Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Քարշ Հովսեփ
1908 թ., ք. Մարդին, 
Դիարբեքիրի նահանգ, Արևմտյան Հայաստան (այժմ՝ Թուրքիայում)
2002 թ., Բոստոն, ԱՄՆ
Հ. Քարշ. Ալբերտ Էյնշտեյնի, Ջոն Քենեդիի և 
Օդրի Հեպբյոռնի լուսանկարները 
Հովսեփ Քարշը XX դարի գեղարվեստական լուսանկարչության 
ամենանշանավոր դիմանկարիչ-լուսանկարիչներից է: Նրան անվանել են «լուսանկարչական արվեստի Ռեմբրանդ»:

Հովսեփ (Յուսուֆ) Քարշը 1922 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիրիա: 1924 թ-ին մեկնել է Կանադա՝ Քվեբեկ քաղաք, որտեղ սովորել է մորեղբոր՝ լուսանկարիչ Ջորջ Նագգաշի ստուդիայում: Բոստոնում 3 տարի աշակերտել է ժամանակի հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյին: 
1932 թ-ին Քարշն Օտտավայում բացել է սեփական լուսանկարչական ստուդիա (հետագայում կոչվել է նրա անունով): Լուսանկարել է XX դարի 100 ամենանշանավոր մարդկանց (Շառլ դը Գոլ, Ջավահառլալ Ներու, Ջոն Քենեդի, Ֆրանկլին և Էլեոնորա Ռուզվելտներ, Ֆիդել Կաստրո, Մարտին Լյութեր Քինգ, Ալբերտ Էյնշտեյն, Պաբլո Պիկասսո, Ժան Կոկտո, Յան Սիբելիուս, Բեռնարդ Շոու, Էռնստ Հեմինգուեյ, Ալբեր Քամյու, Բիլ և Հիլարի Քլինթոններ և ուրիշներ): Առաջինը լուսանկարել է Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգին, որի միջոցով ծանոթացել է բազմաթիվ նշանավոր մարդկանց հետ: Քարշը համաշխարհային ճանաչման է արժանացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի լուսանկարով. նա լույսի և ստվերի նուրբ զգացողությամբ բացահայտել է բնորդի բնավորության տիպական առանձնահատկությունները: 
1963 թ-ին Քարշին հրավիրել են Խորհրդային Միություն՝ լուսանկարելու ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին և աշխարհում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին:
1960 թ-ին Կանադայի ազգային պատկերասրահում բացվել է Քարշի առաջին անհատական ցուցահանդեսը (100 լուսանկար նվիրել է պատկերասրահին): 1987–89 թթ-ին Կանադայի ազգային արխիվը հավաքել է Քարշի՝ 1937 թ-ից արած նեգատիվները (սևապատկեր) և լուսանկարները, որոնք 1989 թ-ին ներկայացվել են լուսանկարչության 150-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Հետագայում անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում (2 անգամ՝ Հայաստանում): Քարշի գործերից ցուցադրվում են նաև Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Ժամանակակից արվեստի ու Սենտ Լուիսի թանգարաններում, Կանադայի ազգային պատկերասրահում և այլուր: 
ԱՄՆ-ի և Կանադայի մի քանի համալսարաններ նրան շնորհել են իրավաբանության և արվեստագիտության դոկտորի աստիճան: Քարշն արժանացել է Կանադայի առաջին կարգի սպայի բարձրագույն (1976 թ.) և ասպետի (1990 թ.) աստիճանների:
1992 թ-ին Քարշը փակել է իր ստուդիան. «Այժմ ես կարող եմ լուսանկարել այն, ինչ ինձ դուր է գալիս»,– ասել է նա:
Քարշը հրատարակել է աշխատություններ գեղարվեստական լուսանկարչության մասին, նաև գիրք-ալբոմներ՝ «Ճակատագրի դեմքեր» (1946 թ.), «Մեծություններ որոնելիս» (1962 թ.), «Քարշի պայուսակը» (1967 թ.), «Մեր ժամանակի դեմքերը» (1971 թ.), «Քարշ. 50 տարվա հետահայաց ցուցադրում» (1983 թ.), «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց և կանանց տանը» (1992 թ.) և այլն:
«Ժամանակի մեջ մեկ րոպե» գիրքը նվիրված է Քարշի կյանքին: 
1999 թ-ին Քարշը համարվել է XX դարի 100 լավագույն դիմանկարիչ-լուսանկարիչներից մեկը, կենսագրությունը զետեղվել է «Ով ով է» ամերիկյան հանրագիտարանում, 2000 թ-ին անունը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»: Դրոշմանիշներ կան Ու. Չերչիլի, դերասանուհի Օդրի Հեպբյոռնի և Էլիզաբեթ II թագուհու` Քարշի արած լուսանկարներով: 

   «Ես ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել: Ինձ թվում է, որ իմ աշխատանքն աշխարհի ամենագրավիչ աշխատանքն է»:

   «Ամեն տղամարդու և կնոջ մեջ մի գաղտնիք է թաքնված. որպես լուսանկարիչ՝ իմ պարտականությունն է հնարավորինս բացահայտել այդ գաղտնիքը»:
   Հովսեփ Քարշ
   «Լուսանկարելու համար դու (Քարշ) նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել»:
   Ուինստոն Չերչիլ, 
   քաղաքական գործիչ

   «Երբ հռչակավոր մարդիկ ցանկանում են անմահանալ, նրանք դիմում են օտտավացի Քարշին»:
   Ջորջ Պերի, 
   լրագրող (ԱՄՆ)