Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Աթենք
Տարածքը՝ 
131,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
11,1 մլն
Պետական լեզուն՝ 
հունարեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2002 թ.՝ 
դրահմա)
Աթենքի պատմական 
կորիզ Ակրոպոլիսը
Հունական քաղաքակրթության հիմնական ժառանգություններից մեկը խաղերն են: Սկահակի վրայի պատկերները դրա վառ ապացույցն են:
Հունական թատրոնների ավերակների կարելի է հանդիպել հին հունական կայսրության տարբեր շրջաններում: Աթենքի պատմական ամֆիթատրոնն այսօր էլ գործում է:
Աթենքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին
Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան Աթենքում
Հունաստանի Հանրապետություն
Հունաստանը պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնք միասին կազմում են երկրի տարածքի 1/5-ը: Խոշոր կղզիներն են Կրետեն, Եվբեան, Հռոդոսը, Լեսբոսը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը: Ափերը խիստ կտրտված են, ափագծի երկարությունն ավելի քան 15 հզ. կմ է: 
Այստեղ ծովի մեջ են մխրճվում Խալկեդոնիա, Աթթիկա և Պելեպոնես թերակղզիները: Վերջինս ամենախոշորն է. զբաղեցնում է Հունաստանի տարածքի 1/7-ը:
Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, վերջին բուռ քարը ծովը նետեց, և առաջացավ Հունաստանը՝ լեռնոտ ու քարքարոտ այդ երկիրը: Լեռներն ու սարահարթերը զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 2/3-ը: Եգեյան ծովի երկայնքով ձգվում են մի քանի փոքր դաշտավայրեր (Ստորին Թրակյան, Սալոնիկի, Թեսալյան): Ամենամեծ լեռնային համակարգը Պինդոսն է: Գերակշռում են միջին բարձրության լեռները, ամենաբարձր կետը Օլիմպոսն է (2911 մ): 
Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է. ձմեռը՝ մեղմ ու խոնավ, ամառը՝ շոգ ու չոր: Գետերը կարճ են, լեռնային: Նշանակալի են Վարդարը, Մարիցան, Ստրիմոնը, Նեստոսը, որոնց միայն ստորին հոսանքներն են Հունաստանի տարածքում: Լճերից են Տրիխոնիսը, Վեգորիտիսը, Պրեսպան: Երկրի տարածքի 15%-ն անտառածածկ է: Կան երկաթի, մանգանի, քրոմի, նիկելի, բազմամետաղների, մարմարի պաշարներ:
Հունաստանի բնակչության մոտ 95%-ը հույներ են: Բնակվում են նաև ալբանացիներ, արոմուններ, թուրքեր, հրեաներ, հայեր, գնչուներ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան:
Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան:
Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաք-պետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաք-պետությունների ազատությունն ու անկախությունը:
Հին հույները ժամանակի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից էին, իսկ Հունաստանը համարվել է երկիր, որտեղ առասպելներ են ծնվում: «Իլիական» և «Ոդիսական» դյուցազներգությունները, որոնք, ըստ ավանդության, ստեղծել է Հոմերոսը մ.թ.ա. XII դարում, համաշխարհային գրականության գլուխգործոցներից են:
Հին հունական արվեստն ու մշակույթը դարեր շարունակ եղել են գեղեցկության, հնարամտության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ:
Հին հույները վեհաշուք տաճարներ էին կառուցում իրենց աստվածների պատվին: Շատ գեղեցիկ է եղել պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների և երկրագործության աստվածուհի Աթենաս Պալլասի պատվին Ակրոպոլիսում կանգնեցված Պարթենոն տաճարը:
Յուրաքանչյուր քաղաքում անպայման թատրոն կար: Այդ նպատակով կառուցվում էին հատուկ ամֆիթատրոններ: Արիստոֆանեսի կատակերգությունները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգություններն այժմ էլ բեմադրվում են աշխարհի շատ թատրոններում:
Հին հույներն առանձնակի վարպետության էին հասել քանդակագործության ասպարեզում: Քանդակագործներն աստվածներին նվիրված բրոնզակերտ կամ մարմարակերտ արձաններում նրանց պատկերում էին մարտնչող, գեղեցիկ, կենսուրախ և ուժեղ մարդկանց տեսքով: Շատ արձաններ են ստեղծվել Օլիմպիական խաղերի հաղթողների պատվին: Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, որը կերտել է նաև Զևսի արձանը Աթենքում: 
Հին Հունաստանում են ստեղծվել Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը՝ Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը:
Հին Հունաստանը գիտությունների հայրենիքն է: Այնտեղ են ձևավորվել դաստիարակության, կրթության առաջին համակարգերը: Աշխարհին հայտնի են փիլիսոփաներ և մեծ գիտնականներ Թալեսը, Պյութագորասը, Սոկրատեսը, Էվկլիդեսը, Պլատոնը, Դեմոկրիտը, Արիստարքոսը, Արիստոտելը,  Սոլոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդը, քարտեզագետ Միլետան, պատմաբաններ Հերոդոտոսը, Քսենոֆոնը, ժամանակակիցներից` մեծահարուստ Օնասիսը, երգիչներ Մարիա Կալասը, Դեմիս Ռուսոսը և ուրիշներ:
Էրատոսթենեսը համարվում է աշխարհագրության «հայրը», իսկ Ստրաբոնը Հին դարաշրջանի աշխարհագրական գիտելիքներն ամփոփել է «Աշխարհագրություն» գրքում, որը բազմաթիվ տեղեկություններ է տալիս նաև Հայաստանի բնության, քաղաքների, հայոց թագավորների մասին:
Հին հույներն անվեհեր մարտիկներ էին: Հայտնի է նրանց փոքրաթիվ զորքի  հաղթանակը պարսից արքա Դարեհի և նրա որդի Քսերքսեսի դեմ ճակատամարտում՝ Մարաթոն բնակավայրի մոտ: Այդ իրադարձության հետ է կապված «մարաթոնյան վազք» կոչվող ներկայիս մարզաձևի առաջացումն ու անունը:
Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ է կապված հին հունական մշակույթի և լեզվի տարածումը դեպի արևելք` նրա գրաված երկրներ, որը պատմության մեջ հայտնի է որպես հելլենիզմի դարաշրջան:
IV դարում Հին Հունաստանի տարածքը մտավ Արևելյան հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ:
Ժամանակակից Հունաստանի պատմությունն սկսվում է 1453 թ-ից, երբ թուրքերը նվաճեցին Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը: XVII–XVIII դարերում Հունաստանը թուրքական լծի տակ էր: Թուրքերը, որ հասարակական, տնտեսական և մշակութային զարգացման անհամեմատ ցածր մակարդակի վրա էին, կասեցրին Հունաստանի բնականոն զարգացումը: Թուրքական բռնություններից փրկվելու համար հույների մի մասը տարագրվեց Իտալիա, Ավստրիա, Ռուսաստան և այլ երկրներ: Սակայն հույն ժողովուրդը համառորեն պայքարում էր թուրքական լծի դեմ: 1830 թ-ին այդ պայքարը պսակվեց հաղթանակով. Հունաստանը պաշտոնապես հռչակվեց անկախ պետություն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանն ընկավ գերմանական տիրապետության տակ և մեծ կորուստներ կրեց: Միայն պատերազմի ավարտին կարողացավ ազատագրվել օտարերկրյա լծից:
Հունաստանը ծովային երկիր է: Հունական նավերը Եվրոպա և Ամերիկա են տանում ծխախոտ ու չամիչ, նարինջ ու գինի, ձիթապտղի յուղ ու կաշի, ինչպես նաև ածուխ, բոքսիտներ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել և այլ օգտակար հանածոներ:
Հունաստանում զարգացած են մետաղաձուլությունը, նավթավերամշակումը (ներմուծվող հումքի հիման վրա), մեքենաշինությունը, հատկապես՝ նավաշինությունը:
Սննդի արդյունաբերության մեջ առաջնային նշանակություն ունեն գինու, շաքարի, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությունները:
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են մերձարևադարձային պտղաբուծությունը (ձիթենի, խաղող, ցիտրուսներ), ծխախոտի և բամբակենու մշակությունը: Հունաստանում հայտնի են խաղողի Կորինկա և Սուլթանիա տեսակները, որոնցից բարձրորակ չամիչ են ստանում: 
Արևոտ, հարմար լողափերը, հայտնի առողջարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները դեպի իրենց են ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների: Տարեկան Հունաստան է այցելում 7 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, ինչը մեծ եկամուտներ է բերում երկրին:

Հայերը Հունաստանում
Հայերը Հունաստանում զանգվածաբար սկսել են բնակություն հաստատել V-VI դարերում: Նրանց թիվը ստվարացել է 1895–96 թթ-ին Թուրքիայի կազմակերպած հայկական ջարդերից և հատկապես Մեծ եղեռնից հետո: Հայերն ակտիվորեն մասնակցել են թուրքական լծից հույն ժողովրդի ազատագրական պայքարին: Իսկ գերմանացի զավթիչների դեմ հույների մղած պայքարում նրանք նույնիսկ կազմավորեցին «Ազատություն» հայկական առանձին աշխարհազորային ջոկատը: Ներկայումս Հունաստանում բնակվում է շուրջ 45 հզ. հայ (35 հզ-ը՝ նորեկ հայաստանցիներ). հիմնականում կենտրոնացած են Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Քսանթի և այլ քաղաքներում:
Հայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական կյանքին: Գործում են եկեղեցիներ Սուրբ Աստվածածինը՝ Սալոնիկում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Սուրբ Հակոբը՝ Աթենքում, դպրոցներ, քաղաքական, մշակութային, բարեգործական, երիտասարդական, մարզական միություններ, լույս են տեսնում պարբերականներ («Ազատ օր», «Դրոշակ», «Երիտասարդական կանչ», «Հայաստան», «Շողակաթ» և այլն): Հունահայության ազգային կյանքը կազմակերպում են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը:
1996 թ-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: 
  • Օլիմպոսը հույների սրբազան լեռն է: Այստեղ, ըստ հունական դիցաբանության, բնակվել են աստվածները: Ի պատիվ Զևս գերագույն աստծու՝ Հին Հունաստանում տոնախմբություններն ու մրցումները տեղի են ունեցել Օլիմպիա քաղաքում: