Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Չեքիջյան Հովհաննես
Ծնվ. 1928 թ., Ստամբուլ
Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 
ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը հայկական երգչախմբային արվեստը դուրս է բերել համաշխարհային ասպարեզ:

Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951 թ-ին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961 թ-ին՝ ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում: 
Չեքիջյանը 1944–51 թթ-ին ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր: 1947 թ-ին նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957–61 թթ-ին՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958–61 թթ-ին՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 
1961 թ-ին Չեքիջյանը հայրենադարձել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի (1969 թ-ից՝ ակադեմիական, 1975 թ-ին արժանացել է վաստակավորի կոչման) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Առաջին իսկ ելույթներից ի հայտ է եկել երիտասարդ դիրիժորի ինքնատիպ արվեստը: 1962 թ-ին երգչախմբի հետ մենահամերգով հանդես է եկել Գոհար Գասպարյանը: Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982–87 թթ-ին Չեքիջյանը միաժամանակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր: 1975 թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1982 թ-ից՝ պրոֆեսոր):
Չեքիջյանը հրաշալի տիրապետում է դասական և ժամանակակից խմբերգային արվեստին, աչքի է ընկնում ինքնատիպ գեղարվեստական մտածողությամբ, կատարողական վարպետությամբ և արտիստիզմով: Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբն ստեղծել է բազմազան ու հարուստ երկացանկ (ավելի քան 800 ստեղծագործություն)՝ հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4 հզ. համերգով: Երգչախումբը հյուրախաղերով շրջագայել է մերձբալթյան երկրներում, Ռուսաստանում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում և այլուր: 
1970 թ-ին Փարիզի Շառլ Գրոյի անվան ակադեմիան երգչախմբին շնորհել է միջազգային Մեծ մրցանակ: 
Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի և այլն): 
Չեքիջյանը նաև հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկերի («Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր ձոն») և բազմաթիվ երգչախմբային մշակումների: 
Չեքիջյանն արժանացել է ՀԽՍՀ (1970 թ.) և ԽՍՀՄ (1975 թ.) Պետական մրցանակների, ՀՀ Մովսես Խորենացու (1997 թ.) մեդալի, ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» (1980 թ.), Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպի (1999 թ.), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մեսրոպ Մաշտոցի (1992 թ.), Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ» (2009 թ.) շքանշանների: 
Էկոլոգիական (2001 թ.), Մոնրեալի տեղեկատվական (2008 թ.), Բնության և հասարակության (2009 թ.) միջազգային ակադեմիաների անդամ է:

   «...Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգևում, որ նայի մեզ, ջութակին՝ ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը»:
Հովհաննես Չեքիջյան

   «Դիրիժոր պետք է ծնվել: Դա կարելի է ասել Չեքիջյանի երաժշտական ճակատագրի մասին. նա ծնվել է դիրիժոր»:
Գենադի Ռոժդեստվենսկի, 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր