Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լուսանկարչական ապարատ և տպագրական սարք 
Կինոխցիկի հիմնական մասերը
Այս ակնթարթային լուսանկարում պատկերված է պայթող փուչիկ: Լուսանկարման այս եղանակի դեպքում ապարատի փականակը բացվում է ընդամենը վայրկյանի միլիոներորդական մասով: Այս եղանակը կիրառվում է գերարագ լուսանկարման դեպքում, օրինակ՝ պայթյուններ, թռչող թռչուններ ու միջատներ լուսանկարելիս:
Լուսանկարչությունը գիտության, տեխնիկայի և արվեստի բնագավառ է, որն օգտագործում և ուսումնասիրում է լուսազգայուն նյութերի վրա պատկերներ՝ լուսանկարներ ստանալու եղանակները:
Մեր կյանքում լուսանկարները վաղուց արդեն սովորական են դարձել: Մարդիկ հաճախ լուսանկարում են սեփական հաճույքի համար, տոներն ու ընտանեկան հանդեսները հիշողության մեջ դրոշմելու նպատակով, սակայն լուսանկարչությունը կիրառվում է նաև բազմաթիվ այլ բնագավառներում, օրինակ՝ գովազդային գործում, լրագրության, գիտության և բժշկության մեջ: Կերպարվեստի հատուկ տեսակ է գեղարվեստական լուսանկարչությունը:
Լուսանկարչությունն ավելի քան 170 տարվա պատմություն ունի: Լուսանկարչական ապարատի նախատիպը ստեղծել են ֆրանսիացի գյուտարարներ Ժոզեֆ Նիեպսը (1836 թ-ին) և Լուի Դագեռը (1838 թ-ին): Նիեպսի լուսանկարչական ապարատն առաջնամասում ոսպնյակով փայտե արկղ էր: Ավելի կատարելագործված Դագեռի լուսանկարչական ապարատում պատկերն ստացվում էր ներսում դրված քիմիական նյութերով պատված անագե թիթեղի վրա: Մի քանի տարի անց անգլիացի Վիլյամ Ֆոքս Թոլբոթը հայտնաբերեց սևանկարից (նեգատիվ) թղթի վրա բազմաթիվ լուսանկարներ արտատպելու եղանակը, որից մինչև այժմ էլ օգտվում են: 1888 թ-ին ամերիկացի Ջ. Իսթմենը ստեղծեց առաջին ժամանակակից լուսանկարչական ապարատը՝ «Կոդակ» խցիկը` ճկուն ժապավենի գլանափաթեթով: Փոփոխվող օբյեկտիվներով փոքրիկ լուսանկարչական ապարատներն ի հայտ եկան XX դարի 20-ական թվականներին, իսկ էլեկտրոնային ինքնակիզակետումով և ինքնաշխատ պահաժամով ապարատները՝ 1970-ական թվականներին:
Ժամանակակից լուսանկարչական ապարատներն ամենատարբեր չափերի են. ամենափոքրերը տեղավորվում են գրպանում, իսկ անդրադարձնող օբյեկտիվով խոշորները նախատեսված  են փորձառու սիրող և արհեստավարժ լուսանկարիչների համար:
Լուսանկարչական ապարատի ամուր, անլուսաթափանց իրանը պաշտպանում է ներքին զգայուն մասերը և թույլ չի տալիս լույսն ընկնի ժապավենի վրա: Երբ մենք լուսանկարում ենք, փականակը մի ակնթարթ բացվում է, և լույսն ընկնում է ժապավենի վրա: Օբյեկտիվը հավաքում է լույսը և այն ուղղում ժապավենի վրա, որպեսզի ստացվի փոքրիկ պատկեր: Ապարատների մեծ մասի օբյեկտիվը կարելի է համալարել, որպեսզի ժապավենի վրա ստացվի ցայտուն և հստակ պատկեր: Այդ շարժընթացն անվանում են կիզակետում կամ հստակության ուղղորդում: Լուսազգայուն քիմիական նյութով պատված ժապավենի վրա դրոշմված պատկերն ավելի ուշ հայտածում, խոշորացնում ու տպում են լուսանկարչական թղթի վրա: Ստացվում է պատրաստի լուսանկարը:
Որպեսզի լուսանկարը հստակ ստացվի, պետք է ժապավենի վրա անհրաժեշտ քանակությամբ լույս ընկնի: Լուսանկարչական ապարատների մեծ մասն ունի օբյեկտիվից թափանցող լույսի քանակությունը կարգավորող բացվածք (ապերտուր):

Լուսանկարչական ապարատների տեսակները
Ամենապարզը և էժանագինը սիրողական պլաստիկե ապարատներն են: Ավելի բարդ՝ ամփոփ լուսանկարչական ապարատներն ունեն կիզակետման, փականակի պահաժամի, ժապավենի փաթաթման և լուսարձակումը կարգավորող ինքնաշխատ սարքեր: Խոշորացնող օբյեկտիվները հնարավորություն են տալիս լուսանկարել ողջ առարկան կամ նրա մի մասը:
Լուսանկարելիս այն ինչ տեսնում եք դիտանում (տեսարան որոնող հարմարանք) հետագայում հայտնվում է պատրաստի լուսանկարի վրա: Ամփոփ լուսանկարչական ապարատում դիտանը, որով մենք նայում ենք, գտնվում է օբյեկտիվի մոտ, իսկ անդրադարձնող 1 օբյեկտիվով ապարատներով լուսանկարելիս մենք նայում ենք անմիջականորեն օբյեկտիվի միջով:
Վերջին շրջանում լայն տարածում են գտել թվային լուսանկարչական ապարատները, որոնցում ժապավեն չի գործածվում: Պատկերը դրոշմվում է մագնիսական սկավառակի վրա կամ հիշողության հատուկ միկրոսխեմայում՝ թվային կոդի տեսքով, որն այնուհետև մտցվում է համակարգչի մեջ, մշակվում և ցուցադրվում է էկրանի վրա: Այս ապարատներն այն առավելությունն ունեն, որ ստացված պատկերը հնարավոր է տեսնել նրանց փոքրիկ էկրանների վրա և հարկ եղած դեպքում կրկնել: Ժամանակակից տպող սարքերը տպում են պատկերներ, որոնք իրենց որակով չեն զիջում սովորական լուսանկարներին: Ընդ որում՝ այդպիսի սարքը կարող է պատկերը տպել ոչ միայն լուսանկարչական ապարատից, այլև համակարգչից:
Ենթակարմիր լուսանկարչական ապարատները հնարավորություն են տալիս լուսանկարել մթության մեջ: Այս դեպքում օգտագործվում է ջերմային ճառագայթման երևույթը: 

Կինո–, հեռուստա– և տեսախցիկներ
Կինոխցիկը երկար ժապավենի վրա 1 վայրկյանում նկարահանում է 24 նկար (կադր): Երբ հայտածված ժապավենից պատկերները պրոյեկտվում են էկրանի վրա, կադրերն արագորեն հաջորդում են միմյանց, և հանդիսատեսը դիտում է շարժուն կինոնկարը: Հեռուստախցիկները կադրերը փոխարկում են էլեկտրական ազդանշանների, որոնք կարելի է անմիջապես հաղորդել և մեր հեռուստացույցներում կրկին փոխարկելով պատկերների՝ ցուցադրել: Տեսախցիկները հնարավորություն են տալիս մագնիսական ժապավենի վրա պատկերը պահպանել և էլեկտրոնային եղանակով  մշակել: Թվային տեխնոլոգիաները մուտք են գործել նաև այս բնագավառները. ներկայումս գործածության մեջ են մտել թվային կինո-, հեռուստա- և տեսախցիկներ:

Ինչպես լուսանկարել, հայտածել 
ժապավենը և լուսանկարներ տպել
Լավ լուսանկար ստանալու համար անհրաժեշտ է նախապես որոշել, թե հատկապես ի՞նչ եք ուզում պատկերել, ի՞նչ դիրք պետք է գրավեն ձեր ընտրած առարկաներն ու մարդիկ, ի՞նչ ձևեր, գույներ և նրբերանգներ պետք է արտահայտվեն ձեր լուսանկարում: Երբեմն անհրաժեշտ տպավորություն ստեղծելու նպատակով լուսանկարիչը լուսանկարման օբյեկտները հանգամանորեն դասավորում է, իսկ երբեմն էլ որևէ անսպասելի ու հետաքրքիր պահ որսալու համար արագորեն լուսանկարում:
Դրսում լուսանկարելու համար օգտվում են բնական լուսավորությունից: Փորձված լուսանկարիչները հմտորեն օգտագործում են արեգակի լույսի ու ստվերների խաղը: 
Լուսանկարված ժապավենը հարկավոր է հայտածել, այսինքն՝ դրա վրայի պատկերները դարձնել տեսանելի: Ժապավենը քիմիական նյութերի լուծույթներում լվանալիս պատկերը հայտնվում է այնտեղ, որտեղ ընկել է լույսը: Սովորաբար, այս դեպքում ստացվում է սևանկար (նեգատիվ), այսինքն՝ պատկերի բոլոր լուսավոր մասերը մուգ են ստացվում, իսկ մուգ մասերը՝ լուսավոր: Ճերմակ ամպերը, ձյունը, ատամները, աչքերի սպիտակուցները սևանկարում ածխի պես սև են, իսկ սև մազերը կամ գետինը՝ սպիտակ: Լուսանկար ստանալու համար սևանկարի միջով լույս են բաց թողնում լուսազգայուն թղթի վրա, որն այնուհետև մշակում են հատուկ նյութով:
Այս գործողությունների ժամանակ լուսանկարիչներն օգտագործում են լուսանկարչական տարբեր հնարքներ. երբեմն լուսանկարի մի մասը կտրում են կամ փոշեցիրով այն ամբողջապես պատում են ներկանյութով, երբեմն էլ տարբեր լուսանկարների պատկերները տպում են միատեղ, դրանք մեկը մյուսի վրա տեղադրելով` ստանում են նաև հետաքրքիր համադրություններ:
Սրահներում լուսանկարելիս առարկաները լուսավորում են բռնկումով կամ էլեկտրական լամպերով:

Լուսանկարիչներ
Թերթերի և ամսագրերի լուսանկարիչ-թղթակիցները լուսանկարում են ամենատարբեր իրադարձություններ՝ մարզական մրցումներից մինչև քաղաքական ցույցեր և նույնիսկ ռազմական գործողություններ, իսկ հրատարակման համար ընտրում են ամենահետաքրքիր լուսանկարները: Լուսանկարիչ-թղթակիցները լրագրողներ են, ովքեր իրադարձությունները մեկնաբանում են լուսանկարներով:
Ստուդիական լուսանկարիչները, սովորաբար, դիմանկարներ են կատարում կամ աշխատում են բնատիպարների (մոդելներ) հետ: Այս մասնագիտության լուսանկարիչները հատկապես ուշադրությամբ են վերաբերվում լուսանկարի համադրությանն ու լուսավորությանը: Նրանց լուսանկարները պարբերաբար հայտնվում են ամսագրերում և ազդագրերում:
Գիտական և բժշկական լուսանկարներ ստանալու համար կիրառվում են գիտանմուշների և գիտափորձերի լուսանկարման հատուկ եղանակներ: Նյութերի կամ բջիջների կառուցվածքը լուսանկարելու համար լուսանկարչական ապարատն ամրացվում է մանրադիտակին: Աստղագիտական հետազոտությունների համար տիեզերական մարմինները լուսանկարում են տիեզերքից, իսկ երկնային լուսատուները՝ խոշոր աստղադիտակների օգնությամբ:
Լուսանկարիչներից հայտնի էին Ջ. Կամերոնը, Պ. Լանժը, Ս. Բիթոնը, Ժ. Կարտյե-Բրեսսոնը, Ռ. Քեյփը, հայերից` Հ. Քարշը, Նեմրութը, Ա. Քոչարը, Ա. Գյուլերը և ուրիշներ: