Խավարումներն աստղագիտական երևույթներ են, երբ երկնային մարմինները մեկը մյուսին ծածկելու պատճառով Երկրից դիտողին ամբողջությամբ կամ մասամբ չեն երևում:
Մասնավորապես, խավարումներ տեղի են ունենում, երբ Երկիրը, Լուսինը և Արեգակը տարածության մեջ հայտնվում են մեկ ուղիղ գծի վրա: Եթե Երկրի և Արեգակի միջև հայտնվում է Լուսինը, ապա տեղի է ունենում արեգակնային խավարում, իսկ եթե Արեգակի և Լուսնի միջև հայտնվում է Երկիրը, դիտվում է լուսնային խավարում:
Լուսինը Երկրի շուրջը լրիվ պտույտ կատարում է 1 ամսում, սակայն ուղիղ Արեգակի առջևով այն անցնում է տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ: Երկրից դիտողին թվում է, թե Լուսինը և Արեգակը մոտավորապես նույն չափերն ունեն: Իրականում Արեգակը բազմաթիվ անգամ մեծ է Լուսնից, պարզապես Արեգակը շատ ավելի հեռու է Երկրից, քան Լուսինը: Ուստի դրանց թվացյալ չափերը զուտ պատահաբար գրեթե ճշգրիտ համընկնում են, այդ պատճառով էլ, երբ Լուսինն անցնում է Արեգակի առջևով, նրա սկավառակն ամբողջապես ծածկում է Արեգակը, և մենք դիտում ենք լրիվ արեգակնային խավարում: Այդ ժամանակ երկինքը մթնում է, իսկ Լուսնի սև սկավառակի շուրջը սկսում է տեսանելի դառնալ արևապսակը՝ շիկացած գազի թույլ լուսարձակումը:
Արեգակի լրիվ խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինն ամբողջությամբ փակում է Արեգակի սկավառակը: Այն տևում է մինչև 7,5 րոպե:
Լրիվ արեգակնային խավարում կարելի է դիտել միայն ընդամենը մի քանի կիլոմետր լայնության Երկրի մակերեվույթի նեղ շերտից: Երկրի յուրաքանչյուր կոնկրետ վայրից լրիվ արեգակնային խավարում շատ հազվադեպ է դիտվում: Փոխարենը, մասնակի խավարում, երբ Լուսինը ծածկում է արեգակնային սկավառակի միայն մի մասը, տեղի է ունենում շատ ավելի հաճախ:
Շատ ավելի դյուրին է դիտել Լուսնի խավարումները. դրանք երևում են Երկրի այն բոլոր վայրերից, որտեղ Լուսինն արդեն վեր է բարձրացել հորիզոնից: Խավարումների ժամանակ Լուսինը դառնում է ավելի սև ու կարմրավուն, սակայն ամբողջությամբ չի անհետանում: