Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վելասկեզ Դիեգո
1599 թ., ք. Սևիլիա, 
Իսպանիա
1660 թ., Մադրիդ

«Ինքնանկար» (1640 թ.)
Վելասկեզ. «Եղնիկի գլուխ» 
(1626–27 թթ.)
Դ. Վելասկեզ. «Իսպանիայի Ֆիլիպ IV արքան» (1656 թ.), «Հայելիով Վեներան» (1651 թ.) և «Մանող կանայք» (1656 թ.)
Դիեգո Վելասկեզն իսպանական գեղանկարչության ոսկեդարի 
խոշորագույն ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունը 
համաշխարհային ռեալիստական արվեստի ամենավառ երևույթներից է:

Դիեգո Վելասկեզը (իսկական անուն-ազգանունը՝ Ռոդրիգես դե Սիլվա Վելասկեզ) ծնվել է մկրտված պորտուգալացի հրեայի ընտանիքում: Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից: Մինչև 1623 թ. աշխատել է Սևիլիայում, ստեղծել ժողովրդական կենցաղի տեսարաններ (բոդեգոնես, ժանր)՝ «Նախաճաշ» (մոտ 1617 թ.), «Ծեր խոհարարուհին» (մոտ 1620 թ.), «Ջրկիր» (մոտ 1621 թ.) և այլն, նաև կրոնական թեմայով մի քանի  կտավներ («Հոգևոր հովիվների երկրպագությունը», «Գուշակների երկրպագությունը», երկուսն էլ՝ 1619 թ., «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», մոտ 1620 թ.), որոնք աչքի են ընկնում կերպարների դիպուկ բնութագրումներով և կրում են իտալացի նկարիչ Կառավաջոյի արվեստի ազդեցությունը: 
1623 թ-ին Վելասկեզը հրավիրվել է Մադրիդ. արքայազն Ֆերդինանդը նրան ներկայացրել է Ֆիլիպ IV թագավորին, որը նկարչին պատվիրել է իր դիմանկարը: Տեսնելով Վելասկեզի աշխատանքը՝ նա ասել է. «Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից»: Վելասկեզը նշանակվել է պալատական նկարիչ:
Նկարչի վարպետության ձևավորմանը նպաստել են ծանոթությունը թագավորական հավաքածուներին (հատկապես Տիցիանի նկարներին) և Ռուբենսի հետ, վերջինիս խորհրդով՝ նաև շրջագայությունն Իտալիայում (1629–31 թթ., եղել է Ջենովայում, Միլանում, Վենետիկում և Հռոմում): 
1630-ական թվականներին Վելասկեզը համարձակորեն հրաժարվել է ժամանակի արվեստին բնորոշ պայմանականություններից և կյանքը պատկերել է ողջ իրողությամբ, որոնել մեծ ընդհանրացման պատկերներ ստեղծելու ուղիներ: «Բաքոս»-ում (1628–29 թթ.) նկարել է բնության գրկում Բաքոսի և ֆավնների (Ֆավն՝ դաշտերի և անտառների աստված) հետ խնջույքի նստած թափառաշրջիկների, որոնց միավորում են ընդհանուր ոգևորությունն ու բնությունը: «Վուլկանի դարբնոցը» (1630 թ.) կտավը լի է իրական կյանքի զգացողությամբ: «Բրեդայի հանձնումը» (1634 թ.) ստեղծագործությամբ Վելասկեզը սկզբնավորել է պատմանկարչությունը Եվրոպայում: Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ («Խուան Մաթեոս», մոտ 1632 թ., «Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալթազար Կառլոս», երկուսն էլ՝ 1634–35 թթ., և այլն): Ուշագրավ են հատկապես պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները (բոլորը՝ 1631–48 թթ.): Նկարիչը 1642–44 թթ-ին ուղեկցել է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ: 1648–51 թթ-ին երկրորդ անգամ ճամփորդել է Իտալիայում: Այդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարով:
Ավելի ուշ շրջանի՝ Մարիա Թերեզայի (1651 թ.), Ֆիլիպ IV-ի (1655–56 թթ.), Մարգարիտ Ավստրիացու (մոտ 1660 թ.) դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական հատկանիշները: Այդ շրջանի գործերից է նաև «Հայելիով Վեներան» (1651 թ.): Վելասկեզը ստեղծել է բնանկարներ («Մեդիչիի վիլլան», երկու բնանկար, 1650–51 թթ.), որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ:
Վելասկեզի վերջին տարիների նշանավոր գործերն են՝ «Լաս Մենինաս» («Ֆրեյլիններ», 1656 թ.) և «Մանող կանայք» (նախնական անվանումը՝ «Արաքնեի առասպելը», 1657 թ., աշխատանքի առաջին տեսարանն է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ): Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն: 
Վելասկեզը նկարել է առանց ճեպանկարների` անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները:
Վելասկեզի գործերից պահվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Պրադոյում (Մադրիդ), Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում:
Վելասկեզի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: 

   «Հրաշալի կրթված և դաստիարակված, սեփական արժանիքների զգացողություն ունեցող մարդ է Վելասկեզը»: 
Մարկո Բոսկինի, 
իտալացի արվեստաբան