Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վերդի Ջուզեպպե
1813 թ., գ. Ռոնկոլե, Բուսսետո քաղաքի մոտ, Իտալիա
1901 թ., Միլան

Դիմանկարը՝ Ջիովանի Բոլդինիի (1886 թ.)
Ջ. Վերդիի ծաղրանկարը (1860 թ., նկարիչ՝ 
Դելֆիկո Մելչիորե)
Ջ. Վերդիի հուշարձանը Բուսսետոյի՝ նրա անվան 
հրապարակում (1913 թ., քանդակագործ՝ Լուիջի Սեչի)
Տեսարան Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրությունից (2006 թ., Միլանի 
«Լա Սկալա» օպերային թատրոն) 
Իտալացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջուզեպպե Վերդին համաշխարհային 
օպերային արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից և բարեփոխիչներից է: 

Ջուզեպպե Վերդին 7 տարեկանից երգեհոնի և հարմոնիայի դասեր է առել ծննդավայրում՝ Պիետրո Բայստրոքիից, իսկ 12 տարեկանից նվագել է եկեղեցում: Կրթությունը շարունակել է Բուսսետոյում, աշակերտել է Ֆեռնանդո Պրովիզիին (կոմպոզիցիա):  
1828 թ-ին Վերդին գրել է իր առաջին գործերը՝ նախերգանքներ, քայլերգեր փողային նվագախմբի համար, դաշնամուրային պիեսներ: 1832 թ-ին տարիքի պատճառով նրան չեն ընդունել Միլանի կոնսերվատորիա (հետագայում կոնսերվատորիան կոչվել է Վերդիի անունով): Մասնավոր դասեր է առել դիրիժոր ու կոմպոզիտոր Վինչենցո Լավինյիից: 1836 թ-ին գլխավորել է Բուսսետոյի ֆիլհարմոնիկ ընկերությունը: 1839 թ-ին Միլանում բեմադրվել է նրա առաջին՝ «Օբերտո, կոմս Սան Բոնիֆաչո», իսկ 1840 թ-ին՝ «Արքա մեկ ժամով կամ Կեղծ Ստանիսլավը» օպերաները:
Վերդին ճանաչման է արժանացել «Նաբուկկո» («Նաբուգոդոնոսոր») և  «Լոմբարդացիները խաչակրաց արշավանքում» օպերաներով, որոնք ազգային-ազատագրական գաղափարներ արտահայտող նրա առաջին երկերն են. չնայած աստվածաշնչյան թեմային՝ իտալացիները «Նաբուկկոյում» տեսել են ազատության և անկախության համար պայքարող իրենց հայրենիքի ճակատագիրը: 
1842–49 թթ-ին կոմպոզիտորը գրել է 13 օպերա՝  «Էռնանի», «Աթիլա», «Մակբեթ», «Լենյանոյի ճակատամարտը», «Լուիզա Միլլեր» և այլն, որտեղ փառաբանել է ժողովրդի հերոսականությունը: 
Վերդիի հայրենասիրական տրամադրություններն արտահայտվել են նաև 1848 թ-ի հեղափոխության ժամանակ քաղաքական գործիչ Ջուզեպպե Մանձինիի առաջարկով գրած «Հնչիր, շեփոր» հիմնում (Վերդիին համարել են իտալական հեղափոխության մաեստրո): 
1850-ական թվականներին կոմպոզիտորը գրել է «Ռիգոլետտո» (ըստ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» դրամայի), «Տրուբադուր» (ըստ Անտոնիո Գարսիա Գուտյերեսի), «Տրավիատա» (ըստ Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» դրամայի) օպերաները, որոնք նրա ստեղծագործության գլուխգործոցներից են: 
«Տրավիատա» օպերայի առաջին բեմադրությունը տապալվել է. կոմպոզիտորին մեղադրել են, որ նա բեմ է հանել հասարակությունից մերժված հերոսուհու: Սակայն հետագայում «Տրավիատան» դարձել է ժողովրդի ամենասիրած օպերաներից: Նույն թվականներին Վերդիի օպերաները բեմադրվել են Եվրոպայի բոլոր խոշոր օպերային թատրոններում: 
1850–60-ական թվականներին՝ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, գրել է «Սիցիլիական ժամերգություն», «Սիմոն Բոկկանեգրա», «Պարահանդես-դիմակահանդես» օպերաները, մասնակցել ժողովրդի ազատագրական պայքարին, զենք ու զինամթերք գնել նոր կազմավորվող ազգային գվարդիայի համար: 
1862 թ-ին Վերդին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի պատվերով գրել է «Ճակատագրի ուժը» օպերան (բեմադրության առթիվ 1861 և 1862 թթ-ին այցելել է Ռուսաստան), 1866 թ-ին Փարիզի «Գրանդ օպերայի» համար՝ «Դոն Կառլոս» օպերան, իսկ 1870 թ-ին, Սուեզի ջրանցքի բացման կապակցությամբ, Եգիպտոսի կառավարության պատվերով՝ հռչակավոր «Աիդան», որը համաշխարհային օպերային արվեստի գոհարներից է: Այն առանձնանում է երաժշտության ինքնատիպ արևելյան գունագեղությամբ, շքեղությամբ, հանդիսավոր քայլերգերով, գեղեցիկ պարերով, նրբորեն մշակված կերպարներով: Առաջին անգամ բեմադրվել է 1871 թ-ին, Կահիրեում:
Հետագա 15 տարիների ընթացքում Վերդին օպերային ժանրին չի անդրադարձել. գրել է մի քանի վոկալ ստեղծագործություններ, իսկ 1874 թ-ին՝ իր հայտնի «Ռեքվիեմը» (նվիրված է իտալացի հայրենասեր գրող Ալեսսանդրո Մանձոնիի հիշատակին), որտեղ կոմպոզիտորը վարպետորեն համադրել է բազմաձայնությունն ու թատերայնությունը: 
Վերդին երկար ժամանակ չի ստեղծագործել. մեկուսացել է Սանտ Ագատի իր առանձնատանը և զբաղվել գյուղատնտեսությամբ, օժանդակել գյուղացիներին, տաղանդավոր երիտասարդներին: 
Կոմպոզիտորի ստեղծագործական նոր վերելքը նշանավորվել է «Օթելլո» օպերայով (1887 թ.), որը շեքսպիրյան թեմայի ամենակատարյալ մարմնավորումներից է օպերային ժանրում: 1892 թ-ին Վերդին գրել է իր վերջին՝ «Ֆալստաֆ» (ըստ Վիլյամ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» կատակերգության) կոմիկական օպերան՝ իտալական բուֆֆ-օպերայի ժանրով: 
Վերդին` որպես բարեփոխիչ, զգալիորեն փոխել է իտալական օպերայի բնույթն ու կառուցվածքը, հավասարապես կարևորել խոսքի և երաժշտության դերերը:
26 օպերայից բացի՝ Վերդին ստեղծել է նաև կանտատներ (այդ թվում՝ «Ազգերի հիմնը»), հոգևոր երկեր, վոկալ անսամբլներ, լարային կվարտետ, ռոմանսներ, երգեր և այլն:
Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են Վերդիի «Ռիգոլետտո» (1934 թ.), «Տրավիատա» (1936 թ.), «Աիդա» (1941 թ.), «Օթելլո» (1942 թ.),  «Տրուբադուր» (1957 թ.), «Պարահանդես-դիմակահանդես» (1960 թ.) օպերաները: 
Վերդիի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

   «Ամենայն լրջությամբ ասում եմ, որ կոմպոզիտորներից ամենաքիչ գիտելիքներ ես ունեմ, սակայն բոլորովին նկատի չունեմ երաժշտական գիտելիքները»:
Ջուզեպպե Վերդի
   «Վերդին ո՜չ միայն երաժշտական հանճար էր, այլև տոկուն բնավորություն ու ինքնաքննադատ, նա ո՜չ միայն անցյալի երաժիշտ էր, այլև ապագայի»:
Կոմիտաս, 
կոմպոզիտոր
   Կոմպոզիտորի կտակի համաձայն՝ նրան թաղել են առանց երաժշտության. մի քանի մտերիմների ուղեկցությամբ աճյունն ամփոփվել է Միլանի գերեզմանատանը: Սակայն մեկ ամիս անց նրա դին վերաթաղվել է Երաժիշտների ծերանոցի բակում՝ իտալացի հանրահայտ դիրիժոր Արտուրո Տոսկանինիի ղեկավարած 900-հոգանոց երգչախմբի ուղեկցությամբ, որը կատարում էր «Նաբուկկո» օպերայի մեղեդիներից: