Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ալյասկայի լեռնաճյուղերից մեկը
Կորդիլիերները Կանադայի տարածքում
Երկրագնդի ամենախոր ու երկար կիրճը՝ Մեծ Կանիոնը, բնության զարմանահրաշ հուշարձաններից է, որով հոսում է Կոլորադո գետը համանուն սարավանդում: Մեծ Կանիոնի լայնությունը սարավանդի մակերևույթին 800– 2500 մ է, գետի հունի մոտ՝ 90– 100 մ, խորությունը՝ 1800 մ, երկարությունը՝ 800 կմ: Քամին ու հոսող ջրերն այնտեղ առաջացրել են զարմանահրաշ գմբեթներ, սյուներ, խոյակներ, որոնք վերջալույսի շողերի ներքո գունային տարբեր երանգներ են ստանում՝ ստեղծելով հեքիաթային տեսարան:
   Մեծ Կանիոնի զառիթափ, մերկացած լանջերին կարելի է տեսնել մեր մոլորակի երկրաբանական զարգացման բոլոր դարաշրջանների ապարաշերտերը:
Նիկարագուայի ջրվեժը
Յոսեմիթյան արգելոցը
Տարածքը՝ ներառյալ կղզիները՝  24.365 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 3.890 հզ. կմ2
Ափագիծը՝ 60 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 720 մ
Ամենաբարձր կետը՝ Մակ Քինլի լեռնագագաթ՝ 6.194 մ
Ամենացածր կետը՝ Մահվան հովիտ՝ – 86 մ
Հյուսիսային ծայրակետը՝ Մերիսոն հրվանդան՝ հս. լայն. 71օ50՜
Հարավային ծայրակետը՝ Մարյատո հրվանդան՝ հս. լայն. 7օ12՜
Արևմտյան ծայրակետը՝ Ուելսի արքայազնի հրվանդան՝ արմ. երկ. 168օ00՜
Արևելյան ծայրակետը՝ Սենտ Չառլզ հրվանդան՝ արմ. երկ. 55օ40՜
Ամենաերկար գետը՝ Միսիսիպին` Միսուրի վտակով՝  6.420 կմ
Ամենամեծ լիճը՝ Վերին լիճ՝ 82,103 հզ. կմ2
Ամենամեծ կղզին՝ Գրենլանդիա՝  2.200 հզ. կմ2
Ամենամեծ անապատը՝ Մեծ Ավազան՝ 492 հզ. կմ2
Պետությունների թիվը՝ 23
Ամենամեծ պետությունը՝ Կանադա՝ 9.970,6 հզ. կմ2
Ամենափոքր պետությունը՝ Գրենադա՝ 344 կմ2
Ամենախոշոր քաղաքը՝ Մեխիկո (Մեքսիկա)՝ 27,8 մլն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 477,3 մլն

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է: Նրա ափերը ողողում են Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսները: Հարավում Պանամայի ջրանցքով (մինչև 1914 թ.՝ պարանոց) միանում է Հարավային Ամերիկային, հյուսիս-արևմուտքում Բերինգի 85 կմ լայնության նեղուցով անջատվում է Եվրասիայից (անցյալում նեղուցի տեղում եղել է պարանոց. դրանով է բացատրվում մայրցամաքների բուսական և կենդանական աշխարհների նմանությունը): Հյուսիսային Ամերիկային են պատկանում Գրենլանդիա, Կանադական, Արկտիկական, Վեստ Ինդիա, Ալեության, Վանկուվեր, Նյուֆաունդլենդ կղզիներն ու կղզեխմբերը:
Քրիստափոր Կոլումբոսից դեռևս 500 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայում եղել են նորմանները (նորվեգացիների նախնիները՝ վիկինգները): Նրանք հմուտ ծովագնացներ էին և կաղնու փայտից շինված ամուր, թեթև նավերով դեռ այն ժամանակ ակոսում էին Ատլանտյան օվկիանոսը: 
X դարի վերջին Էրիկ Ռաուդին (Շիկահեր մականունով) մի քանի ուղեկիցներով Իսլանդիայից դեպի արևմուտք նավարկելիս հայտնագործեց մի կղզի: Չնայած կղզին սառցապատ էր, բայց հարավային ափերին կային կանաչ մարգագետիններ, որի համար էլ Շիկահերը կղզին անվանեց Գրենլանդիա (Կանաչ երկիր): Նավարկելով դեպի հարավ՝ նրանք հայտնաբերեցին քարքարոտ, ամայի մի ափ, որը ներկայիս Լաբրադոր թերակղզին է: Հայտնագործած այդ շրջաններում վիկինգները բնակություն հաստատեցին: Սակայն հետագայում նրանց հայտնագործությունները մոռացվեցին: 
1492 թ-ին Քրիստափոր Կոլումբոսը կրկին հայտնագործեց Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերը: 
Մայրցամաքի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում Կանադական, Կենտրոնական, Մեծ, Միսիսիպիի, Առափնյա դաշտավայրերը: 
Մայրցամաքի արևմուտքում, խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով, ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը՝ Ալյասկայի, Առափնյա, Կասկադյան, Սիեռա, Նևադա, Ժայռոտ լեռնաճյուղերով և միջլեռնային սարավանդներով: Նրա որոշ գագաթներ հասնում են մինչև 6 հզ. մ բարձրության (առավելագույնը՝ 6194 մ, Մակ Քինլի լեռ) և ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: 
Կորդիլիերների ամենալայն հատվածը գտնվում է ԱՄՆ-ի արևմուտքում: Այստեղ են նաև ամենաընդարձակ միջլեռնային գոգավորությունները՝ Մեծ Ավազան և Կոլորադո սարավանդները: Մեծ Ավազանի մակերևույթը խիստ բազմազան է. կան և՜ 4000 մ բարձրության հասնող լեռներ, և՜ խորը իջվածքներ (այստեղ է գտնվում մայրցամաքի ամենախոր (–86 մ) իջվածքը՝ Մահվան հովիտը: Կորդիլիերների համակարգում լեռնակազմությունը դեռ շարունակվում է: Այդ են վկայում տեղի հրաբխականությունը և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը: Գործող հրաբուխներից նշանավոր են Օրիսաբան, Պոպոկատեպետլը:
Կորդիլիերներն արտասովոր գեղեցիկ լեռնաշղթա է՝ մասնատված խոր գետահովիտներով, որոնց անվանում են կանիոններ: 
Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են Ապալաչյան լեռները, որոնց լեռնագագաթներն ունեն մինչև 2000 մ բարձրություն, առավելագույնը՝ 2037 մ (Միտչել լեռ): Հյուսիսային Ապալաչները զուրկ են նախալեռներից: Արևելքում լեռնաճյուղերը հասնում են մինչև օվկիանոս՝ գոյացնելով մի շարք ոչ մեծ թերակղզիներ ու ծոցեր: Նշանավոր է հատկապես Ֆանդի ծոցը, որտեղ մակընթացության ալիքն աշխարհում ամենաբարձրն է՝ 18 մ:
Մայրցամաքում կան ռելիեֆի կարստային ձևերով հարուստ սարավանդներ: Մայրցամաքի ընդերքը լավ է ուսումնասիրված: Հայտնաբերված են բազմազան օգտակար հանածոների մեծաթիվ հանքավայրեր, որոնց մի մասը դասվում է աշխարհի խոշորագույնների շարքը: Դրանցից են քարածխի հարուստ պաշարները Ապալաչների շրջանում, նավթինը՝ Մեքսիկական ծոցի ափին, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, երկաթինը՝ Մեծ լճերի շրջանում: Կորդիլիերներում կան պղնձի, ուրանի, ոսկու, արծաթի, նիկելի, բազմամետաղների և այլ հանքավայրեր:
Միջօրեականի ուղղությամբ մեծ ձգվածության (7000 կմ) հետևանքով Հյուսիսային Ամերիկայում կլիմայական պայմանները խիստ բազմազան են: Մայրցամաքը տարածված է արկտիկական ու մերձհասարակածային կլիմայական գոտիների միջև: Տարածաշրջանի կլիման փոփոխվում է ոչ միայն միջօրեականի, այլև զուգահեռականի ուղղությամբ: ԱՄՆ-ի և Կանադայի սահմանի խաղաղօվկիանոսյան ափին հունվարի միջին ջերմաստիճանը մոտ է 0օC-ի, իսկ արևելքում -10օ-ից –20օC է:
Արևելյան ափամերձ շրջանների կլիմայի վրա բարերար ազդեցություն ունի Գոլֆստրիմ տաք հոսանքը, իսկ Լաբրադոր թերակղզու ափամերձ ջրերով հյուսիսից հարավ շարժվող Լաբրադորյան սառը հոսանքը ցրտեցնում է այդ շրջանների կլիման:
Հյուսիսային Ամերիկայում լայնակի ուղղությամբ ձգվող բարձր լեռների բացակայության պատճառով հարթավայրերով հյուսիսից հարավ անարգել թափանցում են արկտիկական սառը, իսկ հարավից հյուսիս՝ արևադարձային տաք օդային զանգվածները: Դրանց շփման շրջաններում հաճախ առաջանում են ուժեղ պտտահողմեր (տոռնադո), որոնք իրենց ավերիչ հզոր ուժով մեծ վնաս են պատճառում: 
Հյուսիսային Ամերիկայում գետերը շատ են ու բավական ջրառատ: Դրանց բաժին է ընկնում համաշխարհային հոսքի 18 %-ը: Մայրցամաքի, ինչպես նաև երկրագնդի խոշորագույն գետերից է Միսիսիպին (հնդկացիների լեզվով՝ Մեծ գետ), որը միջին հոսանքում ընդունում է իր ամենաերկար վտակը՝ Միսուրին (Տղմոտ գետ): Գետի ափերին ժամանակին ապրած հնդկացիները Միսիսիպիին անվանել են Ջրերի հայր: Մայրցամաքի խոշոր գետերից են նաև Մակենզին, Յուկոնը, Կոլորադոն, Կոլումբիան, Նիագարան, Սուրբ Լավրենտիոսը և այլն: Շատ են լճերը` Մեծ Աղի, Մեծ Ստրկական, Մեծ Արջի, Աթաբասկա, հարավ-արևելքում են 5 խոշոր, քաղցրահամ լճերը՝ Վերին (երկրագնդի ամենամեծ քաղցրահամ լիճը), Միչիգան, Հուրոն, Էրի, Օնտարիո (ընդհանուր անվանումը՝ Մեծ լճեր):
Մեծ լճերը գտնվում են տարբեր մակարդակների վրա և իրար հետ կապված են գետերով: Էրի և Օնտարիո լճերն իրար կապող Նիագարա գետը, գահավիժելով 50 մ բարձրությունից, առաջացնում է երկրագնդի խոշոր ջրվեժներից մեկը՝ Նիագարայի (իրոկեզերեն՝ Մեծ աղմուկ) ջրվեժը: Մեծ լճերը Սուրբ Լավրենտիոս գետով հոսք ունեն դեպի օվկիանոս և Հյուսիսային Ամերիկայի ջրային զարկերակն են:
Գեղեցիկ ու բազմազան է Հյուսիսային Ամերիկայի բնությունը, որտեղ բնական գոտիների տեղաբաշխումը կրում է կլիմայի և լեռնագրության ազդեցությունը: Հյուսիսային շրջաններում բնական գոտիները հերթափոխվում են հյուսիսից հարավ, իսկ միջին և հարավային շրջաններում՝ արևելքից արևմուտք:
Ծայր հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսի ափերին, տունդրան է, որից հարավ տարածվում են խիտ անտառները: Հատկապես հիասքանչ են Կանադայի՝ ողջ աշխարհում հռչակված թխկիների անտառները: Մայրցամաքի հարավում՝ Մեքսիկայի տափաստաններում (պրերիաներ), ճանապարհորդին ապշեցնում են հսկա կռզիները: Սիեռա Նևադա լեռներում վեր են խոյանում հսկա սեքվոյաները: Կորդիլիերների միջլեռնային գոգավորություններում տարածված են կիսաանապատներ և անապատներ, որտեղ աճում են միայն փշոտ թփուտներ, կռզիներ, ագավաներ, օշինդր:
Մեքսիկական բարձրավանդակում աճում են կռզու 500, ագավայի 140 բնաշխարհիկ տեսակներ: Դրանց թվում են մինչև 20մ բարձրության սյունաձև հսկա ցերեուսները, 2մ շրջագծով «ոզնիանման» կռզիները: Կորդիլիերներում լավ արտահայտված է վերընթաց գոտիականությունը:
Հյուսիսային Ամերիկայի տունդրայում լայն տարածում ունի հյուսիսային եղջերուն (կարիբու): Գիշատիչներից հանդիպում են բևեռային գայլը, աքիսը, բևեռաղվեսը, սպիտակ արջը, թռչունների շատ տեսակներ ժայռոտ ափերին առաջացնում են թռչնաշուկաներ: Անտառներում և պրերիաներում ամենուրեք տարածված են որմզդեղնը, գայլը, կզաքիսը, աղվեսը, արժեքավոր մուշտակամորթ կենդանիներ՝ կուղբը և մշկամուկը: Ոչ վաղ անցյալում պրերիաներում մեծ հոտերով արածում էին բիզոններ և վայրի ձիեր (մուստանգներ), որոնք ներկայումս հանդիպում են ոչ մեծ քանակությամբ՝ արգելոցներում:
Բնական լանդշաֆտների, բուսական և կենդանական աշխարհների պահպանման համար մայրցամաքի տարբեր շրջաններում ստեղծվել են 5 տասնյակից ավելի արգելոցներ և ազգային պարկեր (Մաունթ Մակ Քինլի, Ռոք Մաունթին, Բանֆ, Ելոուսթոնյան, Յոսեմիթյան, Սեքվոյա, Մահվան հովիտ, Տեռա Նովա, Մամոնտի քարանձավ, Վուդ Բուֆալո, Մեծ Կանիոն և այլն):
Ժայռոտ լեռների արևելյան լանջին՝ Միսուրիի ակունքի մոտ՝ 2100-2500 մ բարձրության վրա անտառների և այնտեղ ապրող կենդանիների (հատկապես՝ բիզոնների) պահպանության նպատակով 1872 թ-ին հիմնադրվել է աշխարհում առաջին՝ Ելոուսթոնյան ազգային պարկը: Այն զբաղեցնում է 9 հզ. կմ2 տարածք: Սիեռա Նևադայի լանջերին սեքվոյայի անտառապուրակները պահպանելու նպատակով ստեղծվել են Յոսեմիթյան և Սեքվոյա արգելոցները: Վերջինում կան բազմաթիվ ծառուղիներ, որոնցից մեկը «Կոնգրեսի ծառուղին» է, որի առանձին ծառեր կրում են ամերիկյան հայտնի գործիչների անուններ: Օրինակ` գեներալ Շերմանի անունը կրող ծառի բարձրությունը 83 մ է, բնի շրջագիծը՝ 31,3 մ, տրամագիծը՝ 11,1 մ: 
Հյուսիսային Ամերիկան բնակեցված է եղել շատ վաղուց՝ դեռևս Կոլումբոսի հայտնագործությունից հազարավոր տարիներ առաջ: Մայրցամաքի բնիկներն են իննուիտները (էսկիմոսներ) և հնդկացիները (նրանց սխալմամբ այդպես է կոչել Կոլումբոսը): Տարբեր ժամանակներում այստեղ են եկել զանազան ցեղեր և ցրվել մայրցամաքով մեկ: Բազմազան է եղել հնդկացիների տնտեսական գործունեությունը. զբաղվել են ձկնորսությամբ, որսորդությամբ, հավաքչությամբ, իսկ իննուիտները՝ ծովային գազանորսությամբ: Տնտեսական ու մշակութային զարգացման ավելի բարձր մակարդակ են ունեցել մայրցամաքի հարավային շրջաններում ապրող ցեղերը, հատկապես՝ ացտեկները և  մայաները: Նրանք ունեցել են իրենց պետական կազմավորումը և բարձր մշակույթ, գիր ու գրականություն: 
Հյուսիսային Ամերիկան եգիպտացորենի, կարտոֆիլի, բատատի (քաղցր կարտոֆիլ), լոլիկի, արևածաղկի, ծխախոտի և այլ մշակաբույսերի հայրենիքն է, որտեղից հետագայում դրանք տարածվել են աշխարհով մեկ:
Եվրոպացի գաղութարարների հայտնըվելուց հետո բնիկները բռնություններից խուսափելու համար ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից, պատսպարվել լեռներում ու հյուսիսային ցուրտ շրջաններում և այդպիսով կարողացել են մասամբ պահպանել իրենց ինքնատիպ մշակույթը: 
Ներկայումս Հյուսիսային Ամերիկայի բնակչությունը բազմազգ է, որի ճնշող մեծամասնությունը Եվրոպայից գաղթածների և Աֆրիկայից բերված ստրուկների սերունդներն են: Վերջին հարյուրամյակում ներգաղթել են նաև մեծ թվով ռուսներ, ուկրաինացիներ, շվեդներ, լեհեր, չինացիներ, հայեր և այլք:
Հյուսիսային Ամերիկան աշխարհի խոշորագույն տնտեսական տարածաշրջանն է, որին բաժին է ընկնում համաշխարհային համախառն արդյունաբերական արտադրանքի 2/5-ը: Տարածաշրջանի երկրներից երկուսը (ԱՄՆ, Կանադա) միասին զբաղեցնում են մայրցամաքի մեծ մասը, ունեն բարձր զարգացած  հզոր տնտեսություն, ընդ որում` երկուսն էլ աշխարհի առավել խոշոր տնտեսական ու քաղաքական առաջատար երկրների ութնյակում են:
ԱՄՆ-ից հարավ տարածվում է Մեքսիկան, իսկ Կենտրոնական Ամերիկայում և Կարիբյան ծովի կղզիներում գտնվում են մի շարք փոքր պետություններ: Դրանք նախկինում եղել են իսպանական, բրիտանական, ֆրանսիական, ամերիկյան գաղութներ: XIX դարի առաջին քառորդում անկախություն ձեռք բերեցին Մեքսիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Կոստա Ռիկան, Նիկարագուան, Սալվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը: 1898 թ-ին անկախ հանրապետություն հռչակվեց Կուբան, 1903 թ-ին՝ Պանաման, 1964 թ-ին՝ Բելիզը, 1973 թ-ին՝ Բահամյան կղզիները, 1981 թ-ին՝ Անտիգուա և Բարբուդան, 1983 թ-ին՝ Սենտ Քրիստոֆեր և Նևիսը և այլն:
Կան նաև տարածքներ, որոնք դեռևս կախման մեջ են առանձին պետություններից:
  •  Միսիսիպիի ձախ ափին է գտնվում աշխարհում ամենախոշոր՝ Մամոնտի քարանձավը, որի երկարությունը 240 կմ է, ունի 225 անցք, 47 բարձր գմբեթաձև սրահներ, 23 քարանձավ, բազմաթիվ ոչ մեծ խորշեր, ինչպես նաև ստորգետնյա գետեր և կարստային լճեր: