Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Չայկովսկի Պյոտր
1840 թ., ք. Վոտկինսկ, Ռուսաստան
 1893 թ., Սանկտ 
Պետերբուրգ
Պ. Չայկովսկու 
բարձրաքանդակը Երևանում` նրա անվան դպրոցի պատին 
(1980 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան) 
Տեսարաններ Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի (1973 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) և «Կարապի լիճը» բալետի (1969 թ., Մոսկվայի դասական բալետի թատրոն) բեմադրություններից
Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն դեմքերից է, սիմֆոնիայի մեծ վարպետ, 
հատկապես` քնարական-դրամատիկական սիմֆոնիայի ժանրում:

Պյոտր Չայկովսկին 1850–59 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865 թ-ին ավարտել է կոնսերվատորիան. աշակերտել է ճանաչված կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնին: 1866–78 թթ-ին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1868 թ-ից գրել է երաժշտաքննադատական հոդվածներ, 1887 թ-ից հանդես է եկել նաև որպես դիրիժոր: Չայկովսկին` որպես արվեստագետ, ձևավորվելով 1860-ական թվականների ժողովրդավարական գաղափարների ազդեցությամբ, ստեղծագործություններում ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով, ստեղծել է ժողովրդական կենցաղի գունագեղ և բնության բանաստեղծական տեսարաններ: Կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է բացահայտել մարդու ներաշխարհը: Նրա ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականությանը, պայքարը՝ իր իրավունքների համար: 
Չայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ, կանտատ, շուրջ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի, ջութակի, թավջութակի պիեսներ: Նրա լավագույն երկերից են Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ («Պաթետիկական») սիմֆոնիաները, որոնք համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գոհարներից են: 
Հանրահայտ են նաև «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, դաշնամուրի Առաջին և Ջութակի կոնցերտները:
Չայկովսկու օպերաներին բնորոշ են դրամատիկական սուր բախումներն ու հոգեբանական խոր ընդհանրացումները, որտեղ առաջնայինը երգային մասն է, սակայն նվագախումբը նույնպես նպաստում է կերպարների ստեղծմանը, հերոսների հոգեվիճակների բացահայտմանը, կենցաղի պատկերմանը: Հասուն շրջանում է գրել իր լավագույն օպերաները՝ «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» (երկուսն էլ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Օռլեանի կույսը», «Մազեպա», «Չարոդեյկա», «Չերևիչկի», «Իոլանտա»:
Չայկովսկին, կիրառելով սիմֆոնիկ երաժշտության զարգացման սկզբունքները, բալետում նշանավորել է նոր փուլ. խորացրել է բալետի հոգեբանական բովանդակությունը, ստեղծել վառ կերպարներ: Կոմպոզիտորի «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ» բալետներն այդ ժանրի լավագույն գործերից են: Հանրահայտ են Չայկովսկու «Մանկական ալբոմ», «Տարվա եղանակներ» դաշնամուրային պիեսները, Իտալական կապրիչչոն, Սերենադը՝ լարային նվագախմբի համար, սիմֆոնիկ պատկերները: Նրա ռոմանսներում շեշտված են մեղեդայնությունն ու զգացմունքների արտահայտման անմիջականությունը: 
Չայկովսկին մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում: 1887–93 թթ-ին պարբերաբար համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Չեխիայում և Ֆրանսիայում, 1891 թ-ին՝ ԱՄՆ-ում: 
Չայկովսկու ստեղծագործությունը խոր հետք է թողել ռուսական երաժշտության պատմության մեջ:
1886–89 թթ-ին Չայկովսկին մի քանի անգամ Թիֆլիսում ներկա է եղել իր ստեղծագործություններին նվիրված համերգներին, մտերմացել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի հետ, հայկական եկեղեցում լսել ժամերգություն: 
Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» օպերաները, «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» բալետները և այլ գործեր:
Չայկովսկին Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ էր (1892 թ.), Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր (1893 թ.): 
1958 թ-ից Մոսկվայում անցկացվում է Չայկովսկու անվան միջազգային մրցույթ: 
Չայկովսկու անունով Երևանում կոչվել են երաժշտական դպրոց և փողոց:

   «...Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիներ .... նաև հայկական եկեղեցի, որտեղ ինձ շատ հետաքրքրեցին ժամերգության առանձնահատկությունները՝ ընդհանրապես, և երգեցողությունը՝ մասնավորապես»,– Պյոտր Չայկովսկու՝ Նադեժդա ֆոն Մեքին գրած նամակից: