 | Պետական կարգը՝ միապետություն Մայրաքաղաքը՝ Լյուքսեմբուրգ Տարածքը՝ 2,6 հզ. կմ2 Բնակչությունը՝ 439,5 հզ. Պետական լեզուները՝ ֆրանսերեն, գերմաներեն Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.` լյուքսեմբուրգյան ֆրանկ) |
 | Ալզետ և Պետրյուս գետերի միախառնման տեղում է գտնվում երկրի մայրաքաղաք Լյուքսեմբուրգը: |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն Լյուքսեմբուրգը գտնվում է Արևմտյան Եվրոպայում: Սահմանակից է Բելգիային (հյուսիսում), Ֆրանսիային (հարավում), Գերմանիային (արևելքում և հյուսիս-արևելքում): Հարևաններից երկուսը՝ Ֆրանսիան և Գերմանիան, մի քանի անգամ փորձել են տիրանալ Լյուքսեմբուրգին, բայց այդ փոքր երկրի բնակչությունը, օգտվելով իր հարևանների միջև եղած տարաձայնություններից, կարողացել է պահպանել իր անկախությունը, որը հռչակել է 1835 թ-ին (ճանաչվել է 1867 թ. մայիսի 11-ին): Երկրի տարածքը զբաղեցնում են Արդենների և Հռենոսյան թերթաքարային լեռների ճյուղավորությունները: Հարուստ է երկաթի հանքաքարով, թերթաքարերով, կրաքարերով և հանքային աղբյուրներով: Լյուքսեմբուրգը զարգացած արդյունաբերական երկիր է, արտադրում է Եվրոպայի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող պողպատ, թիթեղ, քիմիական տարբեր նյութեր, հաստոցներ և այլն: Լյուքսեմբուրգում կան հզոր ջրէկներ, որոնք արտադրում են տարեկան շուրջ 100 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի հիմնական ճյուղերն են անասնապահությունն ու երկրագործությունը. ստանում են ցորենի, գարու, եգիպտացորենի, պտուղների և բանջարեղենի բարձր բերք: Լյուքսեմբուրգն արտահանում է մեծ քանակությամբ միս, կարագ, պանիր, կաթի փոշի և այլ մթերքներ: Եվրոպայում բարձր համբավ ունեն Լյուքսեմբուրգում արտադրվող` հատկապես Մոզել գետի ափամերձ այգիների խաղողից ստացվող գինիները: Լյուքսեմբուրգը Եվրոպայի ֆինանսական կարևոր կենտրոններից է. երկրում գործում է շուրջ 200 բանկ, որոնց գործարքների շնորհիվ Լյուքսեմբուրգը ստանում է զգալի եկամուտ: Գեղեցիկ բնությունը՝ փարթամ անտառները, արագահոս գետերը, լայն հովիտները, ինչպես նաև միջնադարյան հուշարձանների՝ ամրոցների, դղյակների առատությունը նպաստում են օտարերկրյա զբոսաշրջության զարգացմանը, որը նույնպես զգալի եկամուտ է բերում երկրին: Լյուքսեմբուրգի բնակչության 90 %-ը լյուքսեմբուրգցիներ են, մնացածը՝ ներգաղթածներ: Պետական լեզուներին զուգահեռ բնակչությունն առօրյայում օգտագործում է իր՝ լյուքսեմբուրգյան լեզուն, որը գերմաներենի «ֆրանսիական բարբառն» է: Մայրաքաղաք Լյուքսեմբուրգը բաժանվում է 2 մասի. Ներքին քաղաքում գտնվում են արդյունաբերական ձեռնարկությունները, բանկերը, իսկ Վերին քաղաքում՝ ճարտարապետական հուշարձանները` Հռոմեական դիտքային աշտարակի փլատակները, Սեն Կիրեն ժայռափոր մատուռը, Սեն Միշել գոթական ոճի եկեղեցին:
|