Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Երուսաղեմ
Տարածքը՝ 
20,8 հզ. կմ2
Բնակչությունը՝
7,21 մլն
Պետական լեզուները՝ 
եբրայերեն, արաբերեն
Դրամական միավորը՝ 
շեկել
Հին Երուսաղեմի Ժայռագմբեթը (Քուբաթ աս Սախրա) կառուցվել է այն ժայռի վրա, որտեղից, ավանդության համաձայն, երկինք է համբարձել Մուհամմեդ մարգարեն:
Իսրայելի Կնեսեթի (խորհրդարան) շենքը Թել Ավիվում
Երուսաղեմի Արևմտյան պատը Աստծու Տաճարի համալիրից մնացած միակ մասունքն է և ամենասրբազան վայրը հրեաների համար: Յուրաքանչյուր հրեա իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ լինում է այդ պատի մոտ և իր վիշտը սգում Աստծու կորուսյալ Տաճարի համար: Եվ այդպես` արդեն 1900 տարի: Այդ պատճառով Արևմտյան պատը հայտնի է նաև Լացի պատ անունով:
 Լացի պատի մոտ եկողներն իրենց ցանկությունների մասին Աստծուն ուղղված գրություններ են թողնում քարերի արանքներում:
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի եկեղեցու ներսը
Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում:
Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա): Հռոմեական տիրապետության օրոք էլ, հատկապես I և II դարերի հրեական ապստամբությունների ճնշումից հետո, հրեաները ցրվեցին աշխարհով մեկ՝ երազելով մի օր վերականգնել իրենց պետականությունը:
Այդ հնարավորությունը ստեղծվեց 1939–45 թթ-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ընթացքում գերմանական ֆաշիզմի զոհ դարձավ համակենտրոնացման ճամբարներում և ողջակիզվեց ավելի քան 6 մլն հրեա: Աշխարհի հզորները, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, հատուկ շահագրգռություն ցուցաբերեցին, որպեսզի նրանք իրենց պատմական հայրենիքում ապաստանի  և հրեական պետականության վերականգնման հնարավորություն ստանան: Այդ հարցում վճռորոշ դեր խաղաց նաև հզոր հրեական կապիտալն ու ազգայնական շարժումը՝ սիոնիզմը (Երուսաղեմի Սիոն լեռան անունից):
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն՝ նորաստեղծ Իսրայել պետությունը պետք է ունենար 14,1 հզ. կմ2 տարածք: Պաղեստինի տարածքի մնացած մասում (11,1 հզ. կմ2) ստեղծվելու էր Պաղեստինի արաբական պետությունը: Երուսաղեմ քաղաքն առանձնացվում էր որպես հատուկ վարչական միավոր՝ միջազգային վերահսկողության տակ: Բայց ինչպես հրեաները, այնպես էլ Պաղեստինի արաբները դժգոհ մնացին նման տարածքային լուծումից, և բռնկեց 1948–49 թթ-ի արաբա-իսրայելական պատերազմը, որի ընթացքում Իսրայելն իրեն միացրեց ևս 6,7 հզ. կմ2 պաղեստինյան տարածք, իսկ մյուս մասն անցավ Հորդանանին ու Եգիպտոսին (Գազայի հատված): Այդպես Պաղեստինի արաբ ժողովուրդը զրկվեց սեփական պետություն ունենալու հնարավորությունից, ցրվեց հարևան արաբական երկրներում՝ ազատագրական պայքար սկսելով ինչպես բուն Իսրայել պետության ներսում, որտեղ մնացել է արաբ բնակչության որոշ մասը, այնպես էլ հարևան արաբական երկրներից (Լիբանան, Հորդանան, Սիրիա), ինչը վերջին 40 տարում վերաճեց արաբա-իսրայելական մի քանի խոշոր պատերազմների: Այդ պատերազմների հետևանքով Իսրայելի տարածքը հասավ 68,7 հզ. կմ2–ի, իսկ արաբա-իսրայելական վեճը բանակցություների միջոցով «լուծվեց» միայն1994թ-ին` Պաղեստինի արաբ ժողովրդի ինքնավարության հաստատմամբ:
Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է:
Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:
Երուսաղեմը Դավթի քաղաքն է, Սողոմոնի նվաճումների թագն ու պսակը, այն վայրը, որի հետ առնչվում է աստվածաշնչյան պատմությունների մեծ մասը, և որտեղ Հիսուսն անցկացրել է իր երկրային կյանքի վերջին շաբաթը: Ժամանակակից Երուսաղեմի կոթողներից շատերը վերակենդանացնում են հրեաների պայքարի և նրանց վրա Աստծու պահապան ձեռքի մասին պատմությունները: Սուրբ Գրքի տաճարում, որի ինքնատիպ տանիքը կավե կճուճի վերնամաս է հիշեցնում, գտնվում է «Մեռյալ ծովի մագաղաթների» մի մասը՝ Հին կտակարանի վաղ շրջանի ձեռագրերով:
Երուսաղեմի ամենանշանավոր կոթողը Ժայռագմբեթն է (Քուբաթ աս Սախրա), որը խորհրդանշում է նաև մահմեդականության առկայությունը Երուսաղեմում: Այն սրբավայր է նաև մահմեդականության համար: Ոսկեզօծ գմբեթը (տրամագիծը՝ 23մ, բարձրությունը՝ 53 մ) եզրափակում է ութանկյուն պատվանդանը, իսկ գագաթին վեր է խոյանում 3,5 մ բարձրությամբ մահիկը: Գմբեթի ներսում կա ժայռաշերտ, որի հետքերը տանում են դեպի Մորիա լեռը, որտեղ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել իր որդուն՝ Իսահակին:
Իսրայելի գրեթե ամբողջ հարավային կեսը զբաղեցնում է Նեգևի անապատը, որին հյուսիսից հարում են Հուդայի լեռները: Այստեղ կան բազմաթիվ քարայրեր, որոնք հնում ծառայել են որպես դամբարաններ, ինչպես նաև ապաստարաններ՝ թշնամիների արշավանքների ժամանակ, և նույնիսկ կացարաններ: Այդ շրջանում Իսրայելի սահմանը մոտենում է Մեռյալ ծովին, որը եզակի լիճ է: Այն ծովի մակերևույթից ցածր է 405 մ-ով, իսկ ջրերը խիստ հագեցած են աղով. այս լճում կարելի է ջրի վրա մնալ նույնիսկ առանց լողալու: Միջերկրական ծովի երկայնքով ձգվում է նեղ ափամերձ մի շերտ, որն զբաղեցնում է երկրի ամբողջ կենտրոնական ու առավել նեղ մասը: Իսրայելի հյուսիսում գտնվում է Գալիլեայի բարձրավանդակը:
Կլիման մերձարևադարձային է: Մշտական հոսք ունեցող միակ գետը Հորդանանի վերին հոսանքն է:
Իսրայելի տարածքն   աղքատ է օգտակար հանածոներից: Երկրի հարավում՝ Նեգևի անապատում, կան երկաթի, պղնձի, քրոմի, մանգանի, ուրանի, ֆոսֆատների, ծծմբի, նավթի և բնական գազի ոչ մեծ հանքավայրեր: Առավել արժեքավոր են Մեռյալ ծովի պաշարները, որի ջրից ստանում են պոտաշ, քլոր, մանգան, բրոմ, կերակրի աղ և կալցիում: 
Արևակեզ, անջրդի Նեգևիում, կըռզիներից ու մացառուտներից զատ, ոչինչ չի աճում: Իսկ ծովափնյա շերտի բարեբեր հովիտներում մշակում են ավոկադո, մանգո, ադամաթուզ, նարինջ և այլ մրգեղեն, որոնք մեծ մասամբ արտահանվում են եվրոպական երկրներ: Հյուսիսում տեղ-տեղ պահպանվել են երբեմնի խիտ անտառների մնացուկներ:
Իսրայելի տնտեսությունը նշանակալի չափով կախված է օտարերկրյա  (հատկապես Մեծ Բրիտանիայի) կապիտալից: Խոշոր միջոցներ են հոսում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, ինչպես նաև սիոնիստական կազմակերպություններից՝ որպես հանգանակություն: Դրա շնորհիվ Իսրայելը սպառազինությունների վրա ծախսում է (բնակչության մեկ շնչի հաշվով) շատ ավելին, քան աշխարհի որևէ այլ երկիր: Արդյունաբերության մեջ գերակշռում են ռազմական ճյուղերը: Զարգացած են նաև մանածագործական, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունները: Իսրայելն աշխարհում երկրորդ տեղն է գրավում ալմաստի (որը ներմուծում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից) հղկմամբ ու արտահանությամբ:

Հայերն Իսրայելում
Հայաստանի և հայերի առաջին առնչությունները Հրեաստանի հետ սկսվել են դեռևս մ.թ.ա. I դարում՝ Տիգրան Բ Մեծի ժամանակաշրջանում, երբ այդ երկիրը մի կարճ ժամանակ հայտնվեց հայոց թագավորի գերիշխանության տակ: Հետագայում այդ կապերն ընդլայնվեցին հատկապես քրիստոնեության տարածման առաջին շրջանում, և արդեն IV դարում հայերը եկեղեցիներ ունեին Երուսաղեմում: Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին Սիոն թաղամասի Հայկական կոչված փողոցում: Հայերի թիվը Երուսաղեմում և մյուս քաղաքներում ստվարացավ X–XI դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը. նրանք հիմնականում Կիլիկյան Հայաստանում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին: XIX–XX դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին, որոնց մի մասը հետագայում ներգաղթեց Հայաստան:
Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հզ. հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ: Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով: