Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ստանիսլավսկի 
Կոնստանտին
1863 թ., Մոսկվա
1938 թ., Մոսկվա
Կ. Ստանիսլավսկին  
Կավալեր Ռիպաֆրատտայի դերում 
(Կառլո Գոլդոնիի  
«Հյուրանոցի տիրուհին»)
Տեսարան Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի 
ներկայացումից (1902 թ., ռեժիսոր՝ 
Կ. Ստանիսլավսկի)
Ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի տեսաբան ու մանկավարժ, 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Ստանիսլավսկին 
թատերարվեստում ստեղծել է դպրոց, ուղղություն և տեսություն, 
որոնք բեմական ռեալիզմի զարգացման նոր փուլ են: 

Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը` Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թ-ից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»: 1878–81 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1888 թ-ին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր: Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք: Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն): 
Ստանիսլավսկին 1898 թ-ին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), բեմադրել առաջին ներկայացումը` Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»: ՄԳԹ-ի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ): Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները: Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը` Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ` բացահայտելու մարդու ներաշխարհը: 
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ): Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր: Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով: 
Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում: 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը` դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին: Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն: 
1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ: Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում: 1918 թ-ին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թ-ին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա:
Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա:
Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում: Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը: Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ ՄԳԹ-ում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ: Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ: Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը: 
Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը: Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ:
Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թ.) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թ.) գրքերը:
Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թ.):
1948 թ-ին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն: 
Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը: Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թ.): 

   «Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը` թեթև, իսկ թեթևը` հրաշալի»:

   «Սիրեք արվեստը ձեր մեջ և ոչ թե ձեզ՝ արվեստում»:

   «Սովորեք լսել, հասկանալ և սիրել դաժան ճշմարտությունը ձեր մասին»:
   Կոնստանտին Ստանիսլավսկի