Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Ադիս Աբեբա
Տարածքը՝  
1.104,3 հզ. կմ2
Բնակչությունը՝  
66 մլն
Պետական լեզուն՝ 
ամհարերեն
Դրամական միավորը՝ 
բիրֆ
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբան
Կապույտ Նեղոսի ջրվեժներից մեկը Եթովպիայում
Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
Եթովպիան կամ, ինչպես նախկինում էին կոչում, Հաբեշստանը գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևելքում: 
Եթովպիա անվանումը ծագում է հունական «էյթոպիա» բառից, որ նշանակում է արևակեզ մարդկանց երկիր՝ այդ երկրի բնակիչների մաշկի թուխ գույնի համար: Երբ միջնադարում արաբները նվաճեցին Եգիպտոսը, Եթովպիային Հաբեշստան անունը տվեցին՝ տեղում բնակվող հաբաշ ժողովրդի անունից: Սակայն 1945թ-ին վերականգնվեց երկրի նախկին անունը:
Տնտեսաաշխարհագրական առումով Եթովպիան մեծ փոփոխություններ է կրել 1990-ական թվականների սկզբներին: 1993 թ-ին Էրիթրեայի անկախացումով նա զրկվեց 1000 կմ-անոց ծովային սահմաններից և դեպի ծով ելքից: Համաշխարհային օվկիանոս դուրս գալու համար Եթովպիան այժմ օգտվում է Ջիբութի նավահանգստից: Լեռնային երկիր է, տարածքի մեծ մասը զբաղեցնում է Եթովպական բարձրավանդակը, որը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է անապատներով ու կիսաանապատներով: Բնական պայմաններն աչքի են ընկնում մեծ հակադրություններով: Բարձրաբերձ լեռների գագաթներին ձմռանը ձյուն է նստում, իսկ աշնանը կուտակվում է սառը մառախուղը: Լեռնային զով կլիմայի պայմաններում աճում են մերձարևադարձային ծառեր, թփեր ու խոտեր: Կենդանական աշխարհն այստեղ նույնպես հիշեցնում է մերձարևադարձային գոտիները:
Լեռների ստորոտում ձգվում են բլրաշատ սարահարթերը՝ արգավանդ սևահողերով ու կարմրահողերով: Այդ սարահարթերը Եթովպիայի շտեմարանն են: Անտառները կազմում են տարածքի 25 %-ը և ունեն արդյունաբերական կարևոր նշանակություն: Ամենուր ցորենի, գարու, կորեկի և նրա տարատեսակ տեֆի դաշտեր են: Եթովպացիներն այդ տեֆից լավաշանման հաց են թխում: Ձմռանն ու ամռանը մուսսոնային քամիներն անձրևներ են բերում, դրա շնորհիվ երկրի պայմանները  բարենպաստ են երկրագործության համար, որը եթովպացիների մեծ մասի զբաղմունքն է: Հողը վարում են եզներ լծած արորով: Ընդարձակ արոտավայրերի շնորհիվ զարգացած է անասնապահությունը, զբաղվում են նաև թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ:
Երկրի հարավում մշակում են սուրճ: Եթովպիան համարվում է սուրճի հայրենիքը: Հետաքրքիր է, որ սուրճ բառի՝ մի շարք լեզուներում պահպանված կոֆե ձևը ծագել է Եթովպիայի Կաֆա շրջանից, որտեղ լեռներում մինչև օրս աճում են վայրի սրճենու անտառներ:
Հարթավայրերում կլիման շոգ է, արևադարձային: 
Եթովպիայում արդյունահանում են պլատին, ոսկի, մանգան, քարաղ, հայտնաբերված են երկաթի, անագի, գորշ ածխի, սնդիկի, կապարի, նավթի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր: Կան շատ հանքային աղբյուրներ: 
Եթովպիան լճերի երկիր է: Թանա լճից է սնվում Աֆրիկայի ամենամեծ գետը՝ Կապույտ Նեղոսը (Եթովպիայի տարածքում կոչվում է Աբբայ): Եթովպական բարձրավանդակից տարբեր ուղղություններով հոսում են բազմաթիվ գետեր, բայց նրանց մեծ մասը կորչում է շրջակա անապատներում:
XVI դարում գաղութարարներն առաջին անգամ անհաջող փորձ կատարեցին նվաճելու Եթովպիան: 1895 թ-ին Իտալիան պատերազմ սանձազերծեց Եթովպիայի դեմ, բայց պարտություն կրեց և հարկադրված ճանաչեց նրա անկախությունը: 1935 թ-ին Իտալիան կրկին հարձակվեց Եթովպիայի վրա, գրավեց այն և միացրեց արևելաաֆրիկյան իր գաղութներին: Սակայն 1941թ-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, եթովպական պարտիզաններն անգլիական զորքերի օգնությամբ ազատագրեցին երկիրը:
Երկար ժամանակ Եթովպիան կառավարում էին կայսրերը, որոնք այստեղ կոչվում էին նեգուսներ: Բայց 1974 թ-ին միապետությունը տապալվեց, և իշխանության գլուխ անցան զինվորականները, որոնք փորձեցին երկիրը դուրս բերել սոցիալիզմի ուղի, բայց ապարդյուն:1991 թ-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, իսկ 2 տարի անց նրանից անջատվեց Էրիթրեան՝ որպես անկախ պետություն:
Եթովպիայի էթնիկական կազմը բազմազան է, բայց երկրի ժողովուրդների մեծ մասը պատկանում է սեմա-քամյան լեզվաընտանիքին: Երկրում հաշվվում է ավելի քան 70 լեզու, և գրեթե բոլորն էլ ունեն սեփական գիր: Պետական լեզուն ամհարերենն է: Առավել մեծաթիվ են ամհարները, որոնց հաջորդում են հալաները և սոմալացիները: Կան նաև այլ ցեղեր: Բնակչության մոտ 
60 %-ը դավանում է քրիստոնեություն (ղպտի ուղղափառներ), 30%-ը՝ մահմեդականություն: Եթովպիան քրիստոնեություն ընդունած առաջին երկրներից է: 
Եթովպիայի ամենամեծ քաղաքը մայրաքաղաք Ադիս Աբեբան է (ամհարերեն՝ Քարե ծաղիկ): Նշանավոր քաղաքներից են նաև Ասմերան, Հարերը, Մեկելեն:
Կապույտ Նեղոսի վրա գտնվող ջրվեժները (օրինակ` Տիսը) և ավազանի լեռնային լանդշաֆտները, Թանա լիճը, Ամբո և Վոլգասո հանքային ջրերով առողջարանները լավագույն վայրեր են բուժման, ակտիվ հանգստի ու զբոսաշրջության համար: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ադիս Աբեբայի տաճարներն ու պողոտաները, Գոնդարա քաղաքի դղյակները, ժայռափոր տաճար-եկեղեցիները: 

Հայերը Եթովպիայում
Հայերն աֆրիկյան այս երկրի հետ առնչվել են տակավին IV–V դարերում և արդեն VII դարում այստեղ հիմնել են հայկական բնակավայր, որը կոչվել է «Հայկական կղզի»:  Այդ կապերը սերտացել են հատկապես Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո, երբ Եթովպական ուղղափառ եկեղեցին Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ մերժել է Քաղկեդոնի ժողովի վարդապետությունը (եթովպացիները քրիստոնեությունը պետական կրոն են հռչակել 318 թ-ին, ըստ այլ աղբյուրների` 340 թ-ին): Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչել են Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան հնագույն եկեղեցիների մեջ:
Հետագայում` հատկապես Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանում, այդ կապերն ավելի են աշխուժացել՝ ընդգրկելով առևտրի և մշակույթի բնագավառները: Հայերը Եթովպիայում հիմնել են վանքեր, դպրոցներ, զարգացրել են գրչության արվեստը, կատարել թարգմանություններ, զբաղեցրել են պետական կարևոր պաշտոններ: Հայտնի է, օրինակ, որ Եթովպիայի մասին առաջին գիտական աշխարհացույցը, որտեղ մեծ ճշգրտությամբ տրված են երկրի տեղագրությունը, լեռների, դաշտերի, գետերի, քաղաքների նկարագրությունն ու չափագրությունը, կազմել է հայ տոմարագետ ու ճանապարհորդ Ավետիք Տիգրանակերտցի Բաղդասարյանը, որը XVIII դարի սկզբին այցելել է Եթովպիա: Եթովպահայերը պահպանել են իրենց առաջնային դիրքը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, սերտ կապեր ունեցել եթովպական արքունիքի հետ: XVIII դարի 1-ին կեսին արքունիքի գանձապետը եղել է Սեֆել անունով մի հայ, նրանից հետո պաշտոնավարել է Հովհաննես Թովմաճյանը: 20 տարի երկրի գլխավոր ճարտարապետը եղել է Գրիգոր Հովյանը, ավելի ուշ՝ Մինաս Խերպիկյանը: Մենելիք կայսեր (XIX դար) բժշկապետն էր Պողոս Մարգարյանը, ոսկերչապետը՝ Տիգրան Հեպեյանը: Գ. Նալբանդյանը Եթովպիայի օրհներգի երաժշտության հեղինակն է: Եթովպիայի պատմության մեջ նշանակալի ավանդ ունի Սարգիս Թերզյանը, որը եղել է Մենելիք II-ի ամենաազդեցիկ մերձավորներից, վարել զինվորական և վարչական բարձր պաշտոններ: Նա առաջինն է կազմակերպել մեքենաների ներմուծումը, եթովպական բանակը զինել ժամանակակից զենքով, նախաձեռնել նաև Ջիբութի–Ադիս Աբեբա առաջին երկաթուղու կառուցումը:
Վերջին շրջանում եթովպահայ գաղութը գնալով նվազում է, ներկայումս մնացել է շուրջ 80 հայ, որոնք բնակվում են միայն Ադիս Աբեբայում: Երկրի մայրաքաղաքում գործել են հայկական մշակութային միություններ, երաժշտական և թատերական խմբեր, ազգային վարժարան: Գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին: Մայրաքաղաքի ամենահայտնի և ամենախոշոր գորգերի խանութը պատկանում է հայի: