 | Ջիվանի 1846 թ., գ. Կարծախ (Վրաստանի Ախալքալաքի շրջան) 1909 թ., Թիֆլիս (թաղված է Խոջիվանքի պանթեոնում) |
 | «Ջիվանու քնարը» գրքի (1959 թ.) տիտղոսաթերթը |
 | Ջիվանու կիսանդրին Կարծախ գյուղում (1996 թ., քանդակագործ՝ Բաղդասար Սարգսյան) |
Ջիվանին աշուղական արվեստի ազգային դպրոցի հիմնադիրն է: Նա հայ աշուղական երգը մաքրել է օտար երաժշտությունից, բարբառային արտահայտություններից, հարստացրել ժողովրդական երաժշտության տարրերով և ստեղծել է հեղինակային մեղեդի:
Ջիվանին [իսկական անուն-ազգանունը՝ Սերովբե (Սերոբ) Լևոնյան] 6 տարեկանում որբացել է, մեծացել է հորեղբոր խնամքի տակ: Աշուղական երգի առաջին դասերն առել է համագյուղացի աշուղ Ղարա Ղազարից (Սիայի), յուրացրել ընդունված կանոնները, սովորել է նաև ջութակ ու քաման նվագել: 1867 թ-ին Կարծախ հյուրախաղերի եկած երիտասարդ աշուղ Սազայու (Աղաջան) հետ Ջիվանին մեկնել է Թիֆլիս, 1 տարի երգել է վանեցի մի հայի սրճարանում, անուն ձեռք բերել, որտեղից նրան հրավիրել են ալեքսանդրապոլցի սրճարանատեր Տալոյանները (Տալյաններ. այդ գերդաստանից են սերել հայտնի աշուղներ Ջամալին ու Շերամը, երգիչ Շարա Տալյանը): 1868–95 թթ-ին Ջիվանին ապրել է Ալեքսանդրապոլում, գործակցել անվանի աշուղներ Ջամալիի, Զահրիի, Մալուլի, Ղեյրաթի, Ֆիզայու հետ, ծանոթացել հայ գրողներ Րաֆֆու, Պատկանյանի և մյուսների գործերին, ուսումնասիրել հայ և արևելյան ժողովուրդների պատմությունն ու բանահյուսությունը: Այս ամենն անջնջելի հետք է թողել Ջիվանու աշխարհայացքի ձևավորման ու գրական գործունեության վրա: Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում: 25-հոգանոց աշուղական իր խմբով Ջիվանին հաճախակի ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, եղել է նաև Դերբենդ, Մախաչկալա, Ռոստով, Խարկով քաղաքներում ու շրջակա հայաբնակ գյուղերում և ներկայացրել հայ աշուղական երգի լավագույն նմուշները (Սայաթ-Նովա, Միսկին-Բուրջի, Շիրին և այլն): 1895 թ-ին ընտանիքի վիճակը բարելավելու և զավակներին կրթության տալու նպատակով Ջիվանին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ ապրել է դժվար կյանքով: Վերջին անգամ Ջիվանին ելույթ է ունեցել 1908 թ-ի հոկտեմբերին, իսկ մի քանի ամիս անց մահացել է: Ջիվանին աշուղի դասական կերպար է: Նա ավելի քան 40 տարի ծառայել է իր ժողովրդին, դարձել նրա ձգտումների ու երազների թարգմանը. իր իսկ բնորոշմամբ՝ «ազգի մշակ է երգիչը, սրտով իստակ (մաքուր) է երգիչը»: Կարեկցելով և սատարելով թշվառ, հիվանդ ու հուսահատ մարդկանց՝ Ջիվանին չի վարանում զայրույթի իր խոսքն ուղղել խարդախությամբ հարստության տեր դարձած մեծատուններին, առանց երկմտելու գրել. «Անվանի գողերը մեծերն են հիմա»: Ջիվանին բազում թելերով կապված էր հայրենի հող ու ջրին («Հայրենիքիս ջուրը», «Առավոտյան քաղցր հովիկ» և այլն), լավ էր ճանաչում հայ գյուղը, ծանոթ էր աշխատավորի ծանր վիճակին: Ճիշտ է, աշուղն իր երգերում այդ վիճակից դուրս գալու ուղիներ չի նշում, բայց «Ժողովուրդ» երգում հիշատակում է ջրհեղեղ հիշեցնող նրա ուժի ու թափի մասին, որ «թե միացավ, սարը տեղից կհանի»: Ջիվանու հայրենասիրական երգերը («Ծիրանի ծառ», «Ազգ իմ, որքան նկուն մնաս», «Անի», «Էլի մոտս եկան հայոց քաջերը», «Հայրենիք», «Հայի ճուտ» և այլն) բացառիկ տեղ են գրավում հայ աշուղական պոեզիայի պատմության մեջ: Առանձնահատուկ է «Ձախորդ օրերը» երգը, որը նաև հայ դասական աշուղական պոեզիայի լավագույն նմուշներից է: Տարիներ շարունակ այն հույս ու հավատ է ներշնչում հայ մարդուն նրա կյանքի ողբերգական պահերին, լավատեսորեն տրամադրում վաղվա օրվա հանդեպ.
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան... Աշխարհը հյուրանոց է, Ջիվա՜ն, մարդիկը հյուր են, Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան:
Բարոյախրատական երգերում Ջիվանին գովերգում է ընկերությունը, ազնվությունը, հավատարմությունը, անձնազոհությունը, ծնողասիրությունը և որդեսիրությունը, պախարակում ագահությունը, տմարդությունը, ժլատությունը, ապերախտությունը, քարոզում է հետևել լուսավորությանն ու գիտությանը («Քո փափագով», «Ընկեր», «Այծյամ», «Պաղ աղբյուրի մոտ» և այլն): Ջիվանին շարունակել ու խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկզբնավորած և Սայաթ-Նովայի զարգացրած՝ երգի համար հատուկ եղանակ հորինելու ավանդույթը, օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից՝ այն ներկայացնելով նորովի: Ջիվանու լեզուն պարզ է, անպաճույճ և հագեցած ժողովրդական բառ ու բանով: Նա մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը: Մեծ աշուղն օժտված էր նաև երգիծելու ակնհայտ տաղանդով («Անգործ, պարապ ման եկողը», «Ագահ հարուստ», «Պատահմունք» և այլն): Իսկ հանրահայտ «Խելքի աշեցեք» ասերգի մեջ անհամատեղելի, երբեմն էլ պարզապես հակոտնյա երևույթների համադրությամբ Ջիվանին սոցիալական խոր ընդհանրացումներ է անում: Ջիվանին մեծ փիլիսոփա ու բարոյագետ է. նրա բազմաթիվ իմաստուն խորհուրդներ դարձել են թևավոր խոսքեր: Ավանդաբար, ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը Կարծախում կազմակերպվում է Ջիվանու երգի տոն: 1996 թ-ին, ծննդյան 150-ամյակի առթիվ, Երևանում հրավիրվել է գիտաժողով, նույն թվականին Կարծախում տեղադրվել է Ջիվանու կիսանդրին, 2006 թ-ին Ախալքալաքում՝ հուշարձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), նրա մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Պոետի վերադարձը» (2007 թ., ռեժիսոր՝ Հարություն Խաչատըրյան): «Սայաթ-Նովա» մշակութային միության ջանքերով 2009 թ-ին լույս է տեսել «Աշուղ Ջիվանի. Անհայտ երգեր» գիրքը: Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր:
«Օտար երկրի դրախտից Հայրենյաց բանտը լավ է»: «Հացիս, կրոնիս, հավատիս մի կպչիր»: «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը»: «Կյանքդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ»: Ջիվանի «Աշուղ Ջիվանին յուր ոչ մի երգը դատարկ տեղը չի հորինել, այլ մի պատճառ է ունեցել. մի պահանջ, մի բողոք կյանքի փոփոխվող պայմաններից»: Գարեգին Լևոնյան, արվեստաբան, աշուղագետ (Ջիվանու որդին) «Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու, Մարդկային սիրտը հասկանում ես դու, Եվ քո գույները երգիդ հարազատ, Լի են հուզմունքով անկեղծ և ազատ... Հովհաննես Թումանյան, բանաստեղծ
|