Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ֆելլինի Ֆեդերիկո
1920 թ., ք. Ռիմինի, Իտալիա
1993 թ., Հռոմ 
(թաղված է Ռիմինիում)
Կադրեր Ֆ. Ֆելլինիի «Ութ ու կես» (1963 թ.) և «Սատիրիկոն» (1969 թ.) 
կինոնկարներից 
Իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին իր արվեստով արմատապես վերաիմաստավորել է նեոռեալիզմի սկզբունքները, մեծապես ազդել 
համաշխարհային կինոյի զարգացման վրա, նախանշել 
իտալական կինոյի զարգացման ուղիները: 

Ֆեդերիկո Ֆելլինին 1937 թ-ին՝ Ֆլորենցիայում, 1938–42 թթ-ին Հռոմում, որպես ծաղրանկարիչ, աշխատակցել է պատկերազարդ ամսագրերին. «Մարկոս Ավրելիոս» հակաֆաշիստական ամսագրում տպագրել է 700 ծաղրանկար: 1943 թ-ից գրել է ռադիոհաղորդումների տեքստեր, որոնք նաև նկարահանել է: Կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի հրավերով, որպես սցենարիստ, մասնակցել է նրա մի քանի ֆիլմերի («Հռոմը` բաց քաղաք», 1945 թ., «Պայզա», 1946 թ., և այլն) ստեղծմանը: 
Ֆելլինիի առաջին ինքնուրույն կինոնկարը «Սպիտակ շեյխն» է (1952 թ.), սակայն համաշխարհային ճանաչման է արժանացել «Ճանապարհ» [1954 թ., խորհրդային էկրանին` «Նրանք թափառում էին ճանապարհներին», արժանացել է մոտ 50 մրցանակի, այդ թվում` Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ», «Օսկար» (գլխավոր դերակատարներն են Էնտոնի Քուինը և Ջուլիետա Մազինան՝ Ֆելլինիի կինը)] ֆիլմով, որտեղ արտահայտել է մարդասիրության, փոխըմբռնման ու հոգու բարության թեման: Ռեժիսորը նույն գաղափարներն է արծարծել նաև «Կաբիրիայի գիշերները» (1956 թ.) կինոնկարում, որտեղ փնտրում է Չարի և Բարու հավերժական պայքարի խորհրդավոր իմաստը: 
Ֆելլինիի ստեղծագործության բարձրակետը «Քաղցր կյանք» (1959 թ., Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ) կինոնկարն է, որտեղ հեղինակը ցույց է տալիս, թե որքան դատարկ ու անիմաստ է կյանքը, երբ մարդիկ միայնակ են և օտարացած միմյանցից: «Ութ ու կես» (1962 թ., «Օսկար», Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Գլխավոր մրցանակ) ֆիլմում Ֆելլինին քննադատել է բուրժուական հասարակության արատները, որոնք հագեցած են ճշմարտության տառապագին որոնումներով: 
Կադր Ֆ. Ֆելլինիի «Ճանապարհ» 
կինոնկարից (1954 թ.)
Ֆելլինիի ստեղծագործությանը բնորոշ «ֆանտաստիկ ռեալիզմը» ցայտուն կերպով դրսևորվել է «Սատիրիկոն» (1969 թ.), «Նվագախմբի փորձը» (1979 թ.), «Իսկ նավը լողում է...» (1983 թ.) ֆիլմերում: Նա գեղարվեստափիլիսոփայական, բարոյաքաղաքական պրպտումների նյութ է դարձրել իր կյանքի հուշերը, անձամբ վերապրածը` «Մայրիկի բալաները» (1953 թ., Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ), «Հռոմ» (1972 թ.), «Ամարկորդ» («Ես հիշում եմ», 1974 թ., «Օսկար» մրցանակ) և այլն: Ֆելլինին նկարահանել է նաև «Խաբեբաները» (1955 թ.), «Դոկտոր Անտոնիոյի գայթակղությունը» (1962 թ.), «Ջուլիետան և ոգիները» (1965 թ., «Ոսկե գլոբուս» մրցանակ), «Ծաղրածուները» (1970 թ., հեռուստաֆիլմ), «Կազանովա» (1976 թ.), «Կանանց քաղաքը» (1980 թ.), «Ջինջերը և Ֆրեդը» (1986 թ.), «Հարցազրույց» (1987 թ.), «Լուսնի ձայները» (1990 թ.) և այլ ֆիլմեր: 
Ֆելլինիի ստեղծագործությունը հակասական է, արտահայտչալեզուն՝ ցայտուն, գյուտերով հարուստ և ինքնատիպ: 
Կինոյում ունեցած ներդրման համար Ֆելլինին արժանացել է հատուկ «Օսկարի» (1993 թ.):
 Ֆելլինիի անունով է կոչվել Ռիմինիի օդանավակայանը:

   «Մարդ, որն օժտված է թռչելու հատկությամբ... Ահա՜ այն թեման, որ ինձ հետաքրքրել է պատանի տարիքից: Իմ երազներում ես միշտ թռչում էի... Ես պաշտում էի այդ երազները»:
Ֆեդերիկո Ֆելլինի
   Ֆեդերիկո Ֆելլինին ֆիլմերը վարձույթի հանձնելուց հետո այլևս դրանք չէր նայում, քանի որ հերթական դիտումից հետո նա անպայման ցանկանում էր վերափոխել դրանք:
   «Մի՞թե Ֆելլինիի լեզուն Իտալիայի հպարտությունը չէ ...Նրա երևակայելու ձիրքն ապշեցուցիչ է»:
Սերգեյ Փարաջանով, 
կինոռեժիսոր