Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետրոս I Մեծ
1672 թ., Մոսկվա
1725 թ., Սանկտ Պետերբուրգ

Դիմանկարը` Իվան Նիկիտինի (մոտ 1721 թ.)
«Պղնձե հեծյալը»` 
Պետրոս I Մեծի ձիարձանը Սանկտ Պետերբուրգում (1782 թ., քանդակագործ` Էտիեն Մորիս Ֆալկոնե)
Պետրոս Մեծը Ռուսաստանի 13-րդ ցարն է (1682 թ-ից), կառավարել է 
1689 թ-ից, ռուսական առաջին կայսրն է (1721 թ-ից), Ալեքսեյ Միխայիլովիչ ցարի որդին, զորավար և դիվանագետ: Հիմնադրել է ռուսական նավատորմը և Սանկտ Պետերբուրգ քաղաքը:

Պետրոս Մեծը բազմակողմանի կրթություն է ստացել տանը, տիրապետել է գերմաներենին, հոլանդերենին, անգլերենին, ֆրանսերենին, սովորել է նավաշինություն: Արտասահմանյան առաջին ուղևորության` «Մեծ դեսպանության» (1697–98 թթ.) ժամանակ Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) անցել է հրետանային գիտությունների լրիվ դասընթաց, Ամստերդամի նավաշինարաններում սովորել է հյուսնի արհեստ, իսկ Անգլիայում ավարտել է նավաշինության տեսական դասընթաց: Հանդիպումներ է ունեցել Գոտֆրիդ Լայբնիցի, Իսահակ Նյուտոնի և այլ գիտնականների հետ: 1717 թ-ին ընտրվել է Փարիզի ԳԱ պատվավոր անդամ:
Պետրոս Մեծը բազմաթիվ բարեփոխումներ է արել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: 1714 թ-ին ամրապնդել է հողի ազնվականական սեփականությունը, 1722 թ-ին կարգավորել է զինվորական ու քաղաքացիական ծառայության մեջ աստիճանները շնորհելու կարգը: Նրա օրոք ստեղծվել են բազմաթիվ մանուֆակտուրաներ և լեռնագործական ձեռնարկություններ, գունավոր մետաղների արդյունահանման սկիզբն է դրվել, հիմնվել են առևտրի և արդյունաբերության կոլեգիաներ: Բարեփոխել է նաև պետական կառավարման ոլորտը (Սենատի, հոգևոր գործերի կոլեգիայի` Սինոդի, բարձրագույն պետական վերահսկողության մարմինների, քաղաքական հետախուզության գաղտնի գրասենյակի աշխատանքներում): 1703 թ-ին Պետրոս Մեծը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգ քաղաքը, 1712 թ-ին այն դարձրել է մայրաքաղաք, 1721 թ-ին Ռուսաստանը հռչակել է կայսրություն: 
1708–09 թթ-ին ստեղծվել են վարչական նահանգները, որոնք 1719 թ-ին բաժանվել են գավառների: 
Պետրոս Մեծը գլխավորել է բանակը Ազովյան (1695–96 թթ.) արշավանքի, Հյուսիսային պատերազմի (1700–21 թթ.) և Պարսկական արշավանքի (1722–23 թթ.) ժամանակ: Ազովյան արշավանքի և Հյուսիսային պատերազմի շնորհիվ Ռուսաստանը դուրս է եկել Ազովի և Բալթիկ ծովեր: 
Պետրոս I-ը ռուսական կանոնավոր բանակի, ռազմածովային նավատորմի, ռազմական դպրոցի (պետրոսյան) հիմնադիրն է: Մշակել է Զինվորական (1716 թ.) և Ծովային (1720 թ.) կանոնադրությունները, ուժեղացրել հրետանին, ստեղծել նոր զորատեսակներ, խթանել ռազմական արդյունաբերության զարգացումը: Ցամաքային և ծովային խոշոր ճակատամարտերում (Պոլտավա, 1709 թ., Գանգուտ, 1714 թ.) գործել է վճռականորեն, ձգտել է լիովին ջախջախել հակառակորդին:
Խոշոր բարեփոխումներ են իրականացվել մշակույթի և լուսավորության բնագավառում. հիմնվել են թնդանոթաձիգների (1699 թ.), մաթեմատիկա-նավագնացության (1701 թ.) և այլ դպրոցներ, Ծովային ակադեմիան (1715 թ.): 1719 թ-ին բացվել է առաջին ռուսական թանգարանը` Կունստկամերան` հանրային գրադարանով: Հրատարակվել են այբբենարաններ, ուսումնական ձեռնարկներ, քարտեզներ: 1700 թ-ին մտցվել է նոր` Հուլյան օրացույցը: 1703 թ-ին լույս է տեսել ռուսական առաջին տպագիր լրագիրը` «Վեդոմոստին», մշակվել է քաղաքացիական տառատեսակ (1708–10 թթ.): 1725 թ-ին բացվել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիան` գիմնազիայով և համալսարանով: Կազմակերպվել են գիտական արշավախմբեր: Կառուցվել են շինություններ մշակութային ու պետական հաստատությունների համար, Պետերգոֆի (Պետրոդվորեց) ճարտարապետական համալիրը, Կրոնշտադտի, Պետրոպավլովյան և այլ ամրոցներ, քաղաքների կանոնավոր հատակագծման սկիզբն է դրվել: Պետրոս I-ն օգտագործել է արևմտաեվրոպական երկրների փորձը արդյունաբերության, առևտրի, մշակույթի զարգացման նպատակով:
Սակայն նրա բարեփոխումները հիմնականում կատարվել են բռնի ուժով, որի հետևանքով բռնկվել են ապստամբություններ (1698 թ-ի՝ Ստրելեցների, 1705–06 թթ-ի՝ Աստրախանի, 1707–09 թթ-ի՝ Բուլավինի, և այլն):
1701 թ-ին Իսրայել Օրին տեսակցել է Պետրոս I-ի հետ, մշակել և նրան է ներկայացրել Հայաստանի ազատագրության իր «Մոսկովյան ծրագիրը», որը պետք է կենսագործվեր Հյուսիսային պատերազմից հետո: Պետրոս I-ի Պարսկական արշավանքի ժամանակ հաշվի էր առնված նաև Օրու «Մոսկովյան ծրագիրը»: Պետրոս I-ի կառավարությունը կապեր է պահպանել Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ, ջանացել Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտուրն ուղղորդել Ռուսաստան: Այդ նպատակով 1711 թ-ին վերահաստատել է մի շարք արտոնություններ, որոնք շնորհվել էին հայ վաճառականներին՝ 1667 թ-ի առևտրական պայմանագրով: Հայ վաճառականության գործունեությունը Ռուսաստանում խրախուսելու նպատակով թարգմանչական դպրոցներում ուսանելու համար հավաքագրել են հայ երիտասարդների: 
1720-ական թվականների հայ ազգային-ազատագրական պայքարի շրջանում ստեղծված միջազգային անբարենպաստ կացության հետևանքով Պետրոս Մեծն ի վիճակի չի եղել աջակցելու Արցախի ու Սյունիքի հայ ապստամբներին, սակայն իր պատգամատար Իվան Կարապետին ուղարկել է հայերին հուսադրելու, ապստամբական ուժերն ի մի բերելու և թուրքական առաջխաղացումը կասեցնելու հորդորներով: 1724 թ-ի նոյեմբերին Պետրոս I-ը հրապարակել է հրովարտակ` հայ ժողովրդին իր հովանավորության տակ վերցնելու մասին: 
Պետրոս Մեծի կերպարն արտացոլվել է Ալեքսանդր Պուշկինի «Պոլտավա», «Պղնձե հեծյալ» (պոեմներ), Ալեքսեյ Տոլստոյի «Պետրոս Առաջին» (վեպ), Անդրե Գրետրիի «Պետրոս Մեծ» (օպերա), Անդրեյ Պետրովի «Պետրոս Առաջին» (օպերա) և ուրիշների ստեղծագործություններում: Նրա մասին նկարահանվել են տասնյակ ֆիլմեր («Պետրոս Մեծ», 1937 թ., «Պետրոս Մեծ», ԽՍՀՄ-ԱՄՆ, 1985 թ., և այլն): 
Պետրոս I-ը պարգևատրվել է Անդրեյ Նախավկայի (1703 թ.), Սպիտակ արծվի (1712 թ., Ռեչ Պոսպոլիտա), Փղի (1713 թ., Դանիա) և այլ շքանշաններով: Սահմանվել են Պետրոս Մեծի 3 (I–III) աստիճանների շքանշաններ: Նրա պատկերով հատվել է մետաղադրամ (1720 թ.), թողարկվել թղթադրամ (1898, 1912, 1997 թթ.): 
Պետրոս I-ի անունով կոչվել են կղզի, ծովածոց, քաղաքներ, թանգարաններ, բուհեր, հիվանդանոցներ և այլն: Նրա պատվին Ռուսաստանում և Եվրոպայում կանգնեցվել են հուշարձաններ, որոնցից առավել հայտնի է «Պղնձե հեծյալը» Սանկտ Պետերբուրգում:

   «Նա (Պետրոս I-ը) աստված է, նա քո աստվածն է, Ռուսաստա՜ն»:
Միխայիլ Լոմոնոսով, 
ռուս գիտնական
   «Ազնիվ հայ ժողովրդին պահել առանձնահատուկ ողորմածությամբ...
Մենք հրամայել ենք նրանց վաճառականությանը ոչ միայն պաշտպանել, այլև առավել մեծ շահի ու օգուտի համար որոշ արտոնություններով էլ կօժտենք ու ամենաողորմած ձևով բարյացակամ կլինենք»:
Պետրոս I