 | Արբանյակները, պտտվելով Երկրագնդի շուրջը, կարողանում են «տեսնել» Երկիրը տարբեր կողմերից, «զգալ» մթնոլորտի վիճակը և հեռուստասարքերի միջոցով այդ տեղեկությունները հաղորդել Երկրի վրա գործող օդերևութաբանական ծառայության հիմնարկներին: Մըթնոլորտի վիճակի վերաբերյալ ստացված տեղեկությունները մշակվում են համակարգիչներով և օգտագործվում եղանակի կանխատեսման համար: |
Եղանակը մթնոլորտի վիճակն է տվյալ վայրում և տվյալ պահին կամ որոշակի ժամանակահատվածում (օր, ամիս): Այն կախված է ծովերի ու ցամաքի վրա մթնոլորտային ճնշումների տարբերությունից, օդի ջերմաստիճանից, խոնավությունից, ամպամածությունից, մթնոլորտային տեղումների քանակից, քամիներից: Դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը հանգեցնում է մյուս տարրերի, հետևապես և ամբողջ եղանակի փոփոխության: Եղանակի փոփոխման հիմնական պատճառը Երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումն է, որից կախված՝ տարբեր են լինում օդի խոնավությունն ու ճնշումը: Օրինակ՝ հասարակածային շրջաններում և օվկիանոսների տաք ջրերի վրա օդը տաք է, խոնավ, իսկ ճնշումը՝ ցածր: Դրան հակառակ՝ բևեռային շրջաններում՝ ձյան և սառույցի թագավորությունում, օդը սառն է, չոր, իսկ ճնշումը՝ բարձր: Այսպիսով, տարբեր վայրերում ճնշման տարբերությունների պատճառով առաջանում են տարբեր օդային զանգվածներ: Ձևավորման վայրից կախված՝ լինում են հասարակածային, արևադարձային, բարեխառն և արկտիկական (անտարկտիկական) օդային զանգվածներ: Տեղափոխվելով մի տարածաշրջանից մյուսը՝ իրենց ճանապարհին փոխում են եղանակը: Օրինակ՝ արկտիկական օդը, շարժվելով դեպի բարեխառն շրջաններ, առաջացնում է ցուրտ և չոր եղանակ, իսկ Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված օդային զանգվածն առաջացնում է մեղմ, զով ու առատ տեղումներով եղանակ: Եղանակը նույնիսկ միևնույն վայրում խիստ փոփոխական է և մեկ օրվա ընթացքում կարող է փոխվել մի քանի անգամ: Օրինակ՝ առավոտյան կարող է լինել պարզ, կեսօրին՝ ամպամած, երեկոյան՝ անձրևային և այլն: Եղանակը կարելի է կանխատեսել ոչ միայն 1–2 օր, այլև շաբաթներ ու, նույնիսկ, ամիսներ առաջ: Դրանով զբաղվում են եղանակի ծառայության կազմակերպությունները՝ օդերևութաբանական բազմաթիվ կայանների լայն ցանցի միջոցով կանոնավոր կերպով կատարվող երկարատև դիտարկումների հիման վրա: Օդերևութաբանները հետևում են, թե ինչպես են տեղաշարժվում բարձր ու ցածր մթնոլորտային ճնշումների կենտրոնները: Այդ գործում նրանց օգնում են եղանակի ծառայության օդանավերն ու նավերը: Առանձնակի նշանակություն ունեն Երկրի օդերևութաբանական արբանյակները, որոնք մշտապես հետևում են եղանակի վիճակին ու փոփոխություններին: Եղանակի կանխորոշումն անհրաժեշտ է թե՜ նավապետներին ու օդաչուներին, թե՜ վարորդներին ու երկաթուղայիններին, թե՜ շինարարներին ու գյուղատնտեսության աշխատողներին: Եղանակից է կախված ցանքի, բերքահավաքի, խոտհնձի ժամանակը, հաճախ՝ նաև մարդկանց առողջական վիճակը, ինքնազգացողությունը:Եղանակի կանխատեսման մեթոդների կատարելագործման նպատակով այսօր համագործակցում են աշխարհի տարբեր երկրների գիտնականները, և դրա շնորհիվ եղանակի կանխատեսման բնագավառում հասել են որոշակի հաջողությունների: Այդ աշխատանքները ղեկավարում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, որի կազմում գործում է Եղանակի համաշխարհային ծառայությունը՝ Մելբուռն, Վաշինգտոն և Մոսկվա ջրաօդերևութաբանական կենտրոններով: Նշված կենտրոններն օրական մի քանի անգամ աշխարհի տարբեր տարածաշրջաններից կոդավորված թվային հեռագրերով տեղեկություններ են ստանում մթնոլորտի վիճակի վերաբերյալ, դրանց հիման վրա կազմում են եղանակի քարտեզներ և հեռահաղորդում տարբեր երկրներ: Տեղերում այդ քարտեզների օգնությամբ կանխատեսում են սպասվելիք եղանակը և ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով, օրաթերթերով հաղորդում բնակչությանը: Մարդիկ, իմանալով, թե ինչպիսի եղանակ է լինելու վաղը կամ առաջիկա օրերին, ըստ այդմ որոշում են իրենց անելիքը:
|