Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վազորդները մեկնարկային դիրքում
Ձողացատկ
Նիզակի նետում
Սկավառակի նետում
Թեթև աթլետիկան ընդգրկում է վազքը, մարզական քայլքը, թռիչքները, նետումներն ու բազմամարտը: Թեթև աթլետիկայի գրեթե բոլոր ձևերի մրցումներն անցկացվում են մարզադաշտում: Վազքաձևերը (վազք և արգելավազք) անցկացվում են 400-մետրանոց վազքուղում: Տեխնիկական ձևերի (նետումներ և թռիչքներ) մրցումներն անցկացվում են վազքուղու ներսում գտնվող մարզահատվածներում:
Վազքի, թռիչքների և նետումների մրցություններ անցկացվում էին դեռևս Հին Եգիպտոսում և Ասորեստանում: 

Վազք և արգելավազք
Ինչպես թեթև աթլետիկայի մյուս մրցաձևերում, վազքում նույնպես տղամարդիկ և կանայք մրցում են առանձին: Վազքատարածությունները լինում են կարճ կամ սպրինտերական (100, 200 և 400 մ), միջին (800 և 1500մ), երկար կամ ստայերական (5000 և 10.000մ) և մարաթոնյան (42 կմ 195 մ):
Կարճ տարածության վազքամրցումերում մարզիկները մեկնարկում են հատուկ մեկնարկային կոճղակներից, որոնք նրանց հնարավորություն են տալիս հրվել և արագ պոկվել տեղից: Մարզիկներից յուրաքանչյուրը վազում է իր մրցուղով: 100 մ վազքատարածությունում նրանք մեկնարկում են նույն գծից և վազում են ուղիղ գծով: 200 և 400 մ վազքատարածություններում մարզիկները մեկնարկում են վազքուղու ոլորանի տարբեր դիրքերից, սակայն բոլորն էլ պետք է անցնեն նույն տարածությունը:
800 մ վազքատարածությունում մարզիկներից յուրաքանչյուրը վազում է իր վազքուղով` միայն մինչև առաջին ոլորանը, որից հետո նրանք կարող են վազել ցանկացած վազքուղով: Ավելի երկար վազքատարածություններում (բացառությամբ` 4 x 400 մ փոխանցումավազքի) մարզիկները մեկնարկում են ոլորանից և վազում ցանկացած վազքուղով: Մեկից ավելի շրջանով վազքատարածություններում վերջին շրջանը կատարելիս վերջնագծի վրա հնչում է զանգի ձայնը: 
Վազքի տեսակներից են նաև 4x100մ և 4x400մ տարածություններով փոխանցումավազքերը (էստաֆետ): Դրանց 4 մասնակիցներից յուրաքանչյուրը վազում է նույն վազքատարածությունը և ձեռքի փոխանցումափայտիկը հատուկ նշված գոտում փոխանցում է հաջորդ մասնակցին: 
Երկար տարածության փոխանցումավազքի (4x400մ) մասնակիցները վազում են 1 շրջան և ոլորան, այնուհետև յուրաքանչյուր մասնակից վազում է իր վազքուղով:
Արգելավազքը ներառում է 2 տարածություն՝ 110 մ (կանանց համար՝ 100 մ) և 400 մ: Վերջին վազքատարածությունում արգելքները տեղադրված են աստիճանաձև՝ ընդհուպ մինչև վերջնագծային ուղիղը: Եթե մարզիկը վայր է գցում արգելքը, տուգանային միավոր չի ստանում: 
Արգելավազքի կամ դրա տարատեսակ խոչընդոտավազքի (սթիփլչեյզ) բարձրակարգ մրցումներին մասնակցում են միայն տղամարդիկ: 
Խոչընդոտավազքն անցկացվում է 3000 մ մրցատարածքում (7,5 շրջանից քիչ ավելի): Յուրաքանչյուր շրջանում բոլոր վազորդները հաղթահարում են 4 անշարժ արգելք և ջրափոս: Ընդ որում՝ այդ ժամանակ ջրափոսի առջևում դրված փոքրիկ արգելքից հարկավոր է այնպես թռչել, որպեսզի վայրէջքը կատարվի ջրափոսի ծանծաղ մասում:

Մարաթոնյան վազք
Ամենաերկար տարածության վազքամրցումը մարաթոնյան վազքն է՝ 42 կմ 195 մ, որն անցկացվում է խճուղում: Խոշոր մրցումներում մարզիկները մեկնարկում և վերջնագիծը հատում են մարզադաշտում: Մրցատարածության ողջ երկայնքով մարզիկների համար տեղադրում են ջրի կետեր, որտեղ վազորդները կարող են խմել ջուր և այլ զովացուցիչ ըմպելիքներ:
Մարաթոնյան վազքի ամենախոշոր մրցումներին մասնակցում է մի քանի հազար մարդ: Այդպիսի զանգվածային մրցումներ անցկացվում են ամեն տարի աշխարհի բազմաթիվ քաղաքներում, որտեղ մասնակցում են և՜ պրոֆեսիոնալ մարզիկներ, և՜ սիրողներ:

Տեխնիկական ձևեր
Թեթև աթլետիկայի տեխնիկական ձևերն են 4-ական տեսակի թռիչքներն ու նետումները: Դրանք անցկացվում են վազքուղու ներսի հրապարակում հատուկ սարքավորված տեղամասերում: Բարձրացատկի և ձողացատկով մրցումներում մարզիկները ցատկելով անցնում են որոշակի բարձրությամբ դրված  ձողի վրայով՝ առանց վայր գցելու այն. յուրաքանչյուր բարձրության համար ցատկորդին տրվում է 3 փորձ, եթե նա հաղթահարում է այդ բարձրությունը, ապա շարունակում է մրցապայքարը, իսկ եթե բոլոր 3 մրցափորձերը վերջանում են անհաջողությամբ, ցատկորդը դուրս է մնում հետագա մրցապայքարից: Հաղթում է ամենամեծ բարձրությունը հաղթահարած մարզիկը:
Հեռացատկի, եռացատկի, գնդի հրման, սկավառակի, մուրճի և նիզակի նետման մրցումներում մարզիկին տրվում է մի քանի մրցափորձ: 

Թեթևաթլետիկական բազմամարտ
Թեթևաթլետիկական բազմամարտը՝ տասնամարտն ու յոթնամարտը, մարզիկի բազմակողմանի ընդունակությունների ստուգման մարզաձևեր են: Մրցումներն անցկացվում են 2 օրում: Մարզիկները միավորներ են հավաքում յուրաքանչյուր մարզաձևից առանձին-առանձին:
Տղամարդ բազմամարտիկները մրցում են տասնամարտում: Առաջին օրը մրցում են 5 ձևում՝ 100մ վազք, հեռացատկ, գնդի հրում, բարձրացատկ և 400մ վազք: 
Երկրորդ օրը մրցում են ևս 5 ձևում՝ 110 մ արգելավազք, սկավառակի նետում, ձողացատկ, նիզակի նետում և 1500 մ վազք:
Կանայք մրցում են յոթնամարտում. առաջին օրը՝ 100մ արգելավազք, բարձրացատկ, գնդի հրում և 200մ վազք: Երկրորդ օրը՝ հեռացատկ, նիզակի նետում և 800 մ վազք:
Հայ անվանի թեթևաթլետներից էին Վ. Հովհաննիսյանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Ի. Տեր-Հովհաննիսյանը, Ռ. Էմմիյանը և ուրիշներ: 
   
  Օլիմպիական խաղերի պատմությունն սկիզբ է առել վազքի մրցումներով՝ մ.թ.ա. 776 թ-ին:
   
    
  Մարաթոնյան վազքի անվանումը և մրցատարածության երկարությունը կապված են հին հունական Մարաթոն վայրի հետ, որտեղից մ.թ.ա. 490 թ-ին հույն ռազմիկը պարսիկների նկատմամբ հույների տարած հաղթանակի լուրը տեղ հասցնելու համար առանց կանգառի վազել է մինչև Աթենք` 42 կմ 195 մ: