Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1. Ընկերքը պտղին մատակարարում է մոր արյան հետ եկող թթվածին և սննդանյութեր: 2. Պորտալարով պտուղը միանում է ընկերքին: 3. Ծննդաբերությունից առաջ երեխան արգանդում տեղադրվում է գլուխը դեպի առաջ: 4. Արգանդի վզիկը մինչև ծննդաբերությունն սկսվելը մնում է փակ: 5. Աճող պտուղը ճնշում է մոր միզապարկը՝ առաջ բերելով հաճախակի միզարտադրություն: 6. Պտղաջրերը պտղին պահպանում են ցնցումներից ու հարվածներից:
Հղիությունը կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջի գոյացման և զարգացման շարժընթացն է, որն սկսվում է ձվարանում հասունացած ձվաբջջի (կնոջ սեռական բջիջ) և սերմնաբջջի (տղամարդու սեռական բջիջ) միաձուլման պահից (բեղմնավորում) և ավարտվում երեխայի ծնունդով: Բեղմնավորումը սովորաբար տեղի է ունենում արգանդափողի լայնանքում, որտեղից բեղմնավորված ձվաբջիջը տեղափոխվում է արգանդի խոռոչ: Այդ տեղաշարժի ժամանակ ձվաբջիջը փոխակերպվում է բազմաբջիջ սաղմի կամ պտղաձվի և ամրանում արգանդի լորձաթաղանթին:
Սաղմի ամրացման տեղում առաջանում է մանկան տեղը՝ ընկերքը, որը պտղին (զարգացման 8-րդ շաբաթից հետո) միանում է պորտալարով: Ընկերքը հարուստ է արյան անոթներով, որոնք հավաքվում են պորտալարում և սնունդ ու թթվածին են մատակարարում պտղին, ապա նրա օրգանիզմից հեռացնում նյութափոխանակության արգասիքները:
12 շաբաթ անց պտուղը նմանվում է փոքրիկ մարդուկի: Չնայած երկարությունը հասնում է ընդամենը 8 սմ-ի, բայց նա արդեն ունի ձեռքեր, ոտքեր, աչքեր, քիթ, բերան, ականջներ և կարող է շարժվել: 14 շաբաթականում պտուղը լրիվ ձևավորվում է, բայց շատ փոքր է ու թույլ, որպեսզի կարողանա ապրել արտաքին միջավայրում: 24 շաբաթական անհաս նորածինները կարող են ողջ մնալ միայն ինկուբատորային պայմաններում:
Հղիությունը սովորաբար տևում է 40 շաբաթ: Այդ ընթացքում պտղի չափերը և մոր արգանդը մի քանի անգամ մեծանում են, ինչի հետևանքով մեծանում է նաև հղի կնոջ փորը: Մեծանում են նաև կաթնագեղձերը և հղիության ավարտին սկսում են կաթ արտադրել:
Հղիությունն ավարտվում է ծննդաբերությամբ, երբ տեղի է ունենում արգանդի խոռոչից պտղի ու ընկերքի արտամղում:
Ծննդաբերության ընթացքը բաժանվում է 3 փուլի. սկզբում աստիճանաբար բացվում է արգանդի վզիկը՝ լայնանալով մոտ 10 սմ, որով կարող է անցնել երեխայի գլուխը: Երկրորդ փուլում սկսում են կծկվել արգանդի մկանները, և պտուղը մղվում է դեպի դուրս: Այս կծկումներն անվանում են երկունք: Ծննդաբերական ուղիներով ամենից դժվար անցնում է գլուխը, բայց հենց որ այն երևում է, նրա հետ միասին հեշտությամբ դուրս է սահում երեխայի մարմինը: Նորածինը պորտալարով դեռևս կապված է լինում մոր ընկերքին: Պորտալարը կտրում են, որը, հետո լավանալով, առաջացնում է երեխայի պորտը: Ծննդաբերության ավարտին ընկերքն անջատվում է մոր արգանդից և դուրս է մղվում: Արգանդն աստիճանաբար կծկվում-սեղմվում է և որոշ ժամանակ անց ընդունում է նախկին չափերը:

  • Հղիությունը հատուկ է բոլոր կաթնասուններին (բացառությամբ բադակտուցի և եքիդնայի):
  • Տարբեր կենդանիների հղիության տևողությունը տարբեր է. որոշ մանր պարկավոր կաթնասունների հղիությունը կարող է տևել 12 օր, խոշոր կետերինը՝ 1 տարուց ավելի, իսկ փղինը՝ մոտ 2 տարի:
  • Երբեմն զարգացող պտուղը մահանում է մոր օրգանիզմի ներսում և դուրս է մղվում: Դա կոչվում է վիժում: Կատարում են նաև արհեստական վիժում` սովորաբար սաղմի զարգացման վաղ փուլերում, երբ պտուղը զարգանում է ոչ բնականոն, կամ կինը հղիության ընթացքում հիվանդանում է: 
  • Այն դեպքերում, երբ երեխան չի կարող ծնվել բնական ճանապարհով, բժիշկները կնոջը ցավազրկում են ու երեխային դուրս հանում որովայնի և արգանդի պատերի կտրվածքով, որը կոչվում է կեսարյան հատում:
  • Արգանդափողերի հիվանդությունների ժամանակ առաջանում են բեղմնավորված ձվաբջջի տեղաշարժմանը խանգարող փոփոխություններ, որոնց հետևանքով ձվաբջիջը կարող է ամրանալ արգանդափողում. առաջանում է արտարգանդային հղիություն, որի բուժման միակ եղանակը վիրահատությունն է: