Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Շոպեն Ֆրիդերիկ
1810 թ., գ. Ժելյազովա Վոլյա, Լեհաստան
1849 թ., Փարիզ
Ֆ. Շոպենի հուշարձանը Վարշավայում 
(1926 թ., քանդակագործ՝ Վացլավ Շիմանսկի, 
վերականգնվել է 1958 թ-ին)
Կոմպոզիտոր և դաշնակահար Ֆրիդերիկ Շոպենը լեհական դասական երաժշտության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը համաշխարհային երաժշտության բարձրագույն նվաճումներից է:

Ֆրիդերիկ Շոպենը դաշնամուրի առաջին դասերն առել է քրոջից՝ Լյուդվիգայից: 3 տարեկանից նվագել է, 7-ից՝ ստեղծագործել, իսկ 8-ից հանդես է եկել համերգներով: 1816–22 թթ-ին աշակերտել է չեխ կոմպոզիտոր Վոյցեխ Ժիվնիին, 1822–27 թթ-ին՝ Յուզեֆ Էլսներին: Շոպենը 1823–26 թթ-ին սովորել է Վարշավայի լիցեյում, 1826–29 թթ-ին՝ Բարձրագույն երաժշտական դպրոցում: 1825–29 թթ-ին շրջագայել է Լեհաստանում, ծանոթացել ժողովրդական ստեղծագործությանը: Կյանքի վարշավյան շրջանը վճռորոշ էր Շոպենի արվեստի ձևավորման համար: Այդ շրջանում գրել է 2 կոնցերտ՝ դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային տրիո, «Մեծ ֆանտազիան»՝ լեհական ժողովրդական երաժշտության թեմաներով, նաև պոլոնեզներ, մազուրկաներ և այլ գործեր:
1829 թ-ին Շոպենը մեկնել է Վիեննա, որպես դաշնակահար հանդես եկել համերգներով: 1831 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել է Փարիզում, որտեղ ծանոթացել է արվեստի և գրականության ականավոր գործիչներ Ֆերենց Լիստի, Հեկտոր Բեռլիոզի, Էժեն Դելակրուայի, Հայնրիխ Հայնեի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ, արժանացել մեծ փառքի: Շոպենի ստեղծագործության համար շրջադարձային էր 1830–31 թթ-ի լեհական ապստամբությունը, որով ոգեշնչված՝ գրել է հերոսական-դրամատիկական կերպարներով հարուստ «Հեղափոխական էտյուդը», «Առաջին սկերցոն» և «Առաջին բալլադը»: Ապստամբության պարտության դառը խորհրդածությունների ազդեցությամբ 1837 թ-ին ստեղծել է հանրահայտ «Սգո քայլերգը»: Հայրենասիրական գաղափարներն արտացոլվել են նաև դաշնամուրի Սի մինոր սոնատում, պոլոնեզներում, մազուրկաներում, որտեղ կոմպոզիտորն ընդգծել է լեհական ժողովրդական  պարային երաժշտության առանձնահատկությունները:
1834–35 թթ-ին նա ճանապարհորդել է Հռենոսով, 1835 թ-ին Լայպցիգում ծանոթացել է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի հետ: 1837–47 թթ-ին Շոպենը մտերիմ է եղել ճանաչված ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդի հետ. այդ շրջանում ստեղծել է իր ամենահասուն և կատարյալ գործերը: 1848 թ-ին կոմպոզիտորը վերջին համերգներով շրջագայել է Անգլիայում և Շոտլանդիայում: Առողջության վատթարացման պատճառով նա վերադարձել է Փարիզ, որտեղ էլ մահացել է թոքախտից՝ գրեթե չքավորության մեջ: 
Կոմպոզիտորին ողջ Փարիզը հրաժեշտ է տվել Մոցարտի «Ռեքվիեմի» հնչյունների ներքո: Նրան թաղել են Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ ընկերոջ՝ իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինիի գերեզմանի կողքին, իսկ սիրտը, կտակի համաձայն, զմռսվել է Վարշավայի Սբ Խաչ կոստյոլում (լեհական կաթոլիկ եկեղեցի):
Շոպենն ստեղծել է գերազանցապես դաշնամուրային երկեր՝ մանրանվագներից մինչև մեծակտավ գործեր, որոնք բեկումնային են դաշնամուրային երաժշտության մեջ: Հունգարացի կոմպոզիտոր Ֆ. Լիստը և Շոպենը դաշնամուրային երաժշտությունը դուրս են բերել բարձրաշխարհիկ սրահներից. այն սկսել է կատարվել նաև համերգային դահլիճներում: 
Շոպենը գրել է նաև բազմաթիվ վալսեր, պրելյուդներ, էտյուդներ, սոնատներ, նոկտյուռններ, սկերցոներ, վոկալ և այլ գործեր: Որպես դաշնակահար՝ Շոպենն ստեղծել է կատարողական ուրույն ոճ, որին հատուկ են քնարական մեղեդայնությունը, նրբագեղությունը և բարձր վարպետությունը:
1927 թ-ից Վարշավայում անցկացվում է դաշնակահարների՝ Շոպենի անվան միջազգային մրցույթ:
Շոպենի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

      «...Բացարձակապես դժվար է ըմբռնել, թե ինչպես Շոպենի՝ մի անձնավորության մեջ համատեղվել են երկու հանճարեղ ընդունակություններ՝ մեծագույն մելոդիստի և ամենաինքնատիպ ներդաշնակողի տաղանդ...»:
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, 
ռուս կոմպոզիտոր, դիրիժոր
   «Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների» 

   «Հանե՜ք ձեր գլխարկները, պարոնա՜յք, ձեր առջև հանճար է»: 
Ռոբերտ Շուման, 
գերմանացի կոմպոզիտոր