Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռախմանինով Սերգեյ
1873 թ., գ. Սեմյոնովոյի  կալվածք Օնեգ 
(այժմ՝ ՌԴ Նովգորոդի մարզի համանուն 
շրջանում)
1943 թ., Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
«Ռախմանինով. վերջին համերգը», հուշարձան ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի Կնոքսվիլ քաղաքում 
(2003 թ., քանդակագործ՝ Վիկտոր Բոկարով)
Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովը 
ռուսական դասական երաժշտության ավանդույթների հետևորդներից է 
և աշխարհում ճանաչված դաշնակահարներից:

Սերգեյ Ռախմանինովը նվագել է մանկուց: 1882 թ-ից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885 թ-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների փոքրահասակների բաժիններում: Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը: Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին: Ռախմանինովը 1892 թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական (Մեծ ոսկե մեդալ) բաժինները: Դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի), որը 1893 թ-ին բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում: 
1890-ական թվականներին գրել է «Ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան, «Էլեգիական տրիոն» (Պ. Չայկովսկու հիշատակին), Առաջին սիմֆոնիան, դաշնամուրային «Ֆանտազիա-պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ», ռոմանսներ և այլ գործեր: Նրա ստեղծագործական վերելքն սկսվել է 1900-ական թվականներից. ստեղծել է իր նշանավոր երկերի մեծ մասը՝ դաշնամուրի Երկրորդ և Երրորդ կոնցերտները, «Գարուն» կանտատը, «Ժլատ ասպետը» (ըստ Ա. Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Ալիգիերի Դանտեի) օպերաները, Երկրորդ սիմֆոնիան, «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, նաև բազմաթիվ պրելյուդներ ու ռոմանսներ:
Ռախմանինովը 1906–14 թթ-ին, որպես դաշնակահար և դիրիժոր, հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, 1917 թ-ին՝ Շվեդիայում: Ճանաչվել է հատկապես ռուս կոմպոզիտորների օպերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների նորովի մեկնաբանմամբ:
1918 թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: 1918– 1943 թթ-ին գրել է դաշնամուրի Չորրորդ կոնցերտը, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով»` դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» և այլ գործեր: Հայրենիքի թեմայով գրած նրա «Ռուսական երեք երգ» (երգչախմբի և նվագախմբի համար), Երրորդ սիմֆոնիա, «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունները համաշխարհային երաժշտության գագաթներից են: Կոմպոզիտորը Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին համերգների հասույթը փոխանցել է Կարմիր բանակի և ԽՍՀՄ պաշտպանության հիմնադրամներին:
Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է. գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ: Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների: Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ՝ «ռախմանինովյան» ռիթմը: Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն): Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է:
Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ: Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը. լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկի): Ռախմանինովը Շահինյանին է նվիրել իր «Մուսան» ռոմանսը (ըստ Ալեքսանդր Պուշկինի), իսկ Շահինյանը նրան է ձոնել իր «Orientalia» բանաստեղծությունների ժողովածուն: 2005 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Ռախմանինովի «Ալեկո» օպերան: