Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Երևան
Տարածքը՝ 
29,8 հզ. կմ2 
(4,7 %-ը՝ ջրային)
Բնակչությունը՝ 
3,219 մլն
Պետական լեզուն՝
հայերեն
Դրամական միավորը՝
դրամ
Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մերձակայքի համայնապատկերը
ՀՀ Ազգային ժողովի շենքը
ՀՀ Կառավարության շենքը Երևանի Հանրապետության հրապարակում
Վիշապաքարեր, մ.թ.ա. II–I հազարամյակներ
Շենգավիթի համայնապատկերը, մ.թ.ա IV–III հազարամյակներ
«Արտաշատյան  Աֆրոդիտե», մարմարե արձանիկ, մ.թ.ա. II–I դարեր
Երերույքի եկեղեցու (V դար) շքամուտքի խոյակ
Սուրբ Գեղարդը` պահարանով
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին
Արմավիր քաղաքի (մ.թ.ա. III–II դարեր) ավերակները
Արարատյան դաշտը` Մասիսներով
Ջրաման, IX–XI դարեր, Անի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՂՀ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ
Արագածի հարավային գագաթը
Երևանի պետական համալսարանը. դիմացը՝ Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց հուշարձանը
Շիրակի դաշտը
Քաջարանի պղնձամոլիբդենային
հանքավայրը
Դեբեդ գետը
Անդեզիտ
Մարմարաշենի մարմար
Փամբակի գրանիտ
Ողջի գետի կիրճը
Մեծամոր լիճը
Ակնա լիճը Գեղամա լեռնավահանում
Գորշ արջ
Սովորական սկյուռ
Կաքավ
Հայկական մուֆլոն
Բեզոարյան այծ
Լուսան
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Երևանում
Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակը
Ծաղկաձորի ճոպանուղին
«Կոտայք» գարեջրի գործարանում
«Ջերմուկ» հանքային ջրի լցման արտադրամասը
«Մետրոպոլ» հյուրանոցը Երևանում
Հայկական գինիներն ու կոնյակները մեծ համարում ունեն:
Հայաստանը ցորենի որոշ տեսակների հայրենիքն է:
Հայաստանում բուսաբուծության հիմնական կենտրոնը Արարատյան դաշտն է:
Դեղձենու այգի
Հայաստանի մրգերն առանձնանում են համային յուրահատուկ որակներով:
Հավաբուծությունը ապահովում է հանրապետության ձվի և թռչնամսի պահանջարկի հիմնական մասը:
Բարձրլեռնային արոտավայր
ՀՀ-ն զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան տարածքի ոչ մեծ մասը (կազմում է երկրագնդի ցամաքի 0,02 %-ը, Ասիա աշխարհամասի՝ 0,7 %-ը): 
Ներառում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք և Ուտիք նահանգների տարածքների մի մասը, որը կազմում է պատմական Հայաստանի տարածքի 1/13-ը:
Առավելագույն ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 360 կմ է, արևմուտքից-արևելք՝ 200 կմ: Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ հայկական երկրորդ պետությանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, արևելքում և հարավ-արևմուտքում՝ Ադրբեջանին և նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևմուտքում՝ Թուրքիային: Սահմանագծի ընդհանուր երկարությունը 1422 կմ է:
Հայաստանն Այսրկովկասի այն երկրներից է, որը դեպի ծով ելք չունի: Սակայն այն Եվրոպան ու Ասիան իրար կապող ճանապարհների խաչմերուկ և անդրմայրցամաքային երկիր է: 
ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի: Մինչև 2005 թ-ի սահմանադրական փոփոխությունները մայրաքաղաք Երևանն ուներ մարզի, ներկայումս` համայնքի կարգավիճակ:
Մարզերը կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից: Հանրապետությունն ունի 953 գյուղ, 48 քաղաք, 932 համայնք, որից 871-ը՝ գյուղական, 61-ը՝ քաղաքային (2008 թ.):

ՀՀ դրոշն ու զինանշանը
ՀՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով (կարմիրը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը՝ երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը): ՀՀ զինանշանի կենտրոնում` վահանի վրա, պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և հայկական 4 թագավորությունների՝ Արտաշիսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվն ու առյուծը, որոնք խորհրդանշում են ոգու և իշխանության ուժը, արիությունը: Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը, փետուրն ու հասկերը՝ նրա ստեղծարար ոգին ու խաղաղասիրությունը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է:

ՀՀ պետական կարգը և 
կառավարումը
ՀՀ սահմանադրության համաձայն`  ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: 
Պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման հիման վրա:
ՀՀ սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեի միջոցով՝ 1995 թ-ի հուլիսի 5-ին, լրացումներով՝ 2005 թ-ի նոյեմբերի 25-ին:
Ըստ կառավարման ձևի՝ ՀՀ-ն կիսանախագահական հանրապետություն է: Հանրապետության նախագահը երկրի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Ընտրվում է ուղղակի, ընդհանուր հավասար ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: ՀՀ նախագահներ են եղել Լ. Տեր-Պետրոսյանը (1992–98թթ.), Ռ. Քոչարյանը (1998–2008թթ.), 2008 թ-ից Ս. Սարգսյանն է: Հանրապետության նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը: ՀՀ նախագահը ստորագրում և հրապարակում է օրենքները, իրավունք ունի որոշ դեպքերում արձակել Ազգային ժողովը և նշանակել նոր ընտրություններ, երկիրը ներկայացնում է միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքական ընդհանուր ղեկավարումը:
ՀՀ բարձրագույն օրենսդրական մարմինը միապալատ Ազգային ժողովն է (ԱԺ)՝ կազմված 131 պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրություններով՝ 5 տարի ժամկետով: Ազգային ժողովն իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է ԱԺ նախագահին և նրա 2 տեղակալներին: 
ՀՀ բարձրագույն գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ Կառավարությունը, որը կազմված է վարչապետից և նախարարներից: Կառավարության լիազորություններն ու կառուցվածքը  սահմանվում են սահմանադրությամբ և օրենքներով: Գործունեության կարգը սահմանում է հանրապետության նախագահը: 
Սահմանադրական վերահսկողության մարմինը ՀՀ սահմանադրական դատարանն է՝ բաղկացած 9 անդամից, որոնցից 5-ին նշանակում է Ազգային ժողովը, իսկ 4-ին՝ հանրապետության նախագահը: Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն:
ՀՀ արդարադատությունն իրականացնում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: Դատական մարմինների անկախության երաշխավորը հանրապետության նախագահն է: 
ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը գլխավորում է գլխավոր դատախազը:
ՀՀ զինված ուժերը կազմավորվում են ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ 18 տարին լրացրած քաղաքացիների զինակոչի միջոցով: Հայկական բանակը (Հայոց ազգային բանակ) կազմավորվել է 1992 թ-ի հունվարի 28-ին՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» Կառավարության որոշումով:
Հայաստանի Հանրապետությունը, լինելով հայ ժողովրդի պատմական ժառանգության կրողը, անկախություն նվաճելուց հետո դարձել է միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի միջազգային ճանաչում և վարում է ակտիվ արտաքին քաղաքականություն. դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ է հաստատել շուրջ 150 երկրների հետ: Դրանցից ավելի քան 20-ը ՀՀ-ում հիմնել են իրենց դեսպանությունները: ՀՀ-ն 1992 թ-ից անդամ է Միավորված ազգերի կազմակերպության և նրա կազմում կամ նրան առընթեր գործող բոլոր կառույցների, ընդունվել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, Միջխորհրդարանական միություն) մեջ: Հանրապետությունն անդամակցում է ԱՊՀ միջպետական կառույցներին: ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որոշակիորեն արտահայտված են Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը:

Պատմություն 
Հայոց անվանադիր նախնին Հայկն է. սերունդները հետագայում նրա անունով էլ կոչվել են` հայկազունք, հայք, հայեր, երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայաստան:
Հայկական լեռնաշխարհում համահայկական առաջին պետությունը, որ հայկական աղբյուրներում հայտնի է Այրարատյան թագավորություն կամ Թորգոմի տուն, իսկ Աստվածաշնչում՝ Թոգարմա անուններով, հիշատակվում է մ.թ.ա. 1032 թ-ին: Նրան հաջորդել է Վանի թագավորությունը, որը գոյատևել է մ.թ.ա. IX–VII դարերում: Այնուհետև ստեղծվել է Երվանդունիների համահայկական պետությունը (մ.թ.ա. VI–III դարեր): Մ.թ.ա. IV դարում Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը ներխուժել են Առաջավոր Ասիա, որից օգտվելով՝ Երվանդունիները, որ մինչ այդ Աքեմենյան Իրանի կազմում ընդգրկված Հայաստանի սատրապներ (կառավարիչներ) էին, հռչակել են երկու անկախ պետություններ՝ Փոքր Հայքը և Մեծ Հայքը: 
Մեծ Հայքն իր հզորության գագաթնակետին է հասել Արտաշիսյանների թագավորության ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. II-I դարերում: Տիգրան Բ Մեծի (95–55 թթ.) օրոք Հայոց տերության տարածքը կազմել է շուրջ 3 մլն կմ2. տարածվել է Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով:
Արշակունյաց թագավորության (I–V դարեր) ժամանակ, Տրդատ Գ Մեծի (298–330թթ.) օրոք՝ 301 թ-ին, Հայաստանում (առաջինը՝ աշխարհում) քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն: 387 թ-ին Հայաստանը բաժանվել է Արևելյան Հռոմեական կայսրության (395 թ-ից՝ Բյուզանդիա) և Սասանյան Պարսկաստանի միջև:  Երկու տարի անց Հայաստանի արևմտյան գավառները դարձել են Հռոմեական կայսրության նահանգներից մեկը, իսկ Արևելյան Հայաստանում թագավորությունը պահպանվել է մինչև 428 թ.:
Մասնատված Հայաստանի արևելյան ու արևմտյան հատվածները գնալով օտարանում էին միմյանցից, և երկու հատվածներում էլ սպառնալից էր դարձել ազգաձուլման քաղաքականությունը: Ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ եղավ հայկական գրերի ստեղծմանը: Հայ գրերի գյուտը (405 թ.) պատմական շրջադարձային նշանակություն ունեցավ ազգապահպանության հարցում:
Պարսից տիրապետության տակ անցած հայերն ապստամբեցին պարսիկների ազգաձուլման քաղաքականության դեմ և Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ 451 թ-ին Ավարայրի հերոսամարտով պահպանեցին իրենց հոգևոր ու մշակութային ինքնուրույնությունը: 481–484 թթ-ին Վահան Մամիկոնյանի գլխավորած հաղթական ապստամբության շնորհիվ պաշտոնապես ճանաչվեց Հայաստանի ներքին ինքնավարությունը:
VII դարի վերջերից Հայաստանը գտնվում էր Արաբական խալիֆության տիրապետության տակ: Բագրատունիների իշխանական տոհմին հաջողվեց IX դարի 2-րդ կեսին վերականգնել Հայոց պետականությունը, որը պահպանվեց մինչև 1045թ., ապա երկիրը նվաճեց Բյուզանդիան: 
Միջնադարում հայոց ազգային պետականության վերջին նշանավոր էջը Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափին կազմավորված Կիլիկիայի հայկական պետությունն էր (1080–1375 թթ.):
Սելջուկյան թուրքերի (XI–XIII դարեր), մոնղոլ-թաթարական (XIII դարի 1-ին կես) կարակոյունլու, ակկոյունլու և թաթար-թուրքմենական այլ վաչկատուն հորդաների (XIV դարի կես) վայրագ ներխուժումները, Լենկթեմուրի արշավանքները Հայաստան ուղեկցվում էին բնակչության զանգվածային կոտորածներով ու գերեվարումներով: Թուրքմեն խաշնարած ցեղերի վերսկսած կռիվները, որոնց պատճառով սաստկացել էր հայ բնակչության արտագաղթը, ծայրահեղ անկման հասցրին երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքը: Բազմիցս կատարվել են վարչատարածքային բաժանումներ: XV դարի վերջին և XVI դարի սկզբին Հայաստանի և հայ ժողովրդի գլխին կախվեց օսմանյան թուրքերի վտանգը: 1473 թ-ին Դերջանի ճակատամարտում նրանք, պարտության մատնելով ակկոյունլուներին, նվաճեցին Փոքր Հայքը և Մեծ Հայքի հյուսիսարևմտյան հողերը, իսկ 1478 թ-ին զավթեցին նաև Կիլիկիան:
XV դարի վերջին «կըզըլբաշ» կոչվող թյուրք ցեղերը ջախջախեցին ակկոյունլուներին և խլեցին նրանց տիրապետության տակ գտնվող երկրները, այդ թվում՝ Հայաստանը: 1514 թ-ին Ուրմիա լճի մոտ թուրքերը պարտության մատնեցին կըզըլբաշներին, և 1515 թ-ին Արևմտյան Հայաստանն անցավ օսմանյան Թուրքիային, իսկ Արևելյան Հայաստանը մնաց Սեֆյանների տիրապետության տակ: Փոփոխակի հաջողություններով ընթացող թուրք-պարսկական պատերազմն ավարտվել է 1639 թ-ին, և Կասրի-Շիրինի հաշտության պայմանագրով՝ Արևելյան Հայաստանն անցել է Իրանին, իսկ Արևմտյանը՝ Օսմանյան սուլթանությանը: XVII–XVIII դարերում հայ ազատագրական շարժման գործիչները դիմել են նաև արևմտյան քրիստոնյա պետություններին և Հռոմի պապին՝ Հայաստանի ազատագրությանն օգնելու խնդրանքով, սակայն՝ ապարդյուն: Միայն 1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին` ազատվելով արևելյան բռնապետական վարչակարգից և բնաջնջման վտանգից:
Իսկ Արևմտյան Հայաստանում թուրք իշխանավորները շարունակում էին իրենց հակահայկական ազգային ու սոցիալական քաղաքականությունը:
Հայերը պարբերաբար դուրս էին քշվում իրենց բնակավայրերից ու ենթարկվում դաժան հալածանքների: Դրանք ծայրահեղության հասան Առաջին աշխարհամարտի (1914– 1918թթ.) ժամանակ, երբ երիտթուրքական կառավարությունն իրագործեց հայ բնակչության զանգվածային տեղահանությունը դեպի Միջագետքի անապատներ: Բռնագաղթը, փաստորեն, քողարկված մահվան դատավճիռ էր մի ամբողջ ազգի նկատմամբ: Հայոց Մեծ եղեռնին զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն հայ, մոտ 800 հզ-ը դարձավ փախստական՝ ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այդպիսով՝ Արևմտյան Հայաստանը վերջնականապես հայաթափվեց. հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքի մեծ մասից:
Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին, հայոց գիրն ու հայկական արվեստը, ապահովելով ժողովրդի հոգևոր, լեզվական ու մշակութային միասնությունը, դարձել են ոգեղեն այն հզոր կռվանները, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը ոչ միայն գոյատևեց և պահպանեց իր ազգային ինքնությունը, այլև զգալի ավանդ ներդրեց իրեն ապաստանած երկրների հոգևոր և մշակութային կյանքում: 
Հայոց պետականության վերականգնումը հնարավոր եղավ միայն Արևելյան Հայաստանում. 1918թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Երկուս ու կես տարի գոյատևած այս պետության շարունակությունը եղավ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որը հռչակվեց 1920 թ-ի նոյեմբերի 29-ին և գոյատևեց շուրջ 70 տարի՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմում:
1960-ական թվականների կեսերին հայ ժողովուրդն ազգային զարթոնքի յուրօրինակ վերելք ապրեց, ինչը 1980-ական թվականների վերջին և 90-ականների սկզբին վերաճեց ազատագրական պայքարի, և ԽՍՀՄ-ի փլուզումով Հայաստանն անկախացավ:
1991 թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով և ՀՀ Գերագույն խորհրդի սեպտեմբերի 23-ի որոշումով հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Հայ ժողովրդի ազատագրական պայքարի շնորհիվ ծնունդ առավ նաև հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Բնակչությունը
Հայկական լեռնաշխարհը մարդկության հնագույն բնօրրաններից է: Սեպագիր արձանագրություններում հայկական ցեղերն այստեղ հիշատակվում են մ.թ.ա. III–I հազարամյակներում՝ տարբեր անվանումներով: Նրանց երկարատև միախառնման գործընթացով էլ կազմավորվել է հայ ժողովուրդը, որն ամբողջացել է Երվանդունիների օրոք:
Անցյալում հայերի առավելագույն թվաքանակը՝ 7 մլն, գրանցվել է XII–XIII դարերում: Դա կազմել է աշխարհի այդ ժամանակվա բնակչության 2 %-ը: Հետագայում այս թիվը տարբեր պատճառներով նվազել է և ներկայումս կազմում է 0,05 %-ը:
Հայերն ազգային պետականություն ունեցող այն եզակի ժողովուրդներից են, որի ավելի քան 2/3-ը ներկայումս բնակվում է պատմական հայրենիքից դուրս: Նրանք ցրված են աշխարհի ավելի քան 70 երկրներով, որոնց մեծ մասում ձևավորել են կազմակերպված համայնքներ և ակտիվորեն մասնակցում են տվյալ երկրի հասարակական, քաղաքական ու տնտեսական կյանքին: Հայկական առավել կազմակերպված և ստվար համայնքներ կան ՌԴ-ում (2,2 մլն), ԱՄՆ-ում (1,2 մլն), Ֆրանսիայում (450 հզ.), Վրաստանում (350 հզ.), Իրանում (80 հզ.), Լիբանանում (70–80 հզ.) և այլուր:
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակի փոփոխության մեջ մեծ դեր է կատարել բնակչության մեխանիկական շարժը՝ ներգաղթն ու արտագաղթը: Զանգվածային հայրենադարձության շնորհիվ 1920–30 և 1946–48 թթ-ին Հայաստան է ներգաղթել մոտ 240 հզ., 1988–90 թթ-ին՝ Ադրբեջանից զանգվածային բռնագաղթի հետևանքով՝ 360 հզ. մարդ, իսկ 1990-ական թվականներին զանգվածային արտագաղթի ճանապարհով ՀՀ-ից հեռացել է շուրջ 1 մլն մարդ:
ՀՀ-ն խիտ բնակեցված երկիր է (միջին խտությունը՝ 108 մարդ/կմ2). առավել խիտ բնակեցված են Արարատյան (ՀՀ բնակչության 65 %-ը) և Շիրակի դաշտերը:
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը` ըստ մարզերի և մարզկենտրոնների (2008 թ-ի հունվարի 1-ի դրությամբ) (հազար մարդ)
    ՀՀ-ում մշտական բնակչություն կա 400–2400 մ բարձրություններում, որի խտությունն ըստ բարձրության նվազում է: Ամենացածրադիր բնակավայրը Լալվար գյուղն է (Տավուշի մարզ), իսկ ամենաբարձրադիրը՝ Վերին Շորժա գյուղը (Գեղարքունիքի մարզ):
ՀՀ-ն բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր պետություններից է: Բնակչության 96 %-ը հայեր են, բնակվում են նաև ռուսներ, եզդիներ, ասորիներ, քրդեր, ուկրաինացիներ, հույներ, հրեաներ և այլք:
XX դարի սկզբներին Հայաստանը տիպիկ գյուղացիական երկիր էր, որի բնակչության 90 %-ը բնակվում էր գյուղերում: Քաղաքի կարգավիճակ ուներ ընդամենը 4 բնակավայր՝ Երևանը, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի), Նոր Բայազետը (այժմ՝ Գավառ) և Գորիսը: Հետագայում արագ թափով աճեցին ոչ միայն այդ քաղաքները, այլև ծնվեցին նորերը՝ Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Արթիկ, Կապան, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և այլն:
Ներկայումս ՀՀ-ում կան 48 քաղաք, որտեղ բնակվում է բնակչության 70 %-ը, և 953 գյուղական բնակավայրեր:
Իսկ հայ ժողովրդի պատմության, արվեստի ու մշակույթի մասին հոդվածները կարող եք կարդալ 2-րդ գրքի հատորներում:

Լեռնագրություն
ՀՀ տարածքն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան եզրային ծալքաբեկորավոր լեռների և հրաբխային միջնաշխարհի մի հատվածը, որի 2 %-ն ունի մինչև 800 մ բարձրություն, շուրջ 60 %-ը՝ մինչև 2000 մ, 38 %-ը 2000 մ-ից բարձր է և քիչ բարենպաստ տնտեսական գործունեության համար: Մեծ են բացարձակ բարձրությունների տարբերությունները. ամենաբարձրը քառագագաթ Արագածն է՝ 4090 մ, ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում՝ 375 մ, միջին բարձրությունը՝ 1830 մ: ՀՀ տարածքի 18 %-ը հարթավայրեր են, 80 %-ը՝ լեռներ: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը և Հայաստանի պատմական խորհրդանիշը Արարատ լեռն է (5165 մ), որը 1920-ական թվականներից Թուրքիայի տարածքում է:
Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր.
1. Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը Փոքր Կովկասի կենտրոնական հատվածն է, ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք: Ծայր հյուսիսում Վիրահայոց լեռնաշղթան է, որից հարավ, գրեթե զուգահեռականի ուղղությամբ, ձգվում են Բազումի, Հալաբի լեռնաշղթաները. վերջինիս շարունակությունը դեպի հյուսիս-արևելք Դեբեդ և Աղստև գետերի միջև S-աձև ձգվող Գուգարաց լեռնաշղթան է՝ Սևորդյաց, Իջևանի, Ոսկեպար, Մթնասար լեռնաճյուղերով: Բազումի լեռնաշղթային զուգահեռ, Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք, ձգվում է Փամբակի լեռնաշղթան, որից հարավ-արևելք ճյուղավորվում է Ծաղկունյաց լեռնաշղթան, նրա հարևանությամբ՝ անտառային բնության գրկում, Ծաղկաձոր ամառանոցային քաղաքն է: Սևանա լճի հյուսիսարևելյան ափի երկայնքով տարածվում է Արեգունու լեռնաշղթան, որին հաջորդում է Սևանի լեռնաշղթան, ապա՝ հարավ-արևելք ուղղությամբ՝ Արևելյան Սևանի լեռնաշղթան: ՀՀ հյուսիս-արևմուտքում՝ Ախուրյանի հովտից մինչև Փամբակի հովիտը, Շիրակի լեռնաշղթան է, որը Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հետ կազմում է ընդհանուր ջրբաժան՝ լեռնագրական միավոր՝ 310 կմ երկարությամբ: Արեգունու լեռնաշղթայից Գետիկի հովտով բաժանվում է Միափորի լեռնաշղթան, որից ճյուղավորվում են Կենաց, Հախումի, Տավուշի, Խնձորուտի ոչ բարձր լեռնաշղթաները, որոնք ջրբաժան են համանուն գետերի և Աղստևի միջև:
2. Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզը ՀՀ տարածքի մոտ 45 %-ն է. սկսվում է հյուսիս-արևմուտքից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաներով, ձգվում հարավ, ապա՝ հարավ-արևելք՝ ընդգրկելով Արագածը և Արայի լեռը, Գեղամա լեռնավահանը, Վարդենիսի լեռնաշղթան, Սյունիքի բարձրավանդակը: Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով, թույլ մակերևութային հոսքով: Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները: Թթվային լավան, դուրս մղվելով, կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լեռնազանգվածներ, ինչը լավ է արտահայտված Սպիտակասար, Վարդենիս, Մեծ Իշխանասար լեռնագագաթներում:
3. Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ: Ամենախոշոր լեռնագրական միավորը Զանգեզուրի լեռնային համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաներով և նրանց բազմաթիվ լեռնաճյուղերով: Առանձին լեռնագրական միավոր է Խուստուփ–Կատարի աղեղնաձև լեռնաշղթան:
4. Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզում լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները, որոնց հատակի հարթ տեղանքը հայ ժողովուրդն ավանդաբար դաշտ է անվանել: Առավել խոշոր միավորը Արարատյան գոգավորությունն է, որի հատակը Արարատյան դաշտն է: ՀՀ արևելքում Սևանի գոգավորությունն է, հատակում՝ Սևանա լիճը: Նշանավոր են նաև Լոռու, Շիրակի, Ապարանի, Մասրիկի դաշտերը: 
ՀՀ տարածքը ներառված է Ալպ-Հիմալայան երկրաշարժային գոտու մեջ. այստեղ հաճախակի են երկրաշարժերը: Ամենաուժգինն ու կործանարարը Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր, որը պատճառել է մեծ ավերածություններ:

Օգտակար հանածոներ
ՀՀ տարածքի երկրաբանական կառուցվածքի երկարատև բարդ ձևավորումն ու ապարների բազմազանությունը պայմանավորել են տարբեր ծագման, բնույթի և կիրառական նշանակության օգտակար հանածոների առաջացումը:
Հանրապետության տարածքն առանձնապես հարուստ է գունավոր մետաղներով: Առավել կարևոր են պղնձամոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ–Թեյի, Մեղրաձոր, Արմանիս), բազմամետաղային (Ախթալա, Արմանիս, Գլաձոր, Կաքավասար և այլն), երկաթի (Կապուտան, Հրազդան, Սվարանց և այլն) հանքավայրերը: 
ՀՀ ընդերքը հարուստ է նաև ոչ մետաղային հանածոների բազմազան տեսակներով: Դրանցից առանձնապես կարևոր են հրաբխային ծագման բնական շինանյութերը. տարածված են տուֆը (Արթիկ, Երևանի շրջակայք, Բյուրական, Անիպեմզա), պեմզան (Պեմզաշեն, Անիպեմզա), բազալտը (Դեբեդի հովիտ, Արագած լեռնազանգված, Գեղամա լեռնավահան), գրանիտը (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի լեռնաշղթաներ), պեռլիտը (Արագած), կրաքարը (Արարատ, Ջաջուռ), մարմարը (Աղվերան–Արզական, Խոր վիրապ, Մարմարաշեն), հրակայուն (Թումանյան, Շորժա) և բենթոնիտային (Սարիգյուղ) կավերը:
Հանրապետությունում կան նաև կերակրի աղի, վանակատի, տրավերտինի, բարիտի, գիպսի, դիատոմիտի, ասբեստի, քվարցի, ագաթի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի պաշարներ:
ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով («Ջերմուկ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Սևան», «Արարատ» և այլն), որոնք իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի են նաև հանրապետության սահմաններից դուրս:

Ջրագրությունը
ՀՀ տարածքն աչքի է ընկնում լեռնային երկրներին բնորոշ անհամաչափ ջրագրական ցանցով: Գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Կուրի և Արաքսի վտակներն են: Այդ գետերի ջրհավաք ավազանների ջրբաժան գիծը ՀՀ տարածքը բաժանում է երկու անհավասար մասերի՝ Արաքսի՝ 22,56 հզ. կմ2 (տարածքի 76 %-ը), և Կուրի՝ 7,2 հզ. կմ2 (24 %-ը), ավազանների միջև: ՀՀ-ում հաշվվում են 9479 գետ ու գետակ՝ 23 հզ. կմ ընդհանուր երկարությամբ. ամենամեծն ու ջրառատը սահմանային Արաքս գետն է, գետերից 379-ը ունեն մինչև 100 կմ երկարություն, իսկ 6-ը (Ախուրյան, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Աղստև, Արփա)՝ 100 կմ-ից ավելի: Գետերը հիմնականում սկիզբ են առնում բարձր լեռներից, որի պատճառով էլ ունեն մեծ անկում, հոսքի մեծ արագություն, առաջացնում են սահանքներ ու ջրվեժներ (Շաքիի, Ջերմուկի, Թռչկանի), նավարկելի չեն, սակայն ունեն մեծ ջրաէներգետիկ պաշարներ:
ՀՀ ջրագրական առանձնահատկություններից է տարբեր ծագման՝ տեկտոնաարգելափակման (Սևանա), սառցադաշտային (Քարի, Ակնա, Սև, Ղազանի), արգելափակման (Պարզ, Գոշ), խառնարանային (Աժդահակ, Արմաղան) լճերի առատությունը. բոլորը քաղցրահամ են:
Գարնանային ձնհալքի ու անձրևային ջրերը կուտակելու և գետերի հոսքը կարգավորելու նպատակով հանրապետությունում կառուցվել են մի քանի տասնյակ արհեստական լճեր՝ ջրամբարներ, որոնք կուտակում են ավելի քան 1,1 մլն կմ3 ոռոգման ջուր: Առավել խոշորներն են Ախուրյանի, Սպանդարյան, Արփի լճի, Ապարանի, Տոլորսի, Ազատի, Կեչուտի և այլ ջրամբարներ:

Կլիման
ՀՀ-ն գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու կլիմայական հակադրություններով: ՀՀ կլիմայի վրա մեծ է հարակից տարածքների՝ Մեծ Կովկասի, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների, արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի ազդեցությունը: ՀՀ տարածքին բնորոշ է արևոտ կլիման: Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 27օ-ից (դեկտեմբեր) մինչև 74օ է (հունիս), ցերեկվա տևողությունը` համապատասխանաբար` 9 ժամ 17 րոպեից մինչև 15 ժամ 3 րոպե: Արեգակի տարեկան ճառագայթային հաշվեկշիռը դրական է և տատանվում է 40–70 կկալ/սմ2 սահմաններում: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը տատանվում է 1930 ժամից (Իջևան) 2780 ժամի (Մարտունի) սահմաններում: Տարվա ընթացքում առավելագույն անարև օրեր (64) դիտվում են Իջևանում, նվազագույնը (19)՝ Սևանի թերակղզում:
ՀՀ-ում տարվա ընթացքում տիրապետում են մերձարևադարձային գոտուն բնորոշ արևմտյան օդային հոսանքները, որոնք լեռնային ռելիեֆի պայմաններում փոխում են իրենց բնույթը և պայմանավորում քամիների բազմազանությունն ու ռեժիմը: Ըստ բարձրության՝ մեծանում է քամու արագությունը: Բարձրլեռնային գոտում ու լեռնանցքներում ձմռանը քամու արագությունը 6–9 մ/վ է, փակ գոգավորություններում՝ 1 մ/վ: Ռելիեֆի անհավասարաչափ տաքացման հետևանքով, առավելապես ամռանը, առաջանում են լեռնահովտային քամիներ: Քամիների օրական ընթացքը լճային բրիզների ձևով արտահայտված է Սևանի ավազանում, հատկապես՝ լճի հարավային ափին: Լեռնային շրջաններին բնորոշ են նաև ֆյոն (վարընթաց տաք) քամիները, որոնք հաճախ ուղեկցվում են արագ ձնհալքով: Արևադարձային օդային հոսանքների թափանցման հետ են կապված շոգ եղանակներն ու առավելագույն ջերմաստիճանները (ցածրադիր վայրերում՝ 42օC, բարձրադիրներում՝ 20օC): Արկտիկական օդային հոսանքների ազդեցությունն զգալի է հատկապես ձմռանը: Դրանք առաջացնում են ցածր ջերմաստիճաններով (ցածրադիր վայրերում` –20օC, բարձրադիրներում՝ մինչև –46օC) չոր եղանակ:
Ամենաբարձր տարեկան միջին ջերմաստիճանը (13,8օC) դիտվում է Մեղրիում, ամենացածրը (–2,7օC)՝ Արագածում (բարձրլեռնային կայան): Ամենացուրտ ամիսը հունվարն է (նվազագույն ջերմաստիճանը՝ –46օC, Շիրակի մարզ, Պաղակն), ամենատաքը՝ հուլիսն ու օգոստոսը (առավելագույն ջերմաստիճանը՝ 42օC, Արարատյան դաշտ): 
Լեռնային երկրներին հատուկ օրինաչափությամբ՝ ՀՀ-ում կլիմայական գոտիները փոխվում են ըստ բարձրության: Յուրաքանչյուր գոտուն բնորոշ է կլիմայի յուրահատուկ տիպ, դրանք 8-ն են.
1. չոր մերձարևադարձային. ձևավորվում է ՀՀ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ մինչև 700–900 մ բարձրություններում: Ձմեռը կարճատև է, մեղմ՝ անկայուն ձնածածկույթով (տարեկան տեղումները՝ 350 մմ): Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 1օC-ից –1օC է, նվազագույնը՝ –25օC: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 24–26օC է, առավելագույնը՝ 41օC: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ 230–250 օր:
2. Չոր, խիստ ցամաքային. ձևավորվում է Արարատյան դաշտի գոգավորության մինչև 1000 մ բարձրություններում: Ձմեռը ցուրտ է, ամառը տևական է, շոգ և չոր: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը –4օC է, նվազագույնը՝ –33օC: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 26օC է, առավելագույնը՝ 42օC: Տարեկան տեղումները՝ մինչև 300 մմ: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ 230 օր:
3. Չափավոր շոգ. ձևավորվում է ՀՀ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ 900–1300 մ բարձրություններում: Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր շոգ և չոր: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը –3օ-ից –5օC է, նվազագույնը՝ –30օC: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18–22օC է, առավելագույնը՝ 35օC: Տարեկան տեղումները՝ 500–600 մմ: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ 220 օր:
4. Չափավոր ցամաքային. ձևավորվում է Արարատյան գոգավորության և Վայքի մինչև 1500–1700 մ բարձրություններում: Միակ գոտին է, որտեղ կլիմայական եղանակները համընկնում են օրացուցային եղանակների հետ: Ձմեռը չափավոր ցուրտ է, տևական՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ չափավոր շոգ: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 8օC է, նվազագույնը՝ –33օC, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 20–23օC է, առավելագույնը՝ 38օC: Տարեկան տեղումները՝ 500–600 մմ: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ մինչև 200 օր:
5. Չոր, ցամաքային. ձևավորվում է Արարատյան գոգավորության և Վայքի մինչև 1400–1500 մ բարձրություններում: Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու չորային, աշունը՝ մեղմ ու արևոտ: Հունվարին միջին ջերմաստիճանը –4օC-ից –5օC է, նվազագույնը՝ –34օC: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 23օC է, առավելագույնը՝ 41օC: Տարեկան տեղումները՝ 350–500 մմ: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ 200–220 օր:
6. Բարեխառն լեռնային. ձևավորվում է մինչև 2400 մ բարձրության լեռնալանջերին ու սարավանդներում: Ձմեռը տևական է, ցուրտ՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ տաք, համեմատաբար՝ խոնավ: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը –2օC-ից –8օC է, նվազագույնը՝ –35օC: Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 16–23օC է, առավելագույնը՝ 36օC: Տարեկան տեղումները՝ 600– 700 մմ: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ 110–170 օր:
7. Ցուրտ լեռնային. ձևավորվում է մինչև 3500 մ բարձրություններում: Ձմռանը գոյանում է հզոր ձնածածկույթ, ամառը կարճատև է, զով: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը –10օC-ից –13օC է, նվազագույնը՝ –46օC: Հունիսին օդի միջին ջերմաստիճանը 6օ–12օC է, առավելագույնը՝ 28օC: Տարեկան տեղումները՝ 700–1000 մմ: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ մինչև 70 օր:
8. Ձնամերձ լեռնային (խիստ ցուրտ). ձևավորվում է 3500 մ-ից բարձր լեռնագագաթներին: Մակերևույթի ցածրադիր տեղանքներում տարին բոլոր պահպանվում են ձնաբծեր: Ձմռան տևողությունը 6 ամիս է, ձնածածկույթի հաստությունը՝ մինչև 2 մ: Գարունը և աշունը կարճատև են, ցուրտ: Ամառ չի լինում: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը –12օC է, նվազագույնը՝ –46օC: Հունիսին օդի միջին ջերմաստիճանը 6օC-ից ցածր է, առավելագույնը՝ մինչև 20օC: Տարեկան տեղումները՝ մինչև 900–1100 մմ: Անսառնամանիք ժամանակաշրջանը՝ մինչև 40 օր:

Բուսական և կենդանական 
աշխարհները
Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնք առանձնանում են համեմատաբար մեծ կենսաբազմազանությամբ, ինչը պայմանավորված է աշխարհագրական դիրքով (բաժանվում է բուսական 3 տարբեր պրովինցիաների՝ Կովկասյան, Արմենա–Իրանական, Արևելամիջերկրածովյան, և 3 կենդանաաշխարհագրական օկրուգների՝ Իրանական, Կովկասյան ու Փոքրասիական շփման գոտում), տարածքի երկրաբանական զարգացման պատմությամբ, մակերևույթի լեռնային բնույթով և այլն:
Բուսական աշխարհն ունի արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ` շուրջ 3500 բարձրակարգ բուսատեսակ (յուրաքանչյուր 1000 կմ2-ին ընկնում է մոտ 107 տեսակ): Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում սնկերը, ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ: Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել են նաև հարևան երկրներում, իսկ 115-ը բնաշխարհիկ են (Հայաստանի արոսենին, նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Ուրարտուի ցորենը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը և այլն): ՀՀ-ն աչքի է ընկնում նաև մնացորդային բուսատեսակների առկայությամբ (կենի, սոսի, արջատխլենի, խնկենի, գիհի, մրտավարդ, սովորական բաղեղ, ծովոսպ, սպիտակ ու դեղին ջրաշուշաններ և այլն):
Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի (ցորեն, աշորա, գարի, վարսակ, ոլոռ, սոխ, ճակնդեղ, զանազան հատապտուղներ, կորիզավոր, հնդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն) վայրի ազգակիցները: Միայն վայրի զուտ տեղական տանձենու տեսակների թիվը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն: 
ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացուկներ՝ բրածո բույսեր: Դրանք օգնում են որոշելու ապարների հասակը, բացահայտելու նստվածքակուտակման պայմանները, համադրելու ցամաքային ու ծովային հասակակից ապարները և վերականգնելու հնակլիման: Ինչպես յուրաքանչյուր լեռնային երկրում, Հայաստանում նույնպես բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ:
Հարուստ ու բազմազան է ՀՀ կենդանական աշխարհը: Այն ընդհանուր առմամբ ներկայացված է անողնաշարավոր կենդանիների ավելի քան 17.000 և ողնաշարավորների 523 տեսակներով: Անողնաշարավորները ՀՀ-ում ներկայացված են արմատոտանիների, ինֆուզորիաների, կնիդոսպորիդիաների, խեցգետնակերպների, փորոտանիների, երկփեղկանիների, սարդանմանների ու միջատների դասերով. ընդ որում` միջատները կազմում են այս խմբի մոտ 90 %-ը:
ՀՀ կենդանական աշխարհը նույնպես աչքի է ընկնում բնաշխարհիկ ու մնացուկային տեսակների բազմազանությամբ: Նրա տարածքի և շրջակայքի բնաշխարհիկ կենդանատեսակներից են Սևանի իշխանը, ժայռային մողեսների մի շարք տեսակներ, Դարևսկու վահանագլուխ իժը և այլն: Մնացուկային երկկենցաղներից են սովորական տրիտոնը, թռչուններից՝ տուրպանը, թավշաոտ բուն և այլն: Լեռնային ռելիեֆով պայմանավորված լանդշաֆտային բազմազանությունը, գետային բավարար ցանցն ու առանձին խոշոր ջրավազաններն օժանդակում են չվող թռչունների և խոշոր կաթնասունների գաղթին, ինչը նույնպես նպաստում է կենդանական բազմազանությանը: Չվող թռչնատեսակներից են ծիծեռնակները, կռունկները, ֆլամինգոն: Սեզոնային տեղաշարժեր են կատարում նաև ազնիվ եղջերուն, մուֆլոնն ու հովազը: Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիներին, սակայն կենդանիների շարժունակության շնորհիվ շատ տեսակներ (գայլ, նապաստակ, արջ, աղվես, աքիս և այլն) չունեն տարածման որոշակի սահմաններ:
ՀՀ-ն հանգստավայրային–զբոսաշրջային երկիր է, ինչը պայմանավորված է աշխարհագրական դիրքով և լանդշաֆտային բազմազանությամբ, կլիմայաբուժական բարենպաստ պայմաններով, կենսաբանական և ջրային պաշարներով (հանքային աղբյուրներ, բարձրլեռնային լճեր ու գետեր), բնության և պատմամշակութային հուշարձաններով:
Հայտնի են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի բազմաթիվ հուշարձաններ՝ ուրարտական Էրեբունի, Թեյշեբաինի քաղաքների, հին հայկական մայրաքաղաքների (Արմավիր, Արտաշատ) ավերակները, Գառնիի հեթանոսական տաճարը և այլն: Հայաստանը հատկապես հարուստ է քրիստոնեական հուշարձաններով (Էջմիածնի Մայր տաճարը, Գոշավանքը, Նորավանքը, Խոր վիրապը, Գեղարդը, Սևանավանքը, Զվարթնոցն իր ավերակներով, Նորատուսի գերեզմանատան խաչքարերը և այլն): Բնության հուշարձանների շարքին են դասվում գեղատեսիլ Սևանա լիճը, Ջերմուկի, Շաքիի ջրվեժները, Պարզ և Քարի լճերը, Խնձորեսկի ժայռերը և այլն:
ՀՀ տարածքում ձևավորվել են 8 առողջավայրային-զբոսաշրջային շրջաններ՝ Արարատյան, Արագած– Գեղամա, Շիրակի, Լոռի–Փամբակի, Աղստև–Դեբեդի, Սևանի, Վայքի, Զանգեզուրի, և առողջարանային 11 գոտիներ:
Բնական լանդշաֆտներն ու կենդանական աշխարհը պահպանելու նպատակով ՀՀ-ում ստեղծվել են «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերը, «Խոսրովի անտառ», Շիկահողի ու Էրեբունի արգելոցները և 2 տասնյակից ավելի արգելավայրեր, կազմվել են ՀՀ բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերը: 

Տնտեսությունը
Տնտեսության զարգացման ընդհանուր ցուցանիշներով ՀՀ-ն պատկանում է զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների թվին:
ՀՀ տնտեսությունը բազմաճյուղ, արմատական վերակառուցում ապրող բարդ համալիր է, որի հիմքերը դրվել են XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Սկսված տնտեսական վերելքն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիներին:
XX դարի 20-ական թվականների սկզբներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական, տնտեսական ու սոցիալ-քաղաքական արմատական վերափոխումների հետևանքով Հայաստանը շուրջ 70 տարի զարգանում էր Միութենական պետության կազմում՝ լինելով Խորհրդային Միության միասնական ժողովրդատնտեսական համալիրի բաղկացուցիչ մասը: Այդ տարիներին երկիրն ապրեց տնտեսական աննախադեպ վերելք: Զարգացման բարձր մակարդակի հասան էներգետիկան, մեքենաշինական, քիմիական և ագրոարդյունաբերական համալիրները, նյութական ու ոչ նյութական արտադրության ենթակառուցվածքները: Հայաստանը ԽՍՀՄ այն հանրապետություններից էր, որտեղ ձևավորվել էր ամբողջական տարածքային-արտադրական համալիր՝ հստակ ճյուղային կառուցվածքով ու կայուն արտաքին տնտեսական կապերով:
1980-ական թվականների սկզբից, Խորհրդային Միության տնտեսության լճացման հետևանքով, դանդաղեցին նաև Հայաստանի զարգացման տեմպերը: 1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի, ապա ԽՍՀՄ-ի փլուզման, Ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման հետևանքով արդյունաբերական ձեռնարկությունների գերակշիռ մասը մասամբ կամ լրիվ դադարեց գործել: 1991 թ-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումով սկսվեց արդյունաբերական, գյուղատնտեսական ձեռնարկությունների, պետական գույքի, սպասարկման օբյեկտների, գյուղատնտեսական տեխնիկայի ապապետականացումը (հիմնականում ավարտվեց 2004 թ-ին), ինչի պատճառով հիմնովին կազմալուծվեց տնտեսության նյութական արտադրության ոլորտը, երկիրը հայտնվեց տնտեսական խոր ճգնաժամի մեջ:
 Ինչպես անկախություն նվաճած նախկին խորհրդային հանրապետությունների, այնպես էլ ՀՀ տնտեսությունը լուրջ դժվարությունների հանդիպեց:
1995 թ-ին Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերագործարկումով սկսվեց տնտեսության վերակենդանացման գործընթացը:
ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվեցին կառուցվածքային բարեփոխություններ, որոնք կոչված էին ապահովելու անկախ պետության տնտեսական կարիքները և այն ճյուղերի առաջանցիկ զարգացումը, որոնք ունեն ավելի բարենպաստ պայմաններ ու կարող են մրցունակ լինել արտաքին շուկայում:
2008 թ-ին ՀՀ-ում կային արդյունաբերության առնվազն մեկ տասնյակ համալիր և ավելի քան 160 միատարր ճյուղեր, ենթաճյուղեր ու արտադրություններ, գյուղատնտեսության՝ շուրջ 30 ճյուղ:
Ներկայումս հանրապետության տարածքում գործող արդյունաբերական ձեռնարկությունների թիվը գերազանցում է 10 հզ-ը, որոնց ճնշող մեծամասնությունը մինչև 100 աշխատատեղ ունեցող փոքր ու միջին ձեռնարկություններն են և արտադրում են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 40 %-ը: Գնալով մեծանում է արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ կամ միայն նրան պատկանող ձեռնարկությունների թիվը:
Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկություններ («Հայռուսգազարդը», Հրազդանի ջէկի 5 էներգաբլոկները, «Արմենալ» ալյումինի գործարանը) ներկայումս պատկանում են ռուսական ընկերություններին: Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է հանրապետության արտաքին առևտրի 20 %-ը:
2004 թ-ին Իրանի և Հայաստանի միջև պայմանագիր է կնքվել Իրան– Հայաստան գազամուղի կառուցման վերաբերյալ, իսկ 2007 թ-ին այն արդեն շահագործման է հանձնվել:
ՀՀ երկաթուղային ցանցի՝ դեպի այլ երկրներ ելքի 4 կետերից (2-ը՝ Ադրբեջանի սահմանի, մեկը՝ Վրաստանի, մեկը՝ Թուրքիայի հետ) աշխատում է միայն Վրաստանի գիծը, որով բեռնահոսքի 80 %-ը գնում է Վրաստան, այնուհետև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ: Կապն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ընդհատված է քաղաքական պատճառներով: Ռուսաստանի հետ ՀՀ-ի հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը (Աբխազիայով) բազմիցս վերանայվել է կառավարական մակարդակներով, սակայն Ռուսաստանի և Վրաստանի միջև լարված հարաբերությունների պատճառով հարցը դեռևս լուծում չի ստացել: 
ՀՀ արդյունաբերությունն այսօր էլ նյութական արտադրության բազմաճյուղ ոլորտ է, որտեղ լուրջ փոփոխություններ է կրել ճյուղերի հարաբերակցությունը: Նախկինում առաջատարը մեքենաշինությունն էր (մետաղամշակման հետ միասին), որի ավելի քան 180 ձեռնարկություններ տալիս էին հանրապետության ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի 1/3-ը: Երկրորդ տեղում էր թեթև արդյունաբերությունը (135 ձեռնարկություն, համախառն արտադրանքի 24 %-ը), որին հաջորդում էր սննդի արդյունաբերությունը (139 ձեռնարկություն և 18 %): Մեծ էր նաև քիմիական արդյունաբերության, գունավոր մետաղաձուլության, շինանյութերի արդյունաբերության և էլեկտրաէներգետիկայի բաժինը:
Այժմ հանրապետության արդյունաբերական արտադրանքի ծավալում առավել մեծ բաժին ունեն սննդի ու թեթև արդյունաբերությունը, գունավոր մետաղաձուլությունը, շինանյութերի արտադրությունը, ինչպես նաև նոր ճյուղերից՝ ադամանդագործությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները:
Առանձնահատուկ տեղ է գրավում էներգետիկան, որը ներառում է ջրաէներգետիկան (Սևան–Հրազդան կասկադի և այլ ջրէկներ), ջերմաէներգետիկան (Հրազդանի պշէկը, Երևանի, Վանաձորի ջէկերը), միջուկային էներգետիկան (ՀԱԷԿ): ՀՀ-ն ունի էներգիայի այլընտրանքային աղբյուրների (հողմային, արեգակնային, երկրաջերմային) նշանակալի պաշարներ: Հանրապետության հյուսիսում կառուցվել է փորձնական հողմաէլեկտրակայան:
Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղների, ոսկի-բազմամետաղների և ոսկու արդյունահանումն է: Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ: Ճյուղը ներառում է պղինձ-մոլիբդենի, բազմամետաղների և ոսկու արդյունաբերությունը. թողարկում է մոլիբդեն, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ և այլն:
ՀՀ մեքենաշինության ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունը ոչ մետաղատար, գիտատար ու աշխատատար ենթաճյուղերի (էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն, հաստոցաշինություն, սարքաշինություն) գերակշռությունն է: Արտադրվում են տարբեր տրամաչափերի շարժական էլեկտրակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, փոփոխական հոսանքի գեներատորներ, էլեկտրաշարժիչներ, էլեկտրազոդման, չափիչ և օպտիկական սարքեր, տարբեր տեսակի ու նշանակության էլեկտրալամպեր, կենցաղային օգտագործման էլեկտրասարքեր, մետաղահատ հաստոցներ ու գործիքներ, այդ թվում՝ ալմաստե հատիչներ:
ՀՀ քիմիական արդյունաբերությունը ներառում է երկու տասնյակ ձեռնարկություններ, որոնք թողարկում են սինթետիկ կաուչուկ, խեժեր, քիմիական պարարտանյութեր, ծծմբական թթու, քիմիական մանրաթելեր, արհեստական ներկեր, լաքեր, փոքրածավալ քիմիական ռեակտիվներ, լվացամիջոցներ, օճառ, կենցաղային իրեր և այլն: Քիմիական արդյունաբերության համար կարևոր է բնապահպանական պահանջների ապահովումը: Հանրապետության փոքր տարածքի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ քիմիական գործարաններն ու արտադրությունները լինեն էկոլոգիապես անվտանգ, չաղտոտեն շրջապատի օդը, ջուրը, հողը, չվնասեն բուսականությանն ու կենդանական աշխարհին: 
ՀՀ թեթև արդյունաբերության ճյուղերից գլխավորը տեքստիլ արդյունաբերությունն է, որը թողարկում է բամբակե, բրդե և մետաքսե գործվածքներ, տարբեր տեսակների ու նշանակության տրիկոտաժ, գուլպաներ, պատրաստի հագուստ, զարդեղեն և այլն: Գորգերի արտադրությունը Հայաստանում ավանդական ճյուղ է: Հայկական գորգերը հռչակված են եղել դեռևս հին և հատկապես միջին դարերում: Հարուստ ավանդույթներ ունի կաշվի-կոշիկի արտադրությունը. հիմնական արտադրատեսակներն են բնական կաշին, որն ստացվում է կենդանիների մորթուց, և բնական ու արհեստական կաշվից պատրաստվող կոշիկը: Ստեղծվում են կոշիկի արտադրության նոր միավորումներ, ջանքեր են գործադրվում ճյուղի նախկին հռչակը վերականգնելու, ներքին և արտաքին շուկաներում ապրանքի մրցունակությունն ապահովելու համար: 
Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխային ապարների՝ տուֆի, պեռլիտի, բազալտի, մարմարի, գրանիտի արդյունահանումն է: Արտադրվում են հավաքովի երկաթբետոնե կառուցվածքներ ու կառուցատարրեր, ցեմենտ, ոչ հանքային շինանյութեր, ծակոտկեն լցանյութեր, երեսպատման սալեր, խեցե իրեր, ասբեստացեմենտե թերթեր և այլն: Անտառանյութի, փայտամշակման և թղթի-թաղանթանյութի արդյունաբերությունը թողարկում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սղոցանյութ, շինափայտ և այլն: Ապակու և հախճապակու-ճենապակու արդյունաբերությունը զարգանում է նույն հումքային հենքի վրա, ինչ` շինանյութերի արդյունաբերությունը: Արժեքավոր հումք են պեռլիտը, հրաբխային խարամը, նեֆելինային սիենիտը, որոնք առատորեն տարածված են հանրապետության տարածքում: Ենթաճյուղի արտադրանքի գլխավոր տեսակներն են ապակե շշերն ու բանկաները (սննդի արդյունաբերության համար), էլեկտրաջահերը, կենցաղային օգտագործման բյուրեղապակե, հախճապակե, ճենապակե իրերը:
ՀՀ սննդի արդյունաբերությունը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ:
Գինու-կոնյակի արտադրանքի ծավալը մեծ չէ, բայց այն որոշակի համբավ է ձեռք բերել առաջին հերթին լավագույն որակական հատկանիշներով: Արդյունաբերական գինեգործությունը Հայաստանում հիմնադրվել է XX դարի 2-րդ կեսին: Ներկայումս հանրապետության գինու-կոնյակի արդյունաբերությունը միավորում է գինենյութի, գինիների, օղու և կոնյակի (բրենդի) արտադրության մի քանի տասնյակ ձեռնարկություններ: Դրանց արտադրանքի տեսականին մեծ է՝ ավելի քան 50 անուն: Հայտնի են տարբեր մակնիշների կոնյակները, սովորական ու թնդեցված գինիները, շամպայն գինին, օղու տարբեր տեսակներ և ակլոհոլային այլ խմիչքներ:
Կարևոր ճյուղ է մրգի ու բանջարեղենի պահածոների արդյունաբերությունը: Այս ճյուղի արտադրանքի տեսականին բազմազան է: Արտադրվում են ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի, այլ քաղցրահամ մրգերի կոմպոտներ, ջեմեր, հյութեր ու մուրաբաներ, լոլիկի մածուկ, սմբուկի, վարունգի, կաղամբի և այլ բանջարեղենի պահածոներ:
Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում և զարգացման լայն հնարավորություններ ունի հանքային ջրերի արտադրությունը, որի հումքն ստացվում է Երկրի ընդերքից: Դրանց արդյունավետ օգտագործումը կարող է հսկայական օգուտ բերել ժողովրդական տնտեսությանը. միջազգային շուկայում բուժիչ հանքային ջրերի պահանջարկը շատ մեծ է: Հայտնի են հատկապես «Ջերմուկ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Հանքավան» հանքային ջրերի գործարանները:
Մեր հանրապետության համար կարևոր ճյուղ է պանրագործությունը: Արտադրանքի մեծ մասը տեղական (սպիտակ) պանիրներն են, օրինակ` չանախը, բրինզան, «Լոռին», «Եղեգնաձորը», որոնք մտնում են հայերի ավանդական սննդաբաժնի մեջ և տեղական սպառում ունեն:
Հայաստանի կոնյակներն ու գինիները միջազգային համտեսներում և ցուցահանդեսներում նվաճել են բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ: Արտադրվող գինիների ու կոնյակների, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի պահածոների, հանքային ջրերի, պանրի տեսակների մեծ մասն արտահանվում է:
Սննդի արդյունաբերության մյուս ճյուղերն ու ենթաճյուղերը թողարկում են զանգվածային սպառման մթերք (կաթնամթերք, մսամթերք և այլն) և ունեն տեղական նշանակություն: 
Ավանի աղի կոմբինատը աղ արտադրող միակ ձեռնարկությունն է:

Գյուղատնտեսությունը
Հայաստանը մի շարք բույսերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի ձևավորման նախասկզբնական կենտրոններից է: 
Անցյալում, երկրի պատմական զարգացման ընթացքին համապատասխան` կապված հողի սեփականության ձևերի հետ, գյուղատնտեսությունը նույնպես ունեցել է վերելքի և վայրէջքի ժամանակաշրջաններ: ԽՍՀՄ կազմում գտնվելու տարիները նշանավորվել են ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության նշանակալի վերելքով:
Հայաստանի անկախացման առաջին տարիներին (1990-ական թվականների անցումային շրջան) սկսված տնտեսական ճգնաժամից զգալիորեն տուժեց նաև գյուղատնտեսությունը, թեև նրա անկումը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ավելի մեղմ էր: Ցանքատարածությունները կրճատվեցին շուրջ 1/3-ով, բազմամյա տնկարկները՝ ավելի քան կիսով չափ: Ավելի մեծ էին տավարաբուծության ու մեղվաբուծության կորուստները: Մեծապես տուժեց ոռոգման համակարգը, որը գրեթե ամբողջությամբ զրկվեց իր մեքենայական հենքից:
    Ներկայումս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների թիվը գերազանցում է 338 հզ., և գյուղատնտեսական հողահանդակներն ու տարածքներն ունեն աղյուսակում բերված պատկերը:
Բազմաբնույթ ծրագրերի իրականացման շնորհիվ վերականգնվում են ոռոգման համակարգը և գյուղատնտեսական ջրամատակարարումը: Դանդաղ, բայց կայուն ավելանում են ինչպես բուսաբուծության հիմնական տեսակների (հացահատիկ, կարտոֆիլ, բանջարաբոստանային մշակաբույսեր, պտուղ-հատապտուղներ, խաղող) արտադրության ծավալը, այնպես էլ անասունների գլխաքանակն ու մթերատվությունը:

Բուսաբուծությունը
ՀՀ տարածքի բարդ ռելիեֆի պայմաններում վարելահողերը խիստ անհավասարաչափ են տեղաբաշխված: Դրանց ամենաընդարձակ զանգվածները գտնվում են 3 շրջաններում՝ Արարատյան գոգավորության հատակային ու նախալեռնային հատվածներում, Շիրակի դաշտում և Սևանի ավազանում:
Վարելահողերի, հետևապես և դաշտավարության վերին սահմանը հասնում է մինչև 2200 մ բարձրությունները:
Երկրի բնակլիմայական պայմաններում բարձր եկամտաբերություն ունեն հիմնականում տեխնիկական և բանջարաբոստանային մշակաբույսերը: Բանջարաբոստանային մշակաբույսերի տարածման հիմնական շրջանը Արարատյան դաշտն է: Այստեղ բարձր բերք են տալիս հատկապես ձմերուկն ու սեխը և ջերմասեր բանջարեղենը՝ լոլիկը, տաքդեղը, սմբուկը: Այս մշակաբույսերը տարածված են նաև հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ցածրադիր շրջաններում:
Առանձնանում է լեռնային՝ 1500– 2000 մ բարձրության գոտին, որը մասնագիտանում է համեմատաբար պակաս ջերմասեր ու ցրտադիմացկուն բանջարային մշակաբույսերի՝ կաղամբի, գազարի և սեղանի ճակնդեղի գծով:
Կարևոր պարենային մշակաբույս է կարտոֆիլը, որն աճում է բոլոր բնական գոտիներում. առավել հայտնի են Սևանի ավազանը, հանրապետության հյուսիսն ու հյուսիս-արևելքը: Արարատյան դաշտը մասնագիտացված է վաղահաս կարտոֆիլի մշակության մեջ:
Անցած տասնամյակների ընթացքում մեծ փոփոխություններ է կրել տեխնիկական մշակաբույսերի տեսականին: Նախկինում ամենատարածվածը բամբակենին էր, որը, սակայն, 1960-ական թվականներին հանվել է մշակությունից: Մինչև վերջերս զգալի տարածք էին զբաղեցնում նաև շաքարի ճակնդեղն ու ծխախոտը: Այժմ, նոր տնտեսական պայմաններում, շահութաբեր են շաքարի ճակնդեղը, ծխախոտը և եթերայուղատու խորդենին: Խորդենու համար բարենպաստ է Արարատյան դաշտը (Արմավիրի և Արարատի մարզերի ցածրադիր գոտին):
Հացահատիկի ցանքատարածություններում գերակշռողն աշնանացան ցորենն է: Երկրորդ տեղում է գարին: Մշակում են նաև եգիպտացորեն, լոբազգիներ, վարսակ, հաճար: Ամբողջովին դուրս է մղվել բրինձը, որը նախկինում նույնպես մշակվում էր Արարատյան դաշտի խոնավ հողերում: Հացահատիկ մշակում են գրեթե ամենուրեք՝ 500–2200 մ բարձրություններում: Բայց լավագույնն այդ առումով միջին լեռնային գոտին է:
Հայաստանի բազմաճյուղ գյուղատնտեսությունը հիմնականում բավարարում է ազգաբնակչության սննդամթերքի կարիքները: 
Այգեգործությունը, որը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ խաղողագործության և պտղաբուծության, հանրապետության գյուղատնտեսական մասնագիտացման գլխավոր ուղղություններից է: Բնակչությանն այն ապահովում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութերով, իսկ գինու-կոնյակի ու պահածոների արդյունաբերությանը՝ հումքով:
Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում հազարամյակների պատմություն ունի: ՀՀ խաղողագործության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղողի վազը ձմեռային ցրտահարությունից պաշտպանելու համար ծածկում են հողով՝ «թաղում են»: Այդ պատճառով էլ ՀՀ-ում խաղողագործությունը, ի տարբերություն այլ երկրների, ավելի աշխատատար է և պակաս շահութաբեր: Խաղողագործության վերին սահմանը հասնում է մինչև 1400 մ բարձրություններ: 
Հայաստանում ստեղծվել են խաղողի բազմազան տեսակներ: Ներկայումս լայն տարածում ունեցող տեղական տեսակներն են ոսկեհատը, մսխալին, գառան դմակը: Ներմուծված սորտերից են վրացական ռկածիթելին, կախեթին, որոնք հարմարվել են մեր հողակլիմայական պայմաններին և լավ բերք են տալիս:
Պտղաբուծությունն անցած տարիներին աչքի է ընկել զարգացման բարձր տեմպերով: Պտղատու տնկարկներում գերակշռում են հնդավորները (խնձոր, տանձ, սերկևիլ), կորիզավորները (ծիրան, դեղձ, սալոր, բալ, կեռաս, հոն): Կան նաև ընկուզապտուղներ (ընկույզ, նուշ, պիստակ), ինչպես նաև մերձարևադարձային պտուղներ (թուզ, նուռ, փշատ):
Պտղաբուծությամբ են զբաղվում հանրապետության գրեթե բոլոր շրջաններում՝ ընդհուպ մինչև 2100 մ բարձրությունները, բայց տարածման հիմնական շրջաններն են Արարատյան դաշտը և նախալեռնային գոտին, հյուսիսարևելյան ցածրադիր մերձդեբեդյան գոտին, Զանգեզուրի հարավը և Վայքը:

Անասնապահությունը
Յուրաքանչյուր երկրում անասնապահության զարգացման հնարավորությունները որոշվում են առաջին հերթին կերային հնարավորություններով: Աշխարհի պետությունների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա տաք սեզոնին գյուղատնտեսական կենդանիները սնվում են բնական արոտների թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին՝ մսուրային շրջանում՝ նախօրոք կուտակված կերով:
Դարեր ի վեր Հայաստանի անասնապահության գլխավոր կերային բազան եղել են մերձալպյան ու ալպյան արոտներն ու խոտհարքները: Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության վերընթաց գոտիական համակարգը. այն է՝ ցածրադիր գոտու տնտեսություններն ամառվա ամիսներին կենդանիներին տանում են բարձրադիր մերձալպյան ու ալպյան գոտիներ, որտեղ և կազմակերպում են արոտը, կաթի ստացումն ու մշակումը: 
Ներկայումս ՀՀ անասնապահության համախառն արտադրանքի մոտ կեսը բաժին է ընկնում խոշոր եղջերավոր անասնապահությանը (տավարաբուծություն), երկրորդ տեղում է ոչխարաբուծությունը (մոտավորապես 20 %): Տավարաբուծության տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այդուհանդերձ, որոշ շրջաններ (Արարատյան դաշտ, Շիրակ, Լոռի) առանձնանում են թե՜ անասունների ավելի բարձր խտությամբ, թե՜ մթերատվությամբ:
Ոչխարաբուծության զարգացման համար մեր երկրի բնական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ են: Չնայած դրան` վերջին տարիներին ոչխարների գլխաքանակը նույնպես խիստ կրճատվել է և այժմ հասնում է մոտ 1 մլն-ի (առավելագույնը՝ կրկնակի ավելի, եղել է 1970-ական թվականներին): Ոչխարաբուծությունը նույնպես տարածված է ամենուրեք, սակայն ավելի շատ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում:
Թռչնաբուծությունը ընդհուպ մինչև վերջին տարիները հանրապետության անասնապահության ամենաարագ աճող ճյուղն էր. գործում են խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ (Լուսակերտի, Արաքսի, Արզնու և այլն):
ՀՀ-ում խոզաբուծությամբ զբաղվում են գրեթե ամենուրեք: Սակայն նրա ավանդական շրջանն է համարվում անտառային գոտին (հատկապես` հյուսիսարևելյան), որտեղ առատ է բնական կերը:
Անասնապահության ճյուղերի շարքում առանձնահատուկ նշանակություն ունի մեղվաբուծությունը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տալիս է բարձրորակ ու թանկարժեք սննդամթերք, այլ որովհետև մեղուներն անփոխարինելի դեր են կատարում բույսերի փոշոտման գործում. նպաստում են բերքատվության բարձրացմանն ու սերմերի բարելավմանը:
Տնտեսության հատուկ ճյուղ է ձկնորսությունը (ձկնաբուծության հետ միասին): Նախկինում ձկնորսությամբ զբաղվում էին միայն Սևանա լճում, և այն ուներ ապրանքային նշանակություն: Լճի մակարդակի իջնելու և ձկնապաշարների կրճատման պատճառով այնտեղ ձկնորսության հնարավորությունները նվազել են: Դրան հակառակ՝ ձկան որսն ավելացել է հանրապետության որոշ այլ լճերում, հատուկ ստեղծված ջրավազաններում, Արարատյան դաշտի աղակալած հողերում այդ նպատակով ստեղծված արհեստական լճակներում, աճեցվում են ծածան, ամուր, հաստաճակատ և այլն: Ձկների առանձին տեսակներ (սիգ, բեղլու, ճանար) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, որոշները (հայկական կարմրուկ, թեփուղ, արծաթափայլ կարաս) մարզական որսի օբյեկտներ են:
  • ՀՀ բնակչության տարիքային կազմը 2008 թ-ի հունվարի 1-ի դրությամբ
մինչև 14 տարեկան – 31 % 50-59 տարեկան – 10 %
15-29 տարեկան – 25 % 60-79 տարեկան – 9 %
30-49 տարեկան – 44 % 80 տարեկան և ավելի  – 1 %
  • ՀՀ բնակչության ընդհանուր թվում ներկայումս տղամարդիկ կազմում են 49 % (1.554,1 հզ.), կանայք՝ 51 % (1.665,1 հզ.):