Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վաղ անցյալում մարդիկ կրակ ստացել են` փայտի կտորներն իրար հետ շփելով:
Հրդեհները մեծ վնաս են պատճառում հատկապես բուսական աշխարհին և երկրի տնտեսությանը:
Կրակը մարդիկ օգտագործել են հնագույն ժամանակներից. սկզբում օգտվել են կայծակից կամ օրգանական մնացորդների ինքնայրումից առաջացած բնական կրակից: Հետագայում կրակ ստացել են` փայտի 2 չոր կտորներ միմյանց շփելով, շաղափելով կամ կայծքարե հրահանի միջոցով: Միայն XIX դարի վերջին է հայտնագործվել ֆոսֆորե լուցկին:
Կրակի վրա մարդիկ կերակուր են եփել, կրակով վախեցրել են գազաններին, կրակով տաքացրել իրենց կացարանները: Մարդիկ կրակը երկրպագել են իբրև աստծու (կրակապաշտություն), նրա մասին առասպելներ հյուսել: Քրիստոնեության մեջ, օրինակ, կրակապաշտության մնացուկները պահպանվել են ծիսական մոմերի ձևով, ինչպես նաև դժոխքի` գեհենի կրակի մասին հավատով: Արևապաշտությունը և կրակապաշտությունն անհիշելի ժամանակներից տարածված են եղել նաև Հայաստանում: Հին հայերը հուրն ու ջուրը, երկնային շանթն ու անձրևը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ու եղբայր»՝ դրանց վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն: Այստեղից էլ առաջացել են տան՝ օջախի պաշտամունքը, կրակն ապականելու արգելքը: Մինչև այսօր էլ մեր ժողովրդի մեջ գոյատևում է Տյառնընդառաջի (Տրընդեզ) տոնը, որի ժամանակ խարույկներ են վառում, պտտվում շուրջը, թռչում կրակի վրայով:
Կրակի մեջ գցված փայտի կտորը նախ ճարճատում է ու թշթշում: Դա նշանակում է, որ կրակը գոլորշիացնում է փայտի մեջ եղած ջուրը: Հետո այդ փայտը սևանում է ու այրվում: Այդ ընթացքում նախ շատ ծուխ է բարձրանում, հետո, երբ կրակը բոցավառվում է ամբողջ թափով, ծուխը գրեթե անհետանում է: Դա բացատրվում է նրանով, որ խարույկի ջերմությունից փայտանյութը քայքայվում է, նրանից անջատվում են ցնդող օրգանական նյութեր՝ ածխաջրածիններ, որոնք բարձր ջերմաստիճանում այրվում են` առաջացնելով ածխաթթվական գազ, ջուր և մեծ քանակությամբ ջերմություն: Սկզբում տեղի է ունենում ածխաջրածինների մասնակի օքսիդացում, և գոյանում են մեծ քանակությամբ մրի մասնիկներ: Վերջիններս ջերմությունից շիկանում են, սկսում են լուսարձակել և առաջացնել բոց, իսկ երբ դրանք սառչում են, առաջանում է ծուխ: Ավելի բարձր ջերմաստիճանում մրի մասնիկներն այրվում են մինչև վերջ, և ծուխը վերանում է: Այրվող փայտանյութը, կորցնելով ցնդող նյութերը, ածխանում է, այսինքն՝ վերածվում է փայտածխի, որը կարելի է հետագայում առանձնացնել և օգտագործել: 
Մարդկության կարիքները բավարարելու համար պահանջվում է հսկայական քանակությամբ վառելանյութ՝ քարածուխ, նավթ, բնական գազ և այլն: Այն այրվում է էլեկտրակայանների հնոցներում, տարբեր մեքենաների ու ռեակտիվ շարժիչներում:
Այսպիսով, այրման համար անհրաժեշտ է 3 պայման. վառելանյութ, տաքացում (մինչև վառելանյութի բոցավառման ջերմաստիճանը) և թթվածին: Այրումը ջերմության անջատմամբ ու լուսարձակմամբ ուղեկցվող օքսիդացման ռեակցիան է:
Կրակը նաև վտանգավոր է: Դուրս գալով վերահսկողությունից՝ այն կարող է հրդեհ առաջացնել, զգալի նյութական վնաս տալ և մարդկային զոհերի պատճառ դառնալ: Հրդեհի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար կանոնակարգվում են հրդեհի գոտում գտնվող մարդկանց և այն վերացնող անձանց գործողությունները: Այրվող շինությունով անցնելիս, օրինակ, հարկավոր է մինչև գլուխը փաթաթվել թաց ծածկոցով, հաստ կտորով կամ վերնահագուստով: Խիստ ծխացող շինությունում ավելի լավ է առաջ շարժվել սողալով կամ կռացած: Այդպիսի շինության դուռը պետք է բացել զգուշորեն, այլապես օդի արագընթաց հոսքը բոցի նոր բռնկում կառաջացնի: Այրվող հագուստով չի կարելի վազել, այլ հարկավոր է պառկել գետնին, վրան վերմակ, ծածկոց, վերարկու կամ որևէ ծանր գործվածք գցել՝ դադարեցնելու համար օդի հոսքը դեպի այրվող մակերևույթ: Եթե բռնկել է էլեկտրահաղորդալարերի մեկուսապատվածքը, ապա կրակը կարելի է մարել միայն էլեկտրական հոսանքն անջատելուց հետո: Տանը, բնակարանում հրդեհի փոքրիկ օջախը հանգցնում են ջրով կամ ծածկում թաց, ծանր գործվածքով: Բռնկած այրվող հեղուկները հարկավոր է հանգցնել կրակմարիչով, ծածկել ավազով կամ հողով, իսկ փոքր օջախը՝ թաց հագուստով, գործվածքով: Կրակը հարկավոր է հանգցընել ամենաուժեղ այրվող տեղերում՝ կրակմարիչի հոսքն ուղղելով ոչ թե բոցի, այլ այրվող մակերևույթի վրա:
Հրդեհների ժամանակ, այրվածքներից և մեխանիկական վնասվածքներից (վերքեր, կոտրվածքներ) բացի, մարդիկ կարող են նաև թունավորվել պոլիմերների այրման արգասիքներից: Որոշ դեպքերում ոչ լրիվ այրման արգասիքները (օրինակ՝ շմոլ գազը) օդի թթվածնի հետ առաջացնում են այրվող և պայթյունավտանգ խառնուրդներ, որոնցից նույնպես պետք է զգուշանալ:
Հակահրդեհային անվտանգության 
կանոնները

Հակահրդեհային միջոցառումներ
  • Փակ պահել բոլոր դռները՝ հատկապես գիշերը:
  • Անջատել հեռուստացույցը և մյուս էլեկտրական սարքերը հոսանքի աղբյուրից` գիշերը և տանից բացակայելիս:
  • Տանը տեղադրել հակահրդեհային ազդանշանային սարքեր:
  • Չի՜ կարելի հագուստը կախել բաց կրակի և տաքացնող սարքերի մոտ:
  • Չի՜ կարելի խաղալ կրակի հետ:

Հրդեհի դեպքում
  • Փակել շենքի դուռը, որտեղ բռնկել է հրդեհը, եթե այնտեղ մարդիկ չկան:
  • Մեծահասակներին անմիջապես հայտնել հրդեհի մասին:
  • Հետևել, որպեսզի բոլորը դուրս գան շենքից:
  • Չի՜ կարելի վերադառնալ վառվող տարածք:
  • Հրդեհի մասին անհապաղ տեղեկացնել հըրշեջ ծառայոււթյանը: