Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Շագալ Մարկ
1887 թ., ավան Լիոզնո (ք. Վիտեբսկի մոտ), 
Բելառուս
1985 թ., ք. Սեն Պոլ դե Վանս, Պրովանս, Ֆրանսիա
Մ. Շագալի հուշարձանը Վիտեբսկի տուն-թանգարանի բակում 
(1997 թ., քանդակագործ` Վալերի Մոգուչի)
Մ. Շագալ. Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի առաստաղի որմնանկարները (1964  թ.)
Մ. Շագալ. 
«Ծննդյան օրը» (1915 թ.)
Նկարիչ Մարկ Շագալը XX դարի 
մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչներից է:

Մարկ Շագալը (ազգությամբ` հրեա) սովորել է սինագոգին (հրեական աղոթատուն) կից դպրոցում, ապա՝ աշխարհիկ վարժարանում: Նկարչության առաջին դասերն առել է ժամանակի ռեալիստ պրոֆեսիոնալ նկարիչներից: 1907–09 թթ-ին Շագալը Սանկտ Պետերբուրգում աշակերտել է հայտնի բեմանկարիչ Լեոն Բակստին, ստեղծել «Ննջեցյալ» (1908 թ.), «Սև ձեռնոցներով հարսնացուն» (1909 թ.) նկարները: 1910–14 թթ-ին Փարիզում մասնակցել է «Անկախների» և «Աշնանային» սալոնների ցուցահանդեսներին, շփվել ավանգարդիստ արվեստագետների հետ, կատարելագործել է իր ինքնատիպ գեղարվեստական տեխնիկան, ստեղծել «Ես և գյուղը» (1911 թ.), «Ինքնանկար», «Ջութակահար» (երկուսն էլ՝ 1912 թ.) և այլ գործեր: 
1914 թ-ին Բեռլինում բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, արժանացել մեծ ճանաչման: Նույն թվականին Շագալը Վիտեբսկում կազմակերպել է ցուցահանդեսներ, բացել թանգարան, իսկ 1917 թ-ից ղեկավարել է Վիտեբսկի արվեստի դպրոցը: Այս շրջանի լավագույն գործերից են «Րաբբին Վիտեբսկից» (1914 թ.), «Կրկնակի դիմանկար՝ մեկ բաժակ գինով» (1917 թ.), «Ծննդյան օրը» (1913–23 թթ.) և այլն:
1922 թ-ին նկարիչն ապրել է Բեռլինում, 1923 թ-ից՝ Փարիզում, որտեղ հրատարակիչ Ամբրուազ Վոլլարի պատվերով պատկերազարդել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպը, Ժան դը Լաֆոնթենի «Առակները», նաև Աստվածաշունչը: 1941–48 թթ-ին Շագալը բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ ստեղծել է «Փետուրներ և ծաղիկներ» (1943 թ.), «Նրա շուրջը» (1945 թ.), «Հարսանեկան մոմեր» (1945 թ.), «Նոկտյուռն» (1947 թ.) և այլ գործեր: 1945 թ-ին Նյու Յորքում ձևավորել է Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավք» բալետի բեմադրությունը: 
1948 թ-ին Շագալը վերադարձել է Ֆրանսիա, հաստատվել է Ռիվերայում: 1953–56 թթ-ի ստեղծագործության մեջ գերակշռում են Փարիզը և Վիտեբսկը պատկերող կտավները: 1958 թ-ին նկարիչը ձևավորել է Մորիս Ռավելի «Դափնիս և Քլոե» բալետի բեմադրությունը: Շագալը հեղինակ է նաև մի շարք դեկորատիվ գործերի (Մոսկվայի հրեական կամերային թատրոնի պաննոն, Մեցի կաթոլիկական տաճարի և Երուսաղեմի բժշկական կենտրոնի մի քանի խճանկարներ ու վիտրաժներ):
1964 թ-ին Շագալը մշակել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատի ապակեպատ հատվածը և Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի ներքին ձևավորման նոր նախագիծը, 1966 թ-ին ավարտել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի որմնանկարները: 1967 թ-ին «Մետրոպոլիտենում» ձևավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրությունը:
Շագալի արվեստին բնորոշ է իրականության ընդգծված սուբյեկտիվ ընկալումը, որն արտացոլում է Արևմուտքի մտավորականության հոգևոր ճգնաժամը: Նրա ստեղծագործությունների մեծ մասը սերտորեն կապված է իր մանկությանը և հրեական կենցաղին, որոնցից քաղված պատկերները խորհրդանշական են և առեղծվածային: Շագալի կտավներում առարկաներն անիրական տարածության մեջ ունեն անսովոր դասավորություն, գծանկարն էսքիզային է և անորոշ, գունաշարը՝ վառ ու ֆանտաստիկ («Վիտեբսկի վրա», 1914 թ.): 
Շագալն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեյցարիայում (1933 թ.), Նյու Յորքում (1946 թ.), Մոսկվայում, Լենինգրադում (1973 թ.): 1973 թ-ին Նիսում բացվել է Շագալի թանգարանը, 1997 թ-ին Վիտեբսկում՝ տուն-թանգարանը: 1977 թ-ին Լուվրի թանգարանում տեղադրվել է նրա նկարների մշտական ցուցադրությունը:
Շագալի գործերից պահվում են տարբեր երկրների ցուցասրահներում, «Ամառանոցը» (1912 թ.)՝ ՀԱՊ-ում:
Շագալը գրել է «Իմ կյանքը» (1931 թ.) գիրքը:

   «Արվեստը նախ և առաջ հոգեվիճակ է: Իսկ մեղավոր երկրի վրա քայլողներիս հոգին սուրբ է»:
Մարկ Շագալ
   «Շագալի գլխում երևի  հրեշտակ է ապրել»:
Պաբլո Պիկասսո, 
նկարիչ