Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ցվետաևա   Մարինա
1892 թ., Մոսկվա
1941 թ., ք. Ելաբուղա (Թաթարստան, 
այժմ՝ ՌԴ-ում)
Մ. Ցվետաևայի 
հուշարձանը Մոսկվայում (2007 թ., քանդակագործ՝ Նինա Մատվեևա)
Բանաստեղծուհի և թարգմանչուհի Մարինա Ցվետաևան XX դարի 
ռուս մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչներից է: 
Նրա պոեզիային բնորոշ են միայնության և ողբերգական սիրո մոտիվները:

Մարինա Ցվետաևան մանկությունն անցկացրել է Մոսկվայում և Տարուսում (քաղաք` Կալուգայի մարզում): Սկզբնական կրթությունն ստացել է Մոսկվայում, այնուհետև սովորել է Լոզանում (Շվեյցարիա), Ֆրայբուրգում (Գերմանիա), Փարիզում (Սորբոնի համալսարան): Տիրապետել է ֆրանսերենին և գերմաներենին: 
Բանաստեղծություններ գրել է 8 տարեկանից: 1910 թ-ին նա հրատարակել է «Իրիկնային ալբոմ», 1912 թ-ին՝ «Կախարդական լապտեր», 1913 թ-ին՝ «Երկու գրքից» բանաստեղծությունների ժողովածուները, որտեղ զգալի է սիմվոլիզմի ազդեցությունը:
Ցվետաևան բացասաբար է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը (1917 թ.). 1917–22 թթ-ի նրա քնարերգությունը հատկանշվում է բռնության մերժումով: Նա գրել է բանաստեղծություններ («Վերստեր», 1921 թ., ժողովածու, «Անքնություն», 1918 թ., «Խեղկատակը», 1918 թ., բանաստեղծական շարքեր), ռոմանտիկական պիեսներ («Մրրիկ», 1918 թ., «Ճակատագիր», 1918 թ., «Արկած», 1918–19 թթ., «Քարե հրեշտակը», 1919 թ., «Աննման աղջիկը», 1920 թ., «Կարմիր ձիու թամբին», 1921 թ.):
1922 թ-ի գարնանը մեկնել է Բեռլին՝ վտարանդի ամուսնու մոտ, այնտեղից` Պրահա, որտեղ ապրել է 3 տարի: 1925 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ: Այդ տարիներին ռուսական վտարանդիական մամուլում տպագրել է բանաստեղծություններ («Բանաստեղծություններ Բլոկին», «Բաժանում», երկուսն էլ՝ 1922 թ., «Փսիքե: Ռոմանտիկա», «Արհեստ», երկուսն էլ՝ 1923 թ., ժողովածուներ), ողբերգություններ՝ անտիկ սյուժեներով («Արիադնա», 1924 թ., «Ֆեդրա», 1927 թ.), էսսեներ («Բանաստեղծը և ժամանակը», 1935 թ., «Իմ Պուշկինը», 1937 թ.), հուշ-ակնարկներ («Տունը Հին Պիմենի մոտ», 1934 թ., «Վիպակ Սոնեչկայի մասին», 1938 թ.):
1930-ական թվականներին սրվել են Ցվետաևայի հարաբերությունները ռուսական վտարանդիական շրջանակների հետ: Նրա պոեզիայում գերիշխող են դարձել հայրենաբաղձ տրամադրությունները («Բանաստեղծություններ որդուս», «Հայրենիքի կարոտը», բանաստեղծական շարքեր):
Ցվետաևան ողբերգականորեն է ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939–45 թթ.). Չեխիայի բռնազավթումից հետո գրել է «Բանաստեղծություններ Չեխիային» բանաստեղծական շարքը (1939 թ.), որտեղ ատելությամբ է խոսել ֆաշիզմի մասին: 1939 թ-ին վերադարձել է հայրենիք: 1941 թ-ի հուլիսին տարհանվել է Ելաբուղա, որտեղ էլ ինքնասպան է եղել: 
Ցվետաևայի պոեզիան հարուստ է սիրո, հայրենասիրության թեմաներով և բազմաթիվ կերպարներով: Նա ռոմանտիկ բանաստեղծ է. նրա սիրային բանաստեղծությունները նման են տառապող մարդու ճիչի, բողոքի, հառաչանքի: Նա երգել է Ռուսաստանի՝ հայրենի եզերքի գեղեցկությունը, ժողովրդի անկոտրում ուժը.

Դու չե՛ս մեռնի, իմ ժողովո՜ւրդ,
Աստված քեզ կպահպանի:

Ցվետաևայի պոեզիան առանձնանում է հնչերանգի, արտահայտչամիջոցների ու բառապաշարի բազմազանությամբ: Բանաստեղծուհին երգային, պարզ, դասական ձևերից անցել է ավելի բարդ ու ճկուն արտահայտչամիջոցների: Նա հանգավորել է ոչ միայն միտքն ու տողն ավարտող բառը, այլև տողի ու բառի յուրաքանչյուր մասը: 
Ցվետաևան արձակում ստեղծել է յուրահատուկ ժանր՝ զուգորդված փիլիսոփայական խորհրդածություններով ու դատողություններով («Բանաստեղծը քննադատության մասին», 1926 թ., «Արվեստը խղճի լույսի ներքո», 1932–33 թթ.):
Ցվետաևայի անվան թանգարաններ կան Մոսկվայում, Տարուսում, Բոլշևում, տուն-թանգարան՝ Իվանովոյում, հուշահամալիր՝ Ելաբուղայում: Նրա մասին նկարահանվել են վավերագրական կինոնկարներ:
Ցվետաևայի ստեղծագործություններից հայերեն են թարգմանել Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Վահե Հովակիմյանը, Անահիտ Պարսամյանը և ուրիշներ: 
 
  «Ես բանաստեղծ եմ բոլոր դարերի»:
  «Պոեզիայի միակ նպատակը սիրտն է»: 
  Մարինա Ցվետաևա
   «Հայրենական քնարերգության մեջ Մարինա Ցվետաևայի անունը միշտ պետք է առանձնահատուկ տեղ գրավի»:
  Վսեվոլոդ Ռոժդեստվենսկի, 
  ռուս բանաստեղծ