Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Վարշավա
Տարածքը՝ 
312,7 հզ. կմ2
Բնակչությունը՝
38,5 մլն
Պետական լեզուն՝ 
լեհերեն
Դրամական միավորը՝ 
զլոտի
Վարշավայի Մշակույթի և գիտությունների պալատը
Գլիվիցիի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին
Կազիմեժ Մեծի՝ հայ եկեղեցուն շնորհած 
1367 թ-ի արտոնագիրը
Հայկական գորգերի հավաքածու Վարշավայի թանգարաններից մեկում
Լեհաստանի Հանրապետություն
Լեհաստանը գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Բալթիկ ծովի ափին: Երկիրը տեղաբաշխված է Վիսլա և Օդրա (Օդեր) գետերի ավազանում: Այս գետերով է մի ժամանակ անցել հայտնի «սաթի ճանապարհը», որով վաճառականներն Արևելք են տարել Բալթիկ ծովի ափերից հավաքած սաթն ու այնտեղ փոխանակել այլ ապրանքների հետ:
Լեհաստանը հիմնականում հարթավայրային երկիր է: Հարավում բարձրանում են Սուդետներ և Կարպատներ լեռները, Սիլեզյան, Լյուբլինյան և Փոքր Լեհական բարձրությունները: Ամենաբարձր և գեղատեսիլ լեռները Տատրաներն են, որոնց հյուսիսային ստորոտին է գտնվում Զակոպանե քաղաքը՝ Լեհաստանի «ձմեռային մայրաքաղաքը»: Շեշտակի դեպի երկինք խոյացող գագաթները, խորունկ կիրճերը, լեռնային լճերն ու ջրվեժներն այստեղ են բերում լեռնագնացների, լեռնադահուկորդների, քարանձավախույզների:
Լեհաստանը հարուստ է օգտակար հանածոներով: Այն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը պղնձի և ծծմբի պաշարներով, իսկ Եվրոպայում՝ քարածխի, գորշ ածխի, քարաղի, բազմամետաղների պաշարներով: Քարածխով հատկապես հարուստ է Սիլեզիան: Միմյանց հաջորդող փոքրիկ քաղաքները մարգարտաշարի նման գոտևորում են հանքաշխարհի կենտրոն Կատովիցեն: Դրանք տառացիորեն կառուցված են ածխաշերտերի վրա: 
Կլիման բարեխառն ցամաքային է. ձմեռը տևական է, սառնամանիքային, ամառը՝ շոգ: Լեհաստանի ամենամեծ գետը՝ Վիսլան, սկիզբ է առնում Սիլեզյան Բեսկիդներից (Արևմտյան Կարպատներ) և հոսում է դեպի հյուսիս՝ կտրել-անցնելով ամբողջ երկիրը:
Լեհաստանում կա ավելի քան 9 հզ. լիճ, որոնք փոքր են և շրջապատված են ճահիճներով: Դրանք հատկապես շատ են Վարիում ու Մազուրիայում: Այդ գեղատեսիլ երկրամասն այդպես էլ կոչվում է՝ 3 հզ. լճերի երկիր: Դեպի հարավ և հյուսիս, լճերի գոտուց այն կողմ, տարածվում են ցածրավայրերը:
Երբեմնի անտառապատ տարածությունները խիստ կրճատվել են: Անտառները պահպանվել են միայն արևելքում և զբաղեցնում են երկրի տարածքի 27%-ը: Խառնանտառներին անվանում են թավուտներ. դրանց մեծ մասը վերածվել է պահպանվող տարածքների (650 արգելոց և 14 ազգային պարկ):
Լեհական հողերում վաղուց ի վեր ապրել են արևմտյան սլավոնները: Առաջին պետությունն այստեղ կազմավորվել է ավելի քան 1000 տարի առաջ: Ըստ ավանդության՝ իշխան Լյախը պետության մայրաքաղաքի համար տեղ փնտրելիս բլրի վրա նկատել է սպիտակ արծվի բույն և որոշել քաղաքը հիմնել հենց այդ բլրի վրա: Այդ ժամանակվանից էլ լեհական զինանշանի վրա պատկերվում է սպիտակ արծիվ: Լեհական պետությունը երկար ժամանակ ստիպված է եղել պաշտպանվել գերմանական ասպետների Տևտոնական օրդենից, որը XIV դարում զավթել էր Լեհաստանի բալթյան ափերը: Այժմ էլ ժողովրդի մեջ պահպանվել է 1410 թ-ի Գրյունվալդի ճակատամարտի հիշողությունը, երբ լեհերի, լիտվացիների, ռուսների և չեխերի միացյալ ուժերը (ի դեպ՝ այդ ճակատամարտին մասնակցել է նաև հայկական ջոկատ) ջախջախեցին զավթիչներին: Այնուհետև լեհական պետությունը, որ կոչվում էր Ռեչ Պոսպոլիտա, վերելք ապրեց և հզորացավ: Բայց այդ հզորությունը երկարատև չեղավ: XVIII դարի վերջին ժամանակի 3 խոշոր պետությունները՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան, Լեհաստանի տարածքը բաժանեցին միմյանց միջև:
Լեհաստանի անկախությունը վերականգնվեց միայն 120 տարի անց, երբ լեհ ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարը պսակվեց հաջողությամբ. Առաջին համաշխարհային պատերազմում թուլացած Ռուսաստանն ու Գերմանիան 1918 թ-ին ճանաչեցին Լեհաստանի անկախությունը: 1939թ-ի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որով սկիզբ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Գերմանիայի հետ համաձայնությամբ՝ Խորհրդային Միությունն իր հերթին գրավեց Լեհաստանի արևելյան մարզերն ու միացրեց Բելառուսին և Ուկրաինային: Լեհական պետությունը կրկին դադարեց գոյություն ունենալ: Նրա տարածքում ստեղծվեցին Օսվենցիմ, Մայդանեկ, Տրեբլինկա և այլ համակենտրոնացման ճամբարներ, որտեղ պատերազմի տարիներին տանջամահ արվեցին միլիոնավոր լեհեր ու այլազգիներ:
1944-45 թթ-ին խորհրդային բանակի և ԽՍՀՄ-ում կազմավորված լեհական զորքերի համատեղ գործողություններով գերմանական բանակը դուրս մղվեց Լեհաստանից, և լեհ ժողովուրդը կրկին վերականգնեց իր պետականությունը:
1990-ական թվականների սկզբին, երբ սոցիալիստական հասարակարգն Արևելյան Եվրոպայի երկրներում փլուզվեց, Լեհաստանում վերականգնվեցին ժողովրդավարական կարգերը:
Ժամանակակից Լեհաստանը զարգացած արդյունաբերական պետություն է: Ընդլայնվել են արդյունաբերության ավանդական ճյուղերը՝ վառելիքաէներգետիկ, տեքստիլ, սննդի: Գործում են խոշոր ձեռնարկություններ, որոնք արտադրում են պողպատ, ալյումին, ցինկ, անագ, պղինձ: Ստեղծվել են նավաշինական, հաստոցաշինական և խողովակաշինական, օդանավաշինական, ավտոմեքենաշինական, ռադիոէլեկտրոնային և քիմիական գործարաններ:
Բարձր մեքենայացման շնորհիվ էական փոփոխություններ է կրել նաև գյուղատնտեսությունը: Մշակում են տարեկան, ցորեն, գարի, վարսակ, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, վուշ և այլն:
Լեհաստանը զարգացած գիտության և մշակույթի երկիր է. հանրահայտ են լեհ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը, գրող Հենրիկ Սենկևիչն ու բանաստեղծ Ադամ Միցկևիչը, կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը, ֆիզիկոս Մարի Սկլադովսկայա-Կյուրին և շատ ուրիշներ, որոնց ստեղծագործություններն ու հայտնագործությունները հարստացրել են համաշխարհային գիտությունն ու մշակույթը:
1964թ-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան դարձավ 700 տարեկան: Այն բաղկացած է 2 քաղաքից՝ Հին (Ստարե Մյաստո) ու Նոր (Նովե Մյաստո): Վիսլայի առափնյա փողոցում կա մի գեղեցիկ ծովահարսի արձան՝ մի ձեռքին՝ վահան, մյուսին՝ սուր: Դա Վարշավայի զինանշանն է, որ պատկերում է քաղաքը պաշտպանող վարշավուհուն: 
Կրակովը քաղաք-թանգարան է: 6 հարյուրամյակ այն եղել է երկրի մայրաքաղաքը: Վիսլայի բարձր ափին բազմել է պարսպապատ մի դղյակ՝ լեհ թագավորների աթոռանիստը: Այստեղ են թաղված նաև Լեհաստանի ազատագրության մարտիկ Թադեուշ Կոստյուշկոն և լեհ մեծ բանաստեղծ Ադամ Միցկևիչը: Կրակովի Յագելոնյան համալսարանն ունի ավելի քան 600 տարվա պատմություն: 
Գդանսկ, Գդինյա և Շչեցին նավահանգիստները երկիրը կապում են աշխարհի հետ: Դրանք միաժամանակ խոշոր նավաշինական կենտրոններ են: 

Հայերը Լեհաստանում
Տակավին XIV-XV դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ: Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը: Արևելքում Լեհական դիվանագիտության ռահվիրաններն էին Յան Սոբեսկին, Սեֆեր Մուրատովիչը, Շիմոն Պետրովիչը, Ռոմաշկևիչը և ուրիշներ: Դրա շնորհիվ էլ լեհ թագավորները հովանավորել են հայերին՝ նրանց ընձեռելով զանազան արտոնություններ, շնորհել ազգային սովորույթների և կրոնի պահպանության իրավունք:
Լեհահայերը կառուցել են եկեղեցիներ (կաթոլիկ), հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ: XVII դարում նրանք ունեին տպարան և թատրոն: Լեհահայերը տվել են նշանավոր գիտնականներ (Մելխիոր Ստեֆանովիչ, Սահակովիչ Կասյան, Շիմոն Բեդրոսովիչ, Յակոբ Առաքելովիչ, Ստեփանոս Ռոշքա, Գոգոժ Փիրամովիչը և ուրիշներ), պատմիչներ (Հովհաննես Կամենեցացի, Սիմեոն Լեհացի, Յան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ, Տոմաչ Նարգիլևիչ, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչ, Կայեթան Աբգարովիչ, Ադոլֆ Աբրահամովիչ, Յուզեֆ Նիկորովիչ, Կարոլ Միկուլին և ուրիշներ): Նրանք հիմնականում ապրել են Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Լուցկում, Վոլինում, Ռաշկովում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում և Վարշավայում: XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին մասնատված լեհական հողերում մնացել են փոքրաթիվ, հիմնականում կաթոլիկ հայեր, որոնք աստիճանաբար ձուլվել են: Ներկայումս Լեհաստանում բնակվում է 15-20 հզ. հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: 1980 թ-ից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թ-ից՝ Հայ մշակութային ընկերությունը, որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ: