Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սիամանթո
1878 թ., ք. Ակն 
(Խարբերդի նահանգ, Արևմտյան Հայաստան) 
1915 թ., Մեծ եղեռնի զոհ
Սիամանթոն արևմտահայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: 
Նրան վիճակված էր դառնալ աղետյալ հայրենիքի ու ժողովրդի հոգեվարքի և հույսի, ցավի և մաքառման, վրեժի և պայքարի երգիչը: Նրա պոեզիայում միահյուսված են դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները:

Սիամանթոն (իսկական անուն-ազգանունը՝ Ատոմ Յարճանյան) ծնվել է վաճառականի ընտանիքում: 1891 թ-ին հոր հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. սովորել է Միրիճանյան, ապա` Պերպերյան վարժարաններում: 1894–96 թթ-ի հայերի ջարդերից հետո նա էլ է հեռացել Կոստանդնուպոլսից: Մեկնել է Կահիրե, 1897 թ-ին՝ Ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ հաճախել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնի դասախոսություններին, ծանոթացել հայ մտավորականների, ազգային նշանավոր դեմքերի հետ:
 Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1898 թ-ին, «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում: Հաջորդ գործերը տպագրվել են «Ազատամարտ», «Անահիտ» (երկուսն էլ՝ Փարիզ), «Բանբեր» (Կոստանդնուպոլիս), «Հայրենիք» (Բոստոն) և այլ պարբերականներում: 1902 թ-ին տպագրվել է նրա առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն, և գրական աշխարհը ողջունել է գաղափարի բանաստեղծի հայտնությունը: Այնուհետև հրատարակվել են «Հայորդիներ» ընդհանուր խորագրով բանաստեղծական 3 շարքերը (1905, 1906 և 1908 թթ.): Եթե «Դյուցազնորեն»-ում հիմնականում ցասման և պայքարի տրամադրություններ են («Արշալույսները», «Ճակատամարտը» և այլն), ապա երկրորդում գերիշխողը հոգեկան ապրումներն են: Պատմության դասերի մեջ խտացնելով դարերի վրեժը («Դարերու վրեժ», «Հողին ձայնը», «Մենախոսություն» և այլն) ու շիկացնելով այն փլատակված հայրենիքի սարսուռներով («Որբերու ճակատագրեն», «Բանտերու խորանեն», «Կախաղաններու կատարեն» և այլն)՝ Սիամանթոն ազատագրական պայքարի է կոչում Հայորդուն ու նրա հերոսական մաքառումները բոցավառում հաղթանակի հավատով:
1907 թ-ին Փարիզում լույս է տեսել «Հոգեվարքի և հույսի ջահեր» շարքը, որտեղ գերակշռողը տառապանքի փիլիսոփայական վերապրումներն են: Օրհասի տխուր մտորումների մեջ նա բազմիցս կարոտով վերհիշում է հայրենի եզերքի գեղեցկությունն ու մանկության օրերի խայտանքները, ողբում իր ժողովրդի դառը ճակատագիրը («Արցունքներս», «Ափ մը մոխիր՝ հայրենի տուն...», «Արյունս», «Ձեռքերդ ինձ երկարե» և այլն): Միևնույն ժամանակ նահատակության հերոսը հույսի ջահեր է վառում նրա հոգում («Ես երգելով կուզեմ մեռնիլ...», «Ասպետին երգը», «Հույսին համար» և այլն):
1908 թ-ին՝ երիտթուրքերի պետական հեղաշրջումից ու սահմանադրության ընդունումից հետո, Սիամանթոն նույնպես վերադարձել է Կոստանդնուպոլիս: 1909 թ-ին գրել է «Կարմիր լուրեր բարեկամես» շարքը՝ հայոց եղեռնամատյանի արյունոտ էջը. սկսվում է «Սուգ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են արյունոտ դրվագներ պատմող 11 նամակ-քերթվածներ («Պարը», «Քավություն», «Լոգանք», «Դաշույն» և այլն), սակայն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ, որտեղ Սիամանթոն պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի: 
1909 թ-ին Սիամանթոն մեկնել է ԱՄՆ, որտեղ լույս է ընծայել բանաստեղծությունների նոր շարք՝ «Հայրենի հրավեր»: Տարագիր հայերին ուղղված 12 կոչերում բանաստեղծն աղերսում է վերադառնալ և պաշտպանել հայրենի բնաշխարհը.

Վերադարձե՜ք, որդինե՜ր, ձեր գութանին 
և արորին ժանգը նորեն սրբելու.
Թո՜ղ նորեն ձեր հնադարյան 
հայրենի հողը ծաղկոտի...
Թո՜ղ ձեր հունձքերն հովտե հովիտ՝ 
ծովերուն պես տարածվին...

1911 թ-ին նա կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ քաղաքական մթնոլորտը փոքր-ինչ մեղմացել էր: Այդ շրջանի նրա պոեզիայում «չարչարանքի տեսիլները» տեղի են տվել՝ «հոգևոր Հայաստանի» կերպարում ուրվագծելով ազգի գոյության ու հարատևման հեռանկարը: 
Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), փառաբանել հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», «Թող զորությունը ձեզ խոսի», երկուսն էլ՝ 1911 թ.): 1912 թ-ին՝ հայ գրերի 1500-ամյակի համազգային տոնի օրերին, գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը.

Մեսրո՜պ, հայ դարերուն դիմաց կեցող՝
Դո՜ւն ադամանդյա ապառաժ,
Դո՜ւն մանուկներու մերկ ուղեղեն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցությանց անգյո՜ւտ փարոս...

1913 թ-ին ուղևորվել է Թիֆլիս, հանդիպել հայ գրողների և ազգային գործիչների հետ, այցելել Էջմիածին, Օշական, գնացել Բաքու, ապա մեկնել Եվրոպա: Վերադարձել է Կոստանդնուպոլիս լավատեսությամբ լեցուն ու նոր մտահղացումներով: Սակայն հայտնատեսի բացառիկ ունակությամբ իսկույն գուշակել է թուրքական քաղաքականության մութ խորշերում նյութվող նենգամիտ դավը, որը ճակատագրական էր նաև իր համար:
 Սիամանթոն ձև է տվել հայ ազատաչափ (վերլիբր) բանաստեղծությանը և էականորեն հարստացրել ազգային բանաստեղծության պոետիկայի համակարգը. ստեղծել է նոր բառեր ու բառակապակցություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչականությունը: Նրա պոեզիան որոշ աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հետ:
Սիամանթոյի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

«Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ...»:

«Արդարության առավոտը դաժանորեն հեռու է»:

«Մեռելներն անոնք են, որոնց համար մենք 
մեռանք...»:
Սիամանթո
   «Յարճանյանի «Հոգեվարքի և հույսի ջահերը»՝ մինչև ցարդ իր հրատարակածներուն մեջ ամենեն հարուստը և բազմազանը, սահմանված է փառավոր ու հավերժական կյանքի մը, իբր մեր ժամանակակից բանաստեղծության ամենեն շքեղ, ամենեն տոհմիկ և ամենեն ուժեղ էջերեն մեկը»:
Արշակ Չոպանյան, 
գրականագետ, գրող