Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Փարիզի դրոշը և զինանշանը

Փարիզի տարածքը 105 կմ2 է (արվարձաններով՝ 1710 կմ2), բնակչությունը՝ 2,3 մլն (արվարձաններով՝ ավելի քան 10 մլն, 2010 թ.):
Ձևավորվել է մ. թ. ա. 
III դարում:
Փարիզի դը Վիլլ հյուրանոցը 
Աստվածամոր տաճարը
Հաղթանակի կամարը
Սեն գետը
Սորբոնի համալսարանի կենտրոնական 
մասնաշենքը
«Գրանդ Օպերա» թատրոնի ներսը
Փարիզի Սենտ Լազար երկաթուղային և մետրոպոլիտենի Տյուլերի կայարանները
Էյֆելյան աշտարակը (1889 թ.) Փարիզի խորհրդանիշներից է:
Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Զ-ի կիսանդրին Փարիզի Սեն Դընի արքայական դամբարանում
Կոմիտասի արձանի բացման արարողությունը Փարիզում (2003 թ., քանդակագործ` 
Դավիթ Երևանցի)
Փարիզում է բնակվում հանրահայտ Շառլ Անզնավուրը:
Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
Եկեղեցու ավագ խորանը
Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքն է, երկրի կարևորագույն 
տնտեսական և մշակութային կենտրոնը, աշխարհի խոշորագույն ու 
գեղեցիկ քաղաքներից: 

Փարիզը Կենտրոնական Ֆրանսիայի հյուսիսում է՝ Սեն գետի ափերին՝ Մառն և Ուազ վտակներին միախառնվելու տեղում: Բարձրությունը ծովի մակերևույթից 65 մ է: Կլիման մեղմ է, ծովային: Հունվարի միջին ջերմաստիճանը 3,4 օC է, հուլիսինը՝ 18,8 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 585 մմ:
Արվարձանների (Վերսալ, Սեն Դընի, Իվրի, Արժանտյոյ, Դրանսի և այլն) հետ քաղաքը կազմում է ինքնուրույն դեպարտամենտ՝ Մեծ Փարիզը: Այն տարածվում է Սենի հովտում և շրջակա սարավանդների (Դեզ Ալյուետ) ու առանձին բլուրների (Մոնմարտր, Մոն Վալերիեն և այլն) վրա՝ Սենի մակերևույթից 100–150 մ բարձրությամբ:
Փարիզը ձևավորվել է մ. թ. ա. III դարում, գալլական պարիզիներ ցեղի բնակավայրում՝ Լյուտեսիում (Սիտե կղզի): Մ. թ. III–IV դարերում կոչվել է Պարիզիի:
497 թ-ից Փարիզը ֆրանկների իշխանության տակ էր. եղել է ֆրանկների Խլոդվիգ I թագավորի նստավայրը: X դարի վերջից դարձել է ֆրանսիական թագավորության մայրաքաղաքը:
1682 թ-ին թագավորական նստավայրը տեղափոխվել է Վերսալ (մինչև 1789 թ.), սակայն Փարիզը մնացել է Ֆրանսիայի մայրաքաղաքը: 
1850-ական թվականներին կատարվել են Փարիզի վերահատակագծման և վերակառուցման աշխատանքներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ժամանակ՝ 1940 թ-ի հունիսի 14-ից մինչև 1944 թ-ի օգոստոսի վերջը, Փարիզը զավթել են գերմանաֆաշիստական զորքերը: 
1968 թ-ի մայիսին Փարիզում սկսված ուսանողական զանգվածային ցույցերը հանգեցրել են ոչ միայն կառավարության հրաժարականին, այլև Ֆրանսիայի պահպանողական հասարակության արմատական փոփոխությունների:
Փարիզը տնտեսական, քաղաքական, մշակութային խոշոր կենտրոն է, Ֆրանսիայի հիմնական տրանսպորտային հանգույցը: Գործում են «Շառլ դը Գոլ», «Բուրժե», «Օռլի» միջազգային օդանավակայանները, ճյուղավորված մետրոպոլիտեն (1900 թ.): Քաղաքով են անցնում մի շարք միջազգային կարևորագույն ավտոմայրուղիներ և երկաթուղիներ, Սենի ու նրա վտակների ջրանցքների համակարգով Փարիզը կապվում է Հռենոս, Ռոն և Լուար գետերի, ինչպես նաև հյուսիսային շրջանների հետ:
Զարգացած են մեքենաշինությունը (հատկապես՝ ավտո- և ինքնաթիռաշինությունը), էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային, ռազմական, քիմիական, սննդի, պոլիգրաֆիական և այլ արդյունաբերություններ: 
Փարիզը միջազգային նորաձևության «օրենսդիրն» է. այստեղ է թողարկվում երկրում արտադրվող հագուստի ավելի քան 30 %-ը: Համաշխարհային համբավ ունի Փարիզի արդուզարդերի, ոսկերչական իրերի և հուշանվերների արտադրությունը: Արդյունաբերական և արտադրական ձեռնարկությունների մեծ մասը տեղաբաշխված է քաղաքի արևմտյան ու հյուսիսային արվարձաններում:
Գործում են Փարիզի համալսարանը (Սորբոն, հիմնադրվել է 1215 թ-ին, 1970-ական թվականներին վերակազմավորվել է 13 ինքնուրույն համալսարանների), Կոլեժ դը Ֆրանսը (հիմնադրվել է 1530 թ-ին), Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը, Բարձրագույն գործնական, Բարձրագույն նորմալ, Տեխնիկական կրթության ազգային, Լուվրի, Գեղեցիկ արվեստների բարձրագույն և այլ դպրոցներ, բազմաթիվ անկախ ինստիտուտներ, 2 կոնսերվատորիա (դրամատիկական արվեստի, երաժշտության), Ֆրանսիայի ինստիտուտը՝ իր 5 ակադեմիայով, ինչպես նաև Ճարտարապետական, Գյուղատնտեսական, Վիրաբուժական, Ծովային, Լատինական աշխարհի, Ազգային բժշկական, Անասնաբուժական ակադեմիաները, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը և գիտահետազոտական այլ ինստիտուտներ ու գիտության բոլոր բնագավառների գիտական ընկերություններ:
Ազգային գրադարանը (հիմնադրվել է 1480 թ-ին) խոշորագույններից է, կան նաև ակադեմիաների, համալսարանների, ԳՀԻ-ների և գիտական ընկերությունների ավելի քան 50 գրադարաններ:
Աշխարհի խոշորագույն թանգարաններից են Լուվրը, Օրսեն, Կառնավալեն (Փարիզի պատմության), գործում են Ժամանակակից արվեստի, Մարդու պատմության, Բնապահպանության ազգային և այլ թանգարաններ, Բալզակի, Հյուգոյի և ուրիշների տուն-թանգարանները:
Փարիզը թատերական և երաժշտական խոշորագույն կենտրոն է. այստեղ են «Գրանդ օպերան», «Օպերա Բաստիլը», Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, «Կոմեդի Ֆրանսեզը», «Էբերտոնը», «Ռենեսանսը», «Ժիմնազը», «Պատելյեն», «Օդեոնը» և բազմաթիվ այլ թատրոններ, «Օլիմպիա», «Փլեյել», «Բոբինո» համերգասրահները: Կան բազմաթիվ սրճարան-թատրոններ, կաբարեներ («Մուլեն Ռուժ», «Լիդո», «Պարադիզ Լատին»), բեմահարթակներ, որտեղ ելույթներ են ունեցել ֆրանսիական երգի վարպետներ Մորիս Շևալյեն, Էդիտ Պիաֆը, Իվ Մոնտանը, Ժորժ Բրասենսը, ներկայումս`  Շառլ Ազնավուրը, Միրեյ Մաթիեն, Պատրիցիա Կաասը և ուրիշներ:
Փարիզում է սկզբնավորվել կինեմատոգրաֆը. 1895 թ-ի դեկտեմբերի 28-ին Կապուցինների զբոսայգու «Գրան սրճարանում» առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է Լյումիեր եղբայրների նկարահանած անդրանիկ կինոնկարը: Փարիզը հայտնի է աշխարհահռչակ դերասաններով` Ժան Գաբեն, Ժերար Ֆիլիպ, Ժան Մարե, Ժաննա Մորո, Ֆեռնանդել, Լյուի դը Ֆյունես, Ալեն Դելոն, Ժան-Պոլ Բելմոնդո, Աննի Ժիրարդո, Ժերար Դեպարդիե, Պիեռ Ռիշար և շատ ուրիշներ:
Քաղաքն իր այժմեական տեսքն ստացել է XIX դարի կեսին՝ վիթխարի վերակառուցման շնորհիվ: 
Փարիզի գլխավոր համալիրներից են՝ Սիտե կղզում՝ Արքայական պալատը (1783–86 թթ.), որը ներառում է Փարիզի Աստվածամոր տաճարը (1163–1257 թթ.), Սենտ Շապել մատուռը (1243– 1248 թթ.), Ժամացույցի աշտարակը (1370 թ.), Կոնսիերժերի պալատը (XIV դար), Սենի ձախ ափին են Հաշմանդամների տունը (1671–76 թթ.)՝ Սեն Լուի դեզ ինվալիդ տաճարով (1680–1706 թթ., այնտեղ է Նապոլեոն I կայսեր դամբարանը), Պանթեոնը (1758–90 թթ.), Մարսյան դաշտը (ժամանակակից հատակագիծը՝ 1908– 1928 թթ.)՝ Էյֆելյան աշտարակով (1889 թ., բարձրությունը՝ 306 մ):
Սենի աջ ափին են Շայո պալատը (1936 թ.), Մադլեն հրապարակը՝ Մադլեն տաճարով (1806–42 թթ.), Դը Գոլի (նախկինում՝ Աստղի) հրապարակը՝ Հաղթանակի կամարով [1806–37 թթ., բարձրությունը՝ 50 մ, լայնությունը՝ 45 մ, թաղի ներքո Անհայտ զինվորի գերեզմանն է (1921 թ.)՝ հավերժական կրակով]: Փարիզի կարևորագույն հուշակոթողներից են Վանդոմյան սյունը (1806–10 թթ.), Կոմունարների պատը՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը (1909 թ.), և Դիմադրության նահատակների (1960–61 թթ.) ու ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների (1961 թ., Աստվածամոր տաճարի մոտ) հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:
XX դարի ճարտարապետական ոճերով քաղաքում ստեղծվել են Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, Օպերայի նոր շենքը՝ Բաստիլի հրապարակում, Մեն Մոնպառնաս գործարար կենտրոնը (1964–73 թթ.), երկնաքերներով և ավանգարդ ոճի շինություններով կառուցապատված Դեֆանս շրջանը (1960-ական թվականներ):
Փարիզում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Միջազգային առևտրի պալատի և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնական գրասենյակները: 
Փարիզում են տեղի ունեցել II (1900 թ.) և VIII (1924 թ.) օլիմպիական խաղերը:

Հայերը Փարիզում

Հայերը (հիմնականում՝ վաճառականներ) Փարիզում բնակություն են հաստատել XV դարում: 1672 թ-ին Պասկալ (Հարություն) անունով մի հայ Սեն Ժերմեն թաղամասում բացել է Ֆրանսիայում առաջին սրճարանը: Մինչև XVIII դարի վերջը հայերը սակավաթիվ էին: 1798 թ-ին Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում (այժմ՝ Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ) հիմնվել են հայերենի դասընթացներ, իսկ 1870 թ-ին՝ հայագիտության ամբիոն, որի առաջին վարիչը մինչև 1827 թ. Հակոբ-Շահան Ջրպետյանն էր: 1846–95 թթ-ին Սևրում (Փարիզի մոտ, այժմ՝ արվարձան) գործել է Սամուել-Մուրատ (Սամվել Մուրադյան) վարժարանը, 1846–62 թթ-ին՝ Արամյան տպարանը (այստեղ տպագրվել է Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը): 1849–53 թթ-ին Փարիզում գործել է ուսանողական Արարատյան ընկերությունը [Նահապետ Ռուսինյան, Հովսեփ Շիշմանյան (Ծերենց) և ուրիշներ], որը քարոզել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի գաղափարը: Լույս են տեսել Ֆրանսիայում առաջին հայերեն պարբերականները՝ «Արևելք» (1855–56 թթ.), «Մասյաց աղավնի» (1855–58 թթ.): 1855–59 թթ-ին Գոնել արվարձանում գործել է Հայկազյան վարժարանը:
XIX դարի 60-ական թվականներին փարիզահայերը հիմնել են Սբ Էջմիածին մատուռը: XIX դարի վերջից Փարիզում ստեղծվել են Հայկազյան ուսումնասիրաց ընկերությունը (1879 թ.), Հայ ուսանողական (1888 թ.), Աշխատավորական (1904 թ.) միությունները և հասարակական այլ կազմակերպություններ, որոնք կազմակերպել են համայնքի ազգային կյանքը:
1902 թ-ին Ալեքսանդր Մանթաշյանի բարերարությամբ Փարիզի կենտրոնում՝ Ժան Գուժոն փողոցում, կառուցվել է հայկական առաջին՝ Սբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցին:
Փարիզի հայ համայնքն առավել ստվարացել է 1920-ական թվականների կեսից, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականներ բնակություն են հաստատել քաղաքում և նրա շրջակայքում: Հայերի թվի աճին զուգընթաց (1914 թ-ին բնակվել է շուրջ 2,5 հզ., 1925 թ-ին՝ 25–30 հզ.) ավելացել են հասարակական, կրթական կազմակերպությունները. հիմնվել են Մարի-Նուբար ուսանողական տունը, Հայ բժիշկների (1920 թ.) և Հայ նախկին ռազմիկների (1922 թ.) միությունները, Ֆրանսահայ գրողների ընկերությունը (1923 թ.), ՀՕԿ-ի մասնաճյուղը (1925 թ.), Նուբարյան մատենադարանը (1929 թ.): 1926 թ-ին կազմակերպվել է հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը, հրատարակվել «Ֆրանսահայ տարեգիրքը»: 1928 թ-ից Փարիզում են հաստատվել Դպրոցասեր տիկնանց ընկերությունը (գործել է մինչև 1937 թ.) և Դպրոցասեր տիկնանց վարժարանը: 1930 թ-ին Լատինական թաղամասի կենտրոնում Հրանտ Սամուելյանի նախաձեռնությամբ բացվել է «Արևելյան գրախանութը» (գործում է ցայսօր): 
Փարիզը դարձել է հայ մշակույթի կենտրոններից. տարբեր տարիների այստեղ են ապրել ու ստեղծագործել նկարիչներ Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանը, կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Արշակ Չոպանյանը, Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, նկարիչ-քանդակագործներ Հակոբ Գյուրջյանը, Երվանդ Քոչարը, գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը և ուրիշներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945 թթ.) տարիներին Փարիզի հայերն ակտիվորեն մասնակցել են հակաֆաշիստական Դիմադրության շարժմանը: Բանաստեղծ Միսաք Մանուշյանը գլխավորել է գերմանացիների դեմ կռվող պարտիզանական բազմազգ 4 ջոկատ. 1943 թ-ի նոյեմբերին նա մատնությամբ ձերբակալվել է և գնդակահարվել բանտում: 
1942–45 թվականներին հակաֆաշիստական գործունեություն է ծավալել ֆրանսահայ հայրենասերների «Հայ ազգային ճակատ» ընդհատակյա կազմակերպությունը:
Հետպատերազմյան տարիներին ստվարացել է փարիզահայ համայնքը՝ ի հաշիվ Մերձավոր Արևելքի երկրներից գաղթածների:
Փարիզում և մերձակա քաղաքներում (Ալֆորվիլ, Բանյո, Կրամար, Շավիլ, Իսի լե Մուլինո և այլն) բնակվում է ավելի քան 100 հզ. հայ (2010 թ.): Գործում են Սբ
Փարիզի Սամուել-Մուրատ վարժարանի շենքը
Պողոս-Պետրոս, Վարագա Սբ Խաչ, Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Դպրոցասեր տիկնանց վարժարանը, Սբ Մեսրոպ և Թարգմանչաց ամենօրյա վարժարանները, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Փարիզի մասնաճյուղերը, Ֆրանսահայ մշակութային, Ֆրանսահայ երիտասարդական միությունները, «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնը, հայագիտական հիմնարկներ: Կան մշակույթի տներ, գրախանութներ, պատկերասրահներ, նկատելի գործունեություն են ծավալում մի շարք թատերական, գեղարվեստական խմբեր, պարախմբեր, երգչախմբեր:
Ֆրանսահայ արվեստագետների մեծ մասն ապրել և ստեղծագործել է Փարիզում. հայտնի անուններ են գրող, Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Անրի Թրուայան (Թորոսյան), նկարիչներ Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Զարեհ Մութաֆյանը, կինոռեժիսոր Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը և ուրիշներ, շարունակում են ստեղծագործել երգիչ Շառլ Ազնավուրը, նկարիչ Ժանսեմը (Ժան Սեմերջյան) և ուրիշներ:
Տարբեր տարիների Փարիզում կազմակերպվել են հայկական ցուցահանդեսներ՝ «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը» (1970 թ.), «Մարտիրոս Սարյան» (1982 թ.), «Հայկական Փարիզը» (1990 թ.), «Կիլիկիայի թագավորությունը» (1993 թ.), «Հայաստանը Արևմուտքի և Արևելքի միջև» (1996 թ., Ազգային գրադարան), «Անի– 1000-ամյա մայրաքաղաք» (2001 թ.), «Սուրբ Հայաստան» (2008 թ.):
2003 թ-ին Փարիզի «Կանադայի հրապարակում» կանգնեցվել է Կոմիտասի արձանը, որի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ Կոմիտասի և 1,5 միլիոն հայերի, որոնք զոհ գնացին օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին իրականացված XX դարի առաջին ցեղասպանությանը»: