Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շիրազ Հովհաննես
1915 թ., 
ք. Ալեքսանդրապոլ
1984 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի 
անվան զբոսայգու 
պանթեոնում)
«Սիամանթո և Խջեզարե» պոեմի շապիկը (1979 թ., նկարիչ՝ Գրիգոր Խանջյան)
Հ. Շիրազի տուն-թանգարանը 
Գյումրիում
Հ. Շիրազի հուշարձանը Գյումրիում 
(2007 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ)
Հովհաննես Շիրազը XX դարի հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, 
մայրական սիրո և ավանդական այլ թեմաներ:

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 
1925–32 թթ-ին սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932 թ-ին տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956 թ-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941–45 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում:
1935 թ-ին լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը` նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ:
«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935 թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938 թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940 թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942 թ.), «Լիրիկա» (1946 թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ:
1946 թ-ին լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ. ցավն ու տառապանքը մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հնարամիտ, հրաշագործ և որոնող, որն էլ իմաստավորում է կատարելության հասնելու նրա ձգտումը:
Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974 թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968 թ.), «Համամարդկային» (1975 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965 թ., Բեյրութ, 1990 թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982 թ.) պոեմներով:
Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից. նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ.

Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս...
– Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս:

Մայրը նաև մարդկային ցավի խտացումն է. 

Դարդս տվի հովերին՝ հովերը չառան... 
Մայրս առավ ու հալվեց ու մի բուռ 
դառավ:

Բանաստեղծի սիրերգության մեջ տեղ են գտել սիրո գրեթե բոլոր հոգեվիճակները՝ բռնկուն սերը, սիրո բերկրանքը, սառնությունը, հանդիպման հույսը, խաբվածությունը, կարոտը, ցավը, հիասթափությունն ու ատելությունը («Ծիածանների լարերը վրան», «Միայն սերը», «Սերն աշխարհակալ», «Ամենայն էակ», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Գինետան բաժակի նման...» և այլն):
Ընդգրկուն է Շիրազի հայրենասիրական պոեզիան. պատմական անցյալ, Հայաստանի վերածնունդ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական ճշմարտության վերահաստատման հույս, հայոց լեզվի դերի կարևորում՝ որպես ազգային ինքնության նախադրյալ («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Անի» և այլն):
1915 թ-ի Մեծ եղեռնը Շիրազը համարում է մարդկության «մեղքերի մեղքը»: «Հայոց դանթեականը» լայնաշունչ պոեմում բանաստեղծը նկարագրում է դարավոր ոսոխի վայրագությունները, հայ ժողովրդի անասելի ողբերգությունը, գաղթը, աքսորը, մահվան ճանապարհը: Հայրենապատումի քառյակներից մեկում հիշողության, վրեժի ու հարության կոչով Շիրազն ընդվզում է.

Քրիստոսին խաչող Հուդան 
վերածնվի՝ կխաչեմ,
Մեղք կա՝ դարեր էլ հնանա, 
չի փրկվի՝ կխաչեմ,
Իմ սուրբ ցեղը եղեռնողի մեղացն 
ամ ու ժամ չկա,
Հազար տարվա իր սև մեղքն էլ 
ով չքավի՝ կխաչեմ:

Շիրազի պոեզիայում առանձնահատուկ ոգեշնչվածությամբ է հառնում Արարատ լեռան սրբազան պատկերը. Արարատը հայության միավորման, հայրենիքի անսասան ուժի, նաև կորստյան ցավի ու կսկծացող կարոտի խորհրդանիշ է, ազգային հիշողության մարմնացում («Կուզեի նստել մի քարի վրա», «Վերջին կտակ», «Արարատին», «Վերջին իղձս» և այլն):
Ժամանակի հետ իր բանավեճը Շիրազը շարունակել է նաև քառյակների «Յոթնապատում» (1977 թ.) գրքում և առակներում («Մարգարիտն ու փրփուրը», «Լեռան պատասխանը», «Հավերժական վեճը», «Արծիվն ու մժեղը», «Օձն ու մեղուն» և այլն), որոնց հիմնական թեման բարոյական արժեքների անկումն է:
Շիրազի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: 
Երևանում, ՀՀ այլ վայրերում նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: 2002 թ-ին Գյումրիում բացվել է Շիրազի տուն-թանգարանը, Երևանում (2005 թ.) և Գյումրիում (2007 թ.) կանգնեցվել են հուշարձանները (քանդակագործ՝ Արա Շիրազ): 

   «Պոետն առանց երգի հողեղեն է, իսկ երգով՝ հրեղեն»:
Հովհաննես Շիրազ
   «Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է: ... «Բիբլիական» պոեմը գրված է վայրի տաղանդով»:
Ավետիք Իսահակյան, 
բանաստեղծ

   «Շիրազ մեծ տաղանդ մըն է: Անիկա մեծ, մեծ անուն ունի, և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ»:
Վիլյամ Սարոյան, 
գրող

   «Միայն մեծ վշտից հառնած ազգի զավակը կարող էր երկնել «Բիբլիականը»: Պոեմի սքանչելի երեսը համամարդկային խոհն է, աստառը՝ ազգային խորունկ ցավը...»:
Բոգդան Գեմբարսկի, 
լեհ թարգմանիչ
    «Շիրազ» գրական անունը պատանի Օնիկին տվել է գրող Ատրպետը՝ նրա բանաստեղծությունները համեմատելով Իրանի վարդաստանների ու բանաստեղծների քաղաք (այստեղ են ծնվել Սաադին ու Հաֆեզը) Շիրազի հետ:
   Շիրազի պատգամի համաձայն` 2006 թ-ին նրա սիրտը թաղվել է Արարատի հավերժական ձյուներում: