Հուդայածառը բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է 7 տեսակ՝ տարածված Միջերկրական ծովի ափերին, Հյուսիսային Ամերիկայում, Միջին և Արևմտյան Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզում՝ վայրի 1 տեսակ՝ Գրիֆիթի հուդայածառը: Աճում է ստորին գոտու չոր, քարքարոտ լանջերին:
Հուդայածառի բարձրությունը 5–7 մ է: Տերևները պարզ են, կլորավուն, հիմքում՝ սրտաձև: Ծաղիկները երկսեռ են, վառ վարդագույն փնջերով՝ տեղավորված բազմամյա ճյուղերի, նույնիսկ` բնի վրա: Ծաղկում է մինչև տերևների բացվելը: Պտուղն ունդ է, սերմերը հարթ են ու կլորավուն:
Բնափայտն ամուր է, ճկուն, օգտագործվում է ատաղձագործության մեջ: Դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների հանդեպ: Գեղազարդիչ է. լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: