Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Օտյան Երվանդ
1869 թ., 
Կոստանդնուպոլիս 
1926 թ., Կահիրե 
(թաղված է Մարմինա հայոց ազգային 
գերեզմանատանը)
Կադր «Ընկեր Փանջունի» կինոնկարից (1992 թ., ըստ Ե. Օտյանի, ռեժիսոր՝  Արման Մանարյան)
Երվանդ Օտյանը հայ դասական երգիծաբանության ականավոր 
ներկայացուցիչներից է: Ստեղծել է սոցիալական և քաղաքական 
երգիծանքի փայլուն երկեր:

Երվանդ Օտյանը մեծացել է հորեղբոր՝ պետական և հասարակական հայտնի գործիչ Գրիգոր Օտյանի տանը, որտեղ մշտապես ներկա է եղել գրական անվանի դեմքերի բանավեճերին: Գրաճանաչ է դարձել հորաքրոջ՝ Եվփիմե Օտյանի օգնությամբ, ապա հաճախել է Պերպերյան վարժարան: Տկարության պատճառով թողել է դպրոցը և կրթությունը լրացրել մասնավոր դասերով:
Օտյանը գրական ասպարեզ է մտել 1880-ական թվականների վերջերին՝ թարգմանություններով և պատմաբանասիրական հետազոտություններով: 1892 թ-ին «Հայրենիք» օրաթերթի խմբագիր Արփիար Արփիարյանի հրավերով ստանձնել է թերթի օգնական-խմբագրի, իսկ 1896 թ-ին՝ խմբագրի պաշտոնը:
Ստեղծագործության առաջին շրջանի (1889–95 թթ.) քրոնիկ-ֆելիետոններում, պատմվածքներում ու նորավեպերում («Սիրո նահատակ», 1892 թ., «Վաշխառուն», 1893 թ., «Կաղանդի վիպակ», 1895 թ., և այլն) Օտյանը ներկայացրել է սոցիալապես անապահով խավի ծանր կացությունը, աշխատավորների շահագործումը, քննադատել բարոյական չարիքները: Օտյանի քրոնիկներն ընդգրկում են կյանքի բոլոր ոլորտները, ծաղրում և ձաղկում ոսկու ուժով դիրք ու պատիվ ձեռք բերած կեղեքիչ, չարագործ, բութ արարածներին, որոնք «ամենքն ալ բարերար, ամենքն ալ մեկենաս, ամենքն ալ ազնվասիրտ ու ամենքն ալ իմաստուն» են հռչակվում:
1896 թ-ին Կոստանդնուպոլսում սկսված հալածանքների պատճառով Օտյանը մեկնել է Հունաստան, 1897 թ-ին հաստատվել է Եգիպտոսում: Տարագրության 12 տարիները՝ մինչև 1908 թ-ը, գրողի ստեղծագործության երկրորդ շրջանն է. նա խմբագրել է «Ազատ խոսք» (1901–08 թթ.), «Ազատ բեմ» (1903–06 թթ.), «Օրենք» (1905 թ.), «Կրակ» (1905 թ.) և այլ պարբերականներ, ստեղծել տասնյակ բարձրարժեք գործեր՝ «Լևոն թագավորի սուրը» (1898 թ.), «Համբարձում աղա» (1904 թ.), «Ոսկեմոլը» (1905 թ.) և այլ պատմվածքներ, «Հեղափոխության մակաբույծները» (1899 թ.) պատմվածաշարը, «Պրոպագանդիստը» (1901 թ.) երգիծավեպը, «Ազգային բարերարը» (1905 թ.), «Միքեի սիրարկածը» (1906 թ.) վիպակները, «Զավալլըն» (1905 թ.) վոդևիլը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (1906 թ., համահեղինակ՝ Միքայել Կյուրճյան) կատակերգությունը և այլն: 
Գրական այս շրջանում Օտյանը հանդես է եկել գերազանցապես որպես քաղաքական երգիծաբան՝ սատիրայի վառ գույներով նկարագրելով քաղաքական, կուսակցական «գործիչների» դիմակ հագած, կեղծիքի ու խաբեության «ասպետների» ոչ միայն ծիծաղելի, այլև հույժ վնասաբեր շահատակությունները: Նրբորեն է հյուսված Սահակ էֆենդու կերպարը («Ազգային բարերարը»), որը չի զլանում ուրիշների դառն աշխատանքով դիզած իր հարստությունից «մեծահոգաբար» չնչին ողորմություն նետել եկեղեցուն, աղքատախնամին և հռչակվել «ազգային բարերար»:
1909 թ-ին Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս: Գործունեության երրորդ շրջանում (1909–15 թթ.) խմբագրել և հրատարակել է «Խարազան», «Հայրենիք», «Արևելք», «Կառափնատ» և այլ պարբերականներ, գրել «Ընկ. Բ. Փանջունի» (1909–14 թթ., եռամաս) և այլ վեպեր, մի շարք վիպակներ, գրական-հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, կատարել թարգմանություններ, հրատարակել «Մեր երեսփոխանները» (1913 թ.) երգիծական դիմանկարների շարքը:
«Ընկ. Բ. Փանջունի» վեպը քաղաքական սատիրայի գլուխգործոց է, որի մասին Օտյանն ասել է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»: Փանջունու օրինակով նա անխնա ծաղրում ու ծանակում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով «հեղափոխական» են, «ազգային հերոս», մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար՝ դառնալով հասարակական չարիք:
Հայ ռեալիստական գրականության բացառիկ արժեքավոր էջերից են Օտյանի սոցիալական երգիծավեպերը՝ «Միջնորդ տեր պապան» (1895–1920 թթ.), «Ընտանիք, պատիվ, բարոյական» (1910 թ.), «Վաճառականի մը նամակները» (1910 թ.), «Թաղականին կնիկը» (1915 թ.) և այլն, որտեղ հասարակական ոչ մի խավ, սոցիալական ոչ մի երևույթ, ընտանեկան, կենցաղային ու բարոյական ոչ մի ոլորտ դուրս չի մնացել երգիծաբանի տեսադաշտից:
1915 թ-ի Մեծ եղեռնի ժամանակ Օտյանին հաջողվել է ազատվել աղետից, սակայն օգոստոսի վերջերին ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: Օտյանը Դեյր էզ Զորում մնացել է մինչև 1918 թ.: Նրան փրկել է դիպվածը. ազգությունը թաքցրած հայ վարորդը տարագրյալ հայերի մեջ ճանաչել է Օտյանին՝ Համայի վարժարանի (Սիրիայում. այստեղ Օտյանը դասավանդել է 1916 թ-ի վերջերից մինչև 1917 թ-ի ապրիլը) իր ուսուցչին, գաղտնի դուրս է բերել և տարել մի ապահով վայր: 1918 թ-ի զինադադարից հետո Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս, սակայն 1922 թ-ին նորից հեռացել է այնտեղից, մեկնել Բուխարեստ, 1924 թ-ին տեղափոխվել Սիրիա, ապա՝ Կահիրե:
Ստեղծագործական վերջին շրջանում (1918–26 թթ.) Օտյանն ակտիվորեն աջակցել է Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությանը Կոստանդնուպոլսում, Հայաստանի օգնության կոմիտեի աշխատանքներին, զբաղվել հայ որբերի ճակատագրով: Միաժամանակ հիմնել և խմբագրել է մի շարք պարբերականներ և երգիծաթերթեր, գրել է 8 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, ֆելիետոններ, պարսավագրեր:
Արժեքավոր են Օտյանի թարգմանությունները Լև Տոլստոյի, Ֆեոդոր Դոստոևսկու, Մաքսիմ Գորկու, Էմիլ Զոլայի, Մարկ Տվենի և ուրիշների գործերից:
Օտյանի ծննդյան 130-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն առանձին գրքերով լույս է ընծայել գրողի «Հայ Տիասբորան» վեպը, «Վերնատունեն» ֆելիետոնների ժողովածուն, «Նամակները» (երեքն էլ՝ 1999 թ.), «Թիվ 17 խաֆիեն» (գիրք 1–3, 2000–01 թթ.) վեպը (պատկերված է Մեծ եղեռնի նախապատրաստումն ու իրագործումը), «Նաիրի» հրատարակչությունը՝ «Անիծյալ տարիներ 1914–19, անձնական հիշատակներ» (2004 թ.) գիրքը:
Օտյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, հունարեն, թուրքերեն, ալբաներեն և այլ լեզուներով:
Օտյանի պիեսները բազմիցս բեմադրվել են Հայաստանի և Սփյուռքի թատրոններում, նաև հեռուստաթատրոնում: «Ընկ. Բ. Փանջունի» վեպի հիման վրա նկարահանվել է «Ընկեր Փանջունի» (1992 թ., ռեժիսոր՝ Արման Մանարյան), «Կեղծ լրտեսը» պատմվածքի մոտիվներով՝ նույնանուն (1966 թ., ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան, երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:
Երվանդ Օտյանի անունով Երևանում կոչվել է փողոց, Էջմիածնում` դպրոց:

   «Պիտի խնդանք՝ առանց քեն կամ ոխ, ատելություն կամ նախանձ խառնելու մեր ծիծաղին մեջ, որովհետև ծիծաղը սուրբ, աստվածային է»:

   «Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին»:
   Երվանդ Օտյան
   «Քրոնիկն իրմե (Օտյանից) ավելի մեծ վարպետ մը չունեցավ մեր մեջ»:
   Վահան Թեքեյան, 
   գրող
   «Կը խնդանք կուշտ-կուռ գիրքը («Ընկ. Բ. Փանջունի») կարդալով, որովհետև անկարելի է դիմադրել Օտյանի կատակերգական հրաշալի ավյունին. բայց եթե խնդալե դադրելով՝ փորձվինք պահ մը խորհիլ այդ գործունեության և փորձարկության արդյունքներուն – ըսել կուզեմ՝ դիզած ավերակներուն – նույնքան անկարելի կըլլա դիմադրել լալու փափագի մը...»:
   Միքայել Կյուրճյան, 
   գրող

   «Կրթությամբ կատարյալ եվրոպացի՝ նա (Օտյանը) գիտեր իր մեջ սանձահարել այն, ինչ որ կարող էր գրգռել դիմացինի նողկանքը կամ ատելությունը: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը և սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլև հոգեկան բարձր ու աննյութական պահանջներով»:
   Ալեքսանդր Շիրվանզադե, 
   գրող