 | Կոկռոշենու ճյուղը՝ պտուղներով |
Կոկռոշենին կոկռոշազգիների ընտանիքի բազմամյա բույս է: Հայտնի է մոտ 50 տեսակ՝ տարածված Ռուսաստանում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ թեքված կամ եվրոպական կոկռոշենին: Աճում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի (Սևանի ավազան) և այլ մարզերի անտառներում, անտառեզրերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Բարձրությունը մինչև 1 մ է: Ընձյուղները պատված են բաց կարմրավուն փշերով: Տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները մանր են, երկսեռ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը սպիտակ, դեղին, կարմիր կամ սև կեղծ հատապտուղ է՝ մազմզուկապատ կամ մերկ: Բազմանում է սերմերով, մացառներով, կտրոններով, թփի կիսմամբ, անդալիսով: Լուսասեր է, ցրտա-, ստվերա-, երաշտադիմացկուն: Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, C, B, P վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), ֆոսֆոր, երկաթի աղեր և այլն: Հատապտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ):
|