Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Բիշքեկ
Տարածքը՝ 
199,9 հզ կմ2
Բնակչությունը՝
5,3 մլն
Պետական լեզուն՝ 
ղրղզերեն
Դրամական միավորը՝ 
սոմ
Ղրղզստանի Կառավարության շենքը մայրաքաղաք Բիշքեկում 
Գեղատեսիլ Իսիկ Կուլ լիճը
Ղրղզստանը զարգացած ձիաբուծության երկիր է:
Ղրղզստանի Հանրապետություն
Ղրղզստանը լեռնային երկիր է: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Տյան Շանի, Ղրղզական, Ալայան լեռնաշղթաները, որոնց ժայռոտ կատարները ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Որոշ լեռնագագաթների բարձրությունն անցնում է 7000 մ-ից, իսկ ամենաբարձրը Հաղթանակի պիկն է (7439 մ): Ղրղզստանի սառցադաշտերը քաղցրահամ ջրերի վիթխարի պահեստարաններ են. դրանք ամբարում են ավելի քան 600 մլրդ մ3 ջուր և սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի, որոնք նեղ կիրճերով գահավիժում են ցած՝ ոռոգելով Իսիկ Կուլի, Ֆերգանայի գոգահովիտների դաշտերը:
Շատ են նաև բարձրլեռնային լճերը, որոնցից ամենամեծը չսառչող գեղատեսիլ Իսիկ Կուլն է: Լճի ափերին կան առողջարաններ, հանգստյան տներ, երիտասարդական ճամբարներ, զբոսաշրջիկների հանգրվաններ:
Ղրղզստանն արևոտ երկիր է: Հովիտներում ամառը շոգ է, ձմեռը՝ տաք ու մեղմ: Լեռներում կլիման փոխվում է ըստ բարձրության և կախված է նաև լեռնալանջերի դիրքադրությունից: Լեռների ստորոտներում կիսաանապատներ ու չոր անապատներ են՝ կիզիչ ամառով ու մեղմ ձմեռով:
Լեռների բուսականությունը բազմազան է. կան ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, տյանշանյան եղևնու, վայրի խնձորենու և տանձենու, ընկուզենու անտառներ: Ընկուզենին երկրի հարստությունն է, և այդ ծառատեսակի զբաղեցրած տարածքով Ղրղզստանն առաջատարն է Միջին Ասիայում:
Հարուստ է նաև կենդանական աշխարհը. կան գայլ, աղվես, ճագար, լեռնային կաքավ, տատրակ, անտառներում՝ եղնիկ, վարազ, արջ, գորշուկ, լուսան, լեռնային տափաստաններում՝ արջամուկ, հովազ, վայրի հնդկահավ, Իսիկ Կուլում ձմեռում են բազմաթիվ թռչուններ՝ կարապներ, սագեր, բադեր և այլն: Լճերն ու գետերը հարուստ են ձկներով: Իսիկ Կուլում կլիմայավարժեցվել է նաև Սևանա լճից տարված իշխանը, որի երկարությունն առանձին դեպքերում հասնում է 1 մ-ի:
Ղրղզստանի ընդերքում հայտնաբերվել են քարածխի, ծարիրի, սնդիկի, ազնիվ մետաղների հանքավայրեր:
Տարածքը VI-XII դարերում մտել է Թյուրքական խաքանության և կառլուկների, ապա Կարախանյանների պետության կազմի մեջ, XIII-XVI դարերում՝ թաթար-մոնղոլների տիրապետության տակ: XIX դարի 1-ին կեսին մտել է Կոկանդի խանության, 1860-70-ական թթ-ին ներառվել է Ռուսական կայսրության՝ նախ` Թուրքեստանյան նահանգի, ապա` գեներալ-նահանգապետության կազմի մեջ: Այդ ժամանակներից սկսած` Ռուսաստանն այնտեղ  բնակեցրեց ռուս և ուկրաինացի գյուղացիների, մուտք գործեցին նաև չինական ավատատերերից փախած դունգաններ և ույղուրներ, որոնք երկրում զարգացրին երկրագործությունը: Երկրում 1917թ-ի նոյեմբեր-1918թ-ի հունիսին հաստատվել են խորհրդային կարգեր, 1924 թ-ին ՌԽՖՍՀ կազմում կազմավորվել է Կարա-Կիրգիզական (1925 թ-ից Կիրգիզական) ինքնավար օկրուգ, 1926-ին վերածվել է ինքնավար հանրապետության, իսկ 1936 թ-ից՝ միութենական հանրապետության՝ ԽՍՀՄ կազմում: 
1990 թ-ին ընդունել է ժամանակակից անվանումը, անկախություն է հռչակել 1991 թ-ին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:
Ղրղզստանի  հիմնական բնակիչները ղրղզներն են (66,9%), որոնք երիտասարդ ազգ են. ձևավորվել են XV–XVI դարերում՝ եկվոր թաթար-մոնղոլական և տեղական ցեղերի միախառնումից: Բնակվում են նաև ռուսներ, ուզբեկներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, թաթարներ, հայեր և այլք:
Չու գետի հովտում է գտնվում մայրաքաղաք Բիշքեկը, որը կարևոր արդյունաբերական ու մշակութային կենտրոններից է Միջին Ասիայում: Խոշոր քաղաքներ են նաև Օշը, Ջալալաբադը, Թոքմակը:
Երկրի արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, գունավոր մետաղաձուլությունը, էներգետիկան, թեթև և սննդի արդյունաբերությունը: Միջինասիական պետությունների տնտեսության համար մեծ նշանակություն ունի Ղրղզստանի ածխարդյունաբերությունը: 
Ղրղզստանը հարուստ է նաև էներգետիկ պաշարներով. քաղաքներում գործում են ջէկեր, գետերի վրա՝ ջրէկներ: Նարին գետի վրա է գտնվում Թողթողուլի ջրէկը, որն ամենախոշորներից է Միջին Ասիայում:
Գյուղատնտեսության հիմնական ճյուղը անասնաբուծությունն է, հատկապես՝ ոչխարաբուծությունը: Զարգացած են նաև ձիաբուծությունը, թռչնաբուծությունը, շերամապահությունը: Բուսաբուծության բնագավառում գլխավորը տեխնիկական (բամբակենի, շաքարի ճակնդեղ, ծխախոտ) և հացահատիկային մշակաբույսերն են:
Ղրղզական գրականության և արվեստի զարգացման մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում ժողովրդական երգիչները՝ ակինները, որոնցից ամենանշանավորն էր երգահան, փիլիսոփա և բանաստեղծ Թողթողուլ Սաթլգանովը: Ղրղզական ժամանակակից գրականության նշանավոր ներկայացուցիչներից է Չինգիզ Այթմատովը:

Հայերը Ղրղզստանում
Հայերը Ղրղզստանում, ինչպես նաև ամբողջ Միջին Ասիայում, բնակություն են հաստատել տակավին III–IV դարերում, երբ այս տարածաշրջանը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ: Նրանք մասամբ եղել են սասանյանների կողմից գերեվարված հայ զինվորներ, մասամբ՝ առևտրականներ ու արհեստավորներ, պարսից թագավորի դեսպանորդներ ու զինվորականներ: Հայ պատմագիր Սեբեոսը (VII դար) վկայում է, որ 599 թ-ին Իրանի շահը Սմբատ Բագրատունուն նշանակել է հայ-պարսկական զորքերի հրամանատար և նրան ուղարկել է նվաճելու քուշանների երկիրը, այսինքն՝ ժամանակակից Միջին Ասիան: Մի քանի հաղթանակներից հետո նա իրեն է ենթարկել Թուրքեստանի մեծ մասը և դարձել մարզպան (փոխարքա) Միջին Ասիայում:
Հայերի հոսքը Միջին Ասիա և Ղրղզստան մեծացել է հատկապես XIX դարի 2-րդ կեսից, երբ Ռուսաստանը նվաճել է Թուրքեստանը: Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասից տեղափոխված հայերն այստեղ հիմնել են արդյունաբերական ձեռնարկություններ, ֆինանսավորել  բամբակենու ցանքատարածությունների յուրացումը և ընդարձակել դրանք, կառուցել ճանապարհներ ու երկաթուղի:
Խորհրդային իշխանության տարիներին Ղրղզստանում եղել են հայ նախարարներ, փոխնախարարներ, արվեստի և մշակույթի ճանաչված գործիչներ:
Ներկայումս Ղրղզստանում ապրում է մոտ 3 հզ. հայ՝ կենտրոնացած գլխավորապես Բիշքեկում. հիմնականում ձեռներեցներ են, արհեստավորներ, ուսուցիչներ, բժիշկներ: 1996 թ-ից Ղրղզստանի ազգերի ասամբլեայի շրջանակներում գործում է հայկական մշակութային «Կարավան» կազմակերպությունը, որին կից գործում են հայոց լեզվի ուսուցման, ազգային մշակույթի պահպանության կենտրոններ, կիրակնօրյա դպրոց: