Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժառանգականությունը կենդանի օրգանիզմների՝ որոշակի հատկանիշներ պահպանելու և իրենց ժառանգներին հաղորդելու ունակությունն է:
Այդ ունակությունը ցայտուն ձևով դրսևորվում է զավակների՝ իրենց ծնողներին նմանության մեջ: Ժառանգականության շնորհիվ կենդանիների կամ բույսերի յուրաքանչյուր տեսակ սերնդեսերունդ փոխանցում է զուտ իրեն բնորոշ հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները՝ նպաստելով տեսակի պահպանմանը: Որոշ տեսակներ գոյատևում են գրեթե անփոփոխ չափազանց երկար ժամանակ: Օրինակ՝ դեղին սաթի մեջ հայտնաբերված են միլիոնավոր տարիներ առաջ ապրած մոծակներ, որոնք գրեթե չեն տարբերվում այժմյաններից: Կամ էլ, ահա, 150 մլն տարի առաջ ապրած վրձնալողակ ձուկը՝ ցելկանիտը, որի մասին ձկնաբանները տեղեկացել են քարերի վրա մնացած դրոշմներից, գրեթե չի տարբերվում բոլորովին վերջերս Հարավային Աֆրիկայի ափերի մոտ որսացած վրձնալողակների տեսակի լատիմերիա ձկից:
Իսկ որո՞նք են այն կառուցվածքներն ու շարժընթացները, որ ապահովում են կենդանի օրգանիզմների ժառանգականությունը և որոշում դրանց անհատական զարգացման բնույթը:
XIX դարի 2-րդ կեսին ավստրիացի գիտնական Գրեգոր Մենդելը ոլոռի աճեցման իր երկարամյա փորձերով ապացուցեց, որ ծնողների հատկանիշները, օրինակ՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, փոխանցվում են սերունդներին ժառանգականության կայուն օրենքներով:
Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը: Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ (հունարեն՝ ծագում):
Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային մանրադիտակները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները: Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը: Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. գորտինը, օրինակ, 18 է, սոխինը՝ 16, շանը՝ 22, մարդունը՝ 46 և այլն:
Ի տարբերություն բջջի այլ բաղադրամասերի՝ քրոմոսոմները կառուցված են դեզօքսիռիբոնուկլիեինաթթվի (այդ զարմանալի նյութը քիմիկոսները կրճատ անվանել են ԴՆԹ) հսկայական մոլեկուլներից: Հենց ԴՆԹ-ի մոլեկուլի առանձին հատվածներն են, որ կոչվում են գեներ (ժառանգակիրներ): Գեները հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը: Այդ հրամանները գրանցված են գենում՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի որոշակի հերթականությամբ, ինչպես, օրինակ, բառը կազմված է տառերի որոշակի դասավորությամբ:
Բնությունը մշակել է զարմանալի մի հատկություն. նախքան բջջի բաժանումը քրոմոսոմ կազմող ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլ կրկնապատկվում է, ու հատուկ մեխանիզմի շնորհիվ յուրաքանչյուր նոր բջջում հայտնվում է քրոմոսոմների նույն թիվը (հավաքածուն), ինչ մայր բջջում է, այսինքն՝ ժառանգականությունն ապահովված է:
Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» (մաշկի, ոսկրերի, արյան և այլ բջիջներ): Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում «կարդում են» ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»:
Բայց երբեմն կենդանին կամ բույսը հանկարծ ձեռք է բերում միանգամայն նոր հատկանիշներ, որ չեն ունեցել ո՜չ ծնողները, ո՜չ էլ նախնիները: Նշանակում է՝ ինչ-որ գեներում քիմիական «նյութերը» փոխել են իրենց տեղերը, ստացել մեկ ուրիշ հրաման: Այս երևույթը կենսաբաններն անվանել են մուտացիա (լատիներեն, նշանակում է փոփոխություն): Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը: Քրոմոսոմային ու գենային մուտացիաները, ինչպես նաև գենետիկական տեղեկույթի պահպանման, հաղորդման և իրականացման շարժընթացների խանգարումները կարող են հանգեցնել ժառանգական մի շարք հիվանդությունների առաջացման: 
Ժառանգականությունն ու դրա փոփոխություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է գենետիկա, որը բավական երիտասարդ գիտություն է: Սակայն 10 հզ. տարի առաջ, դեռևս երկրագործության շեմին, մարդը փորձառությամբ ստացել է բույսերի նոր, ավելի պիտանի տեսակներ:
Հետագայում ժառանգական նյութի փոփոխություններ առաջացնելու որոշ գործոնների ունակությունը պարզելով՝ գիտնականներն զգալիորեն ընդլայնել են անհրաժեշտ օրգանիզմների ստացման հնարավորությունները: Բայց առավել նշանակալի առաջընթացն այդ ուղղությամբ կապված է գենետիկական ճարտարագիտության հետ, որը հնարավորություն է տալիս ստանալ ցանկալի հատկություններով օրգանիզմներ (օրինակ՝ աճման հորմոն, ինսուլին մշակող միկրոօրգանիզմներ): Այդ բնագավառի հաջողությունները նախադրյալներ են ստեղծել նաև ժառանգական հիվանդությունների կանխման համար: