Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պագանինի Նիկոլո
1782 թ., ք. Ջենովա, Իտալիա
1840 թ., ք. Նիս, Ֆրանսիա
Նիկոլո Պագանինիի ջութակը (վարպետ՝ Գվարների)
Իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին XIX դարի ամենախոշոր ջութակահարներից է, երաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության հիմնադիրներից. մշակել է ջութակի տեխնիկայի այնպիսի 
հնարավորություններ, որոնցով կանխորոշվել է ջութակի արվեստի 
հետագա զարգացումը:

Նիկոլո Պագանինին վաղ տարիքում հորից սովորել է մանդոլին և ջութակ նվագել: Հետագայում ջութակի դասեր է առել իտալացի ջութակահարներ Ջակոմո Կոստայից և Ալեսսանդրո Ռոլլայից: 11 տարեկանում հանդես է եկել մենահամերգով. կատարել է նաև սեփական վարիացիաներից: 1797–98 թթ-ին Պագանինին համերգներով շրջագայել է Հյուսիսային Իտալիայում: 1801–05 թթ-ին ապրել է Տոսկանայում և Ջենովայում, 1805–13 թթ-ին եղել է Պիոմբինոյի երաժշտական ուսումնական հաստատության տնօրեն, Լուկկայում՝ պալատական ջութակահար: 
1828 թ-ից համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և արժանացել վիրտուոզ կատարողի համբավի: Կյանքի վերջին տարիներին Պագանինին ապրել է Փարիզում: Պապական կուրիան (Հռոմի պապին ենթակա կենտրոնական հիմնարկների ամբողջություն) նրան հետապնդել է հակակրոնական հայացքների և կարբոնարների (իտալական գաղտնի ընկերության անդամներ) շարժմանը համակրելու համար, հետագայում նույնիսկ արգելել է Պագանինիին թաղել Իտալիայում (տարիներ անց նրա աճյունը տեղափոխվել է Պարմ): 
Հիմք դնելով ջութակի արվեստի ժամանակակից տեխնիկային՝ նա որոշակիորեն ազդել է նաև դաշնամուրային և գործիքավորման արվեստի վրա:
Պագանինիի ստեղծագործություններին հատուկ են իտալական ժողովրդական երաժշտության մեղեդայնությունն ու վառ կերպարայնությունը, իսկ կատարողական արվեստին՝ դրամատիկական պաթոսը, հուզական անմիջականությունն ու ազատ իմպրովիզացիան (հանպատրաստից ստեղծագործելը): Նա առաջին ջութակահարն է, որ համերգների ընթացքում նվագել է առանց նոտաների: 
Պագանինին նաև ականավոր կոմպոզիտոր է. գրել է «24 կապրիչչո» (մենանվագ ջութակի համար), ջութակի և նվագախմբի 5 կոնցերտ (2-րդ կոնցերտն ավարտվում է հանրահայտ «Կամպանելլայով»), 8 սոնատ («Գարուն», «Անընդհատ շարժում» և այլն), վարիացիաներ (Ջոակինո Ռոսսինիի «Մովսես» օպերայի թեմայով՝ 1 լարի համար, և այլն), լարային գործիքների 21 կվարտետ, պիեսներ՝ կիթառի համար (մոտ 200), վոկալ և այլ գործեր: Նրա երկերի հիման վրա և թեմաներով գրվել են տասնյակ փոխադրություններ, մշակումներ, ինքնուրույն գործեր (Ֆերենց Լիստ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս, Սերգեյ Ռախմանինով, Սերգեյ Ասլամազյան և ուրիշներ):
1982 թ-ին նկարահանվել է «Պագանինի» հեռուստաֆիլմը (Բուլղարֆիլմ և Մոսֆիլմ, Պագանինիի դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյան):
1954 թ-ից Ջենովայում անցկացվում է ջութակահարների՝ Պագանինիի անվան  ամենամյա միջազգային մրցույթ:

   «Պետք է ուժեղ զգաս, որպեսզի ստիպես զգալ»:
Նիկոլո Պագանինի
   Հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստը Պագանինիին անվանել է «տիեզերահռչակ և աննման ջութակահար», իսկ գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն՝ «հրո և ամպրոպի սյուն»:
   «Իտալացի կոմպոզիտորների բախտը բերել է, որ երկաթե կամքի տեր Պագանինին չնվիրվեց օպերային, այլապես նա կստվերեր իր բոլոր մրցակիցներին»:
Ջոակինո Ռոսսինի, 
իտալացի կոմպոզիտոր
   Պագանինին ունեցել է Ստրադիվարիուսի, Գվարներիի և Ամատիի թանկարժեք ջութակների հավաքածու: Նրա ամենասիրելի ջութակը (վարպետ՝ Գվարների) պահվում է Ջենովայի քաղաքապետարանում՝ ապակե պահարանի մեջ: Այդ ջութակը նվագելու իրավունք է ստանում ջութակահարների՝ Պագանինիի անվան ամենամյա միջազգային մրցույթի հաղթողը:
   Նման պատվի է արժանացել նաև ջութակահար Հենրիկ Սմբատյանը, որը 1963 թ-ի մրցույթում ստացել է դիպլոմ:
   «Պագանինին պետք է կոմպոզիտորի իր տաղանդը հարգի ավելի, քան վիրտուոզ ջութակահարի իր անսովոր հանճարը»:
Ռոբերտ Շուման, 
գերմանացի կոմպոզիտոր