Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Փարաջանով Սերգեյ
1924 թ., Թիֆլիս 
1990 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Կադր Ս. Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարից (1969 թ.)
«Լեգենդ Սուրամի բերդի մասին» ֆիլմի
(1984 թ.) նկարահանման պահ
«Լացող Ջոկոնդան» (1977 թ., «Ջոկոնդայի կյանքի մի քանի դրվագներ» շարքից)
Ս. Փարաջանովի թանգարանի ցուցասրահներից և Հուշասենյակը 
ՀԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը 
XX դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներից է:

Սերգեյ Փարաջանովը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Փարաջանյանց) մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին: 
1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների [Կիևի համամիութենական (1964 թ.), Մար դել Պլատայի (1965 թ.) կինոփառատոների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ Պետական (1990 թ.) մրցանակներ, Սալոնիկի (Հունաստան) կինոփառատոնի ոսկե մեդալ և այլն]: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով և զգացումներով: 
1966 թ-ին սկսել է «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի աշխատանքները, սակայն այն արգելվել է (պահպանվել են մի քանի կադրեր): Փարաջանովը և մշակույթի ու գիտության մի շարք այլ գործիչներ նամակ են հղել կուսակցական և պետական բարձրագույն ատյաններ. բողոքել են 1960-ական թվականներին Ուկրաինայում մտավորականների համատարած բանտարկությունների համար:
1966 թ-ին Փարաջանովին հրավիրել են աշխատելու Հայֆիլմ ստուդիայում: 1967 թ-ին նկարահանել է «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կինոնկարը: 1969 թ-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի: Ֆիլմի գունագեղ կտավներ հիշեցնող կադրերը վերակերտում են աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովայի կենսագրությունը, բացահայտում նաև այնպիսի արժեքներ, ինչպիսիք են երգը, սերն ու հավերժությունը:
1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Հալածանքների շրջանը տևել է 15 տարի: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ: 
1983–88 թթ-ին Փարաջանովն աշխատել է Վրացֆիլմում. 1984 թ-ին նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (կինոռեժիսոր Դավիդ Աբաշիձեի հետ), 1986 թ-ին՝ «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» (կարճամետրաժ), 1988
Ս. Փարաջանովի մահարձանը Երևանի Կոմիտասի անվան 
զբոսայգու պանթեոնում (1999 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ)
թ-ին՝ «Աշուղ Ղարիբ» (ՌԴ «Նիկե» մրցանակ՝ 1999 թ., հետմահու) կինոնկարները: 
Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով (նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով: Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում, 1992 թ.): 
Փարաջանովը նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր», երկուսն էլ՝ Կիևի կինոստուդիա, 1957 թ.): Փարաջանովն իր մի քանի և այլ ռեժիսորների կինոնկարների սցենարիստն է («էտյուդ Վռուբելի մասին», 1989 թ., «Կարապի լիճ: Զոնա», 1990 թ.):
Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի և ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը: 
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թ-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին:
Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում: 
Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:

   «Վատ է, երբ խելացին է քեզ հայհոյում, ավելի վատ է, երբ գովաբանում է հիմարը»:

   «Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»:
   Սերգեյ Փարաջանով
   ««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»:
   Ֆեդերիկո Ֆելլինի,
   իտալացի կինոռեժիսոր
   «Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»:
   Ֆեդերիկո Ֆելլինի, Տոնինո Գուեռա, Ջուլիետա Մազինա, 
   Ալբերտո Մորավիա, Մարչելլո Մաստրոյանի, Բեռնարդո Բերտոլուչի
   Փարաջանովի մահվան կապակցությամբ 
   Երևան ուղարկած հեռագրից 
   2010 թ-ին Մոսկվայում հրատարակվել է Յուրի Մեչետովի «Սերգեյ Փարաջանով: Երկխոսութան ժամանակագրություն» գիրք-ալբոմը, որն ամփոփում է կինոռեժիսորի կյանքի վերջին 12 տարիների 2096 լուսանկար: