Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գեղասահքի մրցումներում
Չմշկավազք
Արագընթաց վայրսահք ղեկասահնակով
Հոկեյի մրցամարտ
Լեռնադահուկային սպորտ
Ձմեռային մարզաձևերի մրցումներն անցկացվում են սառույցի և ձյան վրա: Դրանցից ամենամեծ տարածում են գտել գեղասահքը, չմշկավազքը, տափօղակով հոկեյը, դահուկավազքը, դահուկացատկը, բիաթլոնը, սահնակային, ղեկասահնակային (բոբսլեյ), լեռնադահուկային մարզաձևերը և այլն: 
Ձմեռային մարզաձևերի գլխավոր մրցումները Ձմեռային օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվում են 4 տարին մեկ: Առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 1924 թ-ին` Ֆրանսիայի Շամոն քաղաքում:

Մարզաձևեր սառույցի վրա
Գեղասահքը բազմապիսի սահաձևերի կատարումով կորագծերով գեղարվեստական սահքն է սառույցի վրա: Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են գեղասահքի 4 տեսակներ՝ տղամարդկանց, կանանց մենասահքեր, զուգասահքեր և մարզական պարեր: Մրցումների ժամանակ երաժշտության ուղեկցությամբ գեղասահորդները կատարում են պարտադիր և կամավոր ծրագրեր:
Գեղասահքի չմուշկները պողպատե շեղբաձև 2 սահուկներ են, որոնք մետաղե հարթ թիթեղիկներով ամրացված են սահքակոշիկներին: Գեղասահորդները 1 կամ 2 չմուշկներով կատարում են վարժություններ՝ բազմապիսի պտույտներ, թռիչքներ ու վայրէջքներ: Զուգասահքի մարզազույգը կատարում է նաև նեցուկներ, վերնետումներ, համատեղ և համաժամանակյա թռիչքներ ու պտույտներ:
Մարզական պարերը նման են զուգասահքին, որտեղ զույգը սահում է երաժշտության տակ, սակայն, ի տարբերություն գեղասահքի մյուս ձևերի, մարզական պարերում բացակայում են թռիչքները, զույգի երկարատև անջատ պարը և այլ տարրեր: Գեղասահորդների ելույթները գնահատվում են 1–6 միավորներով՝  կատարման տեխնիկայի և արտիստականության համար: Մարզիկների գրաված տեղերը որոշվում են նրանց հավաքած միավորների ընդհանուր գումարի արդյունքներով:
Չմշկավազքը չմուշկներով արագընթաց վազքն է սառույցի վրա: Տղամարդիկ և կանայք մրցում են առանձին՝ 500–10.000 մ վազքատարածություններում: Երկար վազքատարածության մրցումներն անցկացվում են բացօթյա՝ 400 մ երկարությամբ շրջագծով մրցուղիներում, որտեղ չմշկորդները վազում են զույգերով՝ 2 մրցուղիներում` յուրաքանչյուր շրջանից հետո մրցուղիները փոխելով:
Կարճ՝ շորթ-տրեկով չմշկավազքում մասնակցում է 4–6 մարզիկ: Մրցումներն անցկացվում են 500– 3000մ վազքատարածություններով՝ 111 մ երկարությամբ մրցուղում: 
Սահնակներով սառցուղով արագընթաց վայրսահքը, ըստ մարզիկի ընդունած դիրքի, կոչվում է սահնակային սպորտ (երբ մարզիկը պառկած է մեջքի վրա) կամ սքելտոն (երբ մարզիկը պառկած է փորի վրա): Վայրսահքի ժամանակ սահնակի արագությունը հասնում է մինչև 120 կմ/ժ: Մրցումներին մասնակցում են և՜ տղամարդիկ (մեկտեղանոց ու երկտեղանոց սահնակներով), և՜ կանայք (միայն մեկտեղանոց սահնակներով):
Ղեկասահնակային մարզաձևը մեխանիկական արգելակով և ղեկակառավարումով հանդերձված շրջահոսելի սահնակներով (բոբեր) արագընթաց վայրսահքն է: Մրցումներն անցկացվում են հատուկ սարքավորված ոլորապտույտ սառցուղիներում, որտեղ սահնակի արագությունը հասնում է մինչև 135 կմ/ժ: Այս մարզաձևով զբաղվում են միայն տղամարդիկ (երկտեղանոց և չորստեղանոց ղեկասահնակներով):
Առագաստասահնակներով (բուերներ) մրցարշավը սահաձողերով և առագաստով հանդերձված նավակատիպ սահնակների մրցությունն է սառույցի վրա: Առագաստասահնակները մարզիկները ղեկավարում են նույն կերպ, ինչպես առագաստանավերը:

Հոկեյ
Հոկեյը մարզական թիմային խաղ է հատուկ պատրաստված սառցադաշտում, որտեղ մարզիկները տեղաշարժվում են չմուշկներով: Խաղին մասնակցում է 2 թիմ` 6-ական մարզիկներով, որոնք խաղում են` մականներով հարվածելով ռետինե հաստ, կարծր տափօղակին: Խաղի նպատակը տափօղակը, անհատական վարումով և փոխանցումներով առաջ մղելով, հակառակորդի դարպասը անցկացնելն է: Հաղթում է առավել թվով գոլ խփած թիմը:
Հոկեյի դաշտը շրջապատված է մարդու գոտկատեղի բարձրությամբ արգելապատնեշով, որին դիպչելով՝ տափօղակը հետ է թռչում և մնում խաղի մեջ. այդ պատճառով հոկեյի մրցախաղն ընթանում է առանց ընդհատումների: Հոկեյը կոշտ, ուժային խաղ է: Խաղացողները հաճախակի բախվում են միմյանց և արգելապատնեշին, ինչը վտանգավոր է, այդ պատճառով բոլոր մարզիկները կրում են սաղավարտներ, իսկ մարզահագուստի տակ՝ պահպանիչ վահանակներ:
Եվրոպայի մի շարք երկրներում և Ռուսաստանում սառույցի վրա խաղում են նաև գնդակով հոկեյ:

Դահուկային սպորտ
Դահուկային սպորտը միավորում է դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, ոստնահարթակից դահուկացատկը, բիաթլոնը, դահուկային երկամարտը (դահուկավազք ու դահուկացատկ) և դահուկապարը (ֆրիստայլ):
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1924 թ-ին և միավորում է շուրջ 50 ազգային ֆեդերացիաներ:
Դահուկավազքն ամենահայտնի մարզաձևերից և ակտիվ հանգստի ամենատարածված եղանակներից է: Դահուկորդի մարզագույքը բաղկացած է դահուկներից և դահուկաձողերից: Դահուկավազքի մրցումներում տղամարդիկ մրցում են 15, 30, 50 կմ վազքի և 4 x 10 կմ փոխանցավազքի, կանայք` 5 և 10 կմ վազքի և 4 x 5 կմ փոխանցավազքի մրցատարածություններում: 
Լեռնադահուկային սպորտն ընդգրկում է արագընթաց վայրսահքի, ոլորասահքի (սլալոմ) և հսկա ոլորասահքի մրցաձևերը, որոնց մրցումներն անցկացվում են լեռնալանջերին: Մարզիկները մեկնարկում են մեկը մյուսից որոշակի ժամանակ հետո. հաղթում է մրցատարածությունն ամենակարճ ժամանակում անցնողը: Արագընթաց վայրսահքի մրցումներում դահուկորդները լեռնալանջով ցած են սլանում ուղղագիծ սահուղով, ոլորասահքի մրցումներում՝ դրոշակներով կամ դարպասներով նշված ոլորապտույտ մրցուղով: Տղամարդիկ մրցում են 500–600 մ, կանայք՝ 450–500 մ մրցատարածությունում: Մարզիկներին տրվում է 2 փորձի իրավունք: Հսկա ոլորասահքի մրցումներում տղամարդկանց մրցուղու երկարությունը 1200–1500մ է, կանանցը՝ 700–800 մ, իսկ դրոշակների կամ դարպասների թիվը` համապատասխանաբար՝ 50–60 և 45–50:
Ոստնահարթակից դահուկացատկի մրցումներում մարզիկները, լեռնալանջով վար սլանալով, արագություն են հավաքում և ընթացքից ցատկում 70 և 90 մ բարձրության ոստնահարթակից: Դահուկացատկի պաշտոնական մրցումներին մասնակցում են միայն տղամարդիկ: Ցատկը գնահատվում է 2 ցուցանիշներով՝ հեռավորությամբ և կատարման տեխնիկայով:
Բիաթլոնը դահուկավազքից և հրաձգությունից բաղկացած մարզաձև է: Պաշտոնական մրցումներն անցկացվում են 10 և 20 կմ տարածության դահուկավազքի և 4 x 7,5 կմ փոխանցավազքի մրցատարածություններում, որտեղ մարզիկները նաև կրակում են, համապատասխանաբար՝ 2 անգամ (կանգնած և պառկած) և 4 անգամ (2-ական անգամ՝ կանգնած և պառկած):
Դահուկապարը կամ ֆրիստայլը լեռնադահուկային սպորտի տարատեսակ է, որը ներառում է մոգուլ, դահուկաբալետ և դահուկացատկեր մրցաձևերը:
Մոգուլ մրցաձևն արագընթաց վայրէջք է բլրապատ տեղանքով անցնող սահուղով:
Դահուկաբալետը թեք սահուղով վայրէջք է, որի ժամանակ մարզիկը կամ մարզուհին, հենվելով 1 կամ 2 դահուկաձողի վրա, կատարում է ձևավոր քայլեր, պտույտներ, շրջադարձեր:
Դահուկացատկերը` պտույտներ, շրջադարձեր, սալտո և այլ վարժություններ, կատարվում են 2 մ բարձրության դահուկահարթակից: 
Դահուկային երկամարտի հաղթողը որոշվում է առանձին մարզաձևերում (դահուկավազք և դահուկացատկ) մարզիկի ստացած միավորների գումարային արդյունքներով: 
Դահուկապարի մրցումներին մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք: 
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ստեղծվել է 1967 թ-ին: Հայաստանում ձմեռային օլիմպիական մարզաձևերով ակտիվորեն զբաղվում են Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում: