Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վանակատները բնական ապակիներ են
Ապակե սրվակներ
Բյուրեղապակե սպասք
Բյուրեղապակե սկահակ
Ապակենկար «Մայրություն»` Երևանի Մոր և մանկան առողջության պահպանության կենտրոնում (1980)
Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ: 
Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) և այլն, հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ:
Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է: Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով: Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի,  իսկ հետագա սառեցմամբ` պինդ ապակու: Այսպիսի ապակին կոչվում է սիլիկատային: Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում են դժվարահալ ապակի: Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի: Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն: Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է քվարցային ապակի:
Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ վիճակի: Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է: Ապակու այս հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է տարբեր եղանակներով: Ապակու ձգումը մեքենաներով կիրառվում է թերթային ապակու, խողովակների, ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ թիթեղապակիների համար: Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ պատերով իրեր պատրաստելու համար:
Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն:

Սիտալներ
Սիտալներն ապակեբյուրեղային նյութեր են, որոնք ջերմային մշակման միջոցով ապակենման վիճակից վերածվում են միկրոբյուրեղային վիճակի: Բյուրեղացման համար ապակու զանգվածին ավելացրած կատալիզատորը ծառայում է որպես բյուրեղների աճի կենտրոն: Ապակու համեմատ սիտալներն ունեն մեծ ամրություն: Դրանցից պատրաստում են թերթավոր նյութեր, էլեկտրամեկուսիչներ, պանելներ, առանցքակալներ, քիմիական սարքեր, ամանեղեն, խողովակներ և այլն:

Օրգանական ապակի
Ամուր տարագույն շինարարական ապակիները լայնորեն օգտագործվում են ժամանակակից շինարարության մեջ:
Օրգանական պոլիմերների հիմքով, թափանցիկ, ամուր նյութերը, որոնք նման են սիլիկատային ապակուն, կոչվում են օրգանական ապակի: Սովորաբար օրգանական ապակի են անվանում պոլիստիրոլից և թերթավոր պոլիմեթիլմետակրիլատից պատրաստված իրերը: Սովորական սիլիկատային ապակուց տարբերվում է փոքր խտությամբ ու փխրունությամբ, փափկեցման ցածր ջերմաստիճանով և բարձր առաձգականությամբ: Օրգանական ապակին կիրառվում է ավիա-, մեքենա- և նավաշինության մեջ, ջերմատների, պատուհանների, գմբեթների և շենքերի գեղազարդային ապակեպատման համար: Դրանից պատրաստում են գործիքներ, բժշկական պրոթեզներ, օպտիկական ոսպնյակներ և այլն:

Ապակեգործության զարգացման պատմությունից

   Հնագիտական պեղումներով Եգիպտոսում հայտնաբերվել են մ. թ. ա. IV–III հազարամյակներին վերագրվող ապակե զանազան զարդեր և ամանեղեն, բարձրորակ ապակուց սկահակներ: Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը համարվում էր ապակեգործության կենտրոն: Եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ ապակե սրվակներ հայտնաբերվել են նաև միջերկրածովյան երկրներում: Ապակե իրեր պատրաստել են նաև Չինաստանում դեռևս մ. թ. ա. V–III դարերում:
Մ. թ. ա. I դարում երևան եկավ ապակե փչման տեխնիկան, և խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում: Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդիայում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Արտադրվում էին արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթներ: XVII դարում Անգլիայում և Չեխիայում երևան եկավ բյուրեղապակին:
Հին Հայաստանում նույնպես լայնորեն տարածված էին ապակե զարդերն ու առարկաները: Լճաշենի հնավայրից պեղումներով հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ, Կարմիր բլուրում՝ անոթներ, հնագիտական այլ հուշարձաններում՝ ճարմանդներ, կնիքներ և բազմաթիվ այլ առարկաներ: Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում և Անիում: 
  Բյուրեղապակին այդպես է անվանվել լեռնաբյուրեղին նման լինելու համար: Բյուրեղապակե իրերին հատուկ են պատերի հաստությունը, բարձր ճառագայթաբեկունակությունը և արտակարգ փայլը: