Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Բաղդադ
Տարածքը՝ 
434,9 հզ. կմ2
Բնակչությունը՝
29,6 մլն
Պետական լեզուները՝ 
արաբերեն, քրդերեն
Դրամական միավորը՝ 
իրաքյան դինար
Հանրապետության պալատը Բաղդադում
Իրաքում այսօր էլ շարունակվում է զինված դիմակայությունը:
Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Բաղդադի ՀԲԸՄ-ի «Սայաթ-Նովա» երգի-պարի անսամբլը ելույթի պահին
Իրաքի Հանրապետություն
Իրաքը արաբական պետություն է Հարավարևմտյան Ասիայում: Այս երկիրը, հյուսիսից և հարավից սեղմված լինելով Տավրոսի ու Զագրոսի լեռներով, հիմնականում տեղաբաշխված է Տիգրիսի և Եփրատի ցածրավայրում, որը հնում կոչվում էր Միջագետք: Այսօրվա Իրաքը, իհարկե, շատ ավելի մեծ է, քան Միջագետքը. այն հյուսիսում ընդգրկում է Քրդստանի լեռները, հարավում և հարավ-արևմուտքում՝ ավազուտային Սիրիա-Արաբական սարահարթը: Թեպետ Իրաքը գտնվում է Պարսից ծոցի մոտ և ունի ընդամենը 50կմ ծովափ, սակայն այստեղից է առաջացել նրա «իրաք» (արաբերեն նշանակում է ափ կամ ծովափ) անվանումը:
Իրաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որոնցից գլխավորը նավթն է: Հետազոտված պաշարներով (ավելի քան 5 մլրդ տ) Իրաքը աշխարհի՝ նավթով հարուստ 5 երկրների թվում է: Կան նաև գազի, ծծմբի, երկաթաքարի, ֆոսֆատների, քարաղի, մարմարի, պղնձի պաշարներ:
Կլիման երկրի հյուսիսում և կենտրոնական մասում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային: Ամենաշոգը օգոստոսն է, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +52օC: Հաճախակի են ավազահողմերը (խուջաջներ). այդ ժամանակ այնքան է մթնում, որ ավտոմեքենաները երթևեկում են վառվող լուսարձակներով: Ձմռանը (դեկտեմբեր-փետրվար) առատ անձրևներ են գալիս, լեռներում՝ նաև ձյուն:
Խոշոր գետերը Եփրատն ու Տիգրիսն են, որոնց միախառնումից առաջանում է Շատ էլ Արաբը, որի խորությունը խոշոր ծովային նավերին հնարավորություն է տալիս բարձրանալու մինչև Իրաքի ծովային դարպաս Բասրա քաղաքը:
Բուսական աշխարհն աղքատ է, բայց Միջագետքի ցածրավայրը փյունիկյան արմավենիների իսկական անտառ է: Դարեր շարունակ փյունիկյան արմավենին այստեղի բնակիչներին տվել է սնունդ, ջերմություն, շինանյութ: Արմավենուց ստացել են դեղ, շաքար, հյութեր, կորիզներից՝ սուրճի փոխարինիչ: Իրաքն արմավի արտադրությամբ ու արտահանությամբ առաջինն է աշխարհում:
Բազմազան է Իրաքի կենդանական աշխարհը. բնորոշ են եղջերուն, վայրի խոզը, շնագայլը, բծավոր բորենին, գայլը, ընձառյուծը: Հարուստ է թռչնաշխարհը. տարածված են ցիներ, քարարծիվներ, անգղեր, հավալուսներ, կարապներ, ֆլամինգոներ:
Միջագետքում մարդիկ բնակվել են դեռևս 60 հզ. տարի առաջ: Միջագետքի հնագույն մշակույթը պատմությանը հայտնի է որպես բաբելա-ասուրական մշակույթ: Այն սկիզբ է առել շումերներից, որոնք 5 հզ. տարի առաջ ունեցել են գիր (մ. թ. ա. IV հազարամյակի վերջին՝ պատկերագիր, III հազարամյակի կեսին՝ սեպագիր), ջրովի դաշտավարություն, ստեղծել են գրականություն ու արվեստի գործեր: Տարածաշրջանում գրագիտությունը համարվել է «պատվարժան մարդկանց շնորհ»: 3 հզ. տարի անց` Բաբելոնյան թագավորության օրոք, այստեղ կազմվել են մարդկության պատմության մեջ առաջին օրենքների ժողովածուն, լուսնային օրացույցն ու աստղային երկնքի քարտեզը, կարողացել են կանխատեսել արեգակի ու լուսնի խավարումները, դրվել են երկրաչափության, թվաբանության և կիրառական քիմիայի հիմքերը, ունեցել են չափի ու կշռի սեփական համակարգ, ուսումնասիրել են մարդակազմությունն ու դեղաբույսերի հատկությունները:
Միջագետքը տարբեր ժամանակներում մտել է վաղ պարսկական թագավորությունների` Աքեմենյանների, Սելևկյանների, Պարթևական և Սասանյան Պարսկաստանի կազմերի մեջ: 637 թ-ին Միջագետքը նվաճել են արաբները: 762 թ-ին նրանց կառուցած Բաղդադ քաղաքը դարձել է Աբբասյանների (կամ Բաղդադի) խալիֆության մայրաքաղաքը: Աբբասյանների անկման, թուրք-սելջուկների, մոնղոլների, Լենկթեմուրի հրոսակների արշավանքների հետևանքով երբեմնի հարուստ ու բարգավաճ երկիրը XVII դարում դարձավ Օսմանյան կայսրության հետամնաց ծայրամասերից մեկը: Այդ կայսրության քայքայումից հետո Անգլիան ստանձնեց Իրաքը կառավարելու մանդատը կամ խնամակալությունը: Երկիրն անգլիական տիրապետությունից ազատվեց միայն 1958 թ-ին, երբ Իրաքի ժողովուրդը տապալեց անգլիամետ միապետական կարգերը և հռչակեց անկախ իրաքյան հանրապետության ստեղծման գործընթացի սկիզբը: Իշխանության գլուխ անցավ Արաբական սոցիալիստական վերածնության կուսակցությունը: 1980 թ-ին սկսվեց իրաքա- իրանյան 8-ամյա պատերազմը, որը մարդկային և նյութական մեծ կորուստներ պատճառեց Իրաքի ժողովրդին: Իսկ 1990 թ-ին Իրաքը ռազմական գործողություններ ծավալեց և զավթեց հարևան փոքրիկ Քուվեյթը: Սակայն այդ ագրեսիան դատապարտեց Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), և նրա նախաձեռնությամբ օգնության եկած ԱՄՆ-ի ու եվրոպական միացյալ ուժերը հարկադրեցին Իրաքին զորքերը դուրս բերել այդ երկրից: Ավելի ուշ Իրաքի վարչակարգը՝ Սադամ Հուսեյնի գլխավորությամբ, ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների կողմից հայտարարվեց սպառնալիք աշխարհի անվտանգության համար: 2003թ-ին ԱՄՆ-ը զորք մտցրեց Իրաք, տապալեց Հուսեյնի վարչակարգը (2006 թ-ի դեկտեմբերի 30-ին Սադամ Հուսեյնը ենթարկվեց մահապատժի՝ իրաքյան դատարանի որոշմամբ): Երկրում կարգուկանոն հաստատելու նպատակով ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի սահմանափակ քանակներ ցայսօր մնում են Իրաքում: Երկրում ընտրվել է նոր իշխանություն, և ջանքեր են գործադրվում նրա քաղաքական ու տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:
Իրաքը բազմազգ պետություն է. մեծ մասը արաբներ են, բնակվում են նաև քրդեր, թուրքմեններ, ասորիներ, հայեր և այլք:
Բաղդադից բացի, որը բարձրահարկ եվրոպական շինություններով ու լայն պողոտաներով ժամանակակից խոշոր քաղաք է, Իրաքի կարևոր արդյունաբերական, տրանսպորտային ու մշակութային կենտրոններ են Մոսուլը, Բասրան, Կիրկուկը, Ամարան, Ռամդին:
Իրաքի տարածքով անցնում են միջազգային նշանակության օդային մայրուղիներ, ինչպես նաև Բաղդադի երկաթուղին, որը Արևմտյան Եվրոպան կապում է Պարսից ծոցի հետ: Այստեղից են սկիզբ առնում դեպի միջերկրածովյան Տրիպոլի (Լիբանան), Բանիյաս (Սիրիա), Դորթյոլ (Թուրքիա) և Պարսից ծոց տանող հզոր նավթամուղները:
Երկրի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Արտադրում են նաև էլեկտրատեխնիկական սարքեր, ցեմենտ, տեքստիլ արտադրանք, ապակի, դեղորայք, կոշիկ, գյուղատնտեսական տեխնիկա, պողպատ:
Զարգանում է նաև գյուղատնտեսությունը, որով զբաղված է երկրի բնակչության կեսից ավելին: Մշակում են ցորեն, բրինձ, բամբակենի, ծխախոտ, բանջարեղեն, մրգեղեն: Բուծում են ուղտեր, ձիեր, ոչխարներ, այծեր:

Հայերն Իրաքում
Հայերն Իրաքում հայտնվել են տակավին VIII–XIII դարերից՝ Աբբասյան խալիֆության ժամանակ, և Բասրայում ու Բաղդադում հիմնել իրենց համայնքները: 1922 թ-ից հայերն այստեղ արդեն ունեին հոգևոր թեմ: Հետագայում գաղութն ստվարացավ հատկապես Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով տեղահանված և ջալալիների հալածանքներից փախած հայերի հաշվին: Իրաքի հայ գաղութը նկատելիորեն աճեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ այստեղ ապաստան գտան մոտ 100 հզ. գաղթականներ: Վերջին տարիների ամերիկա-իրաքյան բախման հետևանքով զգալի թվով հայեր արտագաղթեցին երկրից, և իրաքահայերի թիվը, որ հիշյալ հակամարտությունից առաջ շուրջ 20 հզ. էր, ներկայումս զգալիորեն նվազել է: Նրանք հիմնականում բնակվում են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Կիրկուկում, Խանաքինում, Հաբբանիում: Առավելապես զբաղվում են արհեստներով և առևտրով, կան նաև բժիշկներ, ճարտարագետներ, պետական ծառայողներ: Մոսուլում գործող մեքենանորոգման 5 խոշոր գործարաններից 4-ը պատկանել են հայերին:
Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են մշակութային, բարեգործական, մարզական միությունները: Լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» պարբերաթերթը: Իրաքում գործում են 9 հայկական եկեղեցիներ, որոնցից առաջինը՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է Բաղդադում 1640 թ-ին: Այն ուխտավայր է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար:
Իրաքում գործում են ազգային Սրբոց թարգմանչաց-Սվաճյան, Հայ ազգային, Վարդանանց, Հայոց դպրոց վարժարանները:
Իրաքահայ համայնքի մշակութային կյանքը ձևավորվել է 1920-ական թվականներից: Աշխույժ է եղել հատկապես թատերական և երաժշտական կյանքը: