Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թագուհու գլխանոց 
(մ. թ. ա. մոտ 1504–1450 թթ., ոսկի, սարդիոն, ապակի, Եգիպտոս)
Թութանհամոնի 
ոսկեկուռ գահը 
(մ. թ. ա. մոտ 1333–1323 թթ., փայտ, գունավոր ապակի, արծն, կիսաթանկարժեք քարեր, Եգիպտոս)
Ոսկե մատանի (XVII դար, սուտակ, զմրուխտ, 
փիրուզ, Հնդկաստան)
Արծաթե կրծքազարդ (պեկտորալ) Խալդ աստծու և նրա կնոջ պատկերով
Ոսկե ականջօղ
Արծաթե մեդալիոն 
(երեքն էլ հայտնաբերվել են Կարմիր բլուրից, ՀԱՊ)
Սարդիոնե ուլունքներ  (Վան, Անատոլիական մշակույթի թանգարան)
Ոսկերչությունը, արծաթագործությունն ու ակնագործությունը զարդեր և գեղարվեստական այլ իրեր ստեղծող հնագույն ու տարածված արհեստներ են, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակներ: 

Ոսկերչություն

Ոսկերչությունը թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), նաև որոշ գունավոր մետաղներից, հաճախ՝ թանկարժեք քարերի (մարգարիտ, փիրուզ, ադամանդ, նռնաքար և այլն) համադրությամբ զարդերի (մատանի, ականջօղ, մանյակ, կրծքազարդ և այլն) և իրերի (անոթներ, սկահակներ, դաշույն և այլն) պատրաստման արվեստն է: 
Ոսկերչությունը զարգացման բարձր մակարդակի է հասել դեռևս Հին Եգիպտոսում, որտեղ գերազանցապես օգտագործել են ոսկին, մեղեսիկը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, նաև այլ նյութեր, կիրառել են դրվագման, փորագրման և «սառն արծնապատման» եղանակները: Միջագետքի ոսկերչությանը բնորոշ էին վառ գունագեղությունը, լազուրիտի հաճախակի օգտագործումը և այլն: 
Հին հունական (դասական) ոսկերչության մեջ (մ. թ. ա. V–IV դարեր) կարևորվել է փայլատ ոսկին, իսկ հելլենական և Հին Հռոմի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել բազմերանգությունը: 
III–VII դարերում Սասանյան Իրանի ոսկերչությանը բնորոշ էին դրվագված, ձուլված և փորագրված պատկերներով ոսկե ու արծաթե առարկաները: Միջին դարերում մանրարուրքի, ընդելուզման, սևադման եղանակներով թանկարժեք մետաղների ու քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում: 
Առանձնապես շքեղ ոսկերչական կերտվածքներ են պատրաստել միջնադարի հնդիկ վարպետները. Հնդկաստանում վաղուց տարածված էր նաև ալմաստի նիստավորման արվեստը: 
Միջին դարերում Չինաստանում, բացի թանկարժեք մետաղներից, մշակել են նաև այլ նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ): Մշակման նրբագեղությամբ հայտնի են Վերածննդի իտալացի վարպետների գործերը, իսկ XVII դարի ֆրանսիական ոսկերչությունն առաջնակարգ տեղ է գրավել Եվրոպայում: 
XIX դարի կեսին ոսկերչական իրերի արտադրությունը մեքենայացվել է:
Ոսկերչական արդյունաբերությունն առավելապես զարգացած է Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում և Լիբանանում. նրանցից յուրաքանչյուրը տարեկան կազմակերպում է առնվազն 1 միջազգային ցուցահանդես:
Հին Հայաստանում նույնպես ոսկերչությունն ունեցել է բարձր մակարդակ. այդ են վկայում Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի, Արտաշատի, Սիսիանի, Վանաձորի, ինչպես նաև այլ վայրերի պեղումներից հայտնաբերված իրերը (ոսկե թաս, ոսկե պսակ, ականջօղեր, արձանիկներ, կրծքազարդեր, մեդալիոններ և այլն): Հայ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, հատիկազարդման, մանրարուրքի և այլ եղանակների: Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել նաև Կիլիկյան Հայաստանում:
Հայկական ոսկերչական արվեստի կենտրոններից էին Դվինը, Անին, Կարսը, Վանը, Արդվինը, Երզնկան, Կոստանդնուպոլիսը, Շուշին, Երևանը և այլ քաղաքներ: Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերվել են X դարի օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) և ոսկե այլ իրեր: XIX դարում և XX դարի սկզբին տարածված էին արծաթե ոսկեզօծ մանրարուրքի ու սևադման եղանակներով պատրաստված իրեր:
Երևանի ոսկերչական գործարանը (հիմնադրվել է 1964 թ-ին) արծաթից, ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից, նաև թանկարժեք քարերի (ադամանդ, շափյուղա, զմրուխտ և այլն) համադրությամբ արտադրում է մատանիներ, ականջօղեր, մանյակներ, ապարանջաններ, շղթաներ, ժամացույցի պատյաններ, հուշամեդալներ, հուշանվերներ և այլ իրեր: 
1998 թ-ին հիմնադրվել է Ոսկեգործների և ակնագործների միությունը: 
Նոր Հաճնում գործում է թանկարժեք քարերի մշակման արտադրամաս: Հայկական ոսկերչության զարգացմանը նպաստում են նաև Սփյուռքի հայ ոսկերիչները:

Ոսկե մանյակ 
(IX–XI դարեր, Դվին) 
Արծաթե գոտի 
(XIX դար, Կարին)
Ճարմանդ 
(XVIII դար, Մուշ)














Արծաթագործություն

Արծաթագործությունն արծաթե իրերի պատրաստման արվեստն է, հաճախ` այլ թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ: Տարածված էր Հին Եգիպտոսում, Հունաստանում, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում, Բյուզանդիայում և այլուր: 
Հայաստանում արծաթագործությունը զարգացել է հին ժամանակներից: Արծաթե գեղարվեստական ուշագրավ իրեր են հայտնաբերվել Էրեբունիում, Երզնկայի շրջանում (մ. թ. ա. V–IV դարեր), Արտաշատում (մ. թ. ա. II–I դարեր): Կարևոր կենտրոններ էին Վանը, Կարինը, Երևանը, Անին, Թիֆլիսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Շամախին և այլ քաղաքներ: 
Արծաթագործության հրաշալի նմուշներ են ստեղծել Կիլիկիայի հայ վարպետները: Կիրառել են ձուլման, դրվագման, ցանցկեն (ֆիլիգրան), սևադապատման, արծնակիտման և այլ եղանակներ: Հայ վարպետները պատրաստել են արծաթե թագեր, խույրեր, գավազաններ, ականջօղեր, ճակատնոցներ, գոտիներ, սպասք (նաև եկեղեցական), ձեռագրերի կազմեր և այլ իրեր:

Արծաթե վզնոց (զուգաթել) մալաքիտով (1980 թ., Վլադիմիր Ալեքսանյան)
Արծաթե վզնոց 
(1982 թ., Լևոն 
Լալայան)
«Իրիկնային զարդաշար» (1978 թ., արծաթ, Գաբրիել Հացագործյան)



















Ակնագործություն

Ակնագործությունն իրերը թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով զարդարելու արվեստն է: Հին ժամանակներից հայտնի էր Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր: Դեռևս մ. թ. ա. IV հազարամյակում Հին Արևելքի երկրներում, որպես կնիք-մատանիներ, օգտագործել են փորագիր թանկագին քարեր:
Մ. թ. ա. VII–VI դարերում ակնագործությունը զարգացել է Հունաստանում (հայտնաբերել են զմրուխտը, ամեթիստը, հասպիսը և այլ թանկարժեք քարեր) և միայն միջնադարում է մուտք գործել Եվրոպա: 
Մ. թ. ա. III հազարամյակում Հայաստանում ուլունքներ և ապարանջաններ են պատրաստել լեռնային բյուրեղաքարից, սարդիոնից, սուտակից և այլ քարերից: Հայկական ակնագործության բազմաթիվ նմուշներ են հայտնաբերվել Լճաշենում, Գառնիում, Արմավիրում, Դվինում: Թանկարժեք քարերով զարդարվել են նաև եկեղեցական (խաչեր, բուրվառներ, անոթներ և այլն) ու կենցաղային բազմազան իրեր: 
Հայ թագավորները պալատականներին և իշխաններին շնորհել են քարերով զարդարված գլխակապեր: Ավագներն ու բարձրաստիճան հոգևորականները կրել են ակնակուռ կնիք-մատանիներ: Հայտնի էին XVII դարի հայ ակնագործներ Եփրեմ Սադին և Տեր-Սարգիսը: XVII–XIX դարերի Նոր Ջուղայի անվանի վարպետների հռչակավոր գործերից է 1660 թ-ին Ալեքսեյ Միխայլովիչ ցարին ընծայած «Ալմաստե գահը»: XIX–XX դարերում ակնագործությամբ հայտնի էին Կոստանդնուպոլիսը, Կարսը, Ալեքսանդրապոլը և այլ քաղաքներ:
ՀՀ-ում Վասպուրականի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վահան Հացագործյանը: Ավելի ուշ ոսկերչության և արծաթագործության առանձնահատկությունները պահպանել և զարգացրել են Նազարեթ Գույումջյանը, Ժիրայր Չուլոյանը, Արծրուն Բերբերյանը, Հակոբ Փիլիպոսյանը և ուրիշներ:









Երևանի ոսկերչական գործարանի արտադրանքի  նմուշներ


   Արաբական Միացյալ Էմիրություններում 50 ոսկերիչ 45 օրում պատրաստել է 72 սմ տրամագծով և 62 կգ քաշով հսկա մի մատանի («Գուլիվերի մատանի»)՝ զարդարված 25 հզ. կարատ ցիրկոնի բյուրեղներով: Այն գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»: