Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Անկարա
Տարածքը՝  
779,4 հզ. կմ2
Բնակչությունը՝  
68, 6 մլն
Պետական լեզուները՝  
թուրքերեն
Դրամական միավորը՝ 
լիրա
Գիշերային Անկարայի համայնապատկերը
Դոլմաբահչեի պալատը Ստամբուլում 
(ճարտարապետներ` Ն. և Կ.Պալյաններ)
Սուլեյմանիե մզկիթը Ստամբուլում (ճարտարապետ՝ Սինան)
Թուրքիայում լույս տեսնող հայկական թերթերի գլխագրեր
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (915-921թթ.)
Կոստանդնուպոլսի Սուրբ Աստվածածին Մայր 
եկեղեցին (XIV դ.)
Կարսի Սուրբ Առաքելոց 
եկեղեցին (X դար) հարավ-արևելքից
Թուրքական Հանրապետություն
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարահամասերում՝ Ասիայում և Եվրոպայում: Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր: Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:
Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:
Թուրքիան առավելապես լեռնային երկիր է՝ Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում: Հյուսիսից եզերվում է Պոնտական, հարավից՝ Տավրոսի լեռներով: Երկրի արևելքում, ՀՀ-ի հարևանությամբ, Արաքս գետի աջ ափին վեր են խոյանում Մեծ ու Փոքր Մասիսները: Տարածքի մեծ մասը զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն լինում, և արևը վիթխարի տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը: Ձմեռներն այստեղ դաժան են, ցուրտ: Արեվելյան Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) 1720 մ բարձրության վրա է գտնվում լեռներով շրջապատված Վանա լիճը կամ Վանա ծովը: Լիճը հայտնի է իր նշանավոր տառեխ ձկով: Լճի Աղթամար կղզում է գտնվում հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Խաչ եկեղեցին (X դար, թուրքական կառավարության կողմից 2007 թ-ին վերականգնվել  է և վերածվել թանգարանի):
Կենդանիներից երկրի լեռնային անտառներում հանդիպում են այծյամներ, գորշուկներ, վարազներ, սկյուռներ, իսկ տափաստաններում՝ աղվեսներ, շնագայլեր, գետնասկյուռներ:
Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի, բուծում են ոչխարներ ու անգորական այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման բարձրորակ բուրդ՝ մոհեր: Զարգացած է նաև շերամապահությունը:
Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը: Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում: Սև ծովի ափերին ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, մինչդեռ միջերկրածովյան ափերին տեղումները շատ ավելի քիչ են: Խիտ բնակեցված ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեղեն, ցիտրուսներ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ:
Փոքրասիական թերակղզում տարբեր ժամանակներում ձևավորվել ու զարգացել են Խեթական և մասամբ Արարատյան կամ Ուրարտական թագավորությունները, տարածքին տիրել են Մարաստանի, Աքեմենյան Իրանի, Ալեքսանդր Մակեդոնացու տերությունները, Հռոմեական կայսրությունը, որոնց բազմաթիվ մշակութային հուշարձանների այսօր էլ կարելի է հանդիպել ներկայիս Թուրքիայի տարածքում:
XI դարի 2-րդ կեսից թերակղզի են թափանցել թուրքական օղուզ քոչվոր ցեղերը և հրով ու սրով նվաճել են հույներով, հայերով ու արաբներով բնակեցված այդ հողերը և այնտեղ հիմնել իրենց սելջուկյան պետությունը: Ավելի ուշ` XIII դարում, մոնղոլների հարվածների տակ այդ պետությունը բաժանվեց տարբեր իշխանությունների, որոնց մեջ XIII–XIV դարերի սահմանում աչքի ընկավ Օսման տիրակալի իշխանապետությունը, որի անունով և կոչվեց նորաստեղծ Օսմանյան կայսրությունը: Իսկ արդեն XIV–XVI դարերում այդ նվաճած կայսրության մեջ էին մտնում Փոքր Ասիան, Բալկանյան թերակղզին, Հարավարևմտյան Ասիայի արաբական երկրները, Հյուսիսային Աֆրիկան: Օսմանյան ցեղապետերը դարձան սուլթաններ և միաժամանակ խալիֆներ, այսինքն՝ բոլոր մահմեդականների հոգևոր պարագլուխներ:
XIX դարում Օսմանյան կայսրությունն սկսեց կորցնել իր երբեմնի հզորությունը, սկիզբ առան հույների, բուլղարների, արաբների և հայերի ազգային-ազատագրական շարժումները: Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականապես քայքայվեց: 1920-ական թվականներին կայսրության մի հատվածում, որը ներառում էր նաև Արևմտյան Հայաստանի տարածքը, ստեղծվեց այժմյան Թուրքական Հանրապետությունը:
Ժամանակակից Թուրքիայի տարածքում է գտնվել նաև Կիլիկիայի հայկական պետությունը:
Թուրք ազգը ձևավորվել է թուրքմենական օղուզ քոչվոր ցեղերի ու տեղաբնիկների միաձուլումից: Թուրքիան բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են ավելի քան 22 ժողովուրդներ: Թուրքերը կազմում են երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Բնակվում են նաև քրդեր, արաբներ, չերքեզներ, ասորիներ, հայեր, հույներ և այլք: Երկրի բնակչության 98 %-ը դավանում է մահմեդականություն:
Դեռ բոլորովին վերջերս Թուրքիան գերազանցապես գյուղատնտեսական երկիր էր: Այժմ զարգանում է ծանր արդյունաբերությունը՝ սև և գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավթամշակման, քիմիական արդյունաբերությունը: Արդյունահանում են քրոմ, պղինձ, քարածուխ, բոքսիտներ, նավթ: Ֆաբրիկաներն արտադրում են գործվածք, վերամշակում ձիթապտուղ, ծխախոտ: 
Վերջին շրջանում խոսում են տնտեսության զարգացման «թուրքական ուղու» մասին, որը երկիրը հանել է տնտեսական ծանր վիճակից, բայց գործազուրկների թիվն այնտեղ տակավին մեծ է, և նրանց մի մասը հարկադրված աշխատանքի է մեկնում այլ երկրներ:
Բոսֆորի զառիթափ ափերին փռված է Թուրքիայի ամենամեծ քաղաքն ու նավահանգիստը՝ Ստամբուլը: Հնում Ստամբուլը եղել է Արևելահռոմեական կայսրության (Բյուզանդիա) մայրաքաղաքը և կոչվել է Կոստանդնուպոլիս (Կոստանդինի քաղաք՝ հիմնադիր կայսեր անունով): 1453 թ-ին քաղաքը գրավեցին թուրքերը և այն կոչեցին Ստամբուլ, որը, ըստ երևույթին, Կոստանդնուպոլսի աղավաղված արտասանությունն է: Մինչև 1923 թ. Ստամբուլը երկրի մայրաքաղաքն էր: 
Հազարամյա հուշարձանները, միջնադարյան տաճարներն ու պալատներն այստեղ ներդաշնակորեն զուգակցվում են ժամանակակից գործարանների ու ֆաբրիկաների համայնապատկերի հետ: Թուրքական քաղաքներն առանձնանում են հոծ կառուցապատումով, բլուրներն ի վեր բարձրացող ծուռումուռ փողոցներում երկինք են խոյանում մզկիթների մինարեներն ու բազմերանգ լուսագովազդներով ժամանակակից երկնաքերները: Ամենուր լսվում են այլալեզու խոսակցություններ, հազարավոր ավտոմեքենաների աղմուկ: Օրվա ընթացքում մի քանի անգամ լսվում է մոլլաների` աղոթքի (նամազ) կանչող ձայնը: Ոչ մեծ քաղաքները սովորաբար բարեկարգ չեն, շատ են կավաշեն տները:
Խոշոր քաղաքների շուրջը, չնայած վերջին տարիների առաջադիմությանը, դեռևս պահպանվում են հետնախորշերը՝ գեջեկոնդուները: Ծավալված շինարարությունը զգալիորեն փոխել է քաղաքների տեսքը. կառուցվել են լայն պողոտաներ և բազմահարկ շենքեր:
Թուրքիայի մշակույթը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Միջին Ասիայի, արաբական երկրների ժողովուրդների, ինչպես նաև սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա: Կառուցվել են դամբարաններ, մզկիթներ, գմբեթածածկ բաղնիքներ, շքեղ ձևավորված շատրվաններ: Կառույցներին բնորոշ են բարձր գմբեթավոր դահլիճները, գունազարդ ապակեպատ լուսամուտները: Զարգացած է կիրառական արվեստը (խեցեգործություն, կերպասագործություն, պղնձագործություն, ոսկերչություն), որի զարգացմանը նպաստել են բազմաթիվ հայ արհեստավորներ: Հայկական ասեղնագործությունն աչքի է ընկել իր շքեղությամբ, մետաքսի ու ոսկեթելի հարուստ օգտագործմամբ, զանազան կարատեսակների զուգորդումներով: Աշխարհում լավագույն մետաքսե գորգեր են ճանաչված Ստամբուլի Գումգափու թաղամասի հայ արհեստավորների գործած «Գումգափու» գորգերը: 

Հայերը Թուրքիայում
Հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը: Իսկ Փոքր Ասիայում  թուրքերի հաստատվելուց հետո հայերն Արևմտյան Հայաստանի տարածքում կազմակերպել են ազգային կյանքը, տնօրինել իրենց սեփական և հասարակական ունեցվածքը: Թուրք-հայկական մշակութային և հասարակական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել մշակույթների զգալի ներթափանցումներ, մշակվել համակեցության որոշակի պայմաններ: Սակայն Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Թուրքիայում արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ: XVI–XVII դարերի ընթացքում երկարատև պատերազմներ տեղի ունեցան Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Արևմտյան
Հայաստանը հաճախ դառնում էր ռազմական գործողությունների թատերաբեմ, որի հետևանքով քայքայվում էր նրա տնտեսությունը, մեծ զոհեր էր տալիս հայ խաղաղ բնակչությունը: XVIII և հատկապես XIX դարերում թուրքական բռնապետությունն ուժեղացրեց ճնշումը հայերի նկատմամբ, սաստկացան ազգային և կրոնական հալածանքները: Եվ սկսվեց հայ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ, որը հատկապես նոր թափ առավ XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում ծավալվեց ֆիդայական շարժումը: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) տեղահանվեց ամբողջ արևմտահայությունը, 1915 թ-ին իրականացվեց XX դարի մեծագույն ոճրագործություններից մեկը` Մեծ եղեռնը. ոչնչացվեցին 1,5 մլն հայեր, փրկվածները տարագիր դարձան` ցրվելով աշխարհով մեկ: Օսմանյան կայսրությանը հաջողվեց իրականացնել իր քաղաքական ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանը «մաքրել» հայերից՝ հայ ժողովրդին զրկելով իր դարավոր բնօրրանում ապրելու կենսական իրավունքից:Եվ այսօր Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Մեծ եղեռնը` հայերս առաջին հերթին խնդիր ունենք վերականգնելու տեղահանված ու ցեղասպանված հայության ժառանգների` իրենց պատմական բնօրրանում ապրելու և գույքային իրավունքները:
Այժմ Թուրքիայում բնակվում է շուրջ 80 հզ. հայ, որից 70 հզ-ը՝ Ստամբուլում, որտեղ և կենտրոնացած է հայ կյանքը: Թուրքիայում հայ հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային, գրական միությունները, բարեգործական ընկերությունները, որոնցից նշանավոր են Համազգյաց, Մեսրոպյան, Արարատյան, Կիլիկյան, Ազգանվեր հայուհյաց ընկերությունները: Հայկական եկեղեցիներին կից գործում են դպրոցներ: Առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել է 1715 թ-ին Կոստանդնուպոլսում: Ներկայումս գործում են 17 հայկական վարժարաններ, որտեղ ուսուցանվում են հայոց լեզու, կրոնի պատմություն (հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է): Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչները պարտադիր թուրքեր են: Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում: Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաճյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը: Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահների հայ ընտանիքը: Քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը:
Թուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ. նրանցից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան:
Թուրքիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թ-ին: Ներկայումս հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս» և այլ պարբերականներ: 
Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանության փաստը, սակայն արդեն այն ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից: