Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բուդապեշտ
Տարածքը՝ 
93 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
10,2 մլն
Պետական լեզուն՝ 
հունգարերեն
Դրամական միավորը՝ 
ֆորինտ
Հունգարիայի խորհրդարանի շենքը  Բուդապեշտում` Դանուբի ափին
Բալատոն լիճը զբոսաշրջության և սպորտի հայտնի կենտրոն է:
Հայ-հունգարական բարեկամության հուշարձան Շոպրոն քաղաքում
Հունգարիայի Հանրապետություն
Հունգարիան պետություն է Եվրոպայի կենտրոնում՝ Ալպերի, Կարպատների և Դինարյան լեռների միջև: Հունգարիայի գլխավոր գետը՝ Դանուբը, հոսում է երկրի կենտրոնով՝ հյուսիսից հարավ 270 կմ երկարությամբ և երկիրը բաժանում է 2 մասի: Արևելքում Միջինդանուբյան ընդարձակ դաշտավայրն է, արևմուտքում՝ Դունանտալ հարթավայրը, որը հատվում է Միջինհունգարական լեռներով, հյուսիսում՝ Արևմտյան Կարպատների ճյուղավորումները՝ մինչև 1000 մ բարձրությամբ: Ամենաբարձր կետը Կեկեշ լեռն է` 1015մ: Կլիման բարեխառն է, ցամաքային: Հունգարիայի գետային ցանցը պատկանում է Դանուբի ավազանին, որը երկրի ամենակարևոր ջրուղին է և Հունգարիան կապում է մերձդանուբյան մյուս պետությունների հետ: Դանուբի Չեպել (Բուդապեշտում) նավահանգիստ են մտնում նույնիսկ Սև ծովից եկող նավերը: Դանուբի խոշոր վտակներն են Ռաբան, Շիոն, Դրավան, Տիսան: Լճերը քիչ են, ամենախոշորը Բալատոնն է, որի գեղատեսիլ ափերին տարածված են առողջարաններ ու հանգստյան տներ, հյուրանոցներ ու զբոսաշրջային հանգըրվաններ:
Հեռավոր անցյալում հունգարները, որոնք ուգրո-ֆիննական ծագում ունեն, ապրում էին Ուրալյան լեռնաշղթայի նախալեռներում: Այնուհետև, շարժվելով դեպի հարավ-արևմուտք, IX դարի վերջին նրանք հաստատվել են ժամանակակից Հունգարիայի տարածքում:
Հունգարները դարեր շարունակ պայքարել են երկիրը նվաճած թուրքերի, XVII դարից ի վեր՝ ավստրիական տիրապետության դեմ, ինչի վառ դրսևորումն էր 1848–49 թթ-ի հունգարական հեղափոխությունը, որը սակայն ավարտվել է պարտությամբ: Ավստրո-Հունգարական կայսրությունը քայքայվեց միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո, և Հունգարիան հռչակվեց անկախ պետություն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունգարիան ֆաշիստական Գերմանիայի գլխավորած պետությունների խմբակցության կազմում պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին: 1945 թ-ի ապրիլին Հունգարիան պարտություն կրեց խորհրդային բանակից, և այնտեղ հաստատվեց կոմունիստական վարչակարգ: Երկրում իրականացվեցին սոցիալիստական վերափոխություններ, որոնք սակայն արմատներ չգցեցին հունգարական հասարակության մեջ. դրա ցայտուն արտահայտությունը եղավ 1956 թ-ի ապստամբությունը վարչակարգի դեմ, որը ճնշվեց երկիր մուտք գործած խորհրդային բանակի կողմից:
Այդ իրադարձություններից 33 տարի անց, 1989 թ-ի հոկտեմբերին, Հունգարական Ժողովրդական Հանրապետությունը վերականգնեց իր իրական անկախությունը և վերանվանվեց Հունգարիայի Հանրապետություն: 2004 թ-ից անդամակցում է Եվրոպական միությանը: 
Բնակչության 96%-ը հունգարներ (ինքնանվանումը՝ մաջար) են: Բնակվում են նաև սլովակներ, ռումիններ, գերմանացիներ, սերբեր, հայեր և այլք:
Խոշոր քաղաքներն են Բուդապեշտը, Դեբրեցենը, Միշկոլցը, Սեգեդը:
Հունգարիան ներկայումս զարգացած արդյունաբերական երկիր է՝ բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով: Հատկապես լայն զարգացում են ստացել մեքենաշինությունն ու մետաղամշակումը: Արդյունահանում են բոքսիտներ (2-րդ տեղը Եվրոպայում), մանգան, բազմամետաղներ, քիչ քանակությամբ՝ նավթ և գազ: Արտադրում են հաստոցներ, լեռնային և շինարարական մեքենաներ, հզոր տրակտորներ, կոմբայններ, դիզելային լոկոմոտիվներ, մոտոցիկլներ, երկաթուղային վագոններ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ («Իկարուս»): Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղերն են պահածոների, մսեղենի և հրուշակեղենի արտադրությունը:
Զարգացած է նաև գյուղատնտեսությունը: Հունգարիայի տարածքի ավելի քան 60%-ը բերրի վարելահողեր են, 17,6%-ը` անտառներ, բարենպաստ են նաև կլիմայական պայմանները: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, գարի, բրինձ, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, արևածաղիկ, կանեփ: Խաղողի այգիներով ու գինով հռչակված է Կարպատների նախալեռնային Տոկա շրջանը: Դանուբի և Տիսայի միջագետքում տարածված են պտղատու այգիները: Բուծում են խոշոր եղջերավոր կենդանիներ, ոչխարներ (հիմնականում` նրբագեղմ): Զարգացած են խոզաբուծությունն ու թռչնաբուծությունը:
1872 թ-ին հիմնադրված մայրաքաղաք Բուդապեշտն առաջացել է Բուդա և Պեշտ քաղաքների միավորմամբ, որոնք միմյանց միացած են 8 կամուրջներով: Պեշտում են գտնվում գրեթե բոլոր կառավարական հիմնարկները, թատրոնների, թանգարանների, բուհերի (Բուդապեշտի համալսարանը հիմնադրվել է 1300 թ-ին) մեծ մասը, առևտրական և արդյունաբերական շատ ձեռնարկություններ: Դեռևս XIX դարի վերջին է Բուդապեշտում գործարկվել (Եվրոպայում` 2-րդ) 8 կմ երկարությամբ  մետրոպոլիտենը:
Հայտնի են կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը, Բելլա Բարդոկը, բանաստեղծ Շանդոր Պետեֆին, ֆիզիկոս Էդվարդ Թելերը, կինոռեժիսոր Ջորջ Կյուկորը, գյուտարար Էռնե Ռուբիկը և շատ ուրիշներ:

Հայերը Հունգարիայում
Հունգարիայում հայերն սկսել են բնակություն հաստատել X–XI դարերում: Նրանք հիմնել են Գեռլա և Եղիսաբեթուպոլիս քաղաքները Տրանսիլվանիայում: Դեռևս XIII դարում Կիլիկյան Հայաստանի և Հունգարիայի թագավորները կնքել են բարեկամության դաշինք: Ուշագրավ է, որ Հունգարիայի երբեմնի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկական թաղամաս, որի բնակիչները 1240–41թթ-ին հունգարների հետ կողք կողքի կռվել են մոնղոլ-թաթարական նվաճողների դեմ: 
Ավելի ուշ հունգարահայերը կռվել են երկիրն օսմանյան լծից ազատագրելու համար, մասնակցել են 1848–49 թթ-ի հեղափոխությանը: Հունգարիայի ազատագրման համար մղված մարտերում աչքի են ընկել հայազգի զորավարներ Էռնե Կիշը, Վիլմոշ Լազարը, Յանոշ Ցեցը (Բուդապեշտում կան նրանց անունները կրող փողոցներ):
Ներկայումս Հունգարիայում բնակվում է մոտ 15 հզ. հայ, մեծ մասը՝ Բուդապեշտում: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Դեբրեցեն, Շոպրոն, Սեկեշֆեհերվար քաղաքներում: Հայերի մեծ մասը ներգրավված է երկրի տնտեսական և հասարակական կյանքում: Գործում են Հայ մշակութային միությունը (մինչև 1993 թ.՝ «Արմենիա» ընկերություն), հայկական եկեղեցին, հայկական ռադիոժամ, լույս է տեսնում «Արարատ» թերթը: Հատկապես ակտիվ կապեր են ստեղծվել Դյոր Շոպրոնի մարզի գիտական  և մշակութային  հաստատությունների հետ: