Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Բեյրութ
Տարածքը՝  
10,452 հզ. կմ2
Բնակչությունը՝  
3,925 մլն
Պետական լեզուները՝  
արաբերեն, ֆրանսերեն, 
անգլերեն
Դրամական միավորը՝  
լիբանանյան ֆունտ 
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը 
Ալ Օմարի մզկիթը Բեյրութում
Անթիլիասի կաթողիկոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը
Զմմառի ձեռագրատան մագաղաթե Ավետարան
Ջիբեյլի «Թռչնոց բույն» վարժարանի նախակրթարանի և մանկապարտեզի շենքը
Լիբանանի Հանրապետություն
Լիբանանը արաբական փոքր երկիր է Միջերկրական ծովի արևելյան ափին: Մարդիկ այստեղ ապրում են հնագույն ժամանակներից: Հնէաբանները երկրի տարածքում հայտնաբերել են մի շարք ժողովուրդների նյութական մշակույթի հետքեր: Վաճառաշահ հարուստ քաղաքներով ու զարգացած գյուղատնտեսությամբ այս երկրամասը, որը հնում կոչվում էր Փյունիկիա, շատ հին պատմություն ունի: Տարբեր ժամանակներում այն զավթել են եգիպտացիներն ու խեթերը, բաբելացիք ու պարսիկները, ասորեստանցիներն ու հռոմեացիները, եվրոպական խաչակիրներն ու թուրքերը: Դեռևս հնագույն ժամանակներում Լիբանանից արտահանվել է լիբանանյան հռչակավոր մայրին, որը հայտնի է իր ամուր բնափայտով: Այդ ծառն այսօր էլ պատկերված է հանրապետության պետական դրոշի վրա:
Լիբանանում է գտնվում ճարտարապետության հնագույն հուշարձաններից մեկը՝ Բաալբեկ կամ Հելիոպոլիս հին բնակավայրը, որը գոյություն է ունեցել մեր թվականությունից շատ դարեր առաջ: Այստեղ պահպանվել են հռոմեացիների կառուցած տաճարային վիթխարի համալիրի ավերակները, որոնք այսօր էլ ապշեցնում են այցելուներին:
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Լիբանանը Օսմանյան կայսրության նահանգներից մեկն էր: Պատերազմից հետո Ազգերի լիգայի մանդատով այն կառավարում էր Ֆրանսիան: 1943թ-ին Լիբանանը հռչակվեց անկախ հանրապետություն, բայց ֆրանսիական զորքերը այնտեղից հեռացան միայն 1946 թ-ին: 
1970-ական թվականներին այդ փոքրիկ բարգավաճ երկիրը նոր փորձության ենթարկվեց. Լիբանանի տարածքում Իսրայելի հետ հակամարտող Պաղեստինի ազատագրական կազմակերպության առկայությունը պատճառ դարձավ, որ Իսրայելը քանիցս հարձակվի Լիբանանի վրա, իսկ 1982 թ-ին նույնիսկ գրավեց նրա ամբողջ հարավն ու մայրաքաղաք Բեյրութի արևմտյան մասը: Այդ պայմաններում Լիբանանում բռնկվեց քաղաքացիական պատերազմ, որը մեծ վնաս պատճառեց երկրին:
Լիբանանի հիմնական բնակչությունը արաբներն են, ապրում են նաև հայեր, քրդեր, հույներ, թուրքեր, պարսիկներ:
Երկրի բնությունը գեղեցիկ ու բազմազան է: Հյուսիսից հարավ երկիրը հատում են 2 լեռնաշղթաներ: Արևմուտքում Լիբանանի լեռնաշղթան ձգվում է Միջերկրական ծովի երկայնքով. ծովի ու լեռների միջև մնում է մի նեղ առափնյա հողաշերտ՝ նարնջենու և ադամաթզենու տնկարկներով: Զառիթափ լեռնալանջերը (լեռնագագաթների բարձրությունը տեղ-տեղ հասնում է 2500–3000 մ-ի) հարուստ են անտառներով, որտեղ աճում են կաղնի, թխկի, դափնի, սոճի, վայրի ձիթենի և, իհարկե, լիբանանյան հայտնի մայրին:
Երկրի արևմտյան մասում, Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ձգվում են Անդրլիբանանյան մերկ ու անհրապույր լեռները: Այս 2 զուգահեռ լեռնաշղթաների միջև ընկած Բեքաա հովտով հոսում է երկրի ամենամեծ գետը՝ Լիտանսին: Հովտի հարավային մասն իրավամբ համարվում է Լիբանանի շտեմարանը, որտեղ ամենափոքրիկ հողակտորն անգամ մշակվում է:
Լիբանանի կլիման մերձարևադարձային է. ամառը չոր է, ձմեռը՝ խոնավ: Ծովափնյա շրջաններում աճում են ցիտրուսներ, ադամաթզենի, ծովահայաց լեռնալանջերին՝ խնձորենի, դեղձենի, սալորենի, խաղող, ձիթենի և այլն: Հովտում մշակում են ցորեն, ծխախոտ, կարտոֆիլ: 
Արդյունաբերությունը թույլ է զարգացած. հիմնական ճյուղերն են տեքստիլ, սննդի, փայտամշակման, շինանյութերի, կաշվի-կոշիկի, ծխախոտի արտադրությունը: Նավթամշակման ձեռնարկությունները հիմնականում պատկանում են օտարերկրացիներին: Երկրի ազգային հարստության զգալի մասը գոյանում է առևտրից, բանկային գործառնություններից ու զբոսաշրջությունից:
Մայրաքաղաք Բեյրութը, որը մինչև քաղաքացիական պատերազմը կոչում էին «Արևելքի Փարիզ», և որն այժմ կիսավեր է, մեծ ու աղմկոտ նավահանգստային քաղաք էր, Մերձավոր Արևելքի առևտրական ու ֆինանսական խոշոր կենտրոն: Մյուս քաղաքները՝ Տրիպոլին ու Սայդան, նավահանգիստներ են և Իրաքից ու Սաուդյան Արաբիայից այստեղ եկող նավթամուղների վերջնական կետերը: Այս քաղաքներում են կենտրոնացված նավթամշակման գործարաններն ու խոշոր նավթամբարները:

Հայերը Լիբանանում
Վաղնջագույն ժամանակներից հայ վաճառականները Լիբանան էին բերում գինի, մրգեր, որդան կարմիր ներկը և այլ ապրանքներ: Արդեն XII–XIII դարերում այդ երկրի նավահանգստային քաղաքներում կային հայ համայնքներ, որոնք գնալով ստվարանում էին՝ Լիբանանի հարևանությամբ գտնվող Կիլիկյան Հայաստանի քայքայմանը զուգընթաց:
Հայերի առավել մեծ հոսքը Լիբանան, սակայն, տեղի է ունեցել, երբ թուրք ջարդարարների կազմակերպած Մեծ եղեռնից փրկված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ապաստան են գտել այնտեղ: 1946–47 թթ-ին հազարավոր լիբանանահայ ընտանիքներ հայրենադարձել են: 1970-ական թվականների քաղաքացիական պատերազմի հետևանքով լիբանանահայերի մի մասը արտագաղթեց հարևան Սիրիա, Կիպրոս, ինչպես նաև եվրոպական երկրներ ու ԱՄՆ: Լիբանանում ներկայումս բնակվում է շուրջ 70–80 հզ. հայ. նրանցից շատերը պետական պաշտոններ և կարևոր դիրքեր են զբաղեցնում տարբեր բնագավառներում: Կան խորհրդարանի հայազգի պատգամավորներ (Հ. Չուխատարյան, Ն. Տեմիրճյան, Ա. Տետեյան), արձակագիրներ (Ս. Սիմոնյան, Ս. Սեզան), լրագրողներ (Մ. Իշխան, Հ. Աղշապյան), գեղանկարիչներ (Փ. Կիրակոսյան, Հ. Թորոսյան, Ժ. Օհանյան), ճարտարապետներ (Մ. Ալթունյան): Հայերը հիմնականում ապրում են Բեյրութում, Տրիպոլի և Զահլե քաղաքներում, Անթիլիաս գյուղաքաղաքում, որտեղ գտնվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը:
Աշխույժ ազգային կյանքով է ապրում լիբանանահայ համայնքը: Հայերն ունեն իրենց բազմաթիվ մշակութային, երիտասարդական, մարզական, հայրենակցական ու բարեգործական կազմակերպությունները, կրթարանները՝ ավելի քան 30 դպրոց ու վարժարան, Հայկազյան համալսարանը, տասնյակ թերթեր և ամսագրեր՝ «Ազդակ», «Բագին», «Դիտակ», «Զարթոնք», «Կանչ», «Նայիրի», «Սփյուռք» և այլն, 25 եկեղեցի՝ Բեյրութի Սուրբ Հակոբ, Սուրբ Քառասնից մանկանց, Սուրբ Ավետման, Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և այլն: Բեյրութում գործում են հայկական ռադիոկայաններ: Լիբանանի հայ գաղութը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի հետ: Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտանում են հարյուրավոր լիբանանահայ երիտասարդներ: