Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վաշինգտոն  Ջորջ
1732 թ., կալվածք Բրիջս Կրիկ, Վիրջինիա
1799 թ., կալվածք Մաունթ Վեռնոն, Վիրջինիա, ԱՄՆ

Դիմանկարը՝ Ջիլբերտ Ստյուարտի և Ռեմբրանդ Փիլի (1890-ական թթ.)
Ջ. Վաշինգտոնի ձիարձանը Վաշինգտոնում 
(1860 թ., քանդակագործ՝ Քլարկ Միլս)
Ջորջ Վաշինգտոնը քաղաքական և պետական գործիչ է, ԱՄՆ-ի առաջին 
նախագահը` 1789–97 թթ-ին: Հյուսիսային Ամերիկայի անկախության 
պատերազմում ղեկավարել է ամերիկյան բանակի զինված ուժերը: 
Պետությանը մատուցած ծառայությունների համար ԱՄՆ-ի Կոնգրեսը 
նրան շնորհել է Հայրենիքի հայր տիտղոսը:

Ջորջ Վաշինգտոնը ծնվել է հողատիրոջ ընտանիքում, կրթությունն ստացել է տանը, հետագայում լրացրել է ինքնակրթությամբ: 1752 թ-ին ժառանգել է մեծ կալվածք Մաունթ Վեռնոնում: Նույն թվականին, որպես աշխարհազորային, մասնակցել է ֆրանսիացիների և հնդկացիների դեմ սկսված մարտական գործողություններին: 1758 թ-ին պաշտոնաթող է եղել գնդապետի կոչումով:
1758–74 թթ-ին ընտրվել է Վիրջինիայի Սահմանադրական ժողովի, 1774 թ-ին՝  Առաջին, 1775 թ-ին՝ Երկրորդ մայրցամաքային Կոնգրեսի անդամ:
Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմում (1775–83 թթ.) ընտրվել է ամերիկյան զինված ուժերի գլխավոր հրամանատար: Զորավարի ու կազմակերպչի մեծ տաղանդի շնորհիվ ապահովել է անգլիական 13 գաղութների ազատագրական պատերազմի հաղթանակը, որի հետևանքով ստեղծվել է ԱՄՆ-ի անկախ պետությունը (1776 թ.):
Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787 թ-ին ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789 թ-ին Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792 թ-ին վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց:
Եռանդուն պայքար է սկսել նոր հողատարածքներ գրավելու համար՝ ճնշելով  բնիկ հնդկացիների իրավունքները: 1794 թ-ին ճնշել է նաև «սպիրտային խռովությունը», երբ վիսկի արտադրողները հրաժարվել են հարկ վճարելուց և ապստամբել են:
Վաշինգտոնն ամրապնդել է Անկախության պատերազմի ձեռքբերումները և  ամերիկյան պետության հիմքերը, արմատավորել է սահմանադրության դրույթները, պարբերաբար ելույթներ է ունեցել ստրկությունը վերացնելու օգտին, դրել ԱՄՆ-ի քաղաքական կառույցի հիմքերը:
Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի` դաշինքներին  և պատերազմներին մասնակցելուն:
1796 թ-ի սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: 
Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:
1888 թ-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում կանգնեցվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը, Մաունթ Վեռնոնում գործում է նրա տուն-թանգարանը: 
1976 թ-ին ԱՄՆ-ի հիմնադրման 200-ամյակի առթիվ ԱՄՆ-ի Կոնգրեսը Ջորջ Վաշինգտոնին հետմահու շնորհել է Միացյալ Նահանգների բանակի գեներալի կոչում:
ԱՄՆ-ի 1-դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է Վաշինգտոնի դիմանկարը:
   «Առաջինը` պատերազմի օրերին, առաջինը` խաղաղ օրերին, և առաջինը` համաքաղաքացիների սրտերում»,– Ջորջ Վաշինգտոնին այսպես է բնութագրել ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչը նրա մահախոսականում: