Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պարոնյան Հակոբ
1843 թ., Ադրիանապոլիս (այժմ՝ Էդիրնե), Թուրքիա
1891 թ., 
Կոստանդնուպոլիս
Հ. Պարոնյան. Համայնագիտարանի Ա հատորի տիտղոսաթերթը (2001 թ., Լոս Անջելես)
Տեսարան Հ. Պարոնյանի.«Պաղտասար աղբար» պիեսի ներկայացումից 
(1960 թ., Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն) 
Հակոբ Պարոնյանը հայ երգիծական գրականության ականավոր 
ներկայացուցիչներից է, երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը:

Հակոբ Պարոնյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում, 1857 թ-ին ընդունվել է տեղի հունական դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատել է տարբեր հիմնարկներում, 1863 թ-ին գրական հետաքրքրությունների մղումով մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ ծանոթացել է Հարություն Սվաճյանի հետ, թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին: 1868–70 թթ-ին աշխատել է Ադրիանապոլսում՝ եղբոր առևտրական գրասենյակում, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս, դասավանդել է նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում: 
1871 թ-ից Պարոնյանը «Եփրատ» թերթի խմբագիրն էր, երգիծապատումներ է տպագրել «Մեղու» հանդեսում, իսկ 1872 թ-ին ստանձնել է հանդեսի խմբագրապետի պաշտոնը: 1874–77 թթ-ին խմբագրել է «Թատրոն» («Մեղուն» շարունակել է հրատարակվել այդ անունով), 1884–88 թթ-ին՝ «Խիկար» հանդեսները, աշխատակցել «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին, 1888 թ-ից դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանում:
Պարոնյանը գրական գործունեությունն սկսել է թատերագրությամբ: Առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» (1865 թ.) կատակերգությունն էր, որին հաջորդել է «Ատամնաբույժն արևելյանը» (1868 թ.): Նրա ստեղծագործության ամենածավալուն բաժինը լրագրային երգիծանքն է: «Կսմիթներ» (1875–78 թթ.) և «Հոսհոսի ձեռատետրը» (1880 թ.) շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են, որտեղ արտացոլվել են ժամանակի ազգային և համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունները:
«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (1880 թ.) շարքն ընդգրկում է 34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի: Երգիծաբանը սուր ծաղրով պատկերում է նրանց քաղքենիական սովորությունները, վատ հակումները, օտարացումը սեփական ժողովրդից: Համայնքների կյանքում ոչինչ կատարյալ չէ. յուրաքանչյուրն ինքնաբավ ու ներփակ մի աշխարհ է, որ կարծես չի գիտակցում ներքին կապը մյուս թաղերի հետ, որոնց միասնությունից միայն կարող է ձևավորվել ազգային կյանքը: 
«Քաղաքավարության վնասները» (1886–87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի: Հերոսներն օտարամոլության ու խաբեության զոհեր են՝ անհատականությունից զուրկ և բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով: Կենցաղային պատկերների հետևում Պարոնյանի երգիծանքն իրականության քննադատությունից հասնում է փիլիսոփայական մեծ ընդհանրացումների: 
Պարոնյանի երգիծական հանճարի բարձրակետը «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքն է (1879–80 թթ.): Առաջաբանում հեղինակը գրում է, որ իր նպատակն ընթերցողներից ժպիտ կորզելը չէ, այլ «մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն»:
Հայ դրամատուրգիայի կատարյալ ստեղծագործություններից է «Պաղտասար աղբարը» (1886 թ.), որի առանցքային հարցը ընտանիքի բարոյականությունն է, սյուժեն՝ անհավատարիմ կնոջ և խաբված ամուսնու ընդհարումը: Կատակերգությունն առանձնանում է արծարծված խնդիրների կարևորությամբ, բախումների սրամիտ լուծումներով, խոսքի ու դրության ընդգծված կոմիզմով, համոզիչ ու կենդանի կերպարներով (Անույշ, Կիպար, փաստաբան Օգսեն, սպասուհի Սալոմե և ուրիշներ), որոնք, կեղծիքի ու բանսարկության որոգայթի մեջ առնելով Պաղտասարին, փորձում են կոծկել ճշմարտությունը:
Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը: Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը: Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ:
Պարոնյանի գործերն այսօր էլ արդիական են. մեծ մասը ներառված է ազգային թատրոնի խաղացանկում: «Պաղտասար աղբարը» բեմադրվել է Մոսկվայում և ԽՍՀՄ այլ քաղաքներում: Պարոնյանի  գործերի հիման վրա նկարահանվել են «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981 թ., երեքն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:
Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Պարոնյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:

   «Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար»:

   «Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են»:

   «Դարերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է»:

   «Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն»:

   «Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջևդ տեսնել»:
Հակոբ Պարոնյան
   «Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՜ իմացական սուր կարողությամբ, թե՜ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՜ լեզվական ընտիր, վճիտ բացատրությամբ»:
Մատթեոս Մամուրյան, 
հրապարակախոս
    «Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը»:
Հրանդ Ասատուր, 
գրաքննադատ
   «Պարոնյանի ծաղրը՝ երբեմն խիստ և անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները»:
Յուրի Վեսելովսկի, 
ռուս գրաքննադատ