Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորական, սիամական և սիրիական ընտանի կատուներ
Վանա կատուներ
Կատուներն ունեն բարեկազմ մկանուտ մարմին, ուժեղ զարգացած կարճ ոտքեր (առջևինները՝ հնգամատ, հետևինները՝ քառամատ): Ճանկերը ներքաշված մագիլներով են, խոշոր, կեռված: Գլուխը կլորավուն է, պոչը` երկար: Կա նաև կարճապոչ կատուների ցեղ: Մազածածկը կարճ է, իսկ բարձրլեռնային, հյուսիսային տեսակներինը՝ խավոտ: Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը համեմատաբար թույլ է:
Կատուներն ընտելացվել են շուրջ 5000 տարի առաջ: Ընտանի կատվի նախահայրը լիբիական կատուն է: Հայտնի է ժամանակակից կատուների մոտ 80 ցեղ. երկարամազ պարսկական կատու՝ մեծ կլորավուն գլխով, վեր ցցված քթով, թագավորական կատու՝ երկար նուրբ կազմվածքով և ալիքաձև, ասես ծալքավոր մորթով, Ման կղզու անպոչ կատու, սիբիրական կատու՝ խոշոր ու փափկամազ, անգորական կատու՝ նուրբ ու փարթամ մազածածկով, սիամական կատու՝ հարդավարդագույն երանգով, մուգ բծերով ու երկնագույն աչքերով: Բոլոր ընտանի կատուներն իրենց վայրի ցեղակիցների (եղեգնակատու, լուսան, հովազ, վագր և այլն) նման որսի են դուրս գալիս մթնշաղին և գիշերով: Սնվում են մանր կաթնասուններով, թռչուններով, սողուններով, ձկներով, միջատներով: Չնայած կատուն երկար տարիներ ապրել է մարդու կողքին, բայց իր վայրի սովորությունները չի կորցրել. նա գաղտագողի մոտենում է զոհին, ճանկերը հավաքելով բարձիկների մեջ՝ անսպասելի հարձակվում է և ճանկերը խրում նրա մարմնի մեջ: 
Ընտանի կատուները մաքրասեր են. նրանց բնական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է բնակարանում մշտական տեղ հատկացնել` դնել չոր ավազով կամ թեփով լցված արկղ, որի պարունակությունը հաճախակի պետք է փոխել: Այդ «բնում» էլ կատուն ծնում է 1–7 ձագ, որոնք ծնվում են փակ աչքերով (բացվում են 7–10 օրականում) և սնվում են մոր կաթով: Ընտանի կատուները հիմնականում տալիս են 2, երբեմն՝ 4 սերունդ: Ընտանի կատուները հիվանդանում են վարակիչ հիվանդություններով, որոնցից մարդու համար վտանգավոր են կատաղությունը, քոսը, խուզող որքինը, գոնջը և այլն: Ուստի կատուներին խնամելիս և նրանց հետ խաղալիս հարկավոր է խստորեն հետևել սանիտարահիգիենային կանոններին: Կատվի հետ նույն անկողնում քնել չի կարելի: Խնամքի բացակայության պայմաններում ընտանի կատուները վայրենանում են: 

Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը):
Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը՝ տարբեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով: Հատկապես արժեքավոր են տարագույն աչքերով կատուները: 
Նորածին կատվիկների աչքերը լինում են գորշագույն: Նրանց գույնը փոխվում է 25-րդ օրից սկսած և 40 օրականում ստանում է վերջնական գույնը: Սովորաբար այդ ցեղի կատուների ականջների միջև կարելի է նկատել 1 կամ 2 կետ: 2 կետի առկայությունը բնորոշ է տարագույն աչքեր ունեցողներին: Արուների կենդանի զանգվածը 3,6 կգ է, էգերինը՝ 2,9 կգ: Զուգավորվում են փետրվար-մարտին: Նոր ապրելավայրին հարմարվում են 20–30 օրվա ընթացքում:
Լավ որսորդներ են. որսում են մկներ, մողեսներ, թռչուններ, ճանճեր, միջատներ: Ուտում են նաև սեխ, ձմերուկ և այլ մրգեր: Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում են նաև կերակրի ջերմաստիճանը:
Վանա կատուների պոպուլացիաները ներկայումս խիստ կրճատվել են, նրանք խառնվում են նաև այլ ցեղերի հետ:
ՀՀ-ում Վանա կատվի հանդեպ հետաքրքրությունը վերածնվել է 1993 թ-ից սկսած: 2007-ին Հայաստանի բնության թանգարանում ցուցադրվել են 11 Վանա կատուներ: 

Անատոլիական կատու
Կատուների այս տեսակը նույնպես Վանա լճի շրջակայքի բնիկ ցեղերից է: Կարճամազ է: Ազատ ապրող պոպուլացիաները տարածված են Իրանից մինչև Կովկաս և Իրաք: Նման են Վանա կատուներին, ինչը պայմանավորված է նրանց արյունակցական կապերով, սակայն տարբերվում են իրենց վարքագծով, բնավորությամբ և ունակություններով:
Այդ կատուները Վանա կատուներից փոքր են, սակայն ականջները մեծ են: Պոչի ծայրը կլոր է, մկանուտ: Արտակարգ թռչկոտուն են (թռչում են 1,5-2 մ բարձր): Մորթին նման է Վանա կատվի մորթուն, բայց կարճ է ու հաստ: Անատոլիական կատուներն ունեն արտահայտված երաժշտական տվյալներ: Հազվադեպ են մլավում (սովորաբար` կտղուցի շրջանում): Պարզորոշ արտաբերում են առանձին ձայնավորներ՝ «ա-ա՛» կամ «ի-ի՛», կամ բառեր` «մա-մա՛»՝ դիմելով տիրոջը: Որևէ բան անելուց առաջ տիրոջից կարծես թույլտվություն են խնդրում. օրինակ՝ երբ երգում են «ի-ի՛» և դնչով ցույց է տալիս օդանցքը, նշանակում է «կարելի՞ է բարձրանալ այնտեղ»: Սիրում են նուրբ մեղեդային երաժշտություն, սովորաբար պոչով ռիթմիկ հարվածում են գետնին կամ պտտվում են, ասես վալս են պարում: Դիմախաղի մկանները լավ են զարգացած, դիմագծերը մարդու նման արտահայտիչ են: 
  • Հին Եգիպտոսում կատուն համարվել է սուրբ կենդանի. նրան նույնպես զմռսել ու թաղել են դամբարաններում: