Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Քամյու Ալբեր
1913 թ., գ. Մոնդովի (այժմ՝ Բոն, Աննաբա 
քաղաքից հարավ), Ալժիր
1960 թ., ք. Վիլլբլևեն, Ֆրանսիա
Ա. Քամյուի հուշաքարը Վիլլբլևենում
Ա. Քամյուի « Ժանտախտը» (1947 թ.) գրքի շապիկը
Գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուն էկզիստենցիալիզմի և աբսուրդի դրամայի խոշորագույն ներկայացուցիչներից է ֆրանսիական գրականության մեջ: Նրա փիլիսոփայության հիմնական խնդիրն իրականության դեմ 
գիտակցության արդարացի ընդվզումն է:

Ալբեր Քամյուն 1914 թ-ին (հոր մահից հետո) մոր հետ տեղափոխվել է Ալժիր քաղաքը: 1932–37 թթ-ին սովորել է Ալժիրի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Ուսման տարիներին հրապուրվել է սոցիալիստական գաղափարներով: 1936–37 թթ-ին ճանապարհորդել է Ֆրանսիայում, Իտալիայում, Կենտրոնական Եվրոպայի երկրներում: 
1936 թ-ին հիմնել է «Ժողովդական թատրոնը», 1938 թ-ից թղթակցել է ձախ արմատական ընդդիմադիր պարբերականներին. հանդես է եկել արաբների դրությունը երկրում բարելավելու առաջարկությամբ: 1937 թ-ին հրատարակել է «Աստառ և երես» փիլիսոփայական, 1939 թ-ին՝ «Ամուսնություններ» քնարական էսսեների ժողովածուները: 1940 թ-ին տեղափոխվել է Ֆրանսիա: Մասնակցել է Դիմադրության շարժմանը, 1943 թ-ից թղթակցել, ապա խմբագրել է շարժման «Կոմբա» («Ճակատամարտ», մինչև 1947 թ.) ընդհատակյա թերթը. իր հրապարակումները հետագայում լույս է ընծայել «Հրատապ հոդվածներ» խորագրով (3 գիրք, 1950, 1953 և 1958 թթ.): 
 1942 թ-ին տպագրել է «Օտարականը» վիպակը, որի գլխավոր հերոսի համար անընկալելի են կյանքի ձևականություններն ու պայմանականությունները: Նա «աբսուրդի մարդ է», և բախումը հասարակության հետ անխուսափելի է: Պատահական սպանության համար դատապարտվելով մահվան՝ նա միայն մահապատժից առաջ է ձեռք բերում հոգևոր ազատությունը: 
«Թյուրիմացություն» (1944 թ.) և «Կալիգուլա» (1944 թ.) պիեսներում գրողն անդրադարձել է բարոյականության, կյանքի ու շրջապատի անիմաստությանը: «Առասպել Սիզիփոսի մասին» (1943 թ.) փիլիսոփայական երկում արտահայտել է հետևյալ գաղափարը. հասկանալու համար, թե ինչն է մարդուն ստիպում աննպատակ աշխատանք կատարել, պետք է սարից իջնող Սիզիփոսին պատկերացնել երջանիկ: Քամյուի բազմաթիվ հերոսներ հանգամանքների (կյանքին սպառնացող վտանգ, հարազատի մահ, հակադրություն սեփական խղճի հետ և այլն) ազդեցությամբ հայտնվում են հոգու նման վիճակներում:
Քամյուի գեղարվեստական ստեղծագործության և փիլիսոփայության հիմքում էկզիստենցիալիզմն է (գոյության փիլիսոփայություն), որի գլխավոր թեման մարդու անհատական կեցությունն է, կյանքի իմաստն ու ճակատագիրը: Անհեթեթ ու անխոհեմ իրականության դեմ պայքարը գրողը պատկերել է «Ժանտախտը» (1947 թ.) վեպում, որը գրել է անանուն տարեգրի անունից: 
Լինելով ֆրանսիացի գրող Ժան-Պոլ Սարտրի գաղափարական համախոհներից (մինչև նրանց պառակտումը՝ 1951 թ.)՝ Քամյուն, շնորհիվ իր «Պաշարողական դրություն» (1948 թ.) միստերիայի (միջնադարյան կրոնական դրամա) և «Բարեպաշտներ» (1950 թ.) աբսուրդի դրամայի (հոսանք դրամատուրգիայում և թատրոնում), դարձել է Արևմուտքի ձախ տրամադրություններ ունեցող մտավորականության «մտքի առաջնորդներից»: 
«Ընդվզող մարդը» (1951 թ.) փիլիսոփայական էսսեում անհատի ըմբոստությունը նա դիտարկել է ոչ միայն որպես ժխտում, այլև հավերժական արժեքների՝ ազատության, համերաշխության և սիրո հաստատում: Ձախ քննադատները, ինչպես նաև Սարտրը, դա դիտել են որպես Քամյուի հրաժարում սոցիալիզմի պայքարի քաղաքականությունից:
Քամյուն շարունակել է հետևել Եվրոպայի քաղաքական կյանքին. օրագրերում ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի ձախերի՝ Արևելյան Եվրոպայի իշխանությունների հանցագործությունների առաջ աչք փակելու, արաբական երկրներում բռնության և ամբողջատիրության տարածումը չտեսնելու քաղաքականության համար: 
Ըստ Քամյուի՝ անհեթեթության բարձրագույն մարմնացումը հասարակության բռնի բարեփոխման զանազան փորձերն են՝ ֆաշիզմը, ստալինիզմը և այլն: Նման եղանակներով բռնության և անարդարության դեմ պայքարը կարող է ծնել միայն ավելի մեծ բռնություն և անարդարություն: 
1954 թ-ին վերադարձել է թատերական գործունեությանը, բեմադրել է մի շարք ներկայացումներ: Այդ շրջանում լույս է ընծայել «Անկում» (1956 թ.) վիպակը, «Արտաքսում և արքայություն» (1957 թ.) պատմվածքների ժողովածուն:
1957 թ-ին Քամյուն արժանացել է Նոբելյան մրցանակի: Մրցանակաբաշխության ժամանակ «Շվեդական ճառեր» ուղերձում ասել է. «Ես շատ ամուր եմ գամված ժամանակի իմ թիանավին և չեմ կարող մյուսների հետ չթիավարել դեպի ափ ...., անգամ եթե այն սխալ ընթացքի մեջ է», շարադրել է գեղագիտական իր ըմբռնումները: Ըստ Քամյուի՝ ստեղծագործողը պատասխանատու է իր դարաշրջանի առջև և պարտավոր է լինել ժողովրդի կամքի արտահայտիչը: 
Դեռևս կենդանության օրոք նրան անվանել են «Արևմուտքի խիղճը»:
Քամյուն զոհվել է ավտովթարից: 2009 թ-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է նրա աճյունը տեղափոխել Փարիզ:

   «Իշխանությունն անարդարությունից անբաժան է: Լավ իշխանությունն անարդարության առողջ և զգույշ կառավարումն է»:

   «Ազատ է այն մարդը, որը կարող է չստել»:
   Ալբեր Քամյու