1982 թ., քանդակագործ` Ջոն Դաբլդեյ) 
Ամերիկյան կինոյի ռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր 
և սցենարիստ Չառլզ Չապլինը համաշխարհային կինոարվեստի 
ամենանշանավոր ներկայացուցիչներից է, ողբերգակատակերգության 
հիմնադիրը կինոյում: Նրան անվանել են Ծիծաղի արքա:

Չառլզ Չապլինը 1897 թ-ից հանդես է եկել մյուզիքհոլլում, 1907 թ-ից՝ Ֆրեդ Կառնոյի մնջախաղի թատրոնում, որտեղ լավագույնս համադրել է իր ծաղրածուական տեխնիկան և դերասանական տաղանդը: 1913 թ-ին Չապլինը թատրոնի հետ հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, աշխատանքային պայմանագրեր կնքել մի քանի հայտնի կինոֆիրմաների հետ: 
Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1914 թ-ին («Բախտավոր Չառլին»), նույն թվականին ստեղծել է իր առաջին՝ «Գարնանային տենդ» ֆիլմը: Վաղ շրջանի ֆիլմերում ձգտել է զուգակցել վարիետեի, կինոյի և մնջախաղի թատրոնի սկզբունքները: Նրա արտասովոր ու զվարճալի կինոկատակերգություններից են «Ողջ գիշերը» (1915 թ.), «Գիշերվա ժամը 1-ին» (1916 թ.) և այլ ֆիլմեր: «Խաղաղ փողոց» (1917 թ.), «Ներգաղթածը» (1917 թ.), «Շան կյանք» (1918 թ.), «Ուսի ա՜ռ» (1918 թ.) կինոնկարներում արծարծվել են մարդկանց ճակատագրերը և իրական կենսավիճակներ:
Չապլինի «Թափառաշրջիկը» (1915 թ.) և «Բանկ» (1915 թ.) ֆիլմերում առաջին անգամ հայտնվել է անպաշտպան, միայնակ «փոքր մարդու»՝ Չառլիի տրագիկոմիկական կերպարը, որը ֆիլմից ֆիլմ է անցել. Չապլինն իր կերպարի համար ստեղծել է մշտական դիմակ՝ յուրատեսակ գլխարկով, նեղ բաճկոնով, սև բեղիկներով, ձեռնափայտով, քրքրված մեծ կոշիկներով և արտասովոր քայլվածքով: Տարիների ընթացքում ծաղրածուի այդ դիմակը նա վերածեց աշխարհի հասարակ մարդկանց տագնապներն ու հույսերն արտահայտող հզոր կերպարի:
1923 թ-ին նա հիմնադրել է «Չառլզ Ս. Չապլին Ֆիլմ Քորփորեյշն» սեփական կինոֆիրման:
Չապլինի 1920-ական թվականների կինոնկարներում առավել որոշակի են դարձել ժողովրդավարական միտումներն ու նախընտրած թեման՝ բողոքը բուրժուական հասարակության հակամարդկային բիրտ կարգերի ու բարքերի դեմ («Պստիկը», 1920 թ., «Ուխտավորը», 1922 թ., «Փարիզեցի կինը», 1923 թ., «Ոսկու տենդը», 1925 թ., «Կրկեսը», 1928 թ.): «Մեծ քաղաքի լույսերը» (1931 թ.), «Նոր ժամանակներ» (1936 թ.) ֆիլմերում Չապլինի հերոսը գործազրկության, շահագործման և շահամոլության զոհն է, նաև մերկացնողը. այստեղ ռեժիսորը ռեալիստական միջոցներով հասել է ասելիքի ու արտահայտման լիակատար միասնության: 
«Մեծ դիկտատորը» (1941 թ.) հակաֆաշիստական կինոնկարում դրսևորվել է Չապլինի առաջադիմական քաղաքական դիրքորոշումը Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին: 1947 թ-ին նկարահանած «Մսյո Վերդու» հոռետեսական ֆիլմում զգացվում է Չապլինի հոգեկան ու գաղափարական ճգնաժամը: «Բեմի լույսերը» (1952 թ.) կինոնկարը նրա ստեղծագործության գագաթներից է. այն փիլիսոփայական մի պատմություն է կյանքի ու մահվան, սիրո և արվեստի մասին, որտեղ Չապլինը վերահաստատել է իր ստեղծագործության լավագույն հատկանիշները՝ կենսահաստատ լավատեսությունը, հավատը բարու և մարդկայինի հաղթանակի նկատմամբ: 
Քաղաքական հայացքների պատճառով 1952 թ-ին Չապլինն ստիպված հեռացել է ԱՄՆ-ից և հաստատվել Շվեյցարիայում: 1957 թ-ին Անգլիայում նա նկարահանել է «Արքան Նյու Յորքում» ֆիլմը, որտեղ քննադատել է ամերիկյան կենսակերպը: Նրա վերջին աշխատանքը «Կոմսուհին Հոնկոնգից» (1967 թ.) ռոմանտիկական կինոկատակերգությունն է: 
Չապլինի ստեղծագործությունը սերտորեն կապված է նրա հասարակական հայացքների, գործունեության ու վարքագծի հետ: Գրել է «Իմ կենսագրությունը» գիրքը (1922 թ., հայերեն՝ 1971 թ.):
Չապլինն արժանացել է հատուկ «Օսկարի» (1928 և 1972 թթ., ԱՄՆ), Վենետիկի միջազգային կինոփառատոնի Ոսկե (1972 թ., կինոյում մեծ ներդրման համար) և Խաղաղության միջազգային (1954 թ.) մրցանակների:















Կադրեր Չ. Չապլինի «Շան կյանք» (1918 թ.), «Պստիկը» (1920 թ.), «Կրկեսը» (1928 թ.), 
«Մեծ քաղաքի լույսերը» (1931 թ.)  կինոնկարներից  

   Չապլինը մի անգամ գաղտնի մասնակցել է «Թափառաշրջիկ» ֆիլմի՝ իր իսկ հերոսին նմանակողների մրցույթին և գրավել ... 3-րդ տեղը:
   «Ես հավատում եմ, որ ծիծաղն ու լացը ատելության և վախի հակաթույնն են»:

   «Ես սիրում եմ ողբերգությունը, որովհետև դրա հիմքում միշտ էլ ինչ-որ գեղեցիկ բան կա, որն ինձ համար ամենաարժեքավորն է արվեստում և կյանքում: Կարելի է զբաղվել նաև կատակերգությամբ, եթե այնտեղ գտնես այդ գեղեցիկը, բայց դա այնքա՛ն դժվար է...»:
Չառլզ Չապլին
   – Ձեր «Ոսկու տենդը» կինոնկարը հասկանալի է ողջ աշխարհին, և Դուք անպայման կդառնաք մեծ մարդ,– Չապլինին գրել է Ալբերտ Էյնշտեյնը:
    – Ես Ձեզանով ավելի եմ հիացած. Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, սակայն Դուք, այնուամենայնիվ, դարձել եք մեծ մարդ,– պատասխանել է Չապլինը: