Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Բաքու
Տարածքը՝ 
81,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
8,5 մլն
Պետական լեզուն՝
ադրբեջաներեն
Դրամական միավորը՝ 
մանաթ 
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն
Հայկական թատրոնի շենքը Բաքվում (Մայիլյանների տունը, XIX–XX դարեր)
1998–2000 թթ-ին Նախիջեվանում ամբողջովին ավերվել են բազմաթիվ պատմա-ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում` Ջուղայի «Խաչքարերի անտառը» (X–XVII դարեր):
Ադրբեջանի Հանրապետություն
Ադրբեջանը ոչ մեծ պետություն է Այսրկովկասի արևելյան մասում:
Այժմյան Ադրբեջանի տարածքը ներառում է պատմական Աղվանքը, Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան, մասամբ նաև Սյունիք և Այրարատ նահանգները: Իսկ «Ադրբեջան» տեղանունը, որն Իրանի հյուսիսարևմտյան երկրամասի պատմական անվանումն էր, մինչև 1918 թ. չի տարածվել նրա տարածքների վրա: Ադրբեջանի ժողովրդի ձևավորումն սկսվել է XI դարի վերջից, երբ արևելյան Այսրկովկաս են ներխուժել թուրքալեզու քոչվոր ցեղերը: Այն ընթացել է թուրքալեզու և իրանալեզու տարրերի համախմբման պայմաններում, տնտեսական և կրոնամշակութային ընդհանրությունների հիմքի վրա: Մինչև 1920-ական թվականները ադրբեջանցիները հայտնի էին թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով: XVI դարի սկզբին ժամանակակից Ադրբեջանի տարածքը մտնում էր Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ, և այստեղ ձևավորվեցին մի քանի խանություններ` Շիրվանի,  Շաքիի,  Գանձակի, Ղուբայի  և այլն: XIX դարի սկզբին Ադրբեջանի տարածքը միացվեց Ռուսական կայսրությանը:
Ադրբեջանական ազգային պետականությունը ձևավորվել է 1918 թ-ի մայիսին, երբ Խորհրդային Ռուսաստանից անջատված Այսրկովկասում ստեղծվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները: Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թ-ի ապրիլի 28-ը, երբ այստեղ՝ առաջինն Այսրկովկասում, հաստատվեցին խորհրդային կարգեր:
Վիթխարի է Կասպից ծովի նշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը: Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը):
Աշխարհագրականորեն բուն Ադրբեջանից անջատված է նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությունը, որի տարածքը կազմել է Մեծ Հայքի մի մասը և մտել է նրա տարբեր աշխարհների (Այրարատ, Սյունիք, Վասպուրական) կազմերի մեջ, սակայն 1921 թ-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրով այն Ադրբեջանին է բռնակցվել (ավելի ուշ՝ 1924 թ-ին, այստեղ ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը):
 Նույն՝ 1921 թ-ին, Մոսկվայի ցուցումով Ադրբեջանին էր միացվել նաև Արցախը (1923 թ-ին այստեղ կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը 1991 թ-ին հռչակեց իր անկախությունը):
1991 թ-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, որն առաջինը ճանաչեց Թուրքիան:
Ադրբեջանը բազմազգ երկիր է. ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության 80%-ը: Ազգային փոքրամասնություններից են թալիշները, թաթերը, լեզգիները, ռուսները, հրեաները, ուկրաինացիները, քրդերը, մինչև 1991 թ.` նաև հայերը և այլք:
Խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանի տնտեսությունը որոշակի զարգացում ապրեց: Բացի նավթից, որն արդյունահանվում էր դեռևս XIX դարից, բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն: Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը: Զարգացած է նաև գորգագործությունը:
Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր: Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը: Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը):
Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են: Զարգացած է ձկնորսությունը (հատկապես` թառափի և սաղմոնի): 

Հայերն Ադրբեջանում
Ադրբեջանի ներկայիս տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Իսկ XIX դարում հիմնականում հայաբնակ էին Բաքուն, Գանձակը (Գյանջա), Շամխորի, Շաքիի (Նուխի), Շամախիի և այլ շրջաններ: Այստեղ գործում էին հայկական դպրոցներ, մշակութային օջախներ: Հայ բուրժուազիայի ձեռքում էր գտնվում Ադրբեջանի նավթարդյունաբերության մի մասը, Բաքվի ձեռնարկություններում աշխատում էին հազարավոր հայ բանվորներ: Ադրբեջանի Հանրապետության հռչակումից հետո և խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում շարունակում էր ապրել հայ հոծ բնակչություն (1979 թ-ին՝ 475,5 հզ. մարդ), գործում էին հսկայական թվով կրթական ու մշակութային օջախներ: Դրանք հետզհետե նվազեցին՝ երկրի իշխանությունների վարած բացահայտ ուծացման և ազգային խտրականության քաղաքականության հետևանքով: 1988 թ-ի փետրվարից սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, ծայր աստիճան սրվեցին հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սումգայիթում (1988թ-ի փետըրվար), ապա Բաքվում (1990 թ-ի հունվար) ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվեցին հայերի կոտորածներ, որից հետո Ադրբեջանի հայ բնակչությունը (շուրջ 450 հզ. մարդ) ստիպված եղավ հեռանալ Ադրբեջանից. փախստականների զգալի մասն ապաստան գտավ Հայաստանում: Այդ նույն ժամանակ Հայաստանից ադրբեջանցի բնակչությունը տարհանվեց Ադրբեջան: 
Իր պատմական հողի վրա ապրելու իրավունքը պաշտպանելու համար Արցախի հայությունը ստիպված դիմեց զինված պայքարի և կարողացավ դիմակայել ադրբեջանական ռազմական գործողություններին: 1991 թ-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը, սակայն, դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ: Բանակցություններ են տարվում հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: